18:58
12/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Աշխարհը ոտքիդ տակ Գեորգի Ասատրյանի հետ

2017-12-23 13:49

 
Մաս 42

Պապից կարողացան խլել Կենտրոնական Իտալիան... բայց դեռ ինը տարի կառավարությունը չէր կարողանում Հռոմ մտնել: Պիոս Իններորդին պաշտպանում էր ֆրանսիական զորագունդը: Երբ ֆրանսիացիները վերջապես զբաղվեցին ֆրանկո-պրուսական պատերազմով և իտալացիները ստացան իրենց մայրաքաղաքը` Պապը հրաժարվեց իր հարգարժան կարգավիճակից, միասնական Իտալիայի առաջին թագավորին հեռացրեց եկեղեցուց, ազատեց նրա համար Կվիրինալյան պալատն ու ինքն իրեն Վատիկանի բանտարկյալ հայտարարեց: Երեք տարի նա դուրս չեկավ առաքյալների սենյակներից: Ամբողջ երկիրն ապրում էր մեղքի մեջ, իսկ դժբախտ Վիկտոր Էմանուիլ թագավորն առանց որևէ հաճույքի ապրում էր Պապի պալատում:
Թագավորը, ինչպես և իտալացիների մեծամասնությունը, ազնիվ կաթոլիկ էր: Նա Պապին նամակներ գրեց և մինչև վերջին օրը հայցեց նրա օրհնությունը: Պապը մերժեց նրան:
Այս տխուր պատմությունը բացատրում է, թե ինչու իտալացիներն այլևս չեն ուզում վիճել Վատիկանի հետ:
Կաթոլիկությունը դադարեց Իտալիայի պաշտոնական կրոնը լինել միայն 1984-ին: Բայց կրոնը սահմանադրությունից հանելուց հետո իտալացիները չդադարեցին կաթոլիկ լինել: Խաչելությունը մինչև հիմա էլ պետական խորհրդանիշներից մեկն է: Այն կախված է դպրոցների, հիվանդանոցների, ոստիկանական բաժանմունքների պատերին:

ԴՈՆ ՖԱԲԻՈ /քարոզիչ/
Առաջ Իտալիայում լուրջ պառակտում կար կաթոլիկ եկեղեցու և իտալական պետության միջև: Երբ հարյուր հիսուն տարի առաջ ստեղծվեց իտալական պետությունը` այն աշխարհիկ էր: Եվ միայն պատերազմից հետո, երբ տապալվեց ֆաշիստական ռեժիմը, կաթոլիկները նորից սկսեցին վերականգնել իրենց լուրջ ազդեցությունն իտալական քաղաքականության վրա, որովհետև ընտրություններում հաղթած և պատերազմից հետո տասնամյակներ շարունակ երկիրը վերականգնող կուսակցությունը քրիստոնյա-դեմոկրատականն էր:
Միջնադարում, քրիստոնյա-դեմոկրատների հաղթանակից շատ տարիներ առաջ, պապերը ստիպված էին միահեծան ղեկավարել երկիրը: Դա իր հետքն էր թողնում նրանց կենցաղի վրա և վատ սովորություններ առաջ բերում: Մարտին Չորրորդը սիրում էր սպիտակ գինու մեջ թաթախված օձաձկներ ուտել, Ինոկենտի Տասերորդը հիվանդություններից բուժվում էր մանրացրած թանկարժեք քարերով, իսկ պետական գործերն իր ազգականուհուն` դոննա Օլիմպիային էր վստահել, որը դատարկեց պետական գանձարանը: Եկեղեցու գլխավոր խայտառակությունն Ալեքսանդր Վեցերորդն է: Նրան «Սատանայի դեղագործ» մականունն են տվել: Նա անթաքույց կերպով ապրում էր իր սիրուհիների հետ, սեփական զավակներին կարդինալ նշանակում և մկնդեղով թունավորում էր բոլոր նրանց, ովքեր խանգարում էին վայելել կյանքը:
Պատմությունն այնպիսի պապեր է ունեցել, ովքեր կայսեր կյանքով են ապրել և այնպիսիներին, ովքեր մարտնչել են պատերազմի դաշտում: Նրանք ավելի շուտ թագավորներ են եղել, քան պապեր: Այսօր նրանց գործողություններին գնահատական տալը սխալ կլինի, չէ՞ որ մենք մինչև վերջ չենք հասկանում այդ ժամանակների առանձնահատկությունները: Եղել են նաև անբարոյական և այլասերված պապեր, օրինակ Բոնիֆացիոս Ութերորդը: Որպես պապ նա լավն էր, բայց նրա անձնական կյանքը հեռու էր սուրբ լինելուց:

ԴՈՆ ՖԱԲԻՈ /քարոզիչ/
Տարակույս չկա, որ եկեղեցում կային մարդիկ, ովքեր ոճիրներ էին գործում և չարիք էին բերում: Դա հաստատ է: Չարիք գործող Հռոմի պապեր նույնպես եղել են, իհարկե: Բայց նրա՛նց չէ, որ մենք հաճախ հիշում ենք: Ի դժբախտություն ժամանակակիցների և ի երջանկություն հետնորդների, պապերի մեծամասնությունն արվեստը կապիտալի լավ ներդրման միջոց էին համարում: 1508 թվականին այս տաճարի ճակատային մասը զարդարեց Միքելանջելոյի քանդակած Հուլիոս Երկրորդի բրոնզե արձանը: Պապն իր ձախ ձեռքով բռնել էր երկնային թագավորության բանալիները, իսկ աջով... «Այդ ի՞նչ եմ անում աջ ձեռքով», - հարցրեց Հուլիոս Երկրորդը` տեսնելով արձանը: «Օրհնում եք և մի քիչ սպառնում», - պատասխանեց Միքելանջելոն:
Բոլոնիացիներն այդ սպառնալիքներին դիմացան երեք տարի, իսկ հետո նրանց համբերությունը սպառվեց: Նրանք ազատվեցին պապի իշխանությունից, իսկ արձանը վայր գցեցին տաճարի վրայից: Ֆեռարայի հերցոգն արձանի մնացորդներից թնդանոթ ձուլեց և այն անվանեց «Ջուլիա»: Բայց Հուլիոս պապը շրջահայաց մարդ էր և իր բոլոր արձանները միայն Բոլոնիայում չէր կանգնեցրել: Ութ ամիս Միքելանջելոն քարի հանքերում ապրեց` նրա շքեղ դամբարանի մարմարի ընտրությունը կատարելու համար:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...