14:45
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ցանկությունս է, որ մեր համայնքի բնակիչներն առավոտյան արթնանան ուրախ ու աշխատանքի գնալու տրամադրվածությամբ

2017-11-23 11:19

Կատարված աշխատանքների, համայնքում առկա խնդիրների մասին «Դե Ֆակտո» ամսագիրը զրուցեց Ծովազարդ համայնքի ղեկավար Արամայիս Ենգոյանի հետ:

«Դե Ֆակտո » N 137 (10/2017թ.)

-Պարո՛ն Ենգոյան, 2016թ. նոյեմբերից հանդիսանում եք Ծովազարդ համայնքի ղեկավարը, այս ամիսների ընթացքում ի՞նչ բարենպաստ աշխատանքներ են կատարվել ի շահ համայնքի բարեկեցությանը:


-Բազում բարենպաստ և համայնքի զարգացմանն ուղղված աշխատանքներ են կատարվել: Գարնանը կազմակերպել ենք ծառատունկ և շուրջ 100 ծառ ենք տնկել փողոցներում և համայնքապետարանի շենքի տարածքում, որը շարունակական բնույթ է կրելու, քանի որ, որքան շատ լինեն ծառերը, կանաչ տարածքները, այնքան ավելի գեղեցիկ և առողջարար կլինի համայնքը:
Հսկայական աշխատանք է կատարվել համայնքի գյուղամիջյան և դաշտամիջյան ճանապարհների բարեկարգման ուղղությամբ` գրունտային լիցքի և հարթեցման միջոցով:


Հրատապ ծրագրի շրջանակներում այս պահին համայնքում գործող մանկապարտեզում ջեռուցման համակարգ է անցկացվում, որից հետո, նախկին երկու ամսվա փոխարեն, մանկապարտեզը կաշխատի մարտ ամսից մինչև նոյեմբեր:
Ջրարբիացման ծրագրի շրջանակներում համայնքի սարատեղում շուտով ջրագիծ է անցկացվելու, խմոցներ են տեղադրվելու անասունների համար: Այս ծրագրի համար համայնքի կողմից շուրջ 4 միլիոն 700 հազար դրամի ներդրում է կատարվել: Ծրագրի իրականացումը հնարավորություն կստեղծի համայնքում զարգացնելու անասնապահության ոլորտը:


Հանդիսությունների սրահ ունենալը խիստ կարևոր և անհրաժեշտ խնդիր էր բնակչության համար, քանի որ համայնքում չկար գործող ոչ մի նմանատիպ վայր: Շուտով այդ խնդիրն իր լուծումը կգտնի և համայնքը կունենա հանդիսությունների սրահ, որը կծառայի թե՛ ուրախ, թե՛ տխուր առիթների համար:
Ավելացնեմ նաև, որ պետական բուհերում սովորող ուսանողներին ճանապարհածախսի համար յուրաքանչյուր ամիս դրամական օգնություն է հատկացվում:

 

-Այսօր որո՞նք են համարվում համայնքի կարևորագույն խնդիրները:


-Համայնքում բազում խնդիրներ կան, որոնք կուտակվել են տարիներ շարունակ, փորձում ենք կամաց-կամաց յուրաքանչյուր խնդրին իր լուծումը տալ:
Աշխարհագրական դիրքից ելնելով ասեմ, որ այսօր համայնքի համար լրջագույն խնդիրներից է ոռոգման համակարգը, ոռոգման ջուրը ուղղակի անհրաժեշտություն է, քանի որ հողակտորները բախտի քմահաճույքին են թողնված: Եթե տարին անձրևային է լինում, ապա բերքը առատ է լինում, իսկ եթե այս տարվա նման չորային, ապա այն արդեն մեծ խնդիր է գյուղացիների համար, իսկ մենք բոլորս էլ տեղյակ ենք, եթե գյուղացին հողը չմշակի, ապա եկամուտ չի ունենա:


Ունենք կենտրոնական ճանապարհների ասֆալտապատման խնդիր, որը նույնպես շատ կարևոր խնդիր է: Կենտրոնական ճանապարհը գտնվում է անմխիթար վիճակում, մոտ 6կմ երկարությամբ խորհրդային ժամանակների կատարված ասֆալտապատումից միայն նմուշներ են մնացել: Իրավիճակը մի փոքր շտկելու համար այս տարի կենտրոնական ճանապարհների հնարավորինս բարեկարգման աշխատանքներ կատարեցինք: Պետական ծրագրի շրջանակներում 2018 թվականին մոտ 2.5 կիլոմետր ճանապարհների ասֆալտապատում կկատարվի, որը մի փոքր կմեղմացնի իրավիճակը:

 

-Ո՞րն է բնակչության հիմնական զբաղմունքը, համայնքում կա՞ն աշխատատեղեր:

-Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր համայնքում բնակչության մեծամասնությունն աշխատում է: Մեր համայնքում կան աշխատատեղեր, համայնքի տարածքում գործող «Ակվատիկ» ՍՊԸ-ում, որը զբաղվում է խեցգետնի արտահանմամբ, շուրջ 50 ընտանիքից աշխատողներ ունենք: Վերջերս համայնքի տարածքում սկսեց գործել գազալցակայան, որտեղ մեր բնակիչների համար ևս 15 աշխատատեղ բացվեց:

 

-Պարո՛ն Ենգոյան, երիտասարդ լինելու հետ մեկտեղ կարողանում ենք շատ ճիշտ և նպատակաուղղված աշխատել համայնքի համար, որո՞նք են այն սկզբունքները, որոնք որդեգրել եք աշխատանքում:

-Իմ համայնքի, իմ բնակչության բարեկեցիկ ապագայի համար ջանք և եռանդ չեմ խնայում: Հնարավորության սահմաններում միշտ բոլորի կողքին կանգնած եմ, փորձում եմ որքան հնարավոր է օգնել բոլորին: Մեկը բոլորի համար, բոլորը մեկի. հենց այդ սկզբունքով էլ աշխատում եմ:

 

-Եվ վերջում, ի՞նչ կցանկանաք Ձեր համայնքի բնակիչներին:

-Նախ և առաջ, մեր երկրին կցանկանամ հզոր տնտեսական զարգացում, բազում աշխատատեղեր, քանի որ երկրի տնտեսական զարգացումը շատ կարևոր է յուրաքանչյուրիս համար:
Ցանկությունս է, որ մեր համայնքի բնակիչներն առավոտյան արթնանան ուրախ ու աշխատանքի գնալու տրամադրվածությամբ:


Հարցազրույցը՝
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...