03:05
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Տարվա մարզպետը՝ՀՀ Գեղարքունիքի մարզի ձեռքբերումների եւ հեռանկարների մասին

2017-02-27 15:35

« Դե Ֆակտո» N 129 (2017թ.) 


Հայաստանի Հանրապետության մարզերի համաչափ զարգացման խնդիրը վերջին տարիներին ՀՀ կառավարության անմիջական ուշադրության կենտրոնում է, որին ուղղված բազում ծրագրեր են իրականացվում, բարձր պահանջներ դրվում մարզպետների առջեւ:
«Դե Ֆակտո» ամսագիրը մշտապես հետեւում է մարզերում կատարվող աշխատանքներին, ներկայացնում դրանք, ինչը թույլ է տալիս օբյեկտիվ գնահատական տալ մարզպետների աշխատանքին: Այդ առումով, անշուշտ, առանձնանում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ում արդյունավետ կառավարման եւ գործադրած ջանքերի շնորհիվ` մարզում ակտիվ աշխատանքներ են ընթանում, լուծում ստանում բազում ցավոտ խնդիրներ: Այդ ամենը բարձր գնահատելով` «Դե Ֆակտո» ամսագիրը ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին ճանաչել է 2016թ. «Տարվա մարզպետ»:

 

-Պարո՛ն Գրիգորյան, շուրջ հինգ տարի է, ինչ զբաղեցնում եք ՀՀ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը, և այդ տարիների ու հատկապես 2016թ.-ի ընթացքում մարզը բազում ձեռքբերումներ է ունեցել, ինչը բարձր գնահատելով՝ «Դե Ֆակտո» ամսագիրը Ձեզ ճանաչել է «Տարվա մարզպետ»: Մինչև ձեռքբերումներին անդրադառնալը, կցանկանայի գնահատեիք ՀՀ վարչապետի տարեվերջյան այցը մարզ, և արդեն նոր տարում վարչապետի մոտ խորհրդակցությունը, որում առանձնահատուկ ուշադրության արժանացան ՀՀ Գեղարքունիքի մարզի ծրագրերը:


-Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ աշխատանքը բարձր գնահատելու և ինձ «Տարվա մարզպետ» ճանաչելու համար: Պետք է նշեմ, որ մարզպետարանը կոլեգիալ մարմին է, և մեր աշխատանքը թիմային է, ձեռքբերումները` նույնպես: Իհարկե, բազում հաջողությունների հետ մեկտեղ` մենք ժամանակ առ ժամանակ արձանագրում ենք նաև բացթողումները, փորձում շտկել դրանք մեր ամենօրյա աշխատանքի ընթացքում:
Ինչ վերաբերում է վարչապետի այցին, ապա այն անցավ բավականին արդյունավետ, մենք քննարկեցինք մարզում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները, նա հավանություն տվեց մեր կողմից արված առաջարկություններին: Ես բարձր եմ գնահատում վարչապետի հետևողական աշխատելաոճը, ինչը համատեղ աշխատանքն առավել արդյունավետ և հետաքրքիր է դարձնում: Եվ պետք է նշեմ, որ մեր կողմից արված առաջարկությունների վերաբերյալ կառավարության արձագանքը չուշացավ: 2017թ. տարեսկզբին վարչապետի մոտ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ՀՀ Գեղարքունիքի մարզի կողմից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները: Կառավարությունը համաֆինանսավորում և աջակցություն է ցուցաբերելու այն ծրագրերին, որոնք հեռանկարային են, ունեն տնտեսական հիմնավորում, գնահատված ռիսկեր, կարող են դառնալ արդյունավետ բիզնես` ստեղծելով նորանոր աշխատատեղեր: Վարչապետը տվեց հանձնարարականներ համապատասխան գերատեսչություններին, որոնց հետ համատեղ աշխատանքի արդյունքում պետք է իրականություն դառնան այդ ծրագրերը:

-Ինչպե՞ս կգնահատեք 2016թ., գո՞հ եք արձանագրված ցուցանիշերից:

