2017-07-26 13:36
Աշոտ Ծատուրյան
«Դե Ֆակտո » N 132(05/2017թ.)
«Մարդ ով առողջություն, երկրորդ կյանք ինձ նվիրեց», «Ես հիացա բժշկի մարդկային վերաբերմունքից, բժշկի անուն կարող են կրել միայն այդպիսի մեծահոգի մարդիկ»: «Ինձ լրիվ բավարար էր 5 րոպե տևող զրույցը բաժնի վարիչ՝ ինձ համար արդեն հրաշագործ Աշոտ Ծատուրյանի հետ, որպեսզի ես հանգիստ սրտով վստահեի իրեն իմ կյանքը»:
Ահա այսպես են նկարագրում հիվանդները «ԱՐԹՄԵԴ» բժշկական վերականգնողական կենտրոնի ուռոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Արտավազդի Ծատուրյանին, ով հազարավոր մարդկանց պարգևել է երկրորդ կյանք՝ տալով նրանց ամուր առողջություն:
Զրուցեցինք պարոն Ծատուրյանի հետ, ով բավականին երկար տարիներ աշխատում է այս ոլորտում, ծանոթ է ոլորտի առկա խնդիրներին և դժվարություններին: Շուրջ 30 տարի է Հայաստանում Աշոտ Ծատուրյանը կատարում է միզասեռական օրգանների ուռուցքային հիվանդությունների վիրահատական բուժում:
Ես իմ կյանքի ընթացքում զբաղվել եմ այն հիվանդությունների բուժմամբ, որոնք ամենապատասխանատու, ամենածանր և ամենադժվարն են եղել: Ուռոլոգիան զբաղվում է տղամարդկանց միզային և սեռական օրգանների, կանանց միզային օրգանների տարբեր հիվանդությունների բուժմամբ՝ հիմնականում վիրաբուժական միջամտությամբ, այդ իսկ պատճառով էլ ուռոլոգիան համարվում է վիրաբուժական մասնագիտություն:
1987 թվականից մինչ այսօր կատարում ենք միզապարկի հեռացում և աղիներից նոր միզապարկի ձևավորում, որը 1982 թվականից կատարվում էր ողջ աշխարհում: Մոտ 600 այդպիսի բարեհաջող վիրահատություններ ենք կատարել, և ասեմ, որ Հայաստանը թե՛ իր բժիշկների մասնագիտական գիտելիքներով և թե՛ վիրահատական արդյունքներով չի զիջում եվրոպական երկրներին:
Իսկ մեր այն հարցին, թե արդյո՞ք այսօր վստահություն կա Հայաստանի բժիշկների նկատմամբ, Աշոտ Ծատուրյանը պատասխանեց. «Մեր հասարակությունը թյուր տեղեկացվածություն ունի Հայաստանի ուռոլոգների մասնագիտական որակների վերաբերյալ, մարդիկ մշտապես ձգտում են եվրոպական և ռուսական երկրներում բուժում ստանալ, վստահությունը տեղի մասնագետների նկատմամբ մի քիչ թերի է, այնինչ Հայաստանում չկա մի հիվանդություն, որը չկարողանանք բուժել, և հավելեմ, որ ոչ մի օտարերկրացի բժիշկ այդքան սրտացավ չի վերաբերվի մեր հայրենակիցներին, որքան մեր հայ բժիշկները»:
Բժիշկ Ծատուրյանի խոսքով, այսօր ամենատարածված հիվանդությունները դրանք երիկամների, միզապարկի և շագանակագեղձի ուռուցքներն են. «Գնալով ուռուցքների քանակն ավելանում է և այսօր ամենատարածված հիվանդությունը ողջ աշխարհում՝ շագանակագեղձ քաղցկեղն է, Հայաստանում այն գտնվում է երկրորդ տեղում, առաջին տեղում միզապարկի քաղցկեղն է»:
Բժիշկը տղամարդկանց խորհուրդ տվեց, եթե ցանկանում են խուսափել նման հիվանդություններից պետք է հրաժարվեն ծխախոտից, այն ամենամեծ վտանգն է ներկայացնում իրենց առողջությանը: «Բոլոր օնկոլոգիական հիվանդությունների մեջ, որպես ռիսկի գործոն նշվում է ծխախոտի ծուխը, առաջին հերթին բուժումը սկսելուց առաջ մենք արգելում ենք ծխախոտի օգտագործումը, դրա հետևանքով առաջանում են նոր գոյացություններ, այնուհետև խորհուրդ կտամ կարգավորել սեռական կյանքը և ակտիվ զբաղվել սպորտով»:
Ինչևիցե, սեփական առողջության մասին մտածելը միմիայն Ձեր պարտքն է և հիշե՛ք, թերևս ամենակարևորը կյանքում առողջության պահպանումն է, մշտապես պետք է զգոն լինել սեփական առողջության նկատմամբ:
Նյութը պատրաստեց
Սյուզաննա Ղուկասյանը
Վերադառնալ