14:59
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Պետք է կառուցենք հզոր Հայաստան, որի գլխավոր երաշխավորը անպարտ բանակն է

2017-03-28 10:38

ՀԱՅԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

պատգամավորության թեկնածու
ՀՀԿ վարկանիշային ցուցակով, ՀՀ Արարատի մարզում

« Դե Ֆակտո» N 130 (2017թ.)

 

-Պարո՛ն Հովհաննիսյան, Դուք երկար տարիներ զբաղվել եք գործարարությամբ, զուգահեռ` անդամակցել եք ՀՀԿ-ին: Կպատմե՞ք Ձեր մասին, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

-Ես ծնվել, մեծացել եմ ՀՀ Արարատի մարզի Հովտաշատ գյուղում, ավարտել եմ տեղի միջնակարգ դպրոցը, այնուհետև` Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, որից հետո զորակոչվել եմ բանակ, ծառայել Հակաօդային պաշտպանության զորքերում: Պետք է նշեմ, որ երբևէ չեմ աշխատել իմ մասնագիտությամբ: Մեկնել եմ Մոսկվա, որոշ ժամանակահատված ապրել և աշխատել եմ այնտեղ: 2007թ. վերադարձել եմ Հայաստան, զբաղվել գործարարությամբ:
2008թ. ՀՀԿ անդամ եմ, մշտապես համակրել եմ այդ կուսակցությանը, հավատացել նրա գաղափարախոսությանը: Ինչ վերաբերում է իմ մասնակցությանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ապա պետք է նշեմ, որ այս անգամ որոշեցի մասնակցել խորհրդարանական ընտրություններին` որպես պատգամավորության թեկնածու, որպեսզի կարողանամ իմ անմիջական մասնակցությամբ աջակցել կուսակցությանը օրենսդիր մարմնում իրականացնելու իր ծրագրերը: Ես ինձ պատրաստ եմ համարում ծառայելու իմ հայրենիքին, ներգրավված լինելու օրենսդիր մարմնի աշխատանքներում:

-Ինչպե՞ս կգնահատեք սահմանադրական բարեփոխումները, անցումը կառավարման նոր մոդելին, ընտրությունների վարկանիշային ընտրակարգին, ի՞նչ առավելություններ կնշեք:

-Սահմանադրական բարեփոխումները, անցումը երկրի կառավարման խորհրդարանական մոդելին կարևոր քայլեր էին, որ կատարեցին մեր իշխանությունները: Մեր երկիրը որդեգրել է ժողովրդավարական արժեքներ, և մենք պետք է ամեն ջանք գործադրենք այդ ճանապարհն առավել մեծ հաջողություններով անցնելու համար:
Վարկանիշային ընտրակարգն ունի բավականին մեծ առավելություններ` նախորդ ընտրակարգի համեմատ: Ինչպես տեսնում եք, այս ընտրություններին պատգամավորության թեկնածուների թիվը բավականին մեծ է, նրանք բոլորը ստացել են ինքնադրսևորվելու, իրենց գաղափարները ժողովրդին ներկայացնելու հնարավորություն, ինչը ժողովրդին ընտրության լայն հնարավորություն է ընձեռում:
Վստահ եմ, որ այս ընտրությունները մեր երկիրը կայուն զարգացման ուղով տանելու ամենակարևոր քայլերից մեկը կլինի:


-Պարո՛ն Հովհաննիսյան, Դուք Ձեր հայրենի Հովտաշատ գյուղում հարգված անձնավորություն եք: Հետաքրքիր է, ինչպիսի՞ փոխհարաբերություններ ունեք համայնքի բնակչության հետ, եղե՞լ են դեպքեր, որ աջակցել եք նրանց այս կամ այն խնդրի լուծման գործում:

-Ես ունեմ ջերմ փոխհարաբերություններ իմ փոքրիկ հայրենիքի բնակիչների հետ, մենք նույն գյուղում ենք մեծացել, ընդհանուր շատ բաներ ունենք, կարելի է ասել, գրեթե բոլորս իրար հետ ազգակցական կապեր ունենք:
Ինչ վերաբերում է նրանց ուղղված իմ աջակցությանը, ապա, բնականաբար, ունենալով հաջողություններ գործարար դաշտում` ես դրանք կիսել եմ նաև իմ համագյուղացիների հետ, փորձել եմ աջակցել ամենատարբեր խնդիրների դեպքում, սակայն երբևէ չեմ բարձրաձայնել այդ մասին: Ինձ հաճախակի են դիմում սոցիալապես անապահով ընտանիքները` սկսած էլեկտրաէներգիայի, գազի վարձավճարը վճարել չկարողանալու խնդրից մինչև խմելու, ոռոգման ջրի պաշարների բացակայության հետ կապված խնդիրներ: Իմ հնարավորությունների չափով ես մշտապես աջակցում եմ նրանց:

Երիտասարդ ներուժը պետք է անպայման իր տեղը գտնի մեր երկրում, եւ ես,

իմ կուսակցության հետ մեկտեղ, պետք է ամեն ջանք գործադրեմ

այդ նպատակին հասնելու համար:


-Ո՞րն եք համարում ամենահրատապ լուծում պահանջող խնդիրը Ձեր ընտրատարածքում:


-Ամենահրատապը համարում եմ երիտասարդներին աշխատատեղերով ապահովելու խնդիրը: Մեր համայնքում ես ճանաչում եմ բազում երիտասարդների, որոնք ստացել են բարձրագույն կրթություն, բավականին լավ արդյունքներով ավարտել բուհը, սակայն աշխատատեղերի բացակայության պատճառով այսօր գյուղատնտեսությամբ են զբաղվում: Իմ ցանկությունն է աջակցել նրանց գտնել իրենց մասնագիտությանը համապատասխան աշխատանք, ներդնել իրենց գիտելիքները մեր տնտեսության և այլ ոլորտների զարգացման գործում: Կարծում եմ` երիտասարդ ներուժը պետք է անպայման իր տեղը գտնի մեր երկրում, և ես, իմ կուսակցության հետ մեկտեղ, պետք է ամեն ջանք գործադրեմ այդ նպատակին հասնելու համար:

-Ինչպե՞ս կգնահատեք ընտրություններում հաղթանակ տանելու Ձեր հնարավորությունները: Պատրա՞ստ եք թեժ մրցակցության:

-Իհարկե, պատրաստ եմ, քանի որ վստահ եմ, որ ՀՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որին կարելի է վստահել մեր երկրի ապագան, իսկ ես` որպես թեկնածու, պատրաստ եմ պայքարել հանուն մեր կուսակցության ծրագրի, գաղափարի հաղթանակին, որի իրականացումը մեր երկիրը, միանշանակ, կտանի զարգացման ուղով:
«Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով այժմ ընթանում է իմ քարոզարշավը, որի արդյունքները կտեսնենք ապրիլի 3-ին:

-Հովտաշատում իր թեկնածությունն է դրել նաև գործող համայնքապետը: Չե՞ք կարծում, որ կարող է լարվածություն առաջանալ Ձեր և նրա միջև:

-Ոչ, կարծում եմ` քարոզարշավը և դրան հաջորդող բոլոր գործընթացներն ընթանալու են խաղաղության մթնոլորտում: Բոլոր թեկնածուներն էլ պետք է գիտակցեն, որ միայն ազնիվ և գաղափարական պայքարով կարելի է հասնել հաղթանակի, իսկ ավելորդ լարվածությունը սովորաբար միայն խանգարում է:

-Ինչպիսի՞ Հայաստանի մասին եք երազում:

-Երազում եմ խաղաղ երկնքի ներքո ապրող հզոր Հայաստանի մասին, որի գլխավոր երաշխավորը անպարտ բանակն է:

 

 

Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...