15:45
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Երիտասարդությունն իր ներուժով կնպաստի երկրի քաղաքական առաջընթացին

2017-05-22 11:16

«Դե Ֆակտո » N 131(04/2017թ.)

Կատարված աշխատանքների և ապագա ծրագրերի մասին «Դե Ֆակտո» ամսագիրը կզրուցի պատգամավոր Տիգրան Ստեփանյանի հետ:

Ծնվել է 1961թ. սեպտեմբերի 1-ին ՀՀ Արարատի մարզի Ազատաշեն գյուղում՝ ծառայողի ընտանիքում:
1978թ. ավարտել է Արարատի մարզի Գեղանիստ գյուղի միջնակարգ դպրոցը, որից հետո` 1979-1981թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
Ավարտել է ՀՀ գյուղատնտեսական ակադեմիայի ագրոնոմիայի ֆակուլտետը:
1989-1993 թթ. աշխատել է Մասիսի նավթի բազայում՝ որպես ավագ օպերատոր:
1993-1997թթ. նավթամթերքների ներկրմամբ և վերամշակմամբ զբաղվող ընկերության տնօրեն:
2000-2007թթ. եղել է «Մասիս նավթամթերք» ՓԲԸ գործադիր տնօրեն:
Ազգային ժողովի պատգամավոր է, Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ:
Ամուսնացած է, ունի չորս երեխա:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Արարատի մարզային խորհրդի նախագահն է:

-Պարո՛ն Ստեփանյան, նախ ցանկանում ենք շնորհավորել Ձեզ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ, որպես պատգամավոր` ո՞րն է լինելու Ձեր առաջին նախաձեռնությունը:
-Ես՝ որպես «Ծառուկյան Դաշինքի» կողմից առաջադրված պատգամավոր, կատարելու եմ կուսակցության առաքելությունը՝ կատարել կուսակցության կողմից առաջադրված ծրագիրն իր 15 կետերով:
Իմ առաջին նախաձեռնությունը կլինի այն, որ խորհրդարանում կբարձրացնեմ գյուղատնտեսական ոլորտի խնդիրները, որոնցից կարևորը գյուղացիական վարկերն են, պետք է այնպես անենք, որ վարկերը 24%-ից դառնան 5-7- %:

-Պարո՛ն Ստեփանյան, ավարտվեց ընտրությունները, ինչպե՞ս եք տեսնում նոր խորհրդարանը և ըստ Ձեզ, ի՞նչ քաղաքական զարգացումներ են սպասվում:
-Վստահաբար ասեմ, որ շատ բարդ և կարևոր ընտրություններ եղան և՛ իր ձևով, և՛ գաղափարով, և՛ մոտեցումներով:
Նոր խորհրդարանը կազմվեց այն քաղաքական ուժերից, որոնք այս տարիների ընթացքում նպաստել են մեր երկրի բարօրությանն ու զարգացմանը և կարծում եմ, որ նոր խորհրդարանում ընտրվել են այնպիսի պատգամավորներ, ովքեր իրենց նախաձեռնությամբ կնպաստեն երկրի զարգացմանն ու բարգավաճմանը:

-Ըստ Ձեզ, հայտացուցակում ընդգրկված և հաղթանակ տարած երիտասարդ պատգամավորներն ինչպիսի՞ ընթացք կտան քաղաքական հետագա զարգացումներին:
-Երիտասարդությունն իր ներուժով կնպաստի երկրի քաղաքական առաջընթացին: Երիտասարդ քաղաքական գործիչները, որքան հնարավոր է պետք է շատ լինեն մեր խորհրդարանում, որպեսզի իրենց նոր մտքերով և ծրագրերով նպաստեն քաղաքական համակարգի զարգացմանն ու կայացմանը:

-Դուք 2007 թվականին ընտրվել եք Ազգային Ժողովի պատգամավոր Մասիսի տարածաշրջանից, այս տարիների ընթացքում ի՞նչ աշխատանքներ եք կատարել Ձեր հարազատ քաղաքի՝ Մասիսի բնակիչների համար:
-Ասեմ, որ իմ պատգամավոր եղած տարիներին շատ աշխատանքներ եմ կատարել, ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ նաև նրա սահմաններից դուրս: «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ մի շարք ծրագրեր են իրականացվել առողջապահության ոլորտում. կատարվել է, մոտավորապես 282 հիվանդի տարբեր տեսակի վիրահատություններ:
2007 թվականից սկսած ուսանողներին, որոնք սովորում են Երևանում, ամեն օր տրամադրվում է անվճար երթուղի՝ Մասիսից-Երևան և հակառակ ուղղությամբ:
Այն բազմաթիվ աշխատանքները, որոնք կատարվել են տարբեր ոլորտներում՝ ի շահ իմ ժողովրդի բարեկեցության, ուղղակի հնարավոր չէ թվարկել:

-Ինչպիսի՞ն է կապը բնակիչների հետ և հիմնականում ի՞նչ խնդիրներով են Ձեզ դիմում:
-Ես մշտապես կապի մեջ եմ իմ բնակիչների հետ և քաջատեղյակ եմ նրանց հուզող բոլոր խնդիրներին, իմ գրասենյակի դռները միշտ բաց են նրանց առջև: Մենք բոլորս էլ քաջատեղյակ ենք, թե այսօր ինչպիսի ծանր սոցիալական վիճակում են գտնվում բնակիչները: Նրանք հիմնականում դիմում են սոցիալ-տնտեսական խնդիրներով. Էլեկտրաէներգիայի, գազի, ուսման վարձավճարների համար:
Իմ հնարավորությունների սահմաններում փորձում եմ օգտակար լինել մարդկանց, իսկ այնպիսի խնդրի դեպքում, երբ հնարավոր չի լինում լուծում գտնել, ապա «Ծառուկյան» հիմնադրամի միջոցներով է այդ հարցն իր լուծումը ստանում:
Միշտ եղել եմ և կլինեմ իմ հարազատ քաղաքի և նրա բնակիչների կողքին:

-Պարո՛ն Ստեփանյան, և վերջում, ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:
-Ցանկանում եմ բոլորին առողջություն, այնուհետև հաջողություն կյանքի յուրաքանչյուր բնագավառում:

 

Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...