19:59
04/18/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում գործող նորաստեղծ Կոնսուլտատիվ ախտորոշման բաժնի ղեկավար Էմմա Ծառուկյան

2017-10-24 15:49

«Դե Ֆակտո » N 136 (09/2017թ.)  

Կայացած, ինքնաբավ ու անկախ կնոջ կերպարը որքան գրավիչ, այնքան էլ երբեմն վախեցնող է թվում, քանի որ հակասում է կարծրատիպային մտածողությանն ու արժեքներին: Սակայն 21-րդ դարի կինը կոտրեց այդ մոտեցումը` ապացուցելով, որ հնարավոր է լինել նվիրված կին, մայր, սիրել ընտանիքն ու երեխաներին, բայց ունենալ նաև ընտանիքից դուրս սեփական աշխարհը, ուր դրսևորվում և նյութական են դառնում կնոջ մասնագիտական երազանքները: 
Էմմա Ծառուկյանն այդ կանանցից մեկն է` երիտասարդ հայուհի, ով, առաջնորդվելով մարդկանց աջակցելու մարդասիրական մղումներով, ընտրեց բժշկի` ակնաբույժի մասնագիտությունը, և այսօր նրա ստեղծած Կոնսուլտատիվ ախտորոշման բաժնի շնորհիվ` ՀՀ-ում ակնաբուժության ոլորտը զարգացման նոր փուլ է մտել:

«Դե Ֆակտո» ամսագրի այս համարի գլխավոր հարցազրույցի շրջանակներում ներկայացնում ենք միկրովիրաբույժ, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում գործող նորաստեղծ Կոնսուլտատիվ ախտորոշման բաժնի ղեկավար 

Էմմա Ծառուկյանին:

 

-Տիկի՛ն Ծառուկյան, Դուք ավարտել եք Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, ստացել ակնաբույժի որակավորում: Հետաքրքիր է իմանալ, ինչպե՞ս որոշեցիք ընտրել բժշկի` ակնաբույժի մասնագիտությունը:


-Մասնագիտությանս ընտրությունն ամենևին էլ պատահական չի եղել: Իհարկե, ի տարբերություն շատ ու շատ երիտասարդների, ովքեր դեռ մանկուց սիրել են բժշկի մասնագիտությունն ու երազել բժիշկ դառնալու մասին, ես նման երազանքներ չեմ ունեցել, այդ որոշմանը հանգել եմ առավել հասուն տարիքում` գիտակցելով բժշկի կոչման ողջ պատասխանատվությունը: Մասնագիտությանս ընտրության հիմքում եղել է ցանկությունը օգնել մարդկանց, և դա բնական է, քանի որ աչքիս առաջ մշտապես ունեցել եմ իմ ընտանիքի, մասնավորապես` հորս օրինակը, մերձավորին, ծանոթին ու անծանոթին օգնության ձեռք մեկնելու նրա անսահման ցանկությունը: Ինչպես նաև, ես մեր ընտանիքում մշտապես տեսել եմ այնպիսի փոխհարաբերություններ, որոնցում գերիշխողը մարդասիրությունն է եղել: Ու երևի թե սկզբում ենթագիտակցական, իսկ հետագայում արդեն գիտակցական մակարդակում իմ մեջ ձևավորվեց և ամրապնդվեց բժիշկ դառնալու ցանկությունը, որովհետև սա այն եզակի մասնագիտությունն է, որը թույլ է տալիս առավելագույնս օգնության ձեռք մեկնել մարդկանց, աջակցել չկորցնելու ամենաթանկը` առողջությունը:

 

Կյանքիս այս փուլում իմ ամենամեծ ձեռքբերումը Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Կոնսուլտատիվ ախտորոշման նոր բաժնի ստեղծումն է` մի նախագիծ, որի իրականացման համար արել եմ առավելագույնը:

 

-Ի՞նչ հաջողություններ եք ունեցել աշխատանքում, ո՞րն եք համարում մասնագիտական Ձեր ամենակարևոր ձեռքբերումը: 

