15:50
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Պատրաստ եմ շարունակել ջանասիրաբար, մեծ սիրով ու նվիրումով աշխատել

2017-07-10 11:06

 ՀՀ Տավուշի մարզի մարզկենտրոն Իջևան  քաղաքային համայնքի ղեկավար ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ

 

«Դե Ֆակտո » N 132(05/2017թ.)  


-Պարո՛ն Ղալումյան, Ձեր պաշտոնավարման ընթացքում Իջևան քաղաքը փոխել է իր տեսքը, առավել գեղեցիկ կերպար և բովանդակություն ստացել: Իզուր չէ, որ Դուք բազմիցս ճանաչվել եք լավագույն քաղաքապետ, այդ թվում` 2015թ. «Դե Ֆակտո» ամսագրի կողմից: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում սուղ բյուջեի պայմաններում հասնել նման արդյունքների:


-Ես տեսակով պայքարող և չհանձնվող մարդ եմ, և վստահ եմ, որ կյանքում հնարավորն ավելի շատ է, քան անհնարինը:
Ճիշտ է, համայնքային բյուջեն մեծ չէ, սակայն այն արդյունավետ կառավարելու և նպատակային օգտագործելու դեպքում հնարավոր է որոշակի արդյունքի հասնել: Կարևորում եմ նաև աշխատանքային թիմի նվիրված աշխատանքը: Առավելագույն արդյունքի հասնելու համար մենք համայնքային միջոցներից զատ՝ նաև փորձում ենք ֆինանսական այլ միջոցներ ներգրավել մեր քաղաք, մասնակցել տարբեր ծրագրերի, մեզ մեծապես աջակցում են ծնունդով Իջևանցի այլ երկրներում ապրող մեր հայրենակիցները:

 

-Իջևան համայնքի զարգացման ծրագրում ռազմավարական կարևոր խնդիր է զբոսաշրջության զարգացումը: Ի՞նչ ծրագրեր են իրականացվել համայնքում՝ ուղղված զբոսաշրջության զարգացմանը:

-Իսկապես, մեր համայնքի զարգացման ծրագրի ռազմավարության էությունը Իջևան քաղաքը զբոսաշրջության կենտրոն դարձնելն է, որին ուղղված բազում ծրագրեր են իրականացվել հատկապես 2016-2017թթ. ընթացքում: Մենք ջանք ու եռանդ չենք խնայում քաղաքն ավելի գեղեցիկ և գրավիչ դարձնելու, ենթակառուցվածքները զարգացնելու համար, որպեսզի զբոսաշրջիկները մեր քաղաքում հետաքրքիր և հարմարավետ հանգիստ անցկացնեն:
Իջևան համայնքում շարունակաբար իրականացվել և իրականացվում են բարեկարգման ու կանաչապատման, պատմամշակութային հուշարձանների վերականգնման, ասֆալտապատման աշխատանքներ: Մասնավորապես՝ ամբողջովին ասֆալտապատվել է Բլբուլյան փողոցից դեպի 3-րդ դպրոց տանող ճանապարհը, Իջևանի վարժարանի հարակից տարածքը իր մայթով, դատարանից դեպի 4-րդ դպրոց տանող ճանապարհը, սալիկապատվել և ասֆալտապատվել է Մետաղագործների փողոցը, բետոնապատման միջոցով վերանորոգվել են Պռոշյան և Սայաթ-Նովա փողոցները:
Իրականացվել են ուժգին կարկտահարության և հեղեղի հետևանքով վնասված քաղաքի գրեթե բոլոր փողոցների վերականգնման աշխատանքներ, որոնց համար անհրաժեշտություն առաջացավ քաղաքապետարանի տեխնիկական պարկը համալրել նոր տեխնիկայով: Ձեռք բերվեց հատուկ հարթեցնող տեխնիկա` գրյեդեր, և բեռնատար մեքենա, որոնց օգնությամբ շատ արագ վերականգնվեցին քաղաքի բոլոր բանուկ փողոցները:
Կարկտահարության հետևանքով վնասվել էր նաև Երևանյան, Մեհրաբյան փողոցների նոր վերականգնված լուսավորության ցանցը: Այն ևս անմիջապես հիմնանորոգվել է:
Լուսավորության նոր ցանց է տեղադրվել նաև Երիտասարդական, Թևոսյան, Ղարագյոզյան, Թավրիզյան, Ազատամարտիկների, Այգեստան փողոցներում, ինչպես նաև Անկախության, Երիտասարդական, Սևքարեցի Սաքոյի բազմաբնակարան շենքերի բակերում: Այս տարի մենք ավարտին ենք հասցրել Իջևան քաղաքի բազմաբնակարան բոլոր շենքերի լուսավորության ցանցի տեղադրման աշխատանքները. յուրաքանչյուր հարկում քաղաքապետարանի կողմից տեղադրվել է սենսորային լուսավորվածության համակարգ, որն անվտանգ է, էներգախնայող և աշխատում է ավտոմատ միացվող համակարգով:

 

-Կանաչապատման ի՞նչ աշխատանքներ են իրականացվել այս տարի:

-Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս շարունակական բնույթ են կրել քաղաքում իրականացվող կանաչապատման մեծածավալ աշխատանքները: Քաղաքապետարանի կոմունալ ծառայությունն իրականացրել է գարնանային կանաչապատման և ծառատնկման աշխատանքներ, որոնց շրջանակներում շուրջ 200 բարդի տեսակի ծառեր են տնկվել Մետաղագործների, Երևանյան, Ազատամարտիկների, Արցախյան փողոցներում, իսկ Ուսանողական փողոցում և հիվանդանոցի հարակից տարածքում՝ 100 ուռենի:
5000 լավագույն տեսակի վարդեր, տարբեր թփատեսակներ են տեղադրվել Երևանյան և Անկախության փողոցների մայթերի երկայնքով: Շատրվանների հրապարակը ևս անմասն չի մնացել. այնտեղ տեղադրվել են բարձր թփատեսակներ և գեղեցիկ ծաղիկներ: Ինչպես նաև բարեկարգվել է Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիրի տարածքը՝ հիմնովին նորացվել և հարթեցվել է սիզամարգի հողաշերտը, կառուցվել է լուսավորության ցանց, տեղադրվել են նոր ջահեր, տնկվել են տարատեսակ թփեր և ծաղիկներ, վերանորոգվել են հուշահամալիր տանող աստիճանները:
Պետք է ավելացնեմ նաև, որ մեր քաղաքում կանոնավոր կերպով ընթանում է աղբահանությունը, որը մեծապես նպաստում է քաղաքի գեղեցկությունը պահպանելուն: Դրան ուղղված նախաձեռնություն էր 160 նոր աղբամանների տեղադրումը, որոնց շարքում կան հատուկ պլաստիկ շշերի համար նախատեսված աղբամաններ, որոնց շնորհիվ տարանջատվում է պլաստիկը կենցաղային աղբից:

 

-Ձեր պաշտոնավարման սկզբում քաղաքում առկա այլ խնդիրներին զուգահեռ՝ մտահոգիչ էր վերելակների խնդիրը: Արդյո՞ք բարձրահարկ շենքերում այսօր վերելակներն անխափան գործում են:

-Պետք է նշեմ, որ իսկապես դա լուրջ խնդիր էր մեր քաղաքի բնակչության համար, երբ նոր էի ստանձնել համայնքի ղեկավարի պաշտոնը, սակայն իմ պաշտոնավարման հենց առաջին տարում ես ձեռնամուխ եղա լուծելու այդ խնդիրը: Այսօր քաղաքի 21 բազմաբնակարան շենքերում վերելակներն անխափան գործում են, որոնց աշխատանքն ապահովելու նպատակով քաղաքապետարանը մշտապես իրականացնում է սպասարկման աշխատանքներ:

 

-Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել մանկապարտեզներում:

-Կարևորելով մանկապարտեզների բարեկարգումը` մենք դրանցում պարբերաբար իրականացնում ենք տարաբնույթ աշխատանքներ: Մասնավորապես՝ լոկալ ջեռուցման համակարգերի տեղադրման, վերանորոգման, ժամանակակից գույքով համալրման:

 

-Ի՞նչ ձեռքբերումներ են արձանագրվել մշակույթի և սպորտի ոլորտում: 

-Այս տարի մեծ ձեռքբերումներ ունեցանք նաև այդ ոլորտներում: Երաժշտական դպրոցների և արվեստի դպրոցի սաները, ժողգործիքների համույթը հաջողությամբ մասնակցեցին հանրապետական նշանակության մրցույթ-փառատոների՝ արժանանալով առաջինից երրորդ պատվավոր մրցանակների: Իջևան քաղաքի միջնակարգ երաժշտական դպրոցը կրթության և գիտության նախարարի ու Տավուշի մարզպետի կողմից արժանացել է պատվոգրի, ինչպես նաև Համահայկական հիմնադրամի կողմից` դրամական պարգևի: Բազում մշակութային միջոցառումներ են կազմակերպվել` նվիրված ՀՀ տոներին և հիշարժան օրերին: «Վերնատուն» պատկերասրահում վերջերս կազմակերպվել է «100 դուռ» ցուցահանդեսը, որին հրավիրված էր և մասնակցում էր նաև սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը: Ինչպես նաև մշակույթի տանը ստեղծել ենք տիկնիկային թատրոն, կազմակերպում ենք անվճար տիկնիկային ներկայացումներ քաղաքի և հարակից գյուղերի մանկապարտեզների, «ՍՕՍ» մանկական գյուղի և «Հույսի կամուրջ» ՀԿ-ի սաների համար:
Ինչ վերաբերում է սպորտին, ապա այս ոլորտում ևս հաջողությունները շատ են. մեր մարզադպրոցի սաները միջազգային մրցաշարերում և հանրապետական առաջնություններում բազկամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, փետրագնդակ, սամբո ըմշամարտ, բռնցքամարտ սպորտաձևերում զբաղեցրել են պատվավոր մրցանակային տեղեր: Եվ պետք է նշեմ, որ արտերկրում բնակվող իջևանցիները, բարձր գնահատելով մեր աշխատանքը և նախաձեռնությունները, աշխատում են ներդրում ունենալ համայնքում սպորտի զարգացման գործում: Դրա վկայությունն է Իջևանի ֆուտբոլի մինի դաշտը, որի ստեղծմանն աջակցեցին Անդրեյ և Ֆրունզե Ղազարյանները: Բացման արարողությունից հետո Իջևանի թիմը մրցեց Ուկրաինայից ժամանած թիմի հետ, որի կազմում խաղում էին նաև Ղազարյան եղբայրները:

 

-Պարո՛ն Ղալումյան, որքանո՞վ եք արդյունավետ համարում համայնքների խոշորացման ծրագիրը, և քանի որ առաջիկայում համայնքների ղեկավարների ընտրություններն են, ուզում եմ հարցնել` պատրա՞ստ եք աշխատել որպես Իջևան խոշորացված համայնքի ղեկավար:

-Համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ կարծիքս միանգամայն դրական է, քանի որ տարածքների համաչափ զարգացման ճանապարհին սա կարևոր քայլ եմ համարում: Ինչ վերաբերում է իմ պատրաստ լինելուն, ապա ես միշտ պատրաստ եմ իմ աշխատանքը ջանասիրաբար և մեծ սիրով ու նվիրվածությամբ կատարել, իսկ դա ամենակարևորն է: Ես իմ ընտրողներին ներկայանալու եմ իմ աշխատանքով և առաջարկելու եմ շարունակել համատեղ ուժերով զարգացնել Իջևան խոշորացված համայնքը:

 

 

Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...