16:24
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կյանքում եւ աշխատանքում առաջնորդվում եմ «Մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ եկեղեցի, մեկ բանակ» կարգախոսով

2017-05-29 14:33

«Դե Ֆակտո » N 131(04/2017թ.) 

60 տարիների բարձունքից աշխարհն ու կյանքն այլ բովանդակություն, գույն ու իմաստ ունեն, վաստակն ու ձեռքբերումները` վերածված կայուն արժեքների, զարդարում են ներկան ու մղում երազելու առավել ստեղծագործ, ձգտումներով եւ հաջողություններով լի ապագայի մասին:
Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցի տնօրեն Սեդա Թունյանը կյանքի հետաքրքիր եւ ձեռքբերումներով լի ճանապարհ է անցել: Նա աշակերտակենտրոն, առաջադեմ գաղափարներ ներդնելով դպրոցի ուսումնական կյանքում` կրթում եւ դաստիարակում է ժամանակակից աշխարհում իր տեղը հեշտությամբ գտնող, ինտելեկտուալ եւ հայրենասեր սերունդ:

-Տիկի՛ն Թունյան, 2017թ. Ձեզ համար հոբելյանական տարի է. տոնում եք Ձեր ծննդյան 60-ամյակը և աշխատանքային գործունեության 40-ամյակը, ինչի առթիվ «Դե Ֆակտո» ամսագրի խմբագրակազմը շնորհավորում է Ձեզ: Ամփոփելով Ձեր անցած ճանապարհը` 60 տարիների բարձունքից ինչպե՞ս կգնահատեք դրանք, ի՞նչ ձեռքբերումներ կնշեք, որոնք մնայուն արժեքներ են դարձել Ձեզ համար:


-Կյանքում իմ ամենակարևոր ձեռքբերումն իմ զավակներն են՝ իրենց ընտանիքներով, որոնց հաջողություններով ու ձեռքբերումներով է իմաստավորվում կյանքս, լցվում ուրախությամբ և ջերմությամբ:
Ավագ դուստրս՝ դպրոցի տնօրեն է, իսկ կրտսեր դուստրս, չնայած ունի երկու կրթություն (մանկավարժական և տնտեսագիտական), աշխատում է դպրոցում:
Ինձ համար մնայուն արժեքներ են իմ հազարավոր աշակերտները, որոնք գործունեության տարբեր ոլորտներում հասել են բարձունքների և սփռվել ամբողջ աշխարհում:

-Ձեր գործունեությունը սկսելով ռուսաց լեզվի ուսուցչի աշխատանքից` արդեն շուրջ 28 տարի կատարում եք դպրոցի տնօրենի պարտականությունները (սկզբում Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցի), 2011թ. արժանացել եք ՀՀ «Տարվա լավագույն տնօրեն» կոչմանը: Հետաքրքիր է, ինչպե՞ս է հաջողվել բարձր արդյունավետությամբ աշխատել, ստեղծել համերաշխ և կարգապահ կոլեկտիվ, որում աշխատանքային և մարդկային փոխհարաբերությունները բարձր հիմքերի վրա են դրված:

-Ես ապրում եմ իմ աշխատանքով, էներգիա և դրական լիցքեր ստանում աշխատավայրում: Իմ խորին համոզմամբ` ուսուցիչ լինելը միայն առարկա դասավանդելը չէ. նախ և առաջ պետք է դաստիարակել, հետո՝ կրթել: Ինձ համար ամեն դասը պատմություն է, երազանքների հեքիաթային աշխարհ, սեր` դեպի աշակերտները, ստեղծագործելու հնարավորություն, առավելագույնին հասնելու ձգտում...
Ինչ վերաբերում է «Տարվա լավագույն տնօրեն» կոչմանն արժանանալուն, ապա կարծում եմ` դա իմ աշխատասիրության արդյունքն է: Իմ ձեռքբերումների հիմքում ընկած է սեփական ուժերիս վրա վստահությունը, առավելագույնին հասնելու ձգտումը, կոլեկտիվի համախմբվածությունը:

-Ո՞րն է ղեկավարի իդեալական կերպարը, որին մշտապես ձգտել եք հասնել:

-Ղեկավարի իդեալական կերպար գոյություն չունի: Յուրաքանչյուր ղեկավար ինքն է ստեղծում իր կերպարը:
Լավ ղեկավարը նա է, ով իր առջև նպատակներ է դնում և ձգտում հասնել դրանց: Լավ ղեկավարը նա է, ով կարողանում է կողմնորոշվել ցանկացած իրավիճակում և ճիշտ լուծում տալ ցանկացած խնդրի: Լավ ղեկավարը նա է, ով ապրում է իր գործընկերների կյանքով և ցանկացած դեպքում կանգնում է նրանց թիկունքին:

-Դուք այցելել եք տարբեր երկրներ, ծանոթացել նրանց մշակույթին, այդ թվում` կրթական համակարգի առանձնահատկություններին: Որքանո՞վ եք արդյունավետ համարում ՀՀ կրթական համակարգում իրականացված վերջին տարիների բարեփոխումները:

-«Բարեփոխումներ» ասածը լավ բան է: Մենք՝ հայերս, շատ ենք սիրում և հրապուրվում նորով, հատկապես, եթե դա բերվել է արտասահմանից: Սակայն, ցավոք, մեզ մոտ հաճախ բարեփոխումը արտաքին բնույթ է կրում, որի արդյունքում բոլորս հայտնվում ենք քննադատողի դերում:
Կարծում եմ` բարեփոխումը ամեն մարդ պետք է սկսի ինքն իրենից, իր ներսից, որպեսզի այն առավել հիմնավոր լինի:
Պետք է նշեմ, որ մեր դպրոցն այն 21 դպրոցներից մեկն է, որոնք այս տարի ընդգրկվել են «Արարատյան բակալավրիատ» առաջին հայալեզու միջազգային ծրագրում, որը հնարավորություն կտա աշակերտներին ստանալ կայուն գիտելիքներ, միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն:

-Տիկի՛ն Թունյան, ինչպե՞ս կբնորոշեք նոր սերնդին, ի՞նչ առավելություններ և թերություններ կնշեք:

-Նոր սերունդը զարմանալի ու հրաշալի սերունդ է, որի կրթություն ստանալու, ստեղծագործելու, սեփական ունակությունները զարգացնելու, ինքնադրսևորվելու, ինչու ոչ, ճամփորդելու համար ստեղծված են բազում հնարավորություններ, ինչը մեծ առավելություն է նրանց համար կյանքում բարձունքների հասնելու երազանքն իրականացնելու առումով:
Նոր սերունդը համարձակ է, գիտակ, անկախ, գեղեցիկ, ունի տեղեկացվածության բարձր մակարդակ, լավ գիտի իր իրավունքները:
Իսկ թերությունները ես փորձում եմ արդարացնել` ավագ սերնդի մեջ փնտրելով սխալները, կարծում եմ` նոր սերնդի թերությունները մեր բացթողումներն են:

-Ի՞նչ ավանդույթներ ունի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցը, ինչպիսի՞ մթնոլորտ է տիրում դպրոցի ներսում:

-Աշխատանքը՝ աշխատանք, սակայն լավ աշխատելու գրավականը լավ հանգիստն է, ինչի մասին մենք երբեք չենք մոռանում: Կարծում եմ` մարդկանց մտերմացնում են միասին նշվող տոները, միջոցառումները, հավաքույթները, ի վերջո` աղ ու հացը մարդկանց նաև պարտավորեցնում է:
Մենք բոլոր տոները պարտադիր նշում ենք միասին (Սեպտեմբերի 1, Ուսուցչի օր, Նոր տարի, Մարտի 8, Ուսումնական տարվա ավարտ), հետաքրքիր միջոցառումներ կազմակերպում, ինչու ոչ, պարտադիր այցելում ենք թանգարաններ, եկեղեցիներ, կինո, թատրոն: Ձգտում ենք համատեղել հաճելին և օգտակարը:
Պարտադիր նշում ենք Հովհաննես Թումանյանի ծնունդը, այցելում ենք նրա ծննդավայրը՝ Դսեղ, Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարան:
Ի դեպ, նախնական կրթությունը Թումանյանը ստացել է մեր դպրոցում: Դպրոցում գործում է Հովհաննես Թումանյանի թանգարանը:


-Ինչպիսի՞ փոխհարաբերություններ են առկա աշակերտ-ուսուցիչ-տնօրեն շրջանակներում:


-Մեր դպրոցը աշակերտակենտրոն դպրոց է: Ինձ հաճախ մեղադրում են, որ ես միշտ պաշտպանում եմ աշակերտի շահերը, բայց կարծում եմ` ես չեմ սխալվում: Աշակերտը դպրոցում պետք է իրեն սիրված, ապահով, պաշտպանված զգա, բայց, միևնույն ժամանակ, ունենա չափի զգացողություն: Աշակերտ-ուսուցիչ-տնօրեն փոխհարաբերություններում մեր դպրոցում գործում է մեկ ընտանիքի սկզբունքը:

-Արդյո՞ք դպրոցում ունեք իրենց տաղանդով աչքի ընկնող աշակերտներ:

-Մենք հնարավորություն ենք տալիս մեր աշակերտներին բացահայտելու իրենց տաղանդը: Ունենք ստեղծագործող և՛ ուսուցիչներ, և՛ աշակերտներ:
Դպրոցում գործում է Հանրապետությունում հայտնի երգչախումբը, մարզի լավագույն շախմատի թիմը, ձեռքի աշխատանքների խմբակը: Աշխարհի տարբեր անկյուններում են այսօր աշխատում մեր շրջանավարտ հոգևորականները, գիտնականները, բժիշկները, ճարտարապետները, ուսուցիչները, երգիչները, նկարիչները:

-Տիկի՛ն Թունյան, 2015թ. դպրոցում գործում է Չինական մշակույթի կենտրոնը, ինչպիսի՞ գործունեություն է այն ծավալում, և արդյո՞ք աշակերտները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում կենտրոնի հանդեպ:

-Տասը տարուց ավելի է, ինչ դպրոցը հանդիսանում է «Դպրոց-կենտրոնների միության» անդամ, որն ինձ գործուղեց Չինաստան: Տպավորված այդ ճամփորդությունից` 2015թ. դպրոցում բացվեց Չինական մշակույթի կենտրոն՝ Չինաստանի դեսպանի մասնակցությամբ, որը սկիզբ դրեց Հայաստանում Չինական կենտրոնների բացմանը: Մեր դպրոցի Չինական կենտրոնը միակն է մարզում: Այստեղ կազմակերպվում են միջոցառումներ, ցուցահանդեսներ, մրցույթներ, օլիմպիադաներ: Մեր աշակերտները մեկնում են Չինաստան՝ ամառային ճամբար: Ունենք աշակերտներ, որոնք սովորում են Չինաստանի տարբեր բուհերում: Հետաքրքրությունը շատ մեծ է Չինաստանի մշակույթի նկատմամբ:

-2004թ. ՀՀ ԿԳ նախարարի կողմից ստացել եք Կրթության և գիտության հուշամեդալ կրթության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար: Հետաքրքիր է, ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ներդրումը ոլորտում:

-Կրթության ոլորտում առաջնորդվում եմ հետևյալ կարգախոսով՝ «Մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ եկեղեցի, մեկ բանակ»: Այս կարգախոսի յուրաքանչյուր կետը յուրովի փորձում եմ ներդնել իմ աշխատանքում և, կարծես թե հաջողվում է:

-Դուք բազում այլ պարգևների եք արժանացել, որո՞նք են առավել թանկ կամ կարևոր Ձեզ համար:

-Շատ եմ կարևորում հոգևոր դաստիարակությունը դպրոցում, ինչը մեր կրթօջախում բարձր հիմքերի վրա է դրված:
Իմ պարգևներից ինձ համար առավել թանկ է «Հայրապետական մրցանակը», որին արժանացել է մեր դպրոցը 2009թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետության տասնամյա հոբելյանի առիթով հայտարարված «Սուրբ Պատարագն աշակերտի շուրթերով» հանրապետական մրցույթ-փառատոնում:
Ռազմահայրենասիրական դաստիարակությունը նույնպես բարձր մակարդակի վրա է մեր կրթօջախում: Դրա արդյունքն էր, որ 2010թ. ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվեցինք «Դրաստամատ Կանայան» մեդալով:

-Դուք գեղեցիկ ընտանիք ունեք` երեխաներ, թոռներ: Կպատե՞ք Ձեր ընտանիքի մասին, արդյո՞ք հաջողվում է նրանց հետ շատ ժամանակ անցկացնել, հատկապես` թոռնիկների:

-Ես հարուստ եմ և հպարտ իմ ընտանիքով. և՛ հայրական, և՛ ամուսնուս հայրական ընտանիքները լավ համբավ ունեցող և ճանաչված մարդիկ են:
Ունեմ երկու եղբայր և մեկ քույր: Ավագ եղբայրս և քույրս ընտանիքներով բնակվում են Մոսկվայում: Կրտսեր եղբայրս բնակվում է Երևանում, Սահմանադրական դատարանում դատավոր է աշխատում:
Հաճախակի ընտանիքներով հավաքվում ենք, հատկապես ամռանը: Հնարավորության սահմաններում բոլոր տոները միասին ենք տոնում:
Իսկ թոռներս իմ թուլությունն են: Ամեն անգամ նրանց հետ ժամանակ անցկացնելը վերածվում է տոնի:

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը կյանքում:

-Իմ ընտանիքի համերաշխությունն ու խաղաղությունը:

-Ո՞ր արժեքներն են բացարձակ ճշմարտություններ Ձեզ համար:

-Ազնվությունն ու նվիրվածությունը:

-Ո՞ր խորհուրդը կամ պատգամն է, որ տալիս եք Ձեր զավակներին և, ինչու ոչ, նաև աշակերտությանը:

-Կյանքում անհնարին ոչինչ չկա: Ձգտե՛ք և կհասնե՛ք անհասանելիին:

-Ինչպիսի՞ Հայաստանի մասին եք երազում, որի կերտման պատասխանատվությունը տեսնում եք նաև Ձեր թոռների մեջ:


-Ես երազում եմ այնպիսի Հայաստանի մասին, որտեղ բոլոր մարդիկ երջանիկ կապրեն: Ես երազում եմ այնպիսի Հայաստանի մասին, ուր աշխարհի բոլոր հայերը կցանկանան վերադառնալ և ապրել:
Իմ թոռների մեջ տեսնում եմ Հայաստանի ապագան կերտողներին և իմ երազած Հայաստանում ապրող հայրենիքի նվիրյալներին:

 

 

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...