-Կարծում եմ` մասնագիտական կյանքում իմ կարևորագույն ձեռքբերումներն ու նվաճումները դեռ առջևում են, սակայն այսօր ևս ունեմ հաջողություններ, որոնցով ուրախանում եմ: Առաջին հերթին ինձ համար մեծ կարևորություն ունի այն հանգամանքը, որ կլինիկական օրդինատուրայի իմ ղեկավարն է եղել ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը, ինչը մի կողմից մեծ պատիվ է, մյուս կողմից` մեծագույն պատասխանատվություն ինձ համար: Ես իմ ունեցած բոլոր ձեռքբերումների, որպես վիրաբույժ` ինձ պատրաստելու, մասնագիտական խորը գիտելիքներ ու փորձ փոխանցելու համար խորապես շնորհակալ եմ իմ ղեկավարին ու ՀՀ-ում ակնաբուժության ոլորտի լավագույն մասնագետներին, որոնցից են Արմեն Վարդանյանը, Լիլիթ Ոսկանյանը, Աննա Հովակիմյանը, Գեորգի Գրիգորյանը: 
Եվ, ի վերջո, կյանքիս այս փուլում իմ ամենամեծ ձեռքբերումը Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում Կոնսուլտատիվ ախտորոշման նոր բաժնի ստեղծումն է` մի նախագիծ, որի իրականացման համար արել եմ առավելագույնը և պետք է շարունակեմ աշխատել բաժնի զարգացման ու մատուցվող ակնաբուժական ծառայությունների կատարելագործման ուղղությամբ: 

 Բաժնում ներդրված են եվրոպական ամենահայտնի ընկերությունների

վերջին սերնդի լավագույն սարքավորումները, որոնք եզակի են մեր տարածաշրջանում:


-Ինչո՞ւ որոշեցիք ստեղծել նման բաժին, ի՞նչ նորությամբ այն աչքի կընկնի հայաստանյան ակնաբուժական ծառայությունների շրջանում:

-Ես նախաձեռնեցի այս բաժնի ստեղծումը, որտեղ առկա են ակնաբուժության բնագավառի գերժամանակակից սարքավորումներ ու ճշգրիտ ախտորոշման համար անհրաժեշտ բոլոր նախապայմանները: 
Սարքավորումների ընտրության առումով ինձ մեծապես օգնել է պրոֆեսոր Ալ. Մալայանը, ում խորհրդով բաժնի համար ձեռք ենք բերել ամենաորակյալ և նորագույն սարքավորումները: Մենք աշխատում ենք եվրոպական ամենահայտնի ընկերությունների հետ, որոնցից շատերն այս ոլորտի առաջատարն են աշխարհում: Դրանցից են ճապոնական Tomey, Canon, իտալական Centerview, մեծ բրիտանական Killer ընկերությունները: Այսօր մենք բաժնում ունենք սարքավորումներ, որոնք եզակի են ամբողջ տարածաշրջանում: Դրանց առավելությունն այն է, որ թույլ են տալիս կատարել ակնագնդի ինչպես առաջային, այնպես էլ հետին հատվածի հետազոտություններ և ճշգրիտ ախտորոշել հիվանդությունը: 
Այդ ամենից զատ` ես ձգտել եմ մեր այցելուների համար ստեղծել հարմարավետ պայմաններ, որպեսզի նրանք իրենց ընկճված չզգան, լիահույս լինեն, որ ամեն խնդիր հաղթահարելի է: 
Ավելացնեմ, որ մեր բաժին են այցելել արտերկրից հրավիրված բարձրակարգ մասնագետներ, որոնց օգնությամբ ես վերապատրաստվել եմ, իսկ այսօր անմիջական կապի մեջ եմ նրանց հետ աշխատանքային համագործակցության շրջանակներում: Եթե ունենում եմ հիվանդ, որի մոտ ախտորոշվում է հազվադեպ հանդիպող պաթոլոգիա, մենք առցանց քննարկում ենք այդ դեպքը և գտնում արդյունավետ բուժման ուղի: 

 

-Ի՞նչ ծառայություններ են գործում բաժնում: 

-Կոնսուլտատիվ ախտորոշման բաժնում կատարվում են ակնաբուժական բազմակողմանի և ճշգրիտ հետազոտություններ, ախտորոշում, բուժում, վիրահատություններ, ներակնային ներարկումներ, ակնոցների դուրսգրում: 

 

-Բացի Ձեր նորաստեղծ բաժնից` Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ո՞ր բաժանմունքներում եք աշխատում:

