15:45
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հաճելի է եւ պարտավորեցնող պետության ու հանրության կողմից գնահատված լինելը

2017-06-09 12:06

 «Դե Ֆակտո » N 131(04/2017թ.) 

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանն է:

-Պարո՛ն Սարգսյան, երկար ժամանակ է ղեկավարում եք Շենգավիթ վարչական շրջանը, ի՞նչ պատկեր ուներ Ձեր վարչական շրջանը երբ ընդունեցիք և ի՞նչ աշխատանքներ են կատարվել այս տարիների ընթացքում Շենգավիթում, որոնց մասին կցանկանայիք խոսել:


-Շենգավիթը, կարելի է ասել՝ ամենամեծ վարչական շրջանն է` իր յուրահատուկ և ընդհանրական խնդիրներով, որոնց լուծումները պահանջում են ամենօրյա հետևողական և տքնաջան աշխատանք: Կարծում եմ կարևորագույնը, որ կատարվել է, Շենգավիթը Երևան քաղաքի համաչափ զարգացման ծրագրերում ներդաշնակ ընդգրկելն է, ինչը հաջողվել է Երևանի քաղաքապետի և մեր սկզբունքների, ջանքերի համադրմամբ:

 

-Պարբերաբար հանդիպումներ եք ունենում Ձեր վարչական շրջանի բնակիչների հետ, որո՞նք են նրանց համար առաջնային համարվող խնդիրները:

 

-Բարեկեցիկ և հարմարավետ քաղաք ունենալու տեսակետից միշտ չէ, որ հնարավոր է հեշտությամբ տարբերակել առաջնային և երկրորդական խնդիրները: Յուրաքանչյուր բնակչի համար իր հոգսը, իր խնդիրը տվյալ պահին ամենակարևորն է, և նրան լսելը, լուծումներ առաջարկելը ու այդ ամենը համակեցության սկզբունքների տիրույթում պահելը տեղական ինքնակառավարման մարմինների սուրբ պարտականությունն է:


-Համայնքների համաչափ զարգացման ծրագրի շրջանակներում, ի՞նչ աշխատանքներ են կատարվել Ձեր վարչական շրջանում:

-Համաքաղաքային և վարչական շրջանի ծրագրերով իրականացվել են քաղաքային միջավայրի բարելավման բազմաթիվ ու բազմաբնույթ աշխատանքներ: Հատկանշական են Երևան քաղաքի հարավային դարպաս համարվող Արտաշատի խճուղի-Շիրակի փողոց ճանապարհի շահագործումը, Նորագավիթ թաղամասի ջրամատակարարման ողջ համակարգի վերափոխումը, փողոցների ու բակերի բարեկարգման, արտաքին լուսավորության համակարգի ընդլայնման, կանաչ տարածքների ավելացման, այգիների վերանորոգման, կահավորման լայնածավալ աշխատանքները, բազմաբնակարան շենքերում բնակֆոնդի պահպանման նպատակով տանիքների, մուտքերի, ենթակառուցվածքների վերանորոգման ծրագրերը, երաժշտական դպրոցների, գրադարանների, մշակույթի տների հիմնանորոգումը, մանկապարտեզների հիմնանորոգման ծրագրի մեկնարկը, գույքով պարբերաբար համալրումը, մարզամշակութային կյանքի աշխուժացման և սոցիալական գործակցության տարաբնույթ ծրագրերը, որոնք բխում են քաղաքի համաչափ ու կայուն զարգացման սկզբունքից:

 

-Շուտով ավագանու ընտրություններն են, ըստ Ձեզ այս ընտրությունները քաղաքային են, թե՞ քաղաքական:

-Ե՛վ քաղաքական են, և՛ քաղաքային: Քաղաքական են, որովհետև ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, ըստ կուսակցությունների ներկայացրած ցուցակի և տվյալ քաղաքական թիմ՝ իշխանություն վերցնելու պատասխանատվության հայտ է ներկայացնում: Քաղաքային են, որովհետև ձևավորված իշխանությունները` տեղական ինքնակառավարման մարմինները, կոչված պետք է լինեն քաղաքային միջավայրի բարելավմանը, քաղաքի բնականոն կենսագործունեության կազմակերպմանը, ինչպես անհատ քաղաքացու համար, այնպես էլ համընդհանուրի:

 

-Առաջիկայում, ի՞նչ ծրագրեր կան ուղղված Ձեր վարչական շրջանի զարգացմանն ու բարեկարգմանը:

-Բոլոր ծրագրերը շարունակական են. քաղաքային ենթակառուցվածքների պահպանում և բարելավում, բնակարանային ֆոնդի պահպանմանն ուղղված ծրագրեր, բակային բարեկարգման, կանաչ տարածքների ավելացման աշխատանքներ, կրթամշակութային, սոցիալ-առողջապահական ոլորտներում ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացում և այլն, որոնց մանրամասն անդրադարձ է կատարված Երևանի քաղաքապետի «Հանուն Երևանի» նախընտրական ծրագրում, և մենք պատրաստ ենք մեր համեստ մասնակցությամբ կյանքի կոչել այն, ինչպես որ իրականություն դարձավ նախորդ ծրագիրը:

 

-Մասնակցել եք ՀՀ պաշտպանության և Արցախի ազատագրման մարտական գործողություններին, մի շարք պարգևներ ունեք: Մի փոքր կխոսե՞ք այդ մասին:

-Իհարկե հաճելի է և պարտավորեցնող պետության ու հանրության կողմից գնահատված լինելը, բայց ամեն դեպքում ամենամեծ պարգևն այն է, որ այժմ ունենք կայացած պետականություն, ազատ Արցախ ու մեր հայրենիքը շենացնելու, հզորացնելու հնարավորություններ ու կամք:

 

-Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում աշխատանքում:

-Իմ կարծիքով կյանքը ճիշտ ապրելու բանաձևում կարևորագույն գործոն է միջավայրին ու հայրենիքին պիտանի ապրելու մղումը, կամքը, քաղաքացու հանդեպ սերն ու հարգանքը, որոնք էլ աշխատանքային առօրյայում հանգեցնում են հետևողականությամբ, համբերատարությամբ ու սրտացավությամբ ձեռք բերված արդյունքի:

 

Հարցազրույցը՝
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...