-Անկեղծ ասած` 2016թ. բավականին լարված տարի էր ողջ հայության համար` պայմանավորված երկրի սահմաններում առկա լարված իրավիճակով, քառօրյա պատերազմի ցավալի դեպքերով: Ինչ վերաբերում է ՀՀ Գեղարքունիքի մարզի տարբեր ոլորտներում արձանագրված զարգացման ցուցանիշերին, ապա պետք է նշեմ, որ ընդհանուր առմամբ, տարին բարեհաջող էր, քանի որ մեզ հաջողվեց իրականացնել բազում ծրագրեր, լուծել մարզի համար ցավոտ խնդիրներ, մեկնարկել հեռանկարային ծրագրեր և առանձին ոլորտներում արձանագրել բարձր ցուցանիշեր:

-Պարո՛ն Գրիգորյան, ո՞ր ոլորտներում են առավել շատ ձեռքբերումներ արձանագրվել:

-Գրեթե բոլոր ոլորտներում մենք ունեցել են նշանակալի ձեռքբերումներ: Տարվա կարևոր ձեռքբերում եմ համարում գյուղատնտեսության ոլորտում արձանագրված բարձր ցուցանիշերը, նկատելի հաջողությունները: Անկախության տարիներին նման հաջողություն մենք չէինք արձանագրել, մասնավորապես` հացահատիկային կուլտուրաների, կարտոֆիլի և մնացած մշակաբույսերի բարձր բերքատվության առումով: Այդ հարցում, իհարկե, մեծ դեր ունի ՀՀ կառավարությունը, որը մշտապես աջակցում է մարզի գյուղացիական տնտեսություններին տարբեր միջոցներով` նրանց մատչելի գնով տրվում է դիզվառելիք, սերմացու, պարարտանյութ:
Կարևորում եմ նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարում և մրցունակություն» ծրագրի ներդրումը, որի շրջանակներում վերջին տարիներին 42 համայնքներում ձևավորվել են գյուղացիական կոոպերատիվներ: Ծրագրի աջակցությամբ ձեռք է բերվել 89 միավոր տրակտոր և 328 գյուղգործիքներ, որոնց շնորհիվ այդ համայնքներում ոչ միայն նվազել են գյուղտեխնիկայի կողմից մատուցվող ծառայությունների գները, այլ նաև էականորեն աճել են մարզի տնտեսություններում կուտակվող անասնակերի ծավալները` 2016թ. հասնելով մինչև 500 հազար տոննայի: Ծրագիրը ընթացքի մեջ է, այն շարունակական բնույթ է կրելու նաև 2017թ. ընթացքում:
Գյուղատնտեսության ոլորտի զարգացման կարևոր գրավական եմ համարում ոռոգման ցանցի ընդլայնումը և ոռոգվող հողատարածքների ավելացումը: Այդ ուղղությամբ մարզպետարանն առաջարկությունների փաթեթ է ներկայացրել կառավարության քննարկմանը:
Գյուղատնտեսական տարին բարեհաջող եմ համարում նաև նոր մշակաբույսերի` հնդկացորենի և կտավատի արտադրության ստեղծման առումով: Արդեն քայլեր են ձեռնարկվում հաջորդ տարի հնդկացորենի ցանքատարածքներն ավելացնելու ուղղությամբ, քանի որ Ծովագյուղում սկսել է գործել հնդկացորենի վերամշակման գործարանը: Այն ոչ միայն առաջինն ու միակն է ՀՀ-ում, այլ նաև իր հզորությամբ ի վիճակի է վերամշակել 10-յակ հազարավոր հա-երի վրա ցանված բերքը` ապահովելով ՀՀ շուկայի ամբողջ պահանջարկը: Քայլեր են ձեռնարկվում նաև կտավատի վերամշակման արտադրամասի ստեղծման ուղղությամբ:
Անասնապահության ոլորտի զարգացման հեռանկարի առումով կարևորում եմ ժամանակակից սպանդանոցի կառուցումը: Կառավարության հետ համաձայնության ենք եկել և որոշել ենք Սևանի տարածաշրջանում կառուցել ժամանակակից սպանդանոց, որպեսզի կարողանանք ողջ անասնագլխաքանակը մարզի բոլոր տարածքներից տեղափոխել այդտեղ, դրանից հետո նաև շուկա:

-Արդյո՞ք մարզն ունի կարտոֆիլի իրացման խնդիր:

-Վերջին երեք տարիների ընթացքում մենք կարտոֆիլի իրացման խնդիր չենք ունեցել: Այլ հարց է դրա արժեքի ցածր լինելը, որի վրա մենք ազդեցություն ունենալ չենք կարող: 2016 թ.-ին դժգոհություն էր առաջացել Վարդենիսի որոշ գյուղացիական տնտեսությունների շրջանում, որին ես անմիջապես արձագանքեցի, ուսումնասիրեցի խնդիրը, ՀՀ գյուղնախարարի հետ այցելեցինք Վարդենիս: Պարզվեց, որ նրանք դժգոհ չեն իրացումից, այլ միջնորդ կազմակերպությունը որոշակի խնդիրների առջև էր կանգնել և չէր կարողանում իր աշխատանքը պատշաճ կերպով կատարել: Մենք հանձն առանք լուծել այդ խնդիրը, և ամեն ինչ հարթվեց:
Դժգոհություն կարող է առաջանալ նաև այն գյուղացիների շրջանում, որոնք իրենց տնամերձ հողամասում կարտոֆիլ են ցանում և ցանկություն ունեն դրա որոշակի մասն իրացնել ու դժգոհ են, որ ոչ մի կազմակերպություն չի նախաձեռնում իրենց հողամասից կարտոֆիլ գնել: Բնական է, որ փոքր ծավալների դեպքում արդեն գյուղացին ինքնուրույն պետք է իրականացնի իր արտադրանքի սպառումը:

-Ի՞նչ փուլում է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» համալիր ծրագիրը:

-Պետք է նշեմ, որ արդեն Կարճաղբյուրում սկսել է գործել Սևանի իշխանի մայրական կազմի և մանրաձկան արտադրության գործարանը: Շահագործման է պատրաստվում ձկան վերամշակման գործարանը, որտեղ նախապատրաստում ենք վերամշակել և արտահանել ինչպես Սևանի ձկնատեսակների, այնպես էլ խեցգետնի արդյունագործական պաշարները: Արդյունքում կստեղծվեն նոր ու մշտական աշխատատեղեր:
Կարճաղբյուրի նորակառույց ձկնաբուծարանում այժմ պահվում է Սևանի իշխանի մայրական կազմ, իսկ ընթացիկ տարում նրանցից ստացվել և լիճ է բաց թողնվել մոտ 1 մլն մանրաձուկ:
Այս ոլորտի համար հաջորդ կարևոր քայլը լինելու է ձկան պլանավորված որսի նախագծի մեկնարկը: Մենք պետք է, անպայման, այս խնդիրը լուծենք, որի արդյունքում ձկան կանոնակարգված որս կատարող յուրաքանչյուր աշխատող կստանա բարձր աշխատավարձ, որի պարագայում առաջին հերթին կլուծվի ձկնորսությամբ զբաղվող մարդկանց անվտանգության խնդիրը, և նրանք միտված չեն լինի ապօրինի ձկնորսություն կատարել: Այդ առնչությամբ մենք ստացել ենք նաև ՀՀ իշխանությունների դրական գնահատականը: Ձկան որսը, կանոնակարգված լինելու պարագայում, կիրականացվի ընդունված չափորոշիչներին համապատասխան, որի արդյունքում շուկայի պահանջարկն ապահովելուց հետո մնացած ձուկը, խեցգետինը կտեղափոխվի վերամշակման արտադրամաս: Պետք է նկատել, որ այսօր հատկապես խեցգետինը մեծ պահանջարկ ունի Ռուսաստանի Դաշնությունում, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցությունը թույլ է տալիս առավել հեշտությամբ և մեծ ծավալներով մեր արտադրանքը արտահանել Ռուսաստան և Միության անդամ այլ երկրներ:

-Ինչպիսի՞ կարգավորում ստացավ «Կոշտ թափոնների կառավարման» ծրագիրը:

-Այդ հարցի առնչությամբ 2015թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ բազմաթիվ հարցեր իրենց լուծումը ստացան, այդ թվում` ՀՀ կառավարությանը տրվեց հանձնարարական «Կոշտ թափոնների կառավարման» ծրագրում ընդգրկել նաև ՀՀ Գեղարքունիքի մարզը: Ըստ այդմ` այս տարի ՀՀ կառավարության որոշմամբ` հաստատվեց «Կոտայքի և Գեղարքունիքի մարզի կոշտ թափոնների կառավարման» ծրագիրը, որով նախատեսվում է ներդնել 11 մլն. եվրո գումար, որից 5.5 մլն-ը դրամաշնորհի, իսկ մյուսը` ցածր տոկոսադրույքով վարկի տեսքով: Ծրագրի իրականացումը կսկսվի գարնանը: Կենցաղային կոշտ թափոնները կկուտակվեն և աղբահավաք մեքենաների միջոցով կտեղափոխվեն Կոտայքի մարզ: Սա ունի նաև Սևանի լճի և նրա ջրահավաք ավազանի մաքրության պահպանման նշանակություն: Այս ծրագիրը համարում եմ մեր մարզի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը:

-Մենք տեղյակ ենք, որ Դուք առանձնահատուկ վերաբերմունք ունեք կրթության ոլորտի հանդեպ և անընդհատ փորձում եք տարբեր ծրագրերի միջոցով լուծել ոլորտում առկա խնդիրները: Եվ երևի թե պատահական չէ, որ 2016թ. ամենամյա հանրապետական մրցույթիարդյունքում «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» են ճանաչվել ՀՀ Գեղարքունիքի մարզի կադրերը: Ի՞նչ ծրագրեր են իրականացվել` ուղղված կրթական հաստատությունների բարեկարգմանը և կրթության որակի բարձրացմանը: 

-Իսկապես այդպես է, ես կարևորում եմ հատկապես կրթության ոլորտի զարգացումը` գիտակցելով, որ կրթված սերունդը երկրի զարգացման ամենակարևոր նախադրյալն է և ռեսուրսը: Ուրախ եմ, որ մեր կադրերը ստացել են այդ մրցանակները, սակայն ես նկատում եմ նաև ոլորտում առկա խնդիրները և փորձում քայլ առ քայլ լուծել դրանք: Այդ առումով պետք է նշեմ, որ մեր մարզում որակյալ կրթություն ապահովելու համար արվել են համապատասխան քայլեր` սկսած համակարգի աշխատողների մասնագիտական որակների բարձրացումից մինչև կրթական հաստատությունների արդիականացման բազմաթիվ ծրագրերի իրականացում: 

Առաջիկա 2.5-3 տարիների ընթացքում Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցների հաշվին մարզում կառուցվելու է արդի չափորոշիչներին համապատասխան 5 դպրոցական շենք: Առաջինի` Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի շինարարական աշխատանքներն արդեն սկսել ենք. դպրոցի ապամոնտաժման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, կառուցող կազմակերպությունը հայտնի է, գարնանը կսկսվեն շինարարական աշխատանքները, և 2-2.5 տարվա ընթացքում շենքը շահագործման կհանձնվի: Մենք զուգահեռ շարունակելու ենք նաև այն հինգ վթարային դպրոցների շենքերի վերակառուցման աշխատանքները, որոնք կան մեր մարզում:
Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում նախակրթարանների բացմանը, վերջին տարիներին նախակրթարաններ են հիմնվել մարզի 35 համայնքներում, որտեղ մանկապարտեզներ նախկինում չեն եղել: 2017թ. մարզում կհիմնվեն ևս 12 նոր նախակրթարաններ, որոնց մի մասը` քաղաքային համայնքներում:
2016թ. ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով Գեղարքունիքի մարզի 9 համայնքներում հիմնանորոգվում կամ կառուցվում են 1 դպրոցական և 8 մանկապարտեզների շենքեր, որոնք շահագործման կհանձնվեն 2017թ.:
Կրթության համակարգում վերջին տարիներին իրականացվել են նաև բազմաթիվ բարեփոխումներ, որոնց արդյունքում մի կողմից բարձրացվել են մանկավարժների աշխատավարձերը, մյուս կողմից` միջոցներ են տնտեսվել, որոնք ուղղվել են դպրոցաշինական հրատապ ծրագրերի իրականացմանը: Սկսած 2013թ.` կրթական համակարգում ամեն տարի տնտեսվել են բավականին մեծ գումարներ` 2016թ. հասնելով շուրջ 1 մլրդ. դրամի:
Ինչ վերաբերում է կրթական գործընթացը բարեկարգ պայմաններում կազմակերպելու խնդրին, ապա պետք է նշեմ, որ այդ հարցը մեզ համար առաջնային կարևորություն ունի, և լուրջ քայլեր են արվել այդ ուղղությամբ: Իրականացվել են կտուրների վերանորոգման, պատուհանների փոփոխման, սանհանգույցների վերանորոգման աշխատանքներ` մեր կողմից տնտեսված գումարների հաշվին, առանց պետական աջակցության: 35 դպրոցում մենք արդեն ավարտել ենք վերանորոգման և սանհանգույցների արդիականացման աշխատանքները, 14-ը` միայն 2016թ., մնացել է 10-15 դպրոց, որտեղ դեռ չենք հասցրել իրականացնել այդ աշխատանքները, սակայն դրանք շարունակական բնույթ են կրում, և մարզի բոլոր դպրոցները ապահովված են լինելու պատշաճ, բարեկարգ պայմաններով:
Ավելացնեմ, որ այդ բոլոր աշխատանքներն իրականացվում են մարզպետարանի համապատասխան մասնագետների անմիջական վերահսկողության ներքո:

-Պարո՛ն մարզպետ, բավականին լայն քննարկումների տեղիք տվեց դպրոցների շրջանում օպտիմալացման ծրագրի իրականացումը: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում:

-Վերևում խոսեցի ավելորդ կամ գործառույթ չունեցող հաստիքների կրճատման մասին, ինչը այդ գործընթացի մի մասն է միայն: Ծրագրի նպատակն իրականում կրճատումներ իրականացնելը չէ, ես այն կկոչեի տարածքային զարգացման ծրագիր` դպրոցների միավորման ճանապարհով, քանի որ նպատակը կրթության որակի բարձրացումն է, ֆինանսական միջոցների նպատակային ծախսելը: ՀՀ վարչապետի հետ մեր քննարկման ընթացքում մանրամասն անդրադարձել ենք այդ խնդրին, արվել է առաջարկություն միավորել այն դպրոցները, որոնք ունեն քիչ թվով աշակերտներ, օրինակ` 3-100, որտեղ չկան նաև կրթական գործընթացի կազմակերպման համար համապատասխան պայմաններ: Մենք ունենք 30 այդպիսի դպրոց, որոնք հիմնականում գտնվում են Վարդենիսի տարածաշրջանում և Ճամբարակի մի քանի համայնքներում: Չգիտեմ, ինչու մեր նախաձեռնությունն արժանացավ թյուրըմբռնման, բայց ես հավաստիացնում եմ, որ միավորման գործընթացն իրականացվելու է պատշաճ կերպով, համապատասխան պայմանների առկայության դեպքում: Մանրամասնեմ` ես առաջարկում եմ, նախ և առաջ զարգացնել տարածքը, վերանորոգել բոլոր ճանապարհները, ապահովել ճանապարհների պահպանման խնդիրը, ուսումնասիրություն կատարել, թե որ համայնքում կարելի է միավորել դպրոցները կամ նոր դպրոց կառուցել` արդի չափանիշներին համապատասխան, ապահովել տրանսպորտային միջոցների առկայությունը, որպեսզի դրանք համայնքներից դեպի դպրոց փոխադրեն աշակերտներին և մանկավարժներին, ինչպես նաև լուծել մանկավարժների որակավորման խնդիրը, և այս ամենից հետո նոր միավորել դպրոցները: Գուցե դրա հետևանքով կրճատումներ լինեն, բայց, կարծում եմ, կարևորը կրթության որակի ապահովումն է: Դպրոցը չպետք է դարձնել հումանիտար օգնության սուբյեկտ, դա սխալ մոտեցում է:
Բոլոր հաշվարկներն այժմ արված են և ներկայացված են կառավարությանը:

-Առողջապահության ոլորտում ևս մարզը բազում ձեռքբերումներ ունի, ե՞րբ պատրաստ կլինի Սևան քաղաքի բժշկական կենտրոնի շենքը:

-Ինչպես գիտեք, մենք արդեն իսկ ավարտել ենք Գավառի և Ճամբարակի բժշկական կենտրոնների շինարարական և գործիքներով, սարքավորումներով զինելու աշխատանքները: Եվ պետք է նշեմ, որ 2016թ. տվյալներով` Ճամբարակում, նախորդ տարիների համեմատ, ծնունդների թիվը կտրուկ ավելացել է:
Մեկնարկել են Սևան քաղաքի հիվանդանոցի շինարարական աշխատանքները և 2017թ. աշնանն ավարտին կհասցվեն: Ամբողջությամբ լուծված է բժշկական կենտրոնի գույքի և սարքավորումներով ապահովվածության խնդիրը:
Մենք հոգացել ենք մեր մարզի բժշկական կենտրոնների ոչ միայն բարեկարգ վիճակի, այլ նաև բարձր մասնագիտական կադրերով ապահովելու մասին: Ունենք 67 հրավիրված բժիշկներ, այդ թվում նաև` սիրահայեր: Մենք ձգտում ենք նրանց ապահովել բարձր աշխատավարձերով:
ՀՀ նախագահի հանձնարարությամբ` Մարտունու բժշկական կենտրոնի արդիականացման խնդիրը նույնպես ուսումնասիրվել է և ներկայացվել ՀՀ կառավարությանը: Ես համոզված եմ, որ 2017թ. Մարտունիում ևս կսկսվեն առողջապահության կենտրոնի շինարարական աշխատանքները:
Դրան զուգահեռ` մենք արդեն իսկ ավարտել ենք մարզում բոլոր ամբուլատորիաների շենքերի վերանորոգման և կառուցման աշխատանքները: Չի հաջողվել նման աշխատանքներ իրականացնել միայն փոքր համայնքների բուժկետերում, որոնց համար ֆինանսական միջոցներ մինչև այսօր չեն տրվել պետական բյուջեից: Բայց մենք չորրորդ տարին է արդեն, որ մեր ֆրանսիացի գործընկերների հետ ունենք հուշագիր, և փոքր համայնքներում վերանորոգում և կահավորում ենք բուժկետերը, ապահովում բուժքույրերով:
Մեր դպրոցներում ևս աշխատում են սպասարկող բուժքույրեր, որոնք ապահովված են դեղորայքով և գտնվում են մեր վերահսկողության ներքո:
Մենք 2016թ. ընթացքում մարզի խոշոր համայնքներում պարբերաբար կազմակերպել ենք առողջապահության բաց դռների օրեր: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մեր ազգաբնակչությունը հիմնականում տեղեկացված չէ, թե ինչ իրավունքներ ունի` սկսած անվճար դեղորայքի ստացումից, մինչև տարբեր տեսակի բժշկական ծառայություններից անվճար օգտվելու կարգը: Ինչպես նաև տարիներ առաջ մեր մարզում ուղեգրումները ահռելի քանակության էին հասնում, սակայն բաց դռների օրերի շրջանակներում ազգաբնակչության հետ մեր աշխատանքների արդյունքում մայրաքաղաքի բուժկենտրոններ ուղեգրումների թիվը կտրուկ պակասել է, և մեր բնակիչները ավելի մեծ վստահությամբ և հավատով են բուժվում մարզային բուժկենտրոններում և ստանում որակյալ բուժսպասարկում:
Պետք է ավելացնեմ, որ իրականացվել են նաև բժիշկների և բուժքույրերի վերապատրաստման տարբեր ծրագրեր:

-Ի՞նչ ճակատագիր է ունենալու Վարդենիսի հիվանդանոցը, խոսքը զինվորական հոսպիտալի հետ միավորվելու խնդրին է վերաբերում:

-Երեք տարի առաջ ուսումնասիրվել և ՀՀ կառավարությանը ներկայացվել է Վարդենիսի հիվանդանոցը և զինվորական հոսպիտալը միավորելու ծրագիրը, և պետք է նշեմ, որ 2017թ. այս ծրագիրն իրականություն կդառնա, ու Վարդենիսի տարածաշրջանը կապահովվի պատշաճ բուժսպասարկում մատուցող բժշկական կենտրոնի ծառայություններով:

-Ի՞նչ ձեռքբերումներ են արձանագրվել մշակույթի, սպորտի ոլորտում: Ե՞րբ է նախատեսվում ավարտել Գավառի պետական դրամատիկական թատրոնի շենքի կառուցման աշխատանքները:

-Դրանք այն ոլորտներն են, որոնք ֆինանսական մեծ ներդրումներ են պահանջում: Իհարկե, բազմաթիվ մշակութային տներ թե՛ պետական, թե՛ համայնքային, և թե՛ տարբեր դոնոր կազմակերպությունների միջոցներով փորձել ենք վերանորոգել և վերակառուցել: Դրան զուգահեռ` մեր բոլոր կրթամշակութային հիմնարկների առջև դրված է մարզի մշակութային կյանքը զարգացնելու խնդիրը, որը նրանք սիրով կատարում են, տարբեր մշակութային միջոցառումներ կազմակերպելով մարզում բոլոր տոնական օրերին, և ոչ միայն:
Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի շենքի աշխատանքները մենք ավարտին կհասցնենք 2017թ.: Մեր մարզում կան տաղանդավոր երիտասարդներ, որոնք ստացել կամ ստանում են բարձրագույն կրթություն և համոզված եմ, որ նրանցից լավագույնները կաշխատեն մեր նորաբաց թատրոնում: Թատրոնի շենքի կառուցումը նույնպես այս տարիների մեր կարևորագույն ձեռքբերումներից է:
Մեր մարզում պարբերաբար կազմակերպվում են շախմատի մրցաշարեր, մեր բոլոր քաղաքներում, ինչպես նաև Վարդենիկ, Սարուխան համայնքներում գործում են շախմատի դպրոցներ: 2016թ. տեղի ունեցավ ավանդույթ դարձած «Սևանա լիճ» շախմատի միջազգային կարգի արդեն 10-րդ մրցաշարը, որին մասնակցում էին աշխարհի տասը լավագույն գրոսմայստերներ: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս մրցաշարն իր ներկայությամբ պատվեց ՀՀ նախագահ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:
Սպորտի բնագավառում մենք բավականին լուրջ աշխատանքներ ենք իրականացնում, ունենք միջազգային մրցաշարերում հաջող ելույթ ունեցող մարզիկներ: Այս ոլորտը նույնպես ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է, ամեն ինչ արվելու է, որպեսզի հնարավորություն ստեղծվի մեր մարզում զարգացնել սպորտը տարբեր ուղղություններով:

-Քաղաքաշինական ի՞նչ աշխատանքներ են իրականացվել 2016թ. ընթացքում:

-Այդ ոլորտում ևս ակտիվ աշխատանքներ են ընթանում, այսօր մենք ինը նախադպրոցական հաստատություն ենք վերանորոգում:
Պետբյուջեից հատկացված միջոցների հաշվին սկսեցինք Զոլաքարի թիվ 2 հիմնական դպրոցի, Սևան քաղաքի մշակույթի տան վերանորոգման և Սևանի թիվ 1 հիմնական դպրոցի ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքները, որոնք կշարունակվեն 2017թ.:
ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջոցներով իրականացվեցին Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակի, Մարտունու ծննդատան, Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի մանկապարտեզի, Վահան համայնքի արարողությունների սրահի վերանորոգման աշխատանքները, ինչպես նաև Շորժա-Վարդենիս, Անտառամեջ-Կալավան համայնքների ճանապարհների բարելավման աշխատանքները:
Մարզում իրականացվել են նաև ջրամատակարարման և ջրահեռացման մեծածավալ աշխատանքներ, այդ թվում` Ճամբարակում, Գավառում, Սևանում, Մարտունիում: Այսուհետ այդ աշխատանքները կիրականացնի Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հայտարարած մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ֆրանսիական «Վիոլա» ընկերությունը:

-Մենք տեղյակ ենք, որ ճանապարհաշինարարական աշխատանքներ ևս իրականցվել են մարզում 2016թ. ընթացքում: Ի՞նչ աշխատանքներ են դրանք:

-Մարզի ճանապարհաշինության ոլորտում 2016թ. պետբյուջեի և Համաշխարհային բանկի միջոցներով ներդրվել է մոտ 4.9 մլրդ. դրամ, որով հիմնանորոգվել է միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության շուրջ 20 կմ ճանապարհ, վերացվել են փլվածքների հետևանքները: Կիսատ մնացած ծրագրերը կավարտվեն 2017թ. ընթացքում:
2017թ. ճանապարհաշինական մեծածավալ աշխատանքներ են իրականացվելու, այդ թվում` ավարտին կհասցվի Վարդենիսից Մարտակերտ տանող ճանապարհի կառուցումը: Ծրագրի ավարտից հետո, ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, կսկսվեն Շորժա-Վարդենիս միջպետական և Ծովակ-Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր միջհամայնքային նշանակության ճանապարհաշինական աշխատանքները, ինչը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը:

-Միջազգային համագործակցության ի՞նչ ծրագրեր են իրականացվել մարզում:

-Մենք հաջողություններ ունենք նաև միջազգային համագործակցությունների ձեռքբերման ուղղությամբ: 2016թ. հոկտեմբերի 14-ին կայացած հայ-ռուսական