07:20
11/19/2017
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Լոռին իմ ծննդավայրն է, նրա խնդիրները ևս իմն եմ համարում

2017-06-27 13:57

  «Դե Ֆակտո » N 132( 05/2017թ.) 

Արկադի Ստանիսլավի Համբարձումյան


Ծնվել է 1971թ. ապրիլի 9-ին Երևանում:
1978թ. ընդունվել է Սպիտակի Ալեքսանդր Միասնիկյանի անվան թիվ 1 դպրոց, այնուհետև՝ ուսումը շարունակել Երևանի թիվ 160 դպրոցում:
1989-1994թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ իրավաբանի որակավորմամբ:
1989-1991թթ. եղել է «Կաթ» ԱՄ ԼԿԵՄ կոմիտեի ազատված քարտուղար:
1996-1997թթ.` Երևանի Շահումյանի շրջանի դատախազության քննիչ:
1997-2003թթ.` «Դերժավա» և «Սլավգրուպ» ընկերությունների նախագահ:
2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր համամասնական ընտրակարգով: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: 25.05.2006-07.06.2007թթ.` «Գործարար» պատգամավորական խմբի անդամ:
2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր՝ թիվ 29 ընտրատարածքից: 19.06.2007-11.07.2008թթ.` Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, 11.07.2008-31.05.2012թթ.` գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ:
2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր՝ թիվ 29 ընտրատարածքից: ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 9 ընտրատարածքի ռեյտինգային ընտրական ցուցակով: Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի անդամ է:
Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով (2016թ.):
Պարգևատրվել է «Գյուղատնտեսական նվաճումների համար» ՀՀ գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալով (2016թ.):
Ամուսնացած է, ունի չորս զավակ, երկու թոռնիկ:

Աժ պատգամավոր ընտրվելու ցանկությունս կապված է իմ փոքրիկ հայրենիքին

աջակցելու, այնտեղ հեռանկարային ու կարեւոր ծրագրեր իրականացնելու հետ:

 

 -Պարո՛ն Համբարձումյան, նախկինում մեծամասնական, այժմ՝ վարկանիշային ընտրակարգով կրկին ընտրվեցիք ՀՀ ԱԺ պատգամավոր Լոռու մարզից՝ ստանալով Ձեր ընտրողների քվեները: Նախ՝ ինչո՞ւ որոշեցիք կրկին առաջադրել Ձեր թեկնածությունը, և ի՞նչ ծրագրեր ունեք Ձեր ընտրատարածքի հետ կապված:

 -Նախ նշեմ, որ Լոռին իմ ծննդավայրն է, և թե՛ նախկինում, թե՛ այսօր մտահոգված եմ իմ ծննդավայրի առջև ծառացած խնդիրներով: Մշտապես պատրաստակամ եմ եղել և եմ լուծելու մարզում առկա խնդիրները` թե՛ պատկան մարմիններին ներկայացնելով դրանք և թե՛ անձնական միջոցներ ներդնելով: Կարողանալով օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը` մշտապես իմ նպաստն եմ բերել հայրենիքիս առջև ծառացած խնդիրների լուծմանը, ինչն էլ ինձ մղեց շարունակելու իմ աշխատանքը, կրկին առաջադրվել՝ իհարկե, մեծացնելով իմ պատասխանատվությունը մարզի նկատմամբ:

 

-Դուք շուրջ 14 տարվա պատգամավորական աշխատանքի փորձ ունեք, ի՞նչ կարևոր ձեռքբերումներ կառանձնացնեք, ի՞նչ աշխատանքներ եք իրականացրել հատկապես Ձեր ընտրատարածքում:

-Մարզի առջև ծառացած բոլոր խնդիրներն էլ ինձ համար կարևոր են: Իհարկե, ոչ բոլորն են սահուն լուծում ստանում, բայց դրանք միաժամանակ ուշադրությունից դուրս չեն մնում: Ձեռքբերումներից կարող եմ առանձնացնել աշխատատեղերի սուր խնդրին լուծում տալը: Մեծ ջանքերի շնորհիվ` Սպիտակում կարողացանք կառուցել ժամանակակից պահանջներին համապատասխան թռչնաբուծական ֆաբրիկա: Ծրագրում ենք կառուցել նաև կարի ֆաբրիկաներ Վանաձորում, Սպիտակում ու մարզի այլ համայնքներում և կաթի վերամշակման արտադրամաս` կաթի ընդունման իր կետերով, որոնք, անշուշտ, կմեղմեն գոյություն ունեցող սոցիալական լարվածությունը:

 

Բարեգործությունը մեր ընտանիքում կարեւոր տեղ է

զբաղեցնում, այն ավանդույթ է, որ փոխանցվում է սերնդեսերունդ:

-Բազում բարեգործական ծրագրեր եք իրականացրել Ձեր ընտրատարածքում, կնշե՞ք մի քանիսը:


-Բարեգործական ծրագրեր իրականացնելը մեր ընտանիքի համար ավանդույթ է դարձել, ես երկար տարիներ է, ինչ բարեգործական ծրագրեր եմ իրականացնում: «Համբարձումյանների ընտանիք» սոցիալական աջակցության բարեգործական հիմնադրամի միջոցով աջակցել և աջակցում ենք ուսանողներին, մարզիկներին, մանկապարտեզներին, դպրոցներին, մանկավարժներին, բժիշկներին, բուժհաստատություններին, անապահով ընտանիքներին, զինվորներին ու հայոց բանակին:

-Ձեր աշխատանքային երկարամյա գործունեության ընթացքում աշխատել եք Աժ տարբեր հանձնաժողովներում, ո՞ր հանձնաժողովն է ավելի հոգեհարազատ եղել Ձեզ համար, այժմ Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի անդամ եք, ի՞նչ անելիքներ եք տեսնում այդ ոլորտում:

-Ճիշտ եք, ես մշտապես ընդգրկված եմ եղել ԱԺ մշտական հանձնաժողովներում, և որտեղ էլ ներգրավված եմ եղել, աշխատել եմ իմ ուժերի ներածին չափով, իմ նպաստն եմ բերել տվյալ բնագավառում այդ հանձնաժողովների գործունեությանը: Այժմ էլ ընդգրկված լինելով Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովում` կաշխատեմ հնարավորինս իմ նպաստը բերել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին:

 

 Համոզված եմ, որ խորհրդարանական կառավարումն

առաջընթաց կարձանագրի Հայաստանի զարգացման գործում:


-Ինչպե՞ս կգնահատեք Աժ նոր կազմը, ըստ Ձեզ՝ որակապես ինչո՞վ կտարբերվի այս գումարման Ազգային ժողովը նախորդներից:

-ԱԺ-ն ձևավորվել է նոր ընթացակարգով, օժտված է ավելի մեծ լիազորություններով և համոզված եմ, որ խորհրդարանական կառավարումն առաջընթաց կարձանագրի Հայաստանի զարգացման գործում:

-Ինչպիսի՞ աշխատանք եք ակնկալում Ձեր գործընկերներից, այդ թվում՝ ընդդիմադիր:

-Իմ բոլոր գործընկերներից, այդ թվում` ընդդիմադիր, ակնկալում եմ արդյունավետ աշխատանք:

 

Հավասարակշռված գործարար միջավայրը մեր տնտեսության հիմքն է:


-Ձեր ընտանիքը զբաղվում է գործարարությամբ, Դուք ևս աշխատել եք այդ ոլորտում, ի՞նչ խնդիրներ են առկա այսօր Հայաստանում, որոնք խոչընդոտում են գործարարության զարգացմանը, և օրենսդրական ի՞նչ փոփոխություններ պետք է իրականացվեն դրանք հաղթահարելու համար:
-Իմ կարծիքով` նախ պետք է ստեղծվի ներդրումային բարենպաստ միջավայր, օրենքները գործեն հստակ և երկարաժամկետ:

 

-Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությունը, արդյո՞ք նրան կհաջողվի դուրս բերել ՀՀ տնտեսությունը ներկայիս ծանր վիճակից:

-ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակման առաջին իսկ օրվանից իր նպաստն է բերում Հայաստանի տնտեսության զարգացման գործին, առկա խնդիրների համար լուծման ուղիներ փնտրում: Վարչապետը հիմնականում աշխատում է հավասարակշռել և առողջացնել Հայաստանի բիզնես միջավայրը, և ես` որպես նախկին գործարար, դրական եմ գնահատում նման մոտեցումը: Ինքս էլ որպես պատգամավոր` պաշտպանելու եմ բիզնեսի շահերը, քանի որ համարում եմ, որ հավասարակշռված (բալանսավորված) բիզնեսը` խոշոր, միջին և մանր, մեր տնտեսության հիմքն է:

 

-Ինչպե՞ս կգնահատեք համայնքների խոշորացման ծրագիրը, արդյո՞ք այն կնպաստի մարզերի զարգացմանը:

-Արդեն մի քանի պիլոտային ծրագրեր իրականացվել են հանրապետությունում, և վերջերս էլ բուռն քննարկումներ տեղի ունեցան ԱԺ-ում՝ կապված համայնքների խոշորացման հետ: Չեմ ուզում վաղ դատողություններ անել, կարող եմ միայն ասել, որ համաձայն զեկույցների՝ խոշորացված համայնքներում դրական առաջընթացն ավելի մեծ է, քան բացասականը:

-Մեր երկրի համար կարևոր խնդիր է սահմանային լարվածությունը, ինչպիսի՞ լուծում եք տեսնում:


-Մեր երկրի խաղաղության երաշխավորը երկրի նախագահն է՝ պարոն Սերժ Սարգսյանը՝ գերագույն գլխավոր հրամանատարը: Այդ ուղղությամբ մեր երկրի համապատասխան գերատեսչություններն ինտենսիվ զբաղվում են: Եվ ես կողմ եմ մեր երկրի որդեգրած քաղաքականությանը: Իսկ լուծումը տեսնում եմ խաղաղ բանակցային գործընթացում:

 

Ես դաստիարակել եմ ազնիվ, հայեցի ու հայրենասեր զավակներ:

-Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում կյանքում և աշխատանքում:

-Ինձ համար առաջին տեղում մարդու արժանապատվությունն է: Չեմ փորձել որևէ մեկին երբևէ վիրավորել: Աշխատում եմ լինել արդար, հանդուրժող, ներող:


-Կա՞ն բացարձակ ճշմարտություններ Ձեզ համար:

-Ճշմարտությունն ինքնին բացարձակ արժեք է, պետք է ձգտել ճշմարիտ ապրել:

 

-Մի փոքր պատմեք Ձեր ընտանիքի, երեխաների մասին, ինչպիսի՞ դաստիարակություն եք տվել նրանց և ի՞նչ արժեքներ փոխանցել:

-Ես ունեմ 4 զավակ, 2 թոռնիկ: Ավանդույթներ հարգող ընտանիք ենք: Դա գալիս է մեր պապերից: Ես իմ զավակներին դաստիարակել եմ ազնիվ, հայեցի ու հայրենասեր:


-Ինչպիսի՞ Հայաստանի մասին եք երազում:
-Երազում եմ ապահով, զարգացող և անվտանգ Հայաստանի մասին:

 

 


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