15:49
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Էրեբունի վարչական շրջանի ղեկավար լինելն ինձ համար միայն աշխատանք չէ, Էրեբունին իմ տունն է

2017-05-25 15:52

 «Դե Ֆակտո » N 131(04/2017թ.)

էրեբունի վարչական շրջանում կատարված աշխատանքների, Երեւանի ավագանու ընտրությունների եւ առաջիկա ծրագրերի մասին կխոսենք Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանի հետ:


Դավիթ Գրիգորյանը ծնվել է 1972 թվականին քաղաք Երևանում: 1989թ. ավարտել է Էրեբունու հ. 160 միջն.դպրոցը, այնուհետև ընդունվել Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ` ստանալով տնտեսագետ-կազմակերպչի որակավորում: Ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո աշխատանքի է անցել ՀՀ շինարարության նախարարության մեխանիզացիայի և տրանսպորտի պետական ձեռնարկությունում որպես տնտեսագետ: 2000թ., աշխատանքային գործունեությունը շարունակել է հարկային տեսչությունում` զբաղեցնելով բարձր պաշտոններ: 2012 թվականից սկսած աշխատել է, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում որպես տնօրենի առաջին տեղակալ, ապա՝ տնօրենների խորհրդի նախագահ: 2016 թվականին Երևանի քաղաքապետի կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով...

 

  -Պարո՛ն Գրիգորյան, բավականին երկար տարիներ աշխատել եք հարկային ոլորտում, այնուհետև «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում, որքանո՞վ են աշխատանքային տարիների կուտակած փորձը օգնում այժմյան պաշտոնում:


-Ես բազմիցս առիթ եմ ունեցել ասելու և հիմա էլ կկրկնեմ` ՀՀ անկախության տարիների ընթացքում մեր պետության ամենակայացած կառույցներից մեկը համարում եմ հարկային համակարգը: Այդ ոլորտում աշխատելիս ես կուտակել եմ հասարակության տարբեր շերտերի հետ շփման, խնդիրների քննարկման հարուստ փորձ, ինչն այսօր մեծապես օգնում է իմ ներկայիս աշխատանքում, քանի որ վարչական շրջանի ղեկավարի աշխատանքի արդյունավետության կարևոր ցուցանիշ է բնակչության հետ ակտիվ շփման բարձր մակարդակը, նորմալ փոխհարաբերություններ ստեղծելը և այդ պայմաններում պատշաճ աշխատանք կատարելը:
Իսկ «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում աշխատելու տարիներին կարողացել եմ պատկերացում կազմել վարչական շրջանների գործունեության, աշխատելաոճի մասին, քանի որ այն գտնվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո, որն էլ ինձ շատ է օգնում ներկայիս աշխատանքում:

-Դուք Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում եք արդեն 3 ամիս, այս ընթացքում ի՞նչ դրական փոփոխություններ կարձանագրեք վարչական շրջանում:

-Այս երեք ամիսների ընթացքում հանդիպումներ եմ ունեցել բնակիչների հետ, կազմել եմ ինձ համար աշխատանքային ծրագիր, որտեղ ներառված են այն խնդիրները, որոնք առաջնային են: Մշակել եմ հեռանկարային ծրագրեր, որոնք անհրաժեշտ և կարևոր են Էրեբունի վարչական շրջանի համար:
Վստահ կարող եմ ասել, որ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար լինելը ինձ համար միայն աշխատանք չէ, Էրեբունին իմ տունն է, որը ես շատ եմ սիրում:

 

-Որո՞նք են այսօր Ձեր վարչական շրջանի բնակիչներին մտահոգող խնդիրները:

-Այսօր Էրեբունի վարչական շրջանում խնդիրները բազմազան են` սկսած սոցիալականից վերջացրած համընդհանուր խնդիրներով: Այն խնդիրները, որոնք վարչական շրջանի լիազորության սահմաններում են, աստիճանաբար կարգավորվում են և շուտով կատարված աշխատանքները տեսանելի կլինեն բնակիչների համար: Առաջիկայում մեր աշխատակազմի որդեգրած քայլերը միտված են լինելու Էրեբունի վարչական շրջանի զարգացման ծրագրերի իրականացմանը, նոր գաղափարներ կյանքի կոչելուն: Փորձելու ենք կարճ ժամանակահատվածում մեր Էրեբունին դարձնել բարեկարգ, կանաչապատ և հյուրընկալ:

 

-Պարո՛ն Գրիգորյան, առաջիկայում ի՞նչ նոր ծրագրեր կան` ուղղված Էրեբունի վարչական շրջանի զարգացմանն ու բարեկարգմանը:


-Էրեբունին մշակութային մեծ ռեսուրս ունեցող վարչական շրջան է. նախ և առաջ պետք է մշակութային կյանքը զարգացնենք, մշակութային կենտրոնի կապիտալ վերանորոգման խնդիրը լուծենք: Առաջիկայում մեծ է ցանկությունը ստեղծելու սպորտ դպրոց, որը ցավով պետք է նշեմ, որ մեր վարչական շրջանը չունի: Պետք է վարչական շրջանում զարգացնենք սպորտային կյանքը, որն էլ իր հերթին կլուծի երիտասարդության զբաղվածության հարցը, քանի որ սպորտը թե՛ դաստիարակչական, թե՛ կարգապահական իմաստով օգտակար է և անհրաժեշտ: Նաև շատ կարևոր է, որ կարողանանք այնպես անել, որպեսզի մեր բնակիչներն իրենց հանգիստը և ժամանցն անցկացնեն հենց Էրեբունիում: Առաջիկայում նախաձեռնել ենք «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանի դիմաց մեծ այգի կառուցել, շինարարական աշխատանքների մեկնարկն արդեն տրված է: Մեր ծրագրով նախատեսված է 7-9 խաղահրապարակների կառուցում վարչական շրջանի ամբողջ տարածքում: Մյուս բոլոր աշխատանքներն ընթացիկ են և ներառված են մեր վարչական շրջանի ամենօրյա աշխատանքների ցանկում:

 

-Դուք բավականին ակտիվ էիք վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում, ինչպե՞ս կգնահատեք ընտրությունների արդյունքները:

-Պետք է նշեմ, որ ես վարչական շրջանի ղեկավար նշանակվելուց հետո ընտրվել եմ ՀՀԿ-ի Էրեբունու վարչական շրջանի տարածքային կազմակերպության ղեկավար, ուստի` չէի կարող ակտիվ մասնակցություն չունենալ խորհրդարանական ընտրությունների ընթացքում իրականցվող աշխատանքներին:
Հայաստանի հանրապետական կուսակցության ծրագիրը շատ իրատեսական է և լուծելի: Ըստ այդմ` բնակիչների հետ հանդիպումների ընթացքում փորձել եմ պատշաճ կերպով ներկայացնել Հայաստանի հանրապետական կուսակցության առաջիկա հինգ տարիների ծրագիրը, ապագայի մեր տեսլականը, որի արդյունքում Էրեբունի վարչական շրջանում խորհրդարանական ընտրություններն անցել են կազմակերպված և արձանագրվել է ցանկալի արդյունք:

 Աշխատանքում իմ առաջնային
սկզբունքն է՝ անձնական շահը
ստորադասել ընդհանուրին:

-Առաջիկայում սպասվում են Երևանի ավագանու ընտրությունները, Դուք գլխավորում եք Էրեբունի վարչական շրջանի ցուցակը, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կընթանան այս ընտրությունները, և ըստ Ձեզ` դրանք քաղաքակա՞ն են, թե՞ քաղաքային:

-Ես վստահ եմ, որ Երևանի ավագանու ընտրությունները կանցնեն շատ բարձր մակարդակով, և մենք որևէ խնդիր չենք ունենա, քանի որ տեսանելի են կատարված աշխատանքները: Իմ կարծիքով, մեր ժողովուրդը դժգոհ չէ Երևանի քաղաքապետարանի աշխատանքից, ավելին ասեմ` գոհ է, տեսնում է դրական փոփոխությունները:
Իսկ այն հարցին, թե այս ընտրությունները քաղաքային են, թե քաղաքական, կասեմ հետևյալը` միանշանակ քաղաքային են:

 

-Պարո՛ն Գրիգորյան, հե՞շտ է արդյոք աշխատել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:

-Շատ հեշտ է աշխատել Տարոն Մարգարյանի հետ, քանի որ նա գործի մարդ է, հետևողական է ու տիրապետում է բոլոր ոլորտներին, և պետք է նշեմ, որ շատ լավ գիտի քաղաքի բոլոր փողոցներն ու բակերը և ծանոթ է տեղում առկա բոլոր խնդիրներին:

 


-Ձեր խոսքում նշեցիք, որ ցանկանում եք վարչական շրջանի բնակիչներն իրենց հանգիստն ու ժամանցն անցկացնեն հենց Էրեբունիում, ի՞նչ ծրագրեր կան, որպեսզի Էրեբունին հետաքրքիր լինի ոչ միայն իր բնակիչների, այլ նաև զբոսաշրջիկների համար:

-Էրեբունին Երևանի պատմամշակութային արժեք ունեցող հետաքրքիր ու հյուրընկալ վայրերից մեկն է: Մեր վարչական շրջանում է գտնվում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, որը մեր մշակույթի հարուստ ժառանգության կարևոր մասնիկներից է: Կարծում եմ, զբոսաշրջիկներին հետաքրքիր կլինի, որ տեսարժան վայրին կից գործեն համապատասխան ենթակառուցվածքներ, և յուրաքանչյուրը թանգարան կամ մշակութային կոթող այցելելուց հետո, իր ժամանակը կարողանա անցկացնել հենց այդ տարածքում: Այդ իսկ պատճառով, ինչպես նշեցի, մինչ տարվա վերջ կփորձենք ավարտին հասցնել «Էրեբունի» թանգարանին կից գտնվող համայնքային այգու կառուցման աշխատանքները: Ինչպես նաև ծրագրում ենք բարեկարգել «Էրեբունի» թանգարանի հարակից հատվածները, որպեսզի կարողանանք ստեղծել ժամանցի փոքր կենտրոններ, որոնք էլ իրենց հերթին կնպաստեն բիզնես ոլորտի զարգացմանը:

 

 Փորձելու ենք կարճ ժամանակահատվածում մեր էրեբունին 
դարձնել բարեկարգ, կանաչապատ եւ հյուրընկալ:


-Պարո՛ն Գրիգորյան, ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում աշխատանքում:


-Ինձ համար աշխատանքային առաջնային սկզբունքը հետևյալն է` անձնական շահը ստորադասել ընդհանուր շահից:


-Ինչպե՞ս եք տեսնում Երևանը, մասնավորապես` Էրեբունի վարչական շրջանը, հինգ տարի անց:


-Կարծում եմ` Երևանը վերածվել է օր օրի զարգացող ու գեղեցկացող քաղաքի, որը, անշուշտ, տարիներ անց կլինի ավելի գեղեցիկ, գունեղ և ծաղկուն: Իմ մեծագույն երազանքն է, որ երևանցին իր քաղաքում իրեն երջանիկ և ուրախ զգա, առավել հաճախ ժպտա և իր ժպիտով զարդարի մեր մայրաքաղաքը: Իսկ Էրեբունին ես չեմ առանձնացնում Երևանից, միանշանակ մեր վարչական շրջանը ևս պետք է զարգանա ու դառնա Երևանի ամենախորհրդանշական վայրերից մեկը:

 


Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...