10:32
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Իմ ողջ կյանքն աշխատանք է եւ աշխատանքը` կյանք

2017-08-04 11:15


մոնոլոգ. Լարիսա Դավթյան

 «Դե Ֆակտո » N 132(05/2017թ.) 

Երբ մարդու մեջ ապրում է անհուսահատ ու անպարտ գեղեցկությունը, որ սիրո ծնունդ է, նրա կյանքը նմանվում է մի կտավի, որում գունային անցումներն ու տեսարանները, փոթորկահույզ մրրիկն ու... անհաղթահարելի մահն անգամ նմանվում են գունեղ ծաղկեփնջի, ծնում լույսի իշխանություն, հավերժական գեղեցկությունների շատրվան՝ անտեսելով չարն ու ընտրելով սիրո հավերժական ճանապարհը, որն ունակ է իր ետեւում թողնելու սպառնացող երկրային անդունդը:
Մարդու հետաքրքիր, անսովոր տեսակ է ժողովրդական վարպետ, ՀՀ նկարիչների միության պատվավոր անդամ, գեղանկարիչ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի փոխտնօրեն Լարիսա Դավթյանը, ում մեջ մեկտեղված է արվեստագետն ու հայրենասեր մտավորականը, ով իր ողջ կյանքը նվիրել է մատաղ սերնդի դաստիարակության գործին, գեղարվեստական մտքի, հայ թատերական արվեստի զարգացմանը, ինչպես նաեւ բազմաթիվ հոդվածների, բանաստեղծությունների, «Շողերի աստվածային հայտնությունները» գրքի հեղինակն է:
Ներկայացնում ենք Լարիսա Դավթյանի գունեղ մոնոլոգը իր գործունեության, կյանքի, արվեստի եւ մեր իրականության մասին:


Կյանքն ինչպես որ է
Դեռ մանուկ հասակից համակված եմ եղել մեծ սիրով դեպի գրականությունն ու արվեստը, աչքի ընկել երաժշտական, թատերական ու ասմունքելու տաղանդով, ստացել մրցանակներ: Լինելով մասնագիտությամբ մանկավարժ և մեթոդիստ՝ Խորհրդային Միության տարիներին աշխատել եմ տարբեր ուսումնարաններում՝ որպես փոխտնօրեն, տնօրեն, ու իմ տեսակին հավատարիմ՝ բոլոր կրթօջախներում ձգտել եմ գեղագիտությունը՝ որպես կրթության կարևորագույն տարր, ներառել կրթական գործընթացում, կազմակերպել և հեղինակել գեղեցիկ միջոցառումներ, ցուցահանդեսներ: Այդպիսի նախաձեռնություն էր քառաձայն երգչախմբի ստեղծումը, որը մեծ հաջողությամբ գործեց՝ իր դասական գեղեցիկ կատարումներով արժանանալով բարձր գնահատականների:
Բազմաշերտ ու բազմագույն է եղել իմ կյանքը՝ ներծծված աշխատանքային հաճելի ու ստեղծագործ գործունեությամբ, որի ամենապայծառ էջը համարում եմ այն ժամանակահատվածը, երբ վերջապես անցա աշխատանքի ծաղիկների ու վարդերի աշխարհ, այսինքն՝ եկա Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն: Սա այն աշխարհն է, որտեղ ես տալիս եմ և ստանում հոգևոր, ստեղծագործական մեծ ներուժ: 

Իմ ողջ կյանքն աշխատանք է և աշխատանքը՝ կյանք, այո՛, ես աշխատանքով ապրում եմ: Միշտ մտածել եմ՝ ուրիշ ինչ տրվի ինձ, որ ես առավել երջանիկ զգամ և կրկին հանգել եմ նույն մտքին՝ միայն աշխատանք:
Իսկ մութը, խավարը, այո՛, եղել են իմ կյանքում, անցել եմ, ինչպե՞ս, հավատով...

Գեղարվեստն իմ կյանքում
Երևի թե պատահական ոչինչ չի լինում կյանքում. շատ անսպասելի, իսկ հետագայում որպես իրական արվեստ՝ գեղանկարչությունը դարձավ կյանքիս անբաժանելի մասնիկը: Սկսեցի նկարել աղջկաս հետ միասին, ով մասնագիտությամբ նկարիչ-դիզայներ էր, որոշեցի ոգեշնչել նրան, ու ինքս ոգեշնչվեցի՝ ինձ համար բացահայտելով արվեստի այս գեղեցիկ ճյուղը: Դա 2007թ. էր, սկսեցի անհագուրդ ցանկությամբ նկարել, պատկերել իմ հույզերն ու ապրումները, իմ կտավներում արտացոլել աշխարհը, մարդկանց, ում սիրել եմ ու անգամ արհամարհել: Նրանք բոլորն իրենց կերպարով, գույնով ու բույրով ծաղկային տեսք ստացան իմ կտավներում, գեղեցիկ ծաղկեփնջեր: Ու անկախ մթության, ստվերի ու քամու ներկայությունից կյանքում՝ իմ նկարներում մշտապես արևն է շողում, գեղեցիկի հավերժական հաղթանակը ու Աստծո լույսը:


Առաջին աշխատանքներս արժանացան բարձր գնահատականների, որից մեկ տարի անց՝ 2008թ., Երևանի ժողովրդական արվեստների ստեղծագործությունների թանգարանում առաջին անգամ կազմակերպվեց իմ անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին գեղանկարչական բնանկարներ, կոլաժներ, նատյուրմորտներ, փորագրություններ փայտի վրա, ինչպես նաև քանդակագործական աշխատանքներ: 2014թ.՝ իմ ծննդյան 70-ամյակի առթիվ, Բնության պետական թանգարանում բացվեց իմ երկրորդ ցուցահանդեսը, որի ժամանակ պարգևատրվեցի ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով և «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով: Երեք հարյուր այցելու էր եկել դիտելու իմ 80 աշխատանքները: Ես անչափ զգացված էի հատկապես մեծանուն նկարիչների, արվեստագետների գնահատականներից, ովքեր նշում էին, թե այնքան կենդանի, բնական են իմ նկարները, որ կարծես զգացվում է ծաղիկների բույրը և նրանց թերթիկներից թափվող լույսն ու լավատեսական հայացքը դեպի կյանքն ու աշխարհը, առհասարակ:


Ի դեպ, վերջերս Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացվեց «Կանչ» խորագրով ինքնատիպ ցուցահանդեսը, որի մասնակիցն էի նաև ես՝ «Փիղը խաչմերուկում», «Չորս երջանկություն», «Նատյուրմորտ ուրախության» գեղանկարչական աշխատանքներով և դեկորատիվ խեցեղեն սկուտեղով: Նշեմ, որ սկսել եմ զբաղվել նաև կավագործությամբ և ստեղծում եմ իմ ուրույն «արտադրանքները», որոնցով ուրախանում են շատ կանայք և աղջիկներ:

Ես՝ ծաղկային մեծ աշխարհում

Ծաղկային մեծ աշխարհում իմ ծաղիկը կակաչն է՝ առեղծված ծաղիկ, որի սրտում վիշտ կա, աչքերում՝ կրակ, հոգում՝ արտասուք, էության մեջ՝ լույս, անվերջ նայում ես ու չես հասկանում՝ ուրա՞խ է, թե՞ տխուր, լալի՞ս է, թե՞ ժպտում: Այսինքն՝ կակաչը կինն է. տղամարդու երազանք, չբացահայտված էություն:

Ես եւ գրականությունը
Նաև գրում եմ բանաստեղծություններ՝ ոգեշնչվելով գեղեցիկով, որը գտնում եմ մարդկանց մեջ, նրանց արարքների, բնության հրաշագեղ տեսարանների: Բազմաթիվ հոդվածների հեղինակ եմ, իրականացրել եմ նաև լրագրողական գործունեություն, կապույտ եթերում՝ «Հ1»-ում, հեղինակել և վարել եմ ուսումնական հաղորդումներ՝ ներկայացնելով հայ հանճարեղ և ականավոր գրողներին՝ Պետրոս Դուրյան, Գեղամ Սարյան, Խաչատուր Աբովյան, Եղիշե Չարենց, Վահան Տերյան, Ռուբեն Սևակ, Հովհաննես Թումանյան և այլք:
Գիտե՞ք, խոսքի արվեստն ու վրձնի արվեստը շատ նման են իրար, երկուսն էլ արտահայտում են մարդու էությունը, հույզերն ու մտքերը, չիրականացված մղումները: Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, որ Աստված ինձ շնորհել է ստեղծագործելու ունակությամբ, և ես կարողանում եմ հոգիս դատարկել, լիովին անկեղծանալ իմ կտավներում, տալ ու ստանալ դրական էներգիա ու շարունակել ապրել՝ սրտումս կրելով մեծ սեր դեպի մարդն ու գրականությունը:

Իմ ցավը

«Ես երգ եմ հյուսում քեզ համար,
Հոնքերդ հպարտ ու կամար՝
Իջնում ես հայոց լեռներեն,
Ինչո՞ւ չես խոսում հայերեն»

Նաիրի Զարյանի այս տողերն արտահայտում են իմ ցավը հայոց լեզվի այսօրվա կիսաաղավաղված վիճակի համար: Այսօր մեր լեզուն, մեր խոսքը կորցրել է իր երբեմնի հմայքն ու գրական գեղեցկությունը, ինչի ականատեսն ենք լինում հեռուստահաղորդումներում, սերիալներում, անգամ թատերական աշխարհում: Պետք է կանխել այդ աղետալի գործընթացը:
Մյուս ցավս արտագաղթն է. թող ինձ ներեն բոլորը, բայց հայրենիքից հեռացողներին ես դավաճաններ եմ համարում: Հայաստանը մեր մեծ ընտանիքն է, որը մենք պետք է պահենք, փայփայենք՝ որպես սրբություն:
Մյուսը՝ թատրոնների հետ է կապված: Իմ երազանքն է, որ ամեն թատրոն իր կոչմանը հավատարիմ գործի: Ես չեմ ցանկանում գովաբանել մեր թատրոնը, բայց պետք է շեշտեմ, որ գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանին և թատրոնի տնօրեն Կարապետ Շահբազյանին հաջողվում է պահպանել մեր թատրոնի ավանդույթները: Այցելելով Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն՝ կարելի է ականատես լինել երաժշտական գեղեցիկ, բարձրարվեստ կոմեդիաների՝ տաղանդավոր դերասանական կազմի կատարմամբ, որոնք ասելիք ունեն, և որոնցում արտահայտված է նաև ժամանակակից հայկական իրականությունը, ժողովրդի ցավը, հոգսը: Այսինքն՝ թատրոնը չի հեռանում մեր իրականությունից, այլ ընդհակառակը՝ արտահայտում է այն և փորձում լավատեսական լուծումներ գտնել:

Աստծո
ներկայությունն
իմ կյանքում

Աղջկաս կորուստը... գուցե չդիմանայի, գուցե խելագարվեի, գուցե մահը հաղթեր ինձ, եթե չհավատայի, եթե սերը և հավատը դեպի Աստված չունենայի:
Չեմ խուսանավի ասել, որ այժմ ավետարանական «Ճշմարիտ կյանքի ուղի» եկեղեցում անցկացնում եմ քրիստոնեական դասընթացներ:

 


Հեղինակ՝
Սուսաննա Թամազյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...