08:42
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Տեսանելի արդյունքներ եւ նշանակալի ձեռքբերումներ` ՀՀ Գեղարքունիքի մարզի առողջապահության ոլորտում

2017-03-10 13:56

Մեր վարչության կողմից ամենօրյա աշխատանքներ են տարվում` ուղղված մարզում բուժսպասարկման մակարդակն էլ

ավելի բարձրացնելուն. բուժկենտրոններն անընդհատ վերազինվում են նորագույն բուժտեխնիկայով, համալրվում արհեստավարժ մասնագետներով:

ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի
առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ

« Դե Ֆակտո» N 129 (2017թ.)

 

-Տիկի՛ն Պողոսյան, ի՞նչ կարևոր աշխատանքներ, ծրագրեր է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը վերջին մեկ տարում:


-Հանրային առողջապահության ծրագրերը մի քանի մասի են բաժանվում, և վարչությունը միանշանակ վերահսկում է հանրային առողջապահության բոլոր ծրագրերը: Կարևորագույններից մեկն իմունիզացիայի ազգային ծրագիրն է, որն անմիջականորեն գտնվում է մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ամենօրյա հսկողության ներքո: Մարզում կատարվում են իմունականխարգելման ազգային ծրագրի ցուցանիշների մշտադիտարկում, որի ցուցանիշը շատ բարձր է՝ կատարվում է 97 %-ով:
Մյուս ծրագրերից է տուբերկուլյոզի կանխարգելման ազգային ծրագիրը, սկրինինգային ծրագիրը, որն արդեն երկրորդ տարին է, ինչ իրականացվում է, և որը ևս գտնվում է ամենամսյա մշտադիտարկման ներքո: Այդ ծրագրի շրջանակներում ունենք հիվանդությունների վաղ հայտնաբերում:

-Մենք տեղյակ ենք, որ մարզի ազգաբնակչության վստահությունը մարզային բուժկենտրոնների նկատմամբ աճել է, հետաքրքիր է, ինչպիսի՞ն է բուժսպասարկման մակարդակը, արդյո՞ք բուժկենտրոններն ապահովված են անհրաժեշտ քանակությամբ որակյալ կադրերով և բուժտեխնիկայով:

-Պետք է նշեմ, որ մեր վարչության կողմից ամենօրյա աշխատանքներ են տարվում բուժսպասարկման մակարդակն էլ ավելի բարձրացնելու նպատակով, բուժկենտրոններն անընդհատ վերազինվում են նորագույն բուժտեխնիկայով: Կարևոր հիմնախնդիրներից է բժիշկների պակասը: Վարչությունը, իհարկե, այդ բացը լրացնելու ուղղությամբ ևս աշխատանքներ է տանում, ամեն կերպ աջակցում է տարբեր ծրագրերով, կազմակերպում է տարբեր տեսակի հանդիպումներ մարզի բժշկական համալսարանում սովորող բարձր կուրսերի ուսանողների հետ, տեղեկացնում է մարզի թափուր աշխատատեղերի մասին, որպեսզի այդ ուսանողները վերադառնան իրենց հայրենի քաղաքներն ու աշխատեն` որպես բժիշկ: Մենք շատ ակտիվ աշխատում ենք նաև մեր սիրիահայ բժիշկների հետ: Մարզի բուժհաստատություններում կան չորս սիրիահայ բժիշկներ, ովքեր բավականին արդյունավետ աշխատում են մարզում:

-Ի՞նչ խնդիրներ եք տեսնում ՀՀ Գեղարքունիքի մարզի առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտում, և ինչպե՞ս եք տեսնում դրանց լուծման ուղիները:

-Իրականում խնդիրները շատ էին ու տարբեր: Անելիք, միանշանակ, շատ կա, պարզապես պետք է կամք և մեծ ցանկություն, որոնց առկայության դեպքում ամեն բան իր տեղը կընկնի:

Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է իրեն վստահված

աշխատանքում կյանքի կոչել հզոր Հայաստանի եւ դրանում

արժանապատվորեն ապրող մեր քաղաքացու գաղափարը:

 

-Դուք մասնագիտությամբ բժիշկ էնդոկրինոլոգ եք, արդյո՞ք մասնագիտական հմտություններն ու գիտելիքներն օգնում են Ձեզ աշխատանքն առավել արդյունավետ կատարել:

-Իհարկե, ինձ համար այդ առումով բավականին դյուրին է, որովհետև մինչև Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունում աշխատելը, ես աշխատել եմ Մարտունու բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ-էնդոկրինոլոգ: Այդ է պատճառը, որ ամենայն մանրամասնությամբ պատկերացնում և հասկանում եմ՝ ինչի կարիք ունեն բժշկական հիմնարկները, և ինչ սպասելիք ունի հիվանդը բժշկական հիմնարկներից: Այս ամենի համադրության արդյունքում ստանում ենք արդյունավետ աշխատանք՝ հիվանդ-բուժհաստատություն-վարչություն համագործակցության շրջանակում:

 

-Ի՞նչ ծրագրեր պետք է իրականացնի վարչությունը 2017թ. ընթացքում:

-Ծրագրերը շատ բազմազան են: Կարևորագույններից նշեմ, որ 2016 թ-ին, պարոն Գրիգորյանի նախաձեռնությամբ, բոլոր համայնքներում կազմակերպվեց առողջապահական բաց դռներ մարզի բժիշկների մասնակցությամբ, որի արդյունքում մեծ քանակությամբ հիվանդներ ստացան անվճար բուժօգնություն, ինչպես նաև շատ հիվանդություններ հայտնաբերվեցին վաղ շրջանում: Այդ աշխատանքները կշարունակվեն նաև 2017թ-ի ընթացքում: Նաև շարունակվելու են զինվորական հաշմանդամություն ունեցողներին և նրանց ընտանիքի անդամներին ուղղված աջակցության աշխատանքները:

-Տիկի՛ն Պողոսյան, Դուք Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ եք և ակտիվ ներգրավվածություն ունեք կուսակցության աշխատանքներում, որը նկատվեց նաև ՀՀԿ վերջին համագումարի ժամանակ: Ի՞նչ դեր և նշանակություն ունի կուսակցական գործունեությունը, գաղափարախոսությունը Ձեր կյանքում:

-Այո՛, որպես ՀՀ քաղաքացի և պետական համակարգում աշխատող` ես ունեմ քաղաքական պատասխանատվություն: Պատիվ ունեմ անդամակցելու Հայաստանի հանրապետական կուսակցությանը, քանի որ կուսակցությունն իր ողջ կենսագրությամբ ապացուցել է, որ ի վիճակի է արդյունավետ լուծել մեր երկրի առջև ծառացած ամենաբարդ խնդիրները և երբեք չի խուսափել ստանձնած պատասխանատվությունից: Հանրապետական կուսակցությունը, ըստ էության, մեր վերականգնված պետականության հիմնասյուներից է դարձել: Կուսակցությունը իր ողջ կենսագրությամբ ապացուցել է, որ ի վիճակի է արդյունավետ լուծել մեր երկրի առջև ծառացած ամենաբարդ խնդիրները և երբեք չի խուսափել ստանձնած պատասխանատվությունից: Մեր պատմությունը սերտաճած է մեր ժողովրդի նորագույն պատմության էջերին: Մենք մեր երկրի մի մասն ենք: Եվ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է իրեն վստահված աշխատանքում կյանքի կոչել հզոր Հայաստանի և դրանում արժանապատվորեն ապրող մեր քաղաքացու գաղափարը:

-Կինն` ի տարբերություն տղամարդու, ավելի շատ պարտականություններ ունի ընտանիքում, և դրանց համատեղումը աշխատանքի հետ բավականին բարդ է, հատկապես բժշկի, պետական համակարգում աշխատողի համար: Որքանո՞վ է Ձեզ հաջողվում համատեղել այդ երկուսը, և արդյո՞ք Ձեր ընտանիքը հասկանում և աջակցում է Ձեզ:

-Իմ խորին համոզմամբ՝ ընտանիքը պետության փոքր մոդելն է: Եթե մի երկրում ընտանիքը, ընտանեկան արժեքները մարդ-անհատի կյանքի, նպատակների ու աշխարհայացքի կենտրոնում չեն, և մարդու աշխարհայացքը չի կառուցվում ընտանեկան երջանկության վրա, այդ պետությունը, ժողովուրդը որևէ ապագա չունի: Ունեմ ամուր ու առողջ ընտանիք:
Իմ ընտանիքի անդամները գիտակցում են իմ աշխատանքի կարևորությունը` թե՛ որպես բժիշկ, թե՛ որպես պետական համակարգում աշխատող, և բոլոր հարցերում աջակցում են, ինչի համար անչափ շնորհակալ եմ նրանցից:

 

-Մի փոքր պատմեք Ձեր ընտանիքի, երեխաների մասին, ինչպիսի՞ ապագա եք տեսնում նրանց համար:


-Ունեմ 2 երեխա, որոնք սովորում են դպրոցում: Իմ երեխաներին, վստահ եմ, սպասվում է լուսավոր ապագա, և նրանք կդառնան իրենց երկրի արժանի քաղաքացիները:

 

-Արդյո՞ք հավատում եք Աստծուն, եթե այո, ապա ի՞նչ եք խնդրում նրանից երկրի, ժողովրդի և Ձեզ համար:

-Միանշանակ հավատում եմ Աստծուն: Աստծուց խնդրում եմ, որ մեր երկրում լինի ամենակարևորը` խաղաղություն, բոլորը լինեն առողջ և ապրեն ապահով Հայաստանում:

 


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...