19:35
12/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Միասին շենացնենք մեր համայնքը

2017-12-23 13:39

 Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում նոյեմբերի 5-ին անցկացվեց ՏԻՄ ընտրություններ: Ալագյազ համայնքին միացան 10 եզդիաբնակ համայնքներ` Ջամշլու, Սիփան, Ավշեն, Ռյա-Թազա, Կանիաշիր, Սադունց, Ճարճակիս, Միջնատուն, Միրաք, Շենկանի: Կայացած ընտրությունների, համայնքում առկա խնդիրների և առաջիկա ծրագրերի մասին զրուցեցինք Ալագյազ խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Ջասմ Մախմուդովի հետ: Ջասմ Հասանի Մախմուդովը ծնվել է 1961 թվականի մայիսի 5-ին Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում: Գերազանցությամբ ավարտելով Ալագյազի միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի առևտրի էկոնոմիկայի և ապրանքագիտության ֆակուլտետը, միաժամանակ ավարտելով նույն բուհ-ի հասարակական գիտությունների ֆակուլտետի իրավագիտության բաժինը:

Շուրջ 20 տարի տարբեր պաշտոններ է զբաղեցրել Արագածի շրջկոոպ վարչությունում, զբաղեցնելով նաև վարչության նախագահի տեղակալի պաշտոնը: 2016թվականից աշխատում է Արագածոտնի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունում որպես գլխավոր մասնագետ:

 «Դե Ֆակտո » N 138 (11/2017թ.) 

-Պարո՛ն Մախմուդով, շնորհավորում ենք Ալագյազի խոշորացված համայնքի ղեկավարի ընտրություններում փայլուն հաղթանակի կապակցությամբ, ինչպե՞ս անցան ընտրությունները:

-Շնորհակալություն: Կարող եմ վստահաբար ասել, որ մեզ մոտ ընտրությունները շատ հանգիստ մթնոլորտում են անցել` ոչ մի միջադեպ չի գրանցվել: Ընտրություններին մասնակցում էին 6 թեկնածուներ: Ընտրությունների արդյունքում, 75 ձայնի առավելությամբ, ընտրվեցի Ալագյազ խոշորացված համայնքի ղեկավար: Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունս հայտնել բնակիչներին, ովքեր իրենց վստահության քվեն տվեցին ինձ:

-Պարո՛ն Մախմուդով, լինելով Արագածոտնի մարզպետի լիազոր ներկայացուցիչն Արագածի տարածաշրջանում, ինչո՞ւ որոշեցիք Ձեր թեկնածությունն առաջադրել համայնքի ղեկավարի բարդ և պատասխանատու աշխատանքում:

-Հասկանալով համայնքի ղեկավարի ծանր և պատասխանատու աշխատանքի բարդությունները մտածված ընտրել եմ այս ճանապարհը, որպեսզի կարողանամ նպաստել համայնքի խնդիրների լուծմանը, ինչպես նաև ազգաբնակչության սոցիալական վիճակի բարելավմանը:

-Ի՞նչ առաջնային խնդիրներ կան համայնքներում, որոնց լուծմանը ծրագրել եք առաջնահերթ անդրադառնալ:

-Համայնքում բազում են խնդիրները: Առանցքային խնդիրներն են միջհամայնքային ճանապարհների անմխիթար վիճակը, լուսավորությունը, խմելու ջրի հարցը, աղբահանության խնդիրը և գազաֆիկացումը: Նաև նշեմ, որ շատ կարևոր է մեզ համար աշխատատեղերի ստեղծման խնդիրը: Փորձելու ենք ստեղծել նոր աշխատատեղեր, որով կթեթևացնենք ազգաբնակչության սոցիալական և այլ խնդիրները:
Այսօր համայնքների դպրոցներում ունենք մասնագետների խնդիր, փորձելու եմ այդ հարցին ևս լուծում տալ, քանի որ երիտասարդ սերնդի ամուր կրթության հիմքը դրվում է հենց դպրոցից:
Խնդիրները շատ են, յուրաքանչյուր ծրագիր ուղղված է լինելու համայնքի ենթակայության տակ գտնվող ոլորտների ծաղկմանը:

-Համայնքում ի՞նչ դրական փոփոխություններ կլինեն այս ընտրությունների արդյունքում:

-Ընտրություններից հետո 11 եզդիական` Ալագյազ, Ջամշլու, Սիփան, Ավշեն, Ռյա-Թազա, Կանիաշիր, Սադունց, Ճարճակիս, Միջնատուն, Միրաք, Շենկանի համայնքները, ըստ համայնքների խոշորացման հայեցակարգի միացան և դարձան մեկ համայնք: Իմ կարծիքով, համայնքների միավորումը միանշանակ դրական ազդեցություն կունենա համայնքների համաչափ զարգացման վրա: Այսուհետև ընդհանուր բյուջեն կհավաքվի մեկ տեղում, որից հետո մեծ և փոքր համայնքները կկարողանան հավասարապես օգտվել բյուջեից, ինչն էլ կնպաստի մի շարք խնդիրների արագ կարգավորմանը:

-Ի՞նչ սկզբունքներով եք աշխատելու որպես համայնքապետ:

-Աշխատելու եմ բաց և թափանցիկ:
Իմ կատարած յուրաքանչյուր աշխատանք կլինի համաձայնեցված բնակիչների հետ և թափանցիկ: Բնակաչության կարծիքն ինձ համար, ինչպես որ եղել է մինչ այժմ, այժմ էլ որպես համայնքապետ, ամենակարևորն է լինելու իմ հետագա գործունեության ընթացքում:

Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...