19:17
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Էդուարդ Թոփչյան

2013-01-14 10:42

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ամփոփում է 2012-ը. լեփ-լեցուն դահլիճներ, համերգներ աշխարհի լավագույն մենակատարների, դիրիժորների հետ, նոր ծրագրեր ու լավատեսություն

Երբ տարեսկզբին զրուցում էի մաեստրոյի հետ 2012-ի ծրագրերի և անելիքների մասին, թվում էր, թե այդքանը մեկ տարում հասցնելն անիրատեսական է: Սակայն այսօր` ուղիղ մեկ տարի անց, մենք կրկին ՀՊՖՆ-ի հյուրերն ենք, և արդեն խաղաղ ժպիտով մաեստրոն խոստովանում է.

-Տարին շատ լարված էր, լարված էր բառիս ամենադրական իմաստով. ունեինք բազմաթիվ ծրագրեր, համերգներ, խնդիրներ, որոնց մեծ մասը վստահորեն կարող եմ ասել, որ կարողացել ենք պատվով հասցնել իրենց ավարտին: Մի քանի լուրջ նախաձեռնությունների մեկնարկն արդեն տրված է. վերջապես իրականություն դարձավ լեգեոներ երաժիշտներ հրավիրելու` հեքիաթ թվացող գաղափարը: Մենք արդեն ունենք լեգեոներ երաժիշտ, դեռևս մեկը, բայց սա առաջին քայլն է, որը հուսով եմ` կդառնա հիանալի նախադեպ շատ այլ երաժիշտների համար: Հունվարից արդեն Հայաստան կժամանի նաև երկրորդ երաժիշտը: Ողջ տարում համերգները մեծավ մասամբ անցնում էին լեփ-լեցուն դահլիճներում, սա շատ ոգևորիչ է, քանի որ նշանակում է, որ ավելանում է դասական և սիմֆոնիկ երաժշտության սիրահարների թիվը մեր երկրում: Սրանից բարձր գնահատական մեր գործունեության համար չկա: Ինչպես նշել էի տարեսկզբին, Հայաստանից պարբերաբար բացակայեցի տարբեր հյուրախաղերի պատճառով, որոնց մեջ նշանակալից էին Իսպանիայում իմ` գլխավոր հրավիրյալ դիրիժորի կարգավիճակը, Վիեննայի Մյուզիկֆերայնի ոսկեզօծ դահլիճում Բուդապեշտի հանրահայտ սիմֆոնիկ նվագախմբի հետ, Հռոմի Աուդիտորիում Դելա կոնսիլիացիոնե Հռոմի սիմֆոնիկ նվագախմբի հետ, և վերջերս Գերմանիայի Էսսենի և Դորտմունդի հանրահայտ ֆիլհարմոնիկ սրահներում Բերգիշեր սիմֆոնիկերի և Պրագայի ռադիոյի սիմֆոնիկ փայլուն նվագախմբի հետ հանդես գալը:

Սակայն նշեմ, որ իմ բացակայությունը բնավ չի ազդել Ֆիլհարմոնիկի բնականոն գործունեության վրա, ինչ-որ տեղ նաև հակառակը` շատ ավելի պատասխանատվությամբ ենք աշխատել և լրացրել բացակայությանս շաբաթները: Այդ մասին է խոսում նաև մեր ելույթների որակն ու բարձր մակարդակը, որը գնալով ավելի ու ավելի է կատարելագործվում: Ֆիլհարմոնիկն ինձ համար միշտ առաջին պլանում է, նույնիսկ եղան միջազգային պայմանագրեր, որոնք ստիպված եղա խզել, քանի որ ֆիզիկապես չէի հասցնում համատեղել բոլորը: Կարծես, իրականություն է դառնում նաև ակադեմիայի գաղափարը, կազմակերպչական աշխատանքներն արդեն մեկնարկել են. առայժմ փակագծերը չեմ ցանկանում բացել, սակայն շուտով կունենանք հզոր հովանավոր,  ով կհոգա ծրագրի ֆինանսական խնդիրները: Նշեմ, որ ակադեմիայում նաև կդասավանդեն լեգեոներ երաժիշտներ: Իսկ մեր երաժիշտ իսպանացի Էնրիկ Կամարասան արդեն երկու երեխաների հետ գալարափող նվագելու անհատական պարապմունքներ է անցկացնում. փոքրիկներից մեկն արդեն նվագում է:

 

-Չնայած բազում ձեռքբերումներին` Ֆիլհարմոնիկն այսօր էլ ունի ֆինանսական խնդիրներ: Ֆինանսապես կայունանալու նպատակով տարեսկզբին խոսում էինք հիմնադրամ ստեղծելու մասին, որ փուլո՞ւմ եք:

- Հայտնի է, որ Հայսատնի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը գտնվում է ՀՀ նախագահի անհատական ուշադրության կենտրոնում, ինչը որ մեզ համար անգնահատելի է և շատ ոգևորիչ: ֆիլհարմոնիկը ֆինանսական աջակցություն է ստանում պետությունից և  վերջին տարիներին ունենք ՎիվաՍել-ՄՏՍ-ի պես գլխավոր հովանավոր, որին մենք խորապես երախտապարտ ենք, և ինչի շնորհիվ մենք կարողանում ենք գոյատևել ու առաջ գնալ: Գաղտնիք չէ, որ ես ունեմ երազանք, որ ՀՊՖՆ-ի երաժիշտների աշխատավարձը մոտ ապագայում համապատսխանի գոնե եվրոպական ցածր ստանդարտներին: Ուստի մենք որոշեցինք հետևել միջազգային փորձին, ստեղծել հիմնադրամ: Հիմնադրամն արդեն պաշտոնապես ստեղծված է, կա նաև միությունը: Հուսամ` 2013 թվականի առաջին կեսից արդեն կսկսվեն առաջին միջոցառումները, որոնք անմիջապես կուղղվեն Ֆիլհարմոնիկի էլ ավելի բարգավաճմանը: Քանի որ առայժմ նախնական փուլում ենք, շատ բան ասել չեմ ցանկանում, բայց հուսով եմ, որ շատ շուտով հիմնադրամի ակտիվ գործունեության ականատեսը կլինենք: Մարդիկ այսօր չեն տալիս իրենց երեխաներին երաժշտական կրթության, քանի որ գիտեն, որ վաղն իրենց երեխան սոցիալապես ոչ ապահով կյանքով է ապրելու, եթե որոշի իր կյանքը կապել երաժշտության հետ: Մենք ցանկանում ենք կոտրել այս մտավախությունները. Փարիզն էլ մի օրում չի կառուցվել, համբերենք, և արժանի արդյունքը ոչ հեռու ապագայում կվայելենք: (ժպտում է)

-Դուք հրավիրյալ գլխավոր դիրիժոր եք Իսպանիայի Պրեմիում Սիմֆոնիկ նվագախմբում: Դուք ցանկություն էիք հայտնել երաժշտավարության այս մշակույթը նաև Հայաստան բերելու մասին: Մենք ե՞րբ կունենանք հրավիրյալ գլխավոր դիրիժոր:

-Այոˊ,  հրավիրյալ գլխավոր դիրիժոր ունենալը ողջ աշխարհում ընդունված աշխատաոճ է: ՀՊՖՆ-ը  այլ դիրիժորների հետ աշխատելու լուրջ փորձ ունի, մենք պարբերաբար հրավիրում ենք աշխարհահռչակ դիրիժորների: ՀՊՖՆ հրավիրյալ գլխավոր դիրիժորի դերում տեսնում եմ հռչակավոր բրիտանացի դիրիժոր Քրիստոֆեր Ուորրեն-Գրինին, ով պարբերաբար լինում է Հայաստանում, մեր նվագախմբի հետ աշխատելիս  մեծ բավականություն է ստանում, և նվագախումբն էլ շատ հարգում է նրան: Սակայն կա մի խնդիր` դարձյալ ֆինանսական. երբ մենք նրան ճանաչենք իբրև հրավիրյալ գլխավոր դիրիժոր, առաջ է գալու վարձատրության հարցը, որը մեծ գումարների հետ է կապված, իսկ դա առայժմ մեզ չենք կարող թույլ տալ:

Մենք առաքելություն ունենք նաև հայ դիրիժորներին ներգրավելու ֆիլհարմոնիկի համերգներին, որին միշտ հավատարիմ ենք մնում:

 

-Ի՞նչ ծրագրեր ունի ՀՊՖՆ-ը 2013-ի համար:

- Դարձյալ ունենալու ենք 46 համերգ` տարբեր ծրագրերով, երկու օպերային ներկայացումներ` Մասկանիի ՙԳեղջկական պատիվ՚(Cavalleria rusticana) և Պուչինիի ՙՏոսկա՚-ն (Tosca), մենք շեշտը դնում ենք ոչ թե դեկորացիաների, այլ կատարման որակի վրա. մեր խնդիրը լավ երաժշտություն մատուցելն է, մենք դա կանենք: Պատրաստվում ենք հյուրախաղերի Գերմանիայում 2013-ի նոյեմբերի վերջին, առայժմ բանակցությունների փուլում ենք, տեսնենք…

-Համերգների ընթացքում մենք վայելում ենք հիանալի երաժտություն: Այդ երկժամյա համերգի ետևում շաբաթների, ամիսների քրտնաջան աշխատանք է: Ի՞նչ մթնոլորտում է աշխատում ֆիլհարմոնիկի կոլեկտիվը:

- Հիանալի համերաշխ մթնոլորտ, հարազատ, միմյանց նկատմամբ սրտացավ կոլեկտիվ. սա վստահորեն կարող եմ ասել յուրաքանչյուր երաժշտի անունից: Իհարկե, լինում են և՛ հեշտ, և՛ դժվար գործեր, որոնք ավելի մեծ աշխատանք և կենտրոնացում են պահանջում, սակայն եթե գործը սիրով է արվում, կարծում եմ` ամեն ինչ հաղթահարելի է: (ժպտում է)

Ֆիլհարմոնիկի և ընդհանրապես, դասական երաժշտության վաղվա օրը լինելու է պայծառ, ուղին լինելու է զարգացման ու առաջընթացի:

-Մաեստրոˊ, ինչպե՞ս եք պատկերացնում ֆիլհարմոնիկի վաղվա օրը…

-Ֆիլհարմոնիկի և ընդհանրապես, դասական երաժշտության վաղվա օրը լինելու է պայծառ, ուղին լինելու է զարգացման ու առաջընթացի: Ավելի քան վստահ եմ, քանի որ այդ են վկայում մեր լեցուն ու անընդհատ համալրվող դահլիճները, այդ է վկայում հասարակության աճող հետաքրքրությունը ՀՊՖՆ-ի և դասական երաժշտության նկատմամբ:

-Եվ վերջում, Ձեր ամանորյա բարեմաղթանքը…

- Վերամբարձ խոսքեր չեմ ուզում ասել, պարզապես մաղթում եմ ամենակարևորը` առողջություն, համերաշխություն, անդադար լավ երաժշտություն: Թող գալիք տարին ավելի լավը լինի, քան նախորդը, թող միշտ խաղաղ լինի մեր երկրում, գալիք տարում նախագահական ընտրություններ են սպասվում, թող ամեն ինչ անցնի հարթ ու ի նպաստ մեր երկրի: Շնորհավոր գալիք 2013 թվական:

Հարցազրույցը  վարեց  Թեհմինա Արզումանյանը

«Դե Ֆակտո» N79 (2012թ.)



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...