-Աշխատում եմ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Անոթային, ինչպես նաև Եղջերաթաղանթի և բորբոքային հիվանդությունների բաժանմունքներում: Կատարում եմ մի շարք վիրահատություններ, որոնց թվում են` կատարակտը, եղջերաթաղանթի փոխպատվաստումը, գլաուկոմայի, մսամոլի հեռացումը` պլաստիկ եղանակով: 

Կոնսուլտատիվ ախտորոշիչ բաժնում աշխատելուն զուգահեռ` շարունակելու եմ իմ գործունեությունը վերը նշված բաժանմունքներում` զարգացնելով վիրաբուժական հմտություններս, հարստացնելով գիտելիքներիս պաշարը:

 

 21-րդ դարում ժամանակակից բժշկությունը տեսողական խնդիրները լուծելու բավականին լայն

հնարավորություններ է ընձեռում, սակայն արդյունավետ բուժման կարևորագույն պայման է ճիշտ ժամանակին մասնագետներին դիմելը:

 

-Ի տարբերություն այլ օրգանների` աչքերի դերը մարդու կյանքում առանձնահատուկ կարևորություն ունի. առանց տեսողության` մարդու կյանքի որակը կիսով չափ ընկնում է: Ի՞նչ հնարավորություններ կան այսօր ժամանակակից ակնաբուժության մեջ մարդու տեսողությունը պահպանելու, կուրությունը կանխելու համար: 

-Իհարկե, 21-րդ դարում ժամանակակից բժշկությունը բավականին լայն հնարավորություններ է ընձեռում տեսողությունը պահպանելու և զարգացող հիվանդությունը կանխարգելելու և բուժելու համար: Սակայն ինչպես ցանկացած այլ օրգան-համակարգերի, այնպես էլ աչքի հիվանդությունների պարագայում, կարևորագույն դերակատարումը վերապահված է ճիշտ ժամանակին մասնագետներին դիմելու հանգամանքին: Եթե անհատը շարունակաբար ուշադիր է և գանգատների հենց առաջին նախանշանների դեպքում դիմում է համապատասխան մասնագետի, ապա մեծ է հավանականությունը, որ կկատարվի անհրաժեշտ հետազոտություն, կտրվի ճիշտ ախտորոշում և կիրականացվի արդյունավետ բուժում: Այնպես որ, ևս մեկ անգամ հորդորում եմ բոլորին ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ և ժամանակին դիմել մասնագետի: 

 

-Ի՞նչ ծրագրեր ունեք, որոնք առաջիկայում պետք է իրականացնեք:

-Ծրագրերն ու ամենատարբեր նախաձեռնությունները բազմաթիվ են, սակայն այժմ կցանկանայի խոսել դրանցից մի քանիսի մասին: Իմ ծրագրերի մեծամասնությունը վերաբերում է Հայաստանում ակնաբուժության ոլորտի ծառայությունների կատարելագործմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանը, փորձի փոխանակման ծրագրերի իրագործմանը: Այդ բոլոր ուղղություններով արդեն իսկ բավականին աշխատանքներ են իրականացվել, որոնք շարունակական են լինելու: Կարծում եմ` դրանցից յուրաքանչյուրի կենսագործման դեպքում մեր երկրում ակնաբուժությունը մեկ քայլ առաջ է գնալու, իսկ դրանից մեծապես շահելու է մեր ազգաբնակչությունը: 

 Երբ զգում ես ընտանիքիդ անվերապահ աջակցությունն ու սերը, ցանկացած դժվարություն հաղթահարելի է դառնում:


-Տիկի՛ն Ծառուկյան, մի փոքր էլ խոսենք Էմմա Ծառուկյան մարդ տեսակի մասին: Հետաքրքիր է, որպես կին` որքանո՞վ եք կարողանում նվիրվել մասնագիտությանը, համատեղել այն ընտանեկան պարտականությունների հետ, և արդյո՞ք ընտանիքը հասկանում և աջակցում է Ձեզ: 

-Իհարկե, պետք է նշեմ, որ իսկապես դժվար է լինել կին, մայր և միաժամանակ` նվիրվել մասնագիտությանն ու փորձել բոլոր «դերերում» լինել լավագույնը: Սակայն երբ սիրում ես մասնագիտությունդ, և երբ զգում ես ընտանիքիդ անվերապահ աջակցությունն ու սերը, ցանկացած դժվարություն հաղթահարելի է դառնում, ավելին` դու ստանում ես նոր լիցքեր և խթան` առաջ շարժվելու, հասնելու ավելիին ու ձգտելու առավելագույնին: 
Իմ ընտանիքը հասկանում և աջակցում է ինձ: Եթե չլիներ նրանց ըմբռնումն ու հասկացողությունը, թերևս ես չէի հասնի այն հաջողություններին, որոնք այսօր իրականություն են: Ինձ համար մեծագույն երջանկություն է, որ նրանք կիսում են իմ ապրումները, ուրախություններն ու ձեռքբերումները: 
Ուզում եմ առանձնացնել հատկապես ամուսնուս, ում ըմբռնումն ու սերը, աջակցելու պատրաստակամությունն ու ուժը մշտապես ինձ հետ են: Նրան հաճելի է, որ ես զբաղվում եմ իմ սիրելի գործով, կայանում եմ` որպես մասնագետ: 

 

-Ամեն ինչ սկսվում է սիրուց… ի՞նչ տեղ ունի սերը Ձեր կյանքում, և ըստ Ձեզ` որքանո՞վ են սերը և գեղեցկությունը փոխկապակցված միմյանց: 

-Սերն իսկապես ամեն ինչի մեջ է. մեզ շրջապատող աշխարհի, մասնագիտության, ընտանիքի ու ընկերների: Այն, ինչ սիրում ես, գեղեցիկ է: Ժամանակի սղության, կենցաղի և առօրյա հոգսերի մեջ երբեմն անհետանում է անգամ փոքրիկ մանրուքների մեջ գեղեցիկը նկատելու, այն սիրելու ունակությունը, սակայն երբ մի պահ կանգ ես առնում և վերաարժևորում կյանքի իմաստը, հասկանում ես, որ երջանկությունը հենց այդ փոքրիկ մանրուքների մեջ է, որն էլ հենց սիրո ու գեղեցկության փոխկապակցումն է իմ կարծիքով: 

 

-Ի՞նչ նախասիրություններ ունեք, ո՞րն է Ձեր ամենասիրելի զբաղմունքը, որի ժամանակ նաև հանգստանում եք: 

-Վստահաբար կարող եմ ասել, որ իմ ամենասիրելի զբաղմունքն իմ ընտանիքի հետ ժամանակ անցկացնելն է: Դա ինձ համար և՛ լավագույն ժամանցն է, և՛ հանգիստը: Շատ եմ սիրում կարդալ տարբեր հեղինակների գործեր, բայց աշխատանքի բերումով վերջին շրջանում կարդում եմ միայն մասնագիտական գրականություն: Լինելով առողջ ապրելակերպի կողմնակից` աշխատում եմ, անկախ ծանրաբեռնվածությունից, ժամանակ գտնել և մարզվել: 

 

-Բժշկության մեջ շատ կարևոր է ճշգրիտ ախտորոշումը, հետաքրքիր է իմանալ` արդյո՞ք Ձեզ հաջողվում է նաև նույն արհեստավարժությամբ «ախտորոշել» մարդկային տեսակը: 

-Մասնագիտական գործունեության ընթացքում արհեստավարժությունը ձեռք է բերվում տարիների քրտնաջան աշխատանքի, գիտելիքների, ստացած գործնական հմտությունների արդյունքում, իսկ մարդկային տեսակը ճիշտ ախտորոշելու միակ գրավականը մարդու կենսափորձն է: Այդ կենսափորձը, իհարկե, ձեռք է բերվում նաև հիասթափությունների, որոշակի մարդկանց հարցում սխալվելու և եզրակացություններ անելու գնով միայն: Սակայն այդ ամենով հանդերձ` ես կարծում եմ, որ անկախ իմ երիտասարդ տարիքից` ես կարողանում եմ տարբերակել մարդկանց. դրա համար մի շատ պարզ, բայց, միևնույն ժամանակ, կարևոր քայլ պետք է անել: Պարզապես պետք է նայել նրանց աչքերի մեջ. որպես կանոն` նրանք չեն խաբում: 

 Իմ էներգիայի աղբյուրն իմ բալիկներն են, նրանցից ես տիեզերական էներգիա եմ ստանում:

-Ո՞րն է Ձեր էներգիայի աղբյուրը:

 

-Միանշանակ կարող եմ ասել, որ իմ էներգիայի աղբյուրն իմ բալիկներն են: Նրանցից ես ուղղակի տիեզերական էներգիա եմ ստանում: Անգամ աշխատանքային ամենալարված օրերին, բավական է գեթ մեկ րոպե գրկեմ նրանց, և հոգնածությունը կարծես չի էլ եղել: Դա երևի վերերկրային ու գերբնական մի ուժ է, որը կապում է ծնողներին իրենց երեխաների հետ:

 

-Ինչի՞ն կամ ո՞ւմ եք ամենաշատը հավատում, ապավինում կյանքում:

-Անվերապահորեն հավատում և ապավինում եմ միայն Աստծուն: Իմ բոլոր նախանշած ծրագրերը, պլաններն ու անելիքները կյանքի են կոչվել բացառապես Տիրոջ կամքով: Աստծո ներկայությունն ամենուր է մեր կյանքում: Աստված Սեր է և Կյանք... Կարծում եմ` սրանով ամեն ինչ ասված է:

 

-Կա՞ նշանակալի անձ/անձիք Ձեր կյանքում, որի խորհրդին մշտապես հետևում եք: 

-Այո՛, իհարկե կան: Դեռ մանուկ հասակից իմ ծնողներն ինձ համար եղել և մնում են հեղինակություն, որոնց որոշումներն ու խորհուրդներն ինձ համար անբեկանելի ճշմարտություն են եղել: Ես մշտապես իմ բոլոր նախաձեռնությունների, անելիքների հետ կապված երկարատև քննարկումներ եմ ունենում հորս հետ, հետևում նրա խորհուրդներին ու հորդորներին ու որպես կանոն` նա մշտապես ճիշտ է լինում: Հայրս իմ կյանքում անփոխարինելի դերակատարում ունի, և ես շնորհակալ եմ նրան այն ամենի համար, ինչ տվել է ինձ` իմաստուն խորհուրդներ, համբերատար վերաբերմունք ու անսահման սեր: 
Ինձ համար կարևոր և նշանակալի անձնավորություն է ամուսինս, ով մշտապես իմ կողքին է: Ես շնորհակալ եմ Աստծուն, որ նա ինձ համար առաջին հերթին լավագույն ընկեր է և խորհրդատու: 

 

-Յուրաքանչյուր կնոջ կյանքում մեծ է նաև իր մոր դերակատարումը: Ի՞նչն է Ձեզ կապում ձեր մոր հետ: 

-Դուք շատ ճիշտ նկատեցիք, որ յուրաքանչյուր աղջկա կյանքում մոր դերն անգնահատելի է: Սակայն մեր բառարաններում, թերևս, չկա այնպիսի մի բառ, որը կբնութագրի այն մեծ սերը, որը ես տածում եմ մորս հանդեպ: Ինձ համար մայրս միշտ իդեալ է եղել` կանացիության ու հոգատարության մարմնացում, որին ձգտել եմ նմանվել: Նա հոգու ընկեր է ինձ համար, ում հետ կարող եմ անվերջ զրուցել, ով ինձ հասկանում է, աջակցում իր խորհուրդներով: Նա իմ ուժն ու թուլությունն է, Աստծուց ինձ տրված անգին պարգև:

 

 21-րդ դարի կնոջ երազանքն է և երջանկության գրավականը լինել ոչ միայն կին և մայր,

այլ նաև մասնագետ, ունենալ մասնագիտական աշխատանք` սեփական աշխարհ, որն ինքն է կերտել:

 

-Ո՞րն է Ձեր երջանիկ լինելու բանաձևը: 

-Կյանքը մեծագույն պարգև է, որը պետք է երջանիկ ապրել, իսկ երջանկության բանաձևն անհատական է, դրան հասնելու ուղիները` նույնպես: Իմ երջանկության գրավականները ընտանիքս, երեխաներս, ընկերներս և մասնագիտական գործունեությունս են, որոնցից յուրաքանչյուրն իր կարևոր դերն ունի երջանկության իմ չափաբաժնում: 
Կարծում եմ` 21-րդ դարի կնոջ երազանքն է և երջանկության գրավականը լինել ոչ միայն կին և մայր, այլ նաև մասնագետ, ունենալ մասնագիտական աշխատանք` սեփական աշխարհ, որն ինքն է կերտել: Հավատացած եմ, որ կայացած և ինքնաբավ լինելով` նա ընտանիքում ավելի լավ կին և մայր կարող է լինել: 

 

Հարցազրույցը` 
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...