10:07
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մեր ապագան մեր երեխաներն են, որոնք հանդիսանում են մեր ազգային, մշակութային ավանդույթների պահպանողը

2017-03-13 10:52

«Դե Ֆակտո» ամսագրի այս համարում զրուցելու ենք Սևանի Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն 

Աննա Նիկողոսյանի հետ:

« Դե Ֆակտո» N 129 (2017թ.)  

-Տիկի՛ն Նիկողոսյան, արդեն շուրջ 5 տարի է, ինչ հանդիսանում եք Սևանի Մաշտոցի անվան թիվ1 հիմնական դպրոցի տնօրեն, կներկայացնեք` ի՞նչ աշխատանքային գործունեություն եք ծավալել մինչ տնօրեն նշանակավելը:


-Ես մասնագիտությամբ անգլերենի ուսուցչուհի եմ: Համալսարանն ավարտելուց հետո աշխատել եմ Սևանի N8 միջնակարգ /այժմ N2 հիմնական/ դպրոցում` որպես անգլերենի ուսուցչուհի: Ես նպատակ էի դրել իմ առաջ. կա՛մ լինել լավ ուսուցիչ, կա՛մ թողնել մասնագիտությունս: Այդ պատճառով, հենց առաջին ամիսներից անցա մանկավարժական ակտիվ աշխատանքի. անգլերեն լեզվով կազմակերպեցի միջոցառում, որը հավանության արժանացավ բոլորի կողմից և աշակերտները դրանից շատ ոգևորվեցին: Այնուհետև զգացի, որ ինձ հաջողվում է շահել աշակերտների սերը, հարգանքը և հետաքրքրությունն իմ առարկայի նկատմամբ: Դրանից հետո տեղափոխվել եմ Սևանի N7 միջնակարգ /այժմ N1 հիմնական/ դպրոց` որպես անգլերենի ուսուցչուհի: Շուրջ 17 տարի աշխատելու ընթացքում զգում էի աշակերտների հետաքրքրությունը անգլերենի նկատմամբ: Կազմակերպեցի տարբեր միջոցառումներ, մրցույթներ, ստեղծեցի լինգոֆոնային կաբինետ: Իմ աշակերտները հասան հաջողության նաև միջազգային մրցույթներում. մի քանի աշակերտներ մեկ տարի ժամկետով իրենց ուսումը շարունակեցին ԱՄՆ-ի դպրոցներում: Այսօր իմ աշակերտներից շատերը հետևել են իմ մասնագիտությանը և ցուցաբերում են լավագույն արդյունքներ: Վերջին հինգ տարիների ընթացքում աշխատում եմ և՛ որպես տնօրեն, և՛ որպես ուսուցիչ:

-Ձեր դպրոցի սաներն ամբողջ մարզում առանձնանում են իրենց գրագիտությամբ, նրանք մշտապես իրենց մասնակցությունն են ունենում տարբեր միջոցառումներին, օլիմպիադաներին. ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել այս տարիներին:

-Ես շատ ուրախ եմ, որ այդ կարծիքն ունեք մեր սաների մասին: Ասեմ, որ իրոք, ամեն տարի մեր աշակերտները մասնակցում են հանրապետական, մարզային և միջազգային մրցույթներին, որտեղ նվաճում են առաջնային տեղեր: Եթե թվարկեմ, ապա անսահման կլինի մեր սաների ձեռքբերումները այս տարիներին: Ներկայացնեմ այս ուստարվա ձեռբերումները` մարզային, հանրապետական և միջազգային ասպարեզներում.


• ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի կողմից հայտարարված նկարչական մրցույթին, որի վերնագիրն էր «Ո՛չ սովին», ամբողջ հանրապետությունից հաղթող ճանաչվեցին երկու աշակերտներ, որոնցից մեկը մեր դպրոցի սանն էր: Նկարը գնահատվեց Հռոմի Պապի կողմից, և աշակերտը ստացավ պատվոգիր և դրամական պարգև:


• Մարզական բնագավառում «Սպորտլանդիա 2016» մրցույթում հաղթեցին մեր դպրոցի սաները` մարզում գրավելով առաջին տեղը:


•Ս. Կապուտիկյանի և Մ. Մարգարյանի հոբելյաններին նվիրված ասմունքի հանրապետական մրցույթի տարածքային փուլին մասնակցել, հաղթող են ճանաչվել և մարզային փուլին մասնակցելու իրավունք են ստացել դպրոցի 4 մասնակիցներից երկուսը:


• Տարածաշրջանում միակ դպրոցն է, որտեղ իրականացվում է հեռավար ուսուցում:


•  Բարբառների երկխոսության մրցույթում, մեր դպրոցի 7-րդ դասարանի աշակերտը հանրապետական փուլում արժանացել է 3-րդ մրցանակի և պարգևատրվել Հ. Թումանյանի հատուկ հուշամեդալով:


•  Որպես լավագույն դպրոց, մեր դպրոցն ընդգրկված է միջազգային ծրագրում, որի շրջանակներում 4-րդ և 8-րդ դասարանցիներին կտրվեն գրավոր աշխատանքներ մաթեմատիկական և բնագիտական առարկաներից:

-Մանկավարժի աշխատանքը, թերևս, ամենապատասխանատու աշխատանքներից է, Ձեր բնորոշմամբ՝ ինչպիսի՞ն պետք է լինի ուսուցիչը:

-Իրոք, մանկավարժի աշխատանքը ամենապատասխանատու աշխատանքներից մեկն է, քանի որ մեր ապագան մեր երեխաներն են, որոնք հանդիսանում են մեր ազգային, մշակութային ավանդույթների պահպանողը, ապագա հայ քաղաքացին, ով պատրաստ է հանուն իր հայրենիքի զոհել իրեն և մեր ազգին ճանաչելի դարձնել աշխարհին: Հետևաբար մեծ է ուսուցչի դերը անձի ձևավորման գործում: Ինձ համար ուսուցիչը պետք է լինի գիտելիքների հարուստ պաշար ունեցող, մարդկային բարձր արժանիքներով օժտված անձ, ով կսիրի երեխաներին, կլինի համբերատար, օժտված կլինի դաստիարակչական հմտություններով:

-Այսօր կրթական ոլորտում պարբերաբար իրականացվում է տարբեր բարեփոխումներ: Դուք՝ որպես դպրոցի տնօրեն, ի՞նչ բացթողումներ եք նկատում այս ոլորտում:

-Ժամանակակից աշխարհում գրեթե բոլոր ոլորտներում տեղի են ունենում արագ և դինամիկ փոփոխություններ: Կրթության ոլորտում այդ փոփոխություններն առաջացնում են նոր խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է նոր մոտեցումներ: Կրթական բնագավառի մասնագետները պետք է կարողանան արագ ադապտացվեն նոր պահանջներին:

-Տիկի՛ն Նիկողոսյան, ինչպիսի՞ն է համագործակցությունը մարզպետարանի հետ:

-Իմ համագործակցությունը մարզպետարանի հետ շատ սերտ է, եթե աշխատանքի ընթացքում առաջանում է որևէ հարց կամ խնդիր, ապա մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ բաժնի կողմից այն ստանում է իր լուծումը: ԿՄՍ բաժնի աշխատակիցները և անձամբ մարզպետ Ռ. Գրիգորյանը հաճախ այցելում են դպրոց: Երբ նոր էի նշանակվել դպրոցի տնօրեն, մեր դպրոցն ուներ բազմաթիվ խնդիրներ. մեր դպրոցի տանիքի մի մասն էր միայն վերանորոգված: Երբ դիմեցի մարզպետ Ռ. Գրիգորյանին` մյուս մասի վերանորոգման համար, այն անմիջապես ստացավ իր լուծումը, որի շնորհիվ այժմ դպրոցի տանիքն ամբողջովին վերանորոգված է: Կառավարության համապատասխան միջոցներով փոխվել են դպրոցի պատուհաններն ու դռները, անցկացվել է լոկալ ջեռուցում: Մարզպետարանի հետևողականությունը դպրոցի նկատմամբ տալիս է իր արդյունքները:

-Ինչպիսի՞ն է Աննա Նիկողոսյանը դպրոցից դուրս, կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Չնայած դպրոցից դուրս քիչ ժամանակ եմ ունենում, սակայն զբաղվում եմ մասնագիտական գիտելիքների զարգացմամբ, լրացնում եմ իմ գիտելիքների պաշարը և՛ որպես ուսուցիչ, և՛ որպես տնօրեն: Դպրոցից դուրս զբաղվում եմ նաև հասարակական, քաղաքական գործունությամբ:
Զբաղվում եմ իմ երեխայի խնդիրների լուծմամբ: Քանի որ ծնվել եմ բժիշկների ընտանիքում, մարդկանց նկատմամբ հոգատարությունը և նվիրվածությունը ինձ համար շատ կարևոր են:

-Եվ վերջում, կինն իրեն գնահատված է զգում այն ժամանակ...

-Կինն իրեն գնահատված է զգում այն ժամանակ, երբ շրջապատված է լինում հավատարիմ և սիրող մարդկանցով:

 

 

Հարցազրույցը՝ Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...