10:22
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ

2017-03-07 10:56

Նպատակային և շարունակական կրթության միջով է անցնում դեպի հաջողություն տանող ճանապարհը

Կրթությունն է ապահովում անձի կայացումն ու ինքնաիրացումը.

նպատակային և շարունակական կրթության միջով է անցնում դեպի հաջողություն տանող ճանապարհը:
 
Գավառի պետական համալսարանի ռեկտոր,
իրավաբանական գիտությունների դոկտոր ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ


« Դե Ֆակտո» N 129 (2017թ.)  

 

 -Տիկի՛ն Հակոբյան, կրթական համակարգը երկրի հզորության և զարգացման կարևոր գրավականներից է, և հատկապես բարձրագույն ուսումնական հաստատությունները մեծ պատասխանատվություն են կրում որակյալ մասնագետներով երկիրն ապահովելու գործում: Հետաքրքիր է, զարգացման ի՞նչ փուլեր է անցել, հաջողություններ ունեցել համալսարանը, հատկապես Ձեր ղեկավարության օրոք` սկսած 2006 թվականից:

-Կրթության և գիտության համակարգը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար: Կրթությունն է ապահովում անձի կայացումն ու ինքնաիրացումը, ընդհանուր աշխարհայացքային և մասնագիտական զարգացումը, կյանքի որակի բարձրացումը: Նպատակային և շարունակական կրթության միջով է անցնում դեպի հաջողություն տանող ճանապարհը: Կրթությունը սոցիալական արժեք է՝ իր անփոխարինելի և անանց հանրային առաքելությամբ՝ երաշխավորելու հասարակության և պետության զարգացումն ու առաջընթացը, տարածելու գիտելիքներ ու նոր գաղափարներ, օգտակար սոցիալական փորձ, պատշաճ արժեքային կողմնորոշիչներ: Հենց այս սկզբունքով է աշխատում Գավառի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմը` ձեռնարկելով համալիր միջոցներ որակյալ մասնագետներ պատրաստելու ուղղությամբ: Այդ նպատակով բուհում իրականացվել են բովանդակային և կառուցվածքային փոփոխություններ, վերանայվել և արդիականացվել են մասնագիտական կրթական ծրագրերը, բարելավվել են բազային և աշխատանքային ուսումնական պլանները: Համալսարանում աշխատում է որակյալ դասախոսական անձնակազմ: Բուհը վերազինվել է նորագույն տեխնիկական միջոցներով, ձեռք են բերվել էլեկտրոնային գրատախտակներ, հարստացել է ուսումնական գործընթացի տեխնոլոգիական բազան: Ստեղծվել և արդյունավետորեն գործում են ԳՊՀ էլեկտրոնային ուսուցման համակարգը (E-Learning.GSU.am), էլեկտրոնային գրադարանը (E-Library.GSU.am): Ներդրվել է ուսանողների գիտելիքների ստուգման և գնահատման էլեկտրոնային կառուցակարգը (Examination.GSU.am): Վերջին տարիներին հետևողականորեն իրագործում ենք ԳՊՀ ակադեմիական ազնվության հայեցակարգը և հակակոռուպցիոն ռազմավարական ծրագիրը: Արդյունքում՝ համալսարանում ձևավորվել է ազնիվ, հակակոռուպցիոն միջավայր: Ակտիվացել է ուսանողական ինքնակառավարման մարմինների գործունեությունը: Ընդլայնվել է եվրոպական բուհերի հետ համագործակցության ուղեծիրը: Իրականացնում ենք սոցիալական գործընկերության տարբեր ծրագրեր:

-ՀՀ կրթական համակարգում բարեփոխումներ իրականացնելու կարևոր քայլ էր «ՀՀ բարձրագույն կրթության մասին» նոր օրինագծի մշակումը: Ի՞նչ դրական ազդեցություն այն կունենա բուհերի զարգացման, կրթության որակի բարձրացման վրա:

-Կարծում եմ, որ ՀՀ բարձրագույն կրթության մասին նոր օրենքն առավել լիարժեք և հստակ նորմատիվ իրավական կարգավորման կենթարկի բարձրագույն կրթական համակարգը, կամրագրվի համալսարանի կարգավիճակը, կսահմանվեն բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման սկզբունքները, ուսուցման ձևերը, բուհերի ակադեմիական, ֆինանսական և կազմակերպական ինքնավարության, կրթության որակի ներքին և արտաքին ապահովման հիմքերն ու կառուցակարգերը:
Շրջանառվող օրինագծի նպատակն է կարգավորել Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության և հետազոտության բնագավառներում առաջացող իրավական, կազմակերպական և ֆինանսական հարաբերությունները: Նախագծում կարևորվել է բուհերի հավատարմագրման ինստիտուտը՝ որպես բարձրագույն կրթության որակի ապահովման պաշտոնական գործընթաց, սահմանվել է «հաշվետվողականությունը»՝ որպես օրինականության, հրապարակայնության և թափանցիկության սկզբունքներին համապատասխան, սահմանված կարգով բուհի կողմից իր գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում, որոնք արտացոլում են հաստատության սոցիալական պատասխանատվությունը: Նախատեսվել են առկա, հեռակա և հեռավար ուսուցման ձևերը, սահմանվել են լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացման իրավական և կազմակերպական պայմանները:

Գավառի պետական համալսարանում գործում է որակի ապահովման բաժին, որը կոչված է մշտադիտարկելու,

գնահատելու և բարելավելու բակալավրիատում և մագիստրատուրայում ուսուցման և ուսումնառության որակը:

-Ինչպիսի՞ն է Գավառի պետական համալսարանի ուսանողների աշխարհագրությունը, և ո՞ր մասնագիտություններն են առավել պահանջված:

-Համալսարանի առկա ուսուցման ֆակուլտետների ուսանողների զգալի մասը ՀՀ Գեղարքունիքի մարզից են, սակայն տարբեր բաժիններում սովորում են նաև մայրաքաղաքի և հանրապետության մյուս մարզերի դպրոցների շրջանավարտներ: Լայն է բուհի հեռակա ուսուցման ֆակուլտետի և մագիստրատուրայի ուսանողների աշխարհագրությունը: Նրանց մեջ կան նաև այլ պետությունների քաղաքացիներ: Վերջին տարիներին բուհի իրականացրած միջազգային ծրագրերի շրջանակներում համալսարանում սովորել են նաև Իսպանիայից և Հունաստանից ժամանած ուսանողներ, որոնց ուսումնառությունը ԳՊՀ տնտեսագիտական և բանասիրական ֆակուլտետներում կազմակերպվել է անգլերեն լեզվով: Ինչ վերաբերում է մասնագիտություններին, ապա առավել պահանջված են համակարգչային ճարտարագիտությանը, ինֆորմատիկային և հաշվողական տեխնիկային վերաբերող մասնագիտությունները: Շարունակում են պահանջված լինել տնտեսագիտական, իրավաբանական մասնագիտությունները: Անհրաժեշտ է լուրջ միջոցներ ձեռնարկել դիմորդների շրջանում բնագիտական մասնագիտությունների պահանջարկ ձևավորելու ուղղությամբ:

-Արդյո՞ք հետևում եք Ձեր շրջանավարտների հետբուհական գործունեությանը, նրանց հաջողվո՞ւմ է իրենց տեղը գտնել կյանքում, աշխատել իրենց մասնագիտությամբ և հասնել հաջողությունների:

-Համալսարանն ունի վեց հազարից ավելի շրջանավարտներ, որոնց մեծ մասն աշխատում է հասարակական կենսագործունեության տարբեր ոլորտներում, Գեղարքունիքի մարզում, Երևանում և Հայաստանի Հանրապետության այլ մարզերում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում, իրավապահ մարմիններում, ֆինանսական՝ բանկային, վարկային և այլ կազմակերպություններում: Ունենք բազմաթիվ շրջանավարտներ, ովքեր աշխատանքային գործունեություն են իրականացնում արտերկրում: Ավանդաբար բուհի լավագույն շրջանավարտների համար առաջին գործատուն հենց Գավառի պետական համալսարանն է: Գերազանց առաջադիմություն և հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողներն այնուհետ համալրում են բուհի վարչական, դասախոսական անձնակազմի շարքերը: Շուրջ երկու տասնյակ ԳՊՀ շրջանավարտներ պաշտպանել են թեկնածուական ատենախոսություններ, ստացել գիտության թեկնածուի գիտական աստիճան և հաջողությամբ դասախոսում են բուհում: Ունենք ասպիրանտներ և հայցորդներ, հետևում ենք նրանց գիտական հաջողություններին, ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից ճանաչված ԳՊՀ գիտական հոդվածների ժողովածուում տպագրում նրանց հոդվածները: Մեր շրջանավարտների հետ կապեր պահպանում ենք բուհի շրջանավարտների միության միջոցով: Համալսարանի համացանցային (www.gsu.am) կայքին կից գործում է նաև շրջանավարտների միության և կարիերայի կենտրոնի (www.career.gsu.am) կայքը, որտեղ ներկայացված են ԳՊՀ շրջանավարտների մասին տեղեկություններ: Իսկ եթե բուհի շրջանավարտը չի աշխատում, միևնույնն է՝ նա գրագետ ծնող է դառնում, կարողանում է ճիշտ դաստիարակել իր երեխաներին, արդյունավետ հարաբերություններ կառուցել մարդկանց հետ, լինել պետության ակտիվ քաղաքացի:

-Կրթության որակի ապահովման ի՞նչ մեխանիզմներ են գործում ԳՊՀ-ում:

-Համալսարանում գործում է որակի ապահովման բաժին՝ որպես բուհի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում: Բաժնի խնդիրն է ողջ ուսումնական տարվա ընթացքում մշտադիտարկել, գնահատել ու բարելավել բակալավրիատում և մագիստրատուրայում ուսուցման և ուսումնառության որակը: Այդ նպատակով տարին երկու անգամ՝ կիսամյակների ավարտին ուսանողների շրջանում անցկացվում են հարցումներ դասախոսների աշխատանքից բավարարվածության վերաբերյալ: Շրջանավարտների շրջանում անցկացվող հարցումները վերաբերում են կրթության ելքային արդյունքներին, իսկ գործատուների հարցումները` ԳՊՀ շրջանավարտների գիտելիքներից, կարողություններից և հմտություններից նրանց գոհունակության աստիճանի, կարիքների և ակնկալիքների բացահայտման խնդիր ունեն: Հարցումների արդյունքները քննարկվում են ֆակուլտետների խորհրդի, ռեկտորատի, ապա բուհի գիտական խորհրդի նիստերում, բազմակողմանի վերլուծության ենթարկվում և ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ միտված թերությունների և բացերի շտկմանը, որակի ապահովման նոր կառուցակարգերի մշակմանն ու ներդրմանը: Որակի ապահովման բաժինը կազմակերպում է նաև էլեկտրոնային հարցումներ, հավաքագրում սովորողների և դասախոսների կարծիքներն ու առաջարկությունները ուսումնական գործընթացի տարբեր փուլերի որակի բարելավման նպատակով: Տարեց տարի համալրվում և արդիականացվում է դասախոսությունների էլեկտրոնային շտեմարանը, կատարելագործվում է ԳՊՀ էլեկտրոնային ուսուցման համակարգը: Դասախոսները կիրառում են ուսուցման ժամանակակից՝ փոխներգործուն մեթոդներ ու տեխնոլոգիաներ, ուսանողների գիտելիքների ստուգման և գնահատման ավանդական և նորարարական ձևեր ու եղանակներ: Միջոցներ ենք ձեռնարկում ուսումնական, մանկավարժական, հետազոտական, նախաավարտական պրակտիկաների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Կրթության որակի ապահովումը և համալսարանական գործունեության բոլոր ոլորտներում որակի մշակույթի արմատավորումը բուհի զարգացման ռազմավարական ծրագրի հրամայական պահանջն է:

-Ինչպիսի՞ դասախոսական կազմ ունի համալսարանը, արդյո՞ք հաջողվում է նրանց համար ժամանակ առ ժամանակ վերապատրաստման դասընթացներ անցնելու հնարավորություն ստեղծել:

-Համալսարանում դասախոսում են բարձրակարգ մասնագետներ, հանրապետությունում հայտնի գիտնականներ, վաստակաշատ մանկավարժներ: Միաժամանակ, աշխատում են երիտասարդ դասախոսներ, որոնք փորձառու մասնագետներից վարպետության դասեր են ստանում: Համալսարանում ավագ, միջին և երիտասարդ սերնդի դասախոսների արդյունավետ համագործակցության փորձ և ձևավորված ավանդույթներ կան: Բուհի դասախոսները մասնակցում են հանրապետական և միջազգային տարբեր գիտաժողովների, աշխատաժողովների, սեմինարների, որակավորման բարձրացման, վերապատրաստման դասընթացների, այնուհետև իրենց ձեռք բերած նոր փորձառությունը ներկայացնում են Գավառի պետական համալսարանում՝ նպաստելով բուհի դասախոսների մասնագիտական և մանկավարժական որակների բարձրացմանը: ԳՊՀ-ն նույնպես ՀՀ և արտերկրի հրավիրյալ մասնագետների ուժերով կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ: Համալսարանը խրախուսում է դասախոսների գիտահետազոտական աշխատանքները, միջոցներ ձեռնարկում արդյունավետ մանկավարժական, ստեղծագործական աշխատանքի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար:

Համալսարանն իրականացնում է քսաներկու միջազգային ծրագրեր, որոնց շրջանակներում

համագործակցում է շուրջ յոթ տասնյակ եվրոպական բուհերի և

կրթական-գիտական հաստատությունների հետ:

-Դուք բավականին ակտիվ մասնակցություն ունեք միջազգային կրթական համակարգի տարբեր ասպարեզներում` մասնակցելով գիտաժողովների, հանդես գալով դասախոսություններով, հետաքրքիր է, համագործակցության ինչպիսի՞ շրջանակներ ունի ԳՊՀ-ն:

-Համալսարանն իրականացնում է քսաներկու միջազգային ծրագրեր, այդ թվում` Եվրոպական Միության ‹‹TEMPUS››, ‹‹ERASMUS.MUNDUS››, ‹‹ERASMUS+›› ծրագրեր, որոնց շրջանակներում համագործակցում է շուրջ յոթ տասնյակ եվրոպական բուհերի և կրթական-գիտական հաստատությունների հետ: Այդ ծրագրերը բուհի ուսանողներին, դասախոսներին, վարչական աշխատակազմին եվրոպական գիտակրթական տարածքում ակադեմիական շարժունության հնարավորություն են ընձեռում, թույլ են տալիս ուսումնասիրել և կիրառել եվրոպական առաջավոր համալսարանների փորձը՝ ուսանողակենտրոն կրթական համակարգի ձևավորման և զարգացման, կրթության կառավարման, ուսումնական ծրագրերի բովանդակության հարստացման, ուսուցման մեթոդների բարելավման, շարունակական կրթական ծրագրերի իրականացման, համալսարան-գործատու համագործակցության ակտիվացման, աշխատաշուկայի պահանջների ուսումնասիրման և հաշվառման, ուսումնական գործընթացի արդյունավետության ապահովման, կրթության որակի բարձրացման, բուհի միջազգայնացման և այլ ոլորտներում: Միաժամանակ, ներկայացվում է մեր հաջողված փորձը, մասնավորապես ակադեմիական ազնվության հայեցակարգի կենսագործման, սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացման, կառավարման մասնակցային կառուցակարգերի կիրառման և այլ ոլորտներում: Միջազգային ծրագրերի շնորհիվ Բելգիայի, Չեխիայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Հունաստանի, Բուլղարիայի և այլ եվրոպական պետությունների գործընկեր բուհերում ԳՊՀ տարբեր ամբիոնների դասախոսներ որոշակի ժամկետով ծավալում են մանկավարժական և հետազոտական գործունեություն, իսկ ԳՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի տասնյակ ուսանողներ գործուղվում են սովորելու, խորացնելու իրենց գիտելիքները, ընդլայնելու աշխարհայացքը, զարգացնելու լեզվական, հաղորդակցական և այլ հմտությունները:

-Տիկի՛ն Հակոբյան, հետաքրքիր է, որքանո՞վ են Ձեր գիտական բարձր կոչումները, նախկին աշխատանքային հարուստ փորձն օգնում Ձեզ՝ ռեկտորի աշխատանքն առավել արդյունավետ իրականացնելու գործում:

-Աշխատանքային առաջին մկրտությունը ստացել եմ հենց Գավառի պետական համալսարանում, որտեղ սկսել եմ դասավանդել ասպիրանտական տարիներից: Ապա 1999 թվականին պաշտպանել եմ թեկնածուական ատենախոսություն և աշխատանքային լուրջ փորձառություն ձեռք բերել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում՝ աշխատելով որպես պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ: Եղել եմ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան: Աշխատել եմ նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայում: Հետազոտական աշխատանքներ եմ կատարել սահմանադրական իրավունքի ոլորտում և 2012 թվականին պաշտպանության ներկայացնելով դոկտորական ատենախոսություն Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական պատասխանատվության հիմնախնդիրների վերաբերյալ, ստացել եմ իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Կարծում եմ, վարչական, դասախոսական, գիտահետազոտական աշխատանքի փորձն անհրաժեշտ և բավարար պայման է՝ պարտականություններս պատշաճ կատարելու համար:

-Աշխատանքային ի՞նչ սկզբունքներ ունեք, որոնցով առաջնորդվում եք դասախոսական կազմի և ուսանողության հետ աշխատանքում:

-Ծնողներս ինձ և քույրերիս դաստիարակել են ազնվության ու մարդասիրության սկզբունքներով, որոնցով առաջնորդվում եմ թե՛ աշխատանքում, թե՛ ընդհանրապես՝ կյանքում: Կարծում եմ, յուրաքանչյուր ոք՝ լինի ուսանող, ծնող, թե դասախոս, գնահատում է անկեղծ, շիտակ, բարյացակամ, հոգատար վերաբերմունքը: Բարոյագիտության ոսկե կանոնն է՝ ‹‹Մի՛ արա ուրիշին այն, ինչ չես կամենա ինքդ քեզ››, ուստի միշտ աշխատում եմ բարոյական և իրավական նորմերի պահանջների տիրույթում, առաջնորդվում ՀՀ օրենքների և ենթաօրենսդրական ակտերի կարգադրագրերով, միաժամանակ, բարոյական պատվիրաններով: Իսկ ըստ անհրաժեշտության պատասխանատվության միջոցներ կիրառելիս՝ ելնում եմ հնարավոր բոլոր միջոցներից ամենամեղմն ընտրելու սկզբունքից:

-Ինչպիսի՞ փոխհարաբերություններ ունեք բուհի ուսանողության հետ, արդյո՞ք նրանք հնարավորություն ունեն Ձեզ հետ ազատ հաղորդակցվելու, իրենց խնդիրները ներկայացնելու:

-Գավառի պետական համալսարանը հիմնադրման հենց սկզբից որդեգրել է ‹‹բաց դռների›› քաղաքականություն, ձևավորել ջերմ, վստահելի փոխհարաբերություններ ուսանողների հետ: Բուհում ուսանողակենտրոն կրթական-դաստիարակչական միջավայրի առկայության փաստը արձանագրել են նաև եվրոպացի գործընկերները՝ իրենց կատարած հետազոտությունների արդյունքում: Բուհի ամբիոնների, դեկանատների, կառուցվածքային ստորաբաժանումների, ռեկտորատի դռները միշտ բաց են ուսանողների, նրանց ծնողների, գործընկերների, համալսարանի բոլոր ներքին և արտաքին շահառուների առջև: Համալսարանում գործում են «թեժ գիծ», «վստահության արկղիկ», կան տարբեր ձևաչափերով՝ դեմ առ դեմ, առցանց հաղորդակցվելու, խնդիրները ներկայացնելու և քննարկելու, ուսանողների ձայնին ականջալուր լինելու մշակույթ և անխախտ ավանդույթներ: Պարբերաբար կազմակերպվում են ժողովներ, միջոցառումներ, ‹‹կլոր սեղաններ››, բանավեճեր, հրատապ թեմաներով քննարկումներ: Համալսարանի ողջ վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմը կոչված է ծառայելու ուսանողներին և անտարբեր չէ յուրաքանչյուր ուսանողի ցանկացած խնդրի հանդեպ: Ուրախ եմ, որ ուսանողների հետ ամենօրյա կենդանի շփման հնարավորություն ունեմ նաև որպես դասախոս: Այդ կերպ զգում եմ համալսարանում ուսանողական կյանքի զարկերակը և աշխատում ամեն կերպ օգտակար լինել իմ սիրելի ուսանողներին:

-2017 թվականը խոստումնալից տարի է թվում, ի՞նչ սպասելիքներ ունեք այս տարուց, և կա՞ն արդեն նախանշված ծրագրեր, որ պետք է իրականացվեն այս տարի:

-Վստահ եմ, որ 2017 թվականին Գավառի պետական համալսարանը կստանա ինստիտուցիոնալ կամ ենթակառուցվածքային հավատարմագրում, կպահպանի իր տեղը ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգում: Հետամուտ կլինենք կրթության որակի ապահովման կառուցակարգերի գործադրմանը: Կշարունակենք միջազգային համագործակցության ծրագրերի իրականացումը, պարբերաբար կլսենք և կքննարկենք արտերկրից վերադարձած դասախոսների և ուսանողների շնորհանդես-հաշվետվությունները: Կիրականացնենք վերապատրաստման դասընթացներ, լրացուցիչ կրթական ծրագրեր: Կակտիվացնենք համագործակցությունը Գեղարքունիքի մարզի դպրոցների, այլ ուսումնական, մշակութային հաստատությունների հետ: Կգումարենք աշխատաժողովներ ու խորհրդաժողովներ, այդ թվում՝ եվրոպացի գործընկերների մասնակցությամբ: Ինչպես յուրաքանչյուր տարի, 2017 թվականին ևս կկազմակերպվի գիտաժողով, որի նյութերը կհրատարակվեն: Կշարունակենք գործընկերային բազմաբնույթ ծրագրերի իրականացումը ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի հետ: Մարզպետարանը համալսարանի լավագույն գործընկերն է, ԳՊՀ շրջանավարտների գործատուն, ով ապահովում է նաև մեր ուսանողների պրակտիկայի արդյունավետ անցկացումը, աջակցում մեզ աշխատաշուկայի կարիքների ուսումնասիրման, գործատուների հետ աշխատանքների կազմակերպման և այլ առումներով: Մենք առանձնակի ոգևորությամբ ենք համագործակցում ՀՀ պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուսի հետ, կազմակերպում զինվորների, ուսանողների և դասախոսների հանդիպումներ, բաց դասեր, համատեղ միջոցառումներ, ցերեկույթներ: Ընթացիկ տարում կշարունակենք համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների, Գեղարքունյաց թեմի առաջնորդարանի, ՀՀ բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների, երիտասարդական կառույցների, հասարակական կազմակերպությունների հետ:

 

Վստահ եմ, որ 2017 թվականին Գավառի պետական համալսարանը կստանա ինստիտուցիոնալ

կամ ենթակառուցվածքային հավատարմագրում, կպահպանի իր տեղը

ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգում:

 

 

-Դուք արժանացել եք շատ պարգևների, ո՞րն է դրանցից ամենաթանկը Ձեզ համար:

-Շնորհված բոլոր պարգևներն էլ թանկ են ինձ համար ու հավասարապես գնահատելի: Այդուհանդերձ, յուրահատուկ երկյուղածությամբ եմ վերաբերում Արցախի մայրերի շնորհած՝ ԼՂՀ ‹‹Մայրական երախտագիտություն›› մեդալին, քանզի Արցախի հերոսուհի կանայք առյուծածին մայրեր են, ովքեր հայրենիքի փրկության զոհասեղանին են դրել իրենց համար ամենաթանկն ու նվիրականը՝ զավակների կյանքը: Մեծ հուզմունքով եմ հիշում 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերը, երբ ողջ հայ ժողովուրդը մի անպարտելի ոգեղեն միասնություն դարձավ: Համաժողովրդական հզոր շարժումից անմասն չմնացին նաև Գավառի պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները: Բուհի ռեկտորատի միաձայն որոշմամբ` համալսարանի կարիքների համար ձեռք բերված շինանյութը ուղարկվեց Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջան՝ վերանորոգելու ռմբակոծություններից տուժած դպրոցի շենքը, իսկ համալսարանի հանրակացարանի համար ձեռք բերված տաք ծածկոցները և ուսանողների ու աշխատակիցների հավաքած այլ անհրաժեշտ պարագաները ուղարկվեցին Թալիշի շրջան: ԳՊՀ ուսանողական խորհրդի որոշմամբ` համալսարանի հարակից տարածքում հիմնվեց ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս նահատակների հիշատակի ծառուղի:
Անսքող հպարտությամբ պետք է նշեմ ուսանողների հայրենասիրական ոգու, ազգային արժանապատվության բարձր զգացումի մասին: Կարող եմ փաստել, որ աճել է անկախության անպարտելի սերունդ, որն ի զորու է պաշտպանելու հայրենիքն ու մայր ժողովրդին:

 

Ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի Արցախի մայրերի կողմից շնորհված ԼՂՀ

«Մայրական երախտագիտություն» մեդալը, քանզի Արցախի հերոսուհի կանայք առյուծածին

մայրեր են, ովքեր հայրենիքի փրկության զոհասեղանին են դրել իրենց համար ամենաթանկն ու նվիրականը՝

զավակների կյանքը:

-Հետաքրքիր է, դժվար չէ՞ կնոջ համար ղեկավար պաշտոն զբաղեցնելը, մշտապես ցուցադրել միայն ղեկավարին հատուկ ուժեղ կողմերը, իսկ թուլությունները՞, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց:

-Այս աշխատանքը, բացի պաշտոնական պարտականությունների կատարումից, ինձ համար նվիրական գործ է, մեծ պատասխանատվություն, կարևոր առաքելություն: Երբեք չեմ մոռանում, որ իմ թանկագին պապը՝ բուհի հիմնադիր ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանն է հիմնադրել բուհը: Գործընկերներիս հետ միասին լուծում ենք մեր առջև դրված խնդիրները՝ որպես բարոյական տուրք, որպես որդիական սիրո և երախտագիտության արտահայտություն մեր ծննդավայրին: Մենք աշխատում ենք՝ պարբերաբար հաշվետվություն ներկայացնելով համալսարանի հոգաբարձուների խորհրդին: Աշխատանքի ընթացքում հարկ չի լինում մտածելու ուժեղ կողմերի դրսևորման կամ թույլ կողմերի հաղթահարման մասին: Համալսարանում առկա է աշխատանքի տրամադրող մթնոլորտ, ձևավորվել են փոխադարձ հարգանքի վրա խարսխված, բնականոն հարաբերություններ՝ միտված բուհի գործառույթների արդյունավետ իրականացմանը:

-Յուրաքանչյուր մայր ցանկանում է իր զավակի համար լինել նաև ընկեր, հենարան, իր հաջողություններով և կայացվածությամբ վստահություն ներշնչել, աջակցել նրան ամեն հարցում: Կպատմե՞ք Ձեր ընտանիքի, զավակների մասին, արդյո՞ք հաջողվում է Ձեզ լինել այնպիսի մայր, ինչպիսին ձգտել եք դառնալ:

-Ես ունեմ երկու զավակ: Դուստրս ուսանողուհի է, սովորում է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի մագիստրատուրայում: Հուսով եմ, իր մորաքույրերի պես խելացի և հոգատար բժշկուհի կդառնա: Իսկ որդիս դպրոցական է, որոշել է ծրագրավորող դառնալ: Չեմ կարող ասել, որ ես իմ մայրիկի պես օրինակելի մայր եմ կամ բարեխղճորեն իրականացնում եմ ամենօրյա մայրական պարտականություններս, քանի որ քիչ ժամանակ եմ տրամադրում երեխաներիս, չեմ կարողանում ծնողական ժողովների մասնակցել, տարբեր միջոցառումների ժամանակ լինել երեխաներիս կողքին: Փոխարենը միշտ նրանց հետ է իմ մանկավարժ սկեսուր մայրիկը, ով իր ուսերին է վերցրել երեխաների կրթության և դաստիարակության հարցերը՝ ինձ քիչ գործ թողնելով: Ինձ բոլոր հարցերում օգնում է ամուսինս: Նա տեղյակ է իմ և երեխաների խնդիրների մասին և աջակցում է մեզ: Կարծում եմ, որ մեր երեխաները բավականին ինքնուրույն են, կարողանում են իրենց վերապահված հարցերով որոշումներ կայացնել և կատարել իրենց պարտականությունները: Ես ունեմ ներդաշնակ ընտանիք, որին մշտապես ապավինում եմ:

-Ինչպիսի՞ տեղ եք տալիս ազգային արժեքների փոխանցմանը մատաղ սերնդին, և արդյո՞ք հաջողվում է Ձեր երեխաներին, ուսանողությանը այդպիսի արժեքներ փոխանցել:

-Համալսարանը ոչ միայն բարձրագույն կրթությամբ մասնագետների, այլև ակտիվ կենսադիրքորոշում ունեցող քաղաքացիների, ազգային արժեքներ կրող հայրենասեր հայորդիների դարբնոց է: Բուհում մեկտեղվում են կրթությունն ու դաստիարակությունը: Ուսանողներին ոչ միայն գիտելիքներ ու կարողություններ են փոխանցվում, այլև օգտակար սոցիալական փորձ, բարձր բարոյական որակներ, ազգային արժեքներ: Ամենօրյա աշխատանքի շնորհիվ, դաստիարակչական բնույթի տարբեր ծրագրերի ու միջոցառումների, վաստակաշատ անձանց հետ հանդիպումների, հիշատակի և ոգեկոչման ցերեկույթների, ուխտագնացությունների և մոմավառությունների, հոբելյանների և տոնական հանդիսությունների միջոցով ուսանողների հոգում սերմանվում են մայր ժողովրդի և հայրենիքի նկատմամբ սիրո հունդեր: Նրանք ստանում են հայրենասիրության անմոռաց դասեր՝ հանդիպելով Արցախյան հերոսամարտի մասնակիցներին: Իսկ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում՝ ի թիվս այլ քաջազունների, հերոսացան նաև Գավառի պետական համալսարանի ուսանողները: Մենք հպարտանում ենք նրանցով և, միաժամանակ, սգում բոլոր նահատակների, այդ թվում՝ պատերազմից հետո առաջնագծում թշնամու նենգ գնդակից զոհված ԳՊՀ ուսանող Գուրգեն Ավետիքի Այվազյանի մահը: Առավել, քան վստահ եմ, որ անկախ Հայաստանում և Արցախում հասակ առած երիտասարդները՝ որպես Հայկ նահապետի հաղթողի գենը կրողներ, իրենց աննկուն կամքով և հայրենասիրական անպարտելի ոգով արժանի կլինեն մարտիրոսացված հերոսների սուրբ հիշատակին: Ազգային, հայրենասիրական արժեքներով երեխաներին դաստիարակելը համարում ենք մեր ամենակարևոր պարտականությունը:

Խնդրում եմ Բարձրյալից հովանի լինել հայ ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:

Երազում եմ կայուն խաղաղության, մայր հայրենիքում հայ ժողովրդի բարեկեցիկ կյանքի և

խաղաղ, ստեղծագործ աշխատանքի մասին:

 

-Հավատո՞ւմ եք Աստծուն, եթե այո, ապա ի՞նչ եք խնդրում նրան երկրի, ժողովրդի և Ձեզ համար:

-Որպես հայ քրիստոնյա՝ ապավինում եմ բարեգութ Աստծո ողորմածությանը: Խնդրում եմ Բարձրյալից հովանի լինել հայ ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Երազում եմ կայուն խաղաղության, մայր հայրենիքում հայ ժողովրդի բարեկեցիկ կյանքի և խաղաղ, ստեղծագործ աշխատանքի մասին: Խնդրում եմ, որ այլևս ոչ մի զինվոր չզոհվի, որ բոլորը ծառայեն, ապրեն ու արարեն, կրթվեն ու աշխատեն, սիրեն ու երազեն, երեխաներ ունենան և երջանիկ լինեն խաղաղ երկնքի ներքո, մայր հողի վրա: Խնդրում եմ Աստծուց, որ իմ և բոլոր հայորդիների այս նվիրական երազանքը ի կատար ածի:

 

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...