15:58
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Պետք է կատարենք արդար ընտրություն, կերտենք Արդար Հայաստան

2017-03-24 10:28

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԱԺ պատգամավորության թիվ 2 ընտրատարածքի թեկնածու (ՀՅԴ վարկանիշային ցուցակով), Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

« Դե Ֆակտո» N 130 (2017թ.)

-Տիկի՛ն Հարությունյան, ինչո՞ւ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում, երբևէ նպատակ ունեցե՞լ եք մուտք գործել քաղաքական դաշտ:


-Այո՛, ես ունեցել եմ նման փորձ, մասնակցել եմ 1992թ. կազմակերպված ՀՀ Աժ արտահերթ ընտրություններին Կենտրոնում և ստացել եմ մյուս երեք մասնակիցներից ավելի մեծ թվով քվե: Սակայն այդ ժամանակ գործում էր բնակչության թվի 50+1 մասնակցության կարգը, անհրաժեշտ էր համապատասխան քվորում, որը չկար: Ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարվեցին: Ես հիասթափվեցի և այլևս երբևէ չեմ մասնակցել ընտրությունների: Հիմա ինձ թվում է` իմ մասնակցությունը տեղին կլինի, քանի որ ունեմ կուտակած փորձ և գիտելիքներ, որոնք անհրաժեշտ կլինեն օրենսդիր մարմնի աշխատանքին:

-Ինչո՞ւ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության ներքո, կուսակցության անդա՞մ եք:

-Ես կուսակցության անդամ չեմ, սակայն Հայ Յեղափոխական Դաշնակցությունն ինձ հոգեհարազատ է նախ որպես ազգային, ժողովրդավարական կուսակցություն: Միշտ հպարտացել եմ իմ ընտանիքի դաշնակցական անդամներով, և վստահ եմ, որ Դաշնակցությունը հետևողականորեն կիրականացնի իր ծրագիրը:

-Որքանո՞վ է հոգեհարազատ Ձեզ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ներկայացված ՀՅԴ կարգախոսը, ըստ Ձեզ` որքանո՞վ այն կդիպչի ժողովրդի սրտին:

-«Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսը խոստումնալից է: Եթե ՀՅԴ-ն ասում է նոր սկիզբ, ուրեմն` եկել է նոր մոտեցումների, նոր լուծումների ժամանակը:
Իսկ արդար Հայաստանի մասին բոլորս ենք երազում: Կարծում եմ` ժողովուրդը վաղուց հասկացել է, որ ի տարբերություն շատ կուսակցությունների` ՀՅԴ-ն արդար է գործել և ի զորու է արդարություն ապահովել: Անհրաժեշտ է գնահատել դա և քվեարկել ի օգուտ Հայ Յեղափոխական Դաշնակցության:

-Ինչպե՞ս կգնահատեք նոր` վարկանիշային, ընտրակարգը, ի՞նչ դրական և բացասական կողմեր կնշեք:

-Պետք է անկեղծորեն նշեմ, որ վարկանիշային ընտրակարգն ունի առավելապես դրական կողմեր, որոնք կարևոր հիմք հանդիսացան, որ ես ընտրություններին մասնակցելու որոշում կայացնեմ: Վարկանիշային ընտրակարգի շնորհիվ` ներդրվեց ընտրություններին թեկնածուների մասնակցության առավել ազատ մոդել, շատերն այսօր հնարավորություն ունեն ներկայանալու ժողովրդին, իրենց խոսքն ասելու, դա շատ կարևոր հանգամանք է: Ժողովուրդն իր հերթին ունի ընտրության լայն հնարավորություն` կարող է ընտրել իրեն հոգեհարազատ քաղաքական ուժին և գործչին, ում կվստահի իր և իր հայրենիքի ճակատագիրը:

-Կառավարման նոր` խորհրդարանական, մոդելը ենթադրում է կանանց ակտիվ ներգրավվածություն քաղաքականության մեջ: Ըստ Ձեզ` ի՞նչ կարող են փոխել կանայք հայաստանյան քաղաքական դաշտում:

-Կանայք կարող են շատ դրական փոփոխություններ իրականացնել հայաստանյան քաղաքական դաշտում: Կարծում եմ` անկախության այս 25 տարիների ընթացքում հայ կինը հասել է կայացածության և հասունության այնպիսի մակարդակի, որ կարող է իր որոշակի դերն ունենալ քաղաքականության մեջ: Մենք այսօր արդեն նման օրինակներ տեսնում ենք: Միայն մի վերապահում ունեմ` կին, թե տղամարդ, քաղաքականության մեջ պետք է ասելիք ունենան, գործ ունենան անելու, պատրաստ լինեն օրենսդիրում աշխատելու: Որքան էլ Ազգային ժողովը հավաքական ուժ է, ես կարևորում եմ անհատի դերն ու նշանակությունը, և պետք է նկատեմ, որ մենք այսօր ինտելեկտուալ, կրթված, մասնագիտական բարձր որակներ ունեցող պատգամավորների պակաս չունենք Ազգային ժողովում, մենք այնտեղ նվիրյալների պակաս ունենք: Իմ մեծագույն ցանկությունն է նոր ձևավորվելիք խորհրդարանում տեսնել նվիրյալների, հայրենասերների մեծ բանակ, ովքեր ամեն ջանք կգործադրեն մեր հրաշք պետությունը զարգացնելու և մեր ժողովրդին արժանավայել կյանքով ապահովելու համար:

-Տիկի՛ն Հարությունյան, Դուք այսօր մեծ հարգանք եք վայելում Հայաստանում` շնորհիվ կրթության ոլորտում Ձեր կատարած աշխատանքի: Ի՞նչ աշխատանքներ կցանկանայիք իրականացնել օրենսդիր մարմնում` ուղղված ՀՀ կրթության որակի բարձրացմանը:

-Շնորհակալ եմ այդ գնահատականի համար, չեմ ուզում անհամեստ թվալ, բայց իմ ամենօրյա ակտիվ շփումների ընթացքում հասարակության ամենատարբեր շերտերի հետ ես իսկապես զգում եմ սեր և հարգանք իմ անձի ու աշխատանքի հանդեպ, ինչն ինձ համար մեծագույն հարստություն է և արժեք:
Ինչ վերաբերում է օրենսդիր մարմնում կրթության ոլորտի բարեփոխումներին ուղղված աշխատանքներում իմ ներգրավվածությանը, ապա իսկապես ես այդտեղ մեծ անելիք եմ տեսնում, հատկապես` ՀՀ կրթության մասին օրենքում բարեփոխումներ իրականացնելու հետ կապված: Չեմ ուզում այժմ մանրամասնել, բայց կարծում եմ, որ օրենքը պետք է արտահայտի կրթության ոլորտի շահառու բոլոր կողմերի խնդիրներն ու իրավունքները և ներդաշնակություն մտցնի Հայաստանի կրթության համակարգում: Ես պատրաստ եմ ակտիվ ներգրավվածություն ունենալ այդ գործընթացում, իմ փորձը, գիտելիքները ներդնել դրանում:

-Տիկի՛ն Հարությունյան, Ձեր խոսքը` ուղղված ՀՀ քաղաքացիներին:

-Մենք հոգնել ենք խոստումներից, հիասթափվել ենք քաղաքական գործիչներից, բայց, վստահ եմ, չենք հուսահատվել: Հույս ունենք, որ դեռ կարելի է երկիրը հանել ծանր վիճակից և պայմաններ ստեղծել արժանապատիվ ապրելու համար: Դաշնակցությունը ոչ միայն կարդարացնի մեր հույսերը, այլ նաև կամրապնդի մեր հավատը ապագայի հանդեպ:

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...