14:59
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Միավորվելու գաղափարն ինքնին խորհրդանշում է ավելին անելու, ավելի ուժեղ դառնալու ուղին

2017-11-02 15:30

«Դե Ֆակտո » N 136 (09/2017թ.)

Կատարված աշխատանքների, ձեռքբերումների և առաջիկա ընտրությունների մասին զրուցեցինք Ստեփանավանի քաղաքապետ
Միքայել Ղարաքեշիշյանի հետ:

-Պարո՛ն Ղարաքեշիշյան, արդեն 5 տարի է, ինչ ղեկավարում եք Ստեփանավան քաղաքը, Ձեր հարազատ քաղաքի համար հասցրել եք բավականին խնդրահարույց հարցեր կարգավորել, բազմապիսի բարենպաստ ծրագրեր իրականացնել. Ի՞նչ առանցքային խնդիրներ դեռ կան քաղաքում:


-Հիմնական առաջնահերթությունները չեն փոխվել. ենթակառուցվածքների հզորացում, Աշոտաբերդ թաղամասի խնդիր, աշխատատեղերի ստեղծում: Գլխավոր փոփոխությունն այն է, որ հետզհետե ավելի ենք մոտենում այդ խնդիրների հաղթահարմանը՝ շնորհիվ պետական մի շարք արդյունավետ ծրագրերի, պատգամավոր Կարեն Կարապետյանի հետևողականության և մարզային իշխանության ամենօրյա ուշադրության: Այս բազմակողմ հետաքրքրվածության և մեր տեղի ուժերի շահագրգռվածության հանրագումարը վաղ թե ուշ պետք է հասնի իր վերջնակետին, այն է՝ այնպիսի Ստեփանավան, որտեղ զարգացած է զբոսաշրջությունը, կան աշխատատեղեր և արդի ենթակառուցվածքներ:

 

-Ինչպիսի՞ն է բնակիչների սոցիալական վիճակը, և արդյո՞ք ունեք աշխատատեղերի խնդիր:

-Հիմնական զբաղմունքը դա փոքր ու միջին բիզնեսն է, աշխատանքը պետական կառույցներում, մշակութային օջախներում, զորամասում, նաև սննդի արտադրությունն է համեմատաբար ակտիվ: Այսօր աշխատատեղերի խնդիր ունենք, բայց և վստահություն, որ սպասվող ներդրումների հաշվին մեծ թվով նոր աշխատատեղեր կբացվեն, և կմեղմվի սոցիալական ոչ այնքան լավ վիճակը:

 

-Պարո՛ն Ղարաքեշիշյան, Ձեր քաղաքն առանձնանում է իր մաքրությամբ, այստեղ պարբերաբար իրականացվում են մաքրման աշխատանքներ, որը շատ ողջունելի է, ինչպե՞ս է հաջողվել քաղաքը բերել այս տեսքին:

-Հաջողության գաղտնիքը բանակցությունների մեջ է: Այս ամենն ունի երկու կողմ՝ իրավիճակ ստեղծող, և այդ իրավիճակը գնահատող: Մենք` իբրև համայնքապետարան, քաղաքում ստեղծել ենք այնպիսի մթնոլորտ` իրավիճակ, որտեղ բոլորը գիտակցում են, որ արվածը պետք է պահպանել, նպաստել, որպեսզի Ստեփանավանն առավել մաքուր և հյուրընկալ դառնա, և ամենևին զարմանալի չէ, որ այդ իրավիճակը գոհացնում է բոլորին, և այս հարցում համակարծիք ենք բոլորս. արդյունքը` հետզհետե առավել գեղեցիկ և մաքուր դարձող քաղաքն է: Իսկ ո՞վ չի ուզում ապրել առավել բարեկարգ և խնամված միջավայրում, գլխավոր հարցն այն է, թե որքանով ենք նպաստում այդ միջավայրի պահպանմանը. կարևոր նպաստն այն է, որպեսզի աղբ չթափվի,իսկ առավելագույնը` թափված աղբը չզլանանք վերցնել և աղբարկղը գցել: Ահա այսպես, մեկս մյուսին օրինակ ծառայելով՝ հասել ենք այս օրվան:

 

-Քաղաքում բավականին ակտիվ է մշակութային, սպորտային կյանքը: Ի՞նչ հաջողություններ ունեք այս ոլորտներում:

-Այս հարցում հպարտանալու հարյուրավոր պատճառներ ունենք: Մեր քաղաքի մշակութային օջախները բազմիցս են բարձր պահում Ստեփանավանի անունը: Հրաշալի մշակույթ ունենք, և որ կարևորն է՝ ազգային ավանդույթները լավագույնս պահպանվում են, և այդ ամենը փոքր հնարավորություններով: Այս հարցում միշտ վստահ եմ, որ յուրաքանչյուրն իր տեղում է և պատասխանատվությամբ է մոտենում իր գործին, ինչ վերաբերում է սպորտին, ապա այստեղ ևս իրավիճակը գոհացուցիչ է, բայցև վերելքների կարիք կա: Ամեն դեպքում մենք առաջին հերթին հենց մշակույթով ենք հարուստ, և տուրիստական հզոր կենտրոն դառնալու ճանապարհին մեզ համար կարևոր է, որ շարունակեն կայանալ և առաջընթաց գրանցել այս կառույցները, մենք նաև սրանով ենք ներկայանում աշխարհին և կարողանում ենք զարմացնել, հիացնել:

 

-Նոյեմբերի 5-ին կայանալու են ՏԻՄ ընտրությունները, ի՞նչ սպասելիքներ ունեք և ըստ Ձեզ՝ ինչպես այն կանդրադառնա համայնքների զարգացման վրա:

-Այս ընտրություններն իրենց տեսակով, իհարկե, խիստ կտարբերվեն: Մենք բոլորս կանգնած ենք անչափ կարևոր որոշման առջև: Դրական արձագանքի դեպքում Ստեփանավան Կաթնաղբյուր և Ուրասար համայնքները պետք է դառնան մեկ համայնք: Հասկանալի է, որ այս իրավիճակում պետք է որոշակիորեն փոխվեն առաջնահերթությունները, մշակվեն գործելակերպի նոր ուղիներ: Միավորվելու գաղափարն ինքնին խորհրդանշում է ավելին անելու, ավելի ուժեղ դառնալու ուղին: Այսօր մեր առջև խնդիր ունենք հասարակությանը հնարավորինս շատ ներկայացնել միավորման բոլոր առավելությունները, որպեսզի որոշումը լինի գիտակցված, և յուրաքանչյուրը դառնա մասնակից ու շահագրգիռ: Սա մեր երեք համայնքների համար նոր դռներ բացելու, նոր ներդրումներ բերելու, և ավելիին հասնելու հնարավորություն է: Այսօր մեր մարզում ունենք խոշորացված համայնքների լավագույն օրինակներ, որոնք, անշուշտ, հիմք կդառնան մեզ համար, բայց և մեր համայնքների առանձնահատկություններին և խնդիրներին համահունչ՝ մշակել ենք հստակ ծրագրեր և պատրաստ ենք լծվել առավել շոշափելի առաջընթաց ունենալու գործին: Իրականում մեր երեք համայնքները երբեք իրարից առանձին չեն եղել, խնդիրն այն է, որ այդ կապը չի ունեցել անվանում և կամ ունեցել է երեք անվանում, բայց բոլոր դեպքերում նպատակը նույնն է՝ ունենալ ձեռքբերումներ, ստեղծել աշխատատեղեր, դառնալ ավելի մեծ և այդ հիմքով առավել ուժեղ: Համայնքների խոշորացման, կամ համայնքային այս ընտրությունները հասարակությանը հնարավորություն են տալիս այո ասել դրական տեղաշարժին: Ստեփանավանի համայնքապետարանը իր թիմով քանիցս ապացուցել է իր աշխատանքի արդյունավետությունը և մշտապես իր վերաբերմունքն է արտահայտել խնդիրների և դրանց լուծման ուղիների նկատմամբ, այսօր մեր թիմի վերաբերմունքը հետևյալն է. մենք ցանկանում ենք միավորվել և պարարտ հող ստեղծել առավել արդյունավետ կառավարման և նոր ներդրումների համար, որից բխում են համայնքների հիմնական շահերը:

 

-Պարո՛ն Ղարաքեշիշյան, իսկ ինչպիսի՞ն է բնակիչների տրամադրվածությունը:

-Մեր քաղաքում նախորդ ընտրական գործընթացներից շատ ժամանակ չի անցել: Ինչպես արդեն նշեցի, այս ընտրությունների առանձնահատկությունը հաշվի առնելով՝ կա որոշակի տեղեկացվածության պակաս: Մարդիկ հետաքրքրվում են, ակտիվ խոսակցություններ են ընդանում, իսկ մենք փորձում ենք հնարավորինս ներկայացնել գործընթացը: Տրամադրվածությունը գլոբալ իմաստով դրական է, ավելի շատ հանդիպում եմ մարդկանց, ովքեր կողմ են խոշորացմանը և դա հասկանալի է: Մենք առաջիկայում առավել ծավալուն տեղեկատվություն հասանելի կդարձնենք, ինչպես նաև հստակ ծրագրեր, որոնք ևս հիմք կհանդիսանան հասարակության վերջնական կողմնորոշման համար: Մեկ խոսքով՝ ամեն բան քննարկումների հարթակում է, մենք բաց ենք առաջարկների և բանակցությունների համար և հիմնականում հենց դրանով էլ զբաղված ենք, և շահագրգիռ յուրաքանչյուր քաղաքացու առաջարկն ու կարծիքը խիստ կարևոր է մեզ համար, ուրախալի, որ քաղաքացիական հասարակությունն իր արտահայտված հետաքրքրվածությունն է ցուցաբերում տեղական ինքնակառավարման մարմնի աշխատանքի նկատմամբ, սա մեզ բացառապես օգնում է առավել հավակնոտ ծրագրեր ունենալու գործում:

 

-Եվ վերջում, ի՞նչ կմաղթեք Ձեր հարազատ քաղաքի բնակիչներին:

-Առաջին հերթին մաղթում եմ խաղաղություն մեր երկրին: Գալով մեր սիրելի քաղաքին, մաղթում եմ, որ ինչպես միշտ, այս փորձության ընթացքում ևս լինենք համախմբված, պատրաստակամ, և շահագրգիռ: Համատեղության սկզբունքով մեր հաղթահարած յուրաքանչյուր դժվարության վերջնակետում հաղթանակ ենք գրանցել, և մենք պատրաստ ենք պատվով դուրս գալ այս իրավիճակից ևս՝ ի շահ Ստեփանավան, Կաթնաղբյուր և Ուրասար միավորվող համայնքների բնակիչների բարօրության, ի շահ համախմբման, որի արդյունքը շատ ավելի տպավորիչ է լինելու, քան կարծում ենք: Որպես այս գործընթացում զգալի պատասխանատվություն ունեցող մարդ, իմ խորին հարգանքն ու պատրաստակամությունն եմ հայտնում բնակիչներին, և վստահեցնում, որ եթե շարունակենք գործել համախմբված, շարունակվելու է նաև առաջընթացը: Միասին մենք կարող ենք: 

Հարցազրույցը՝
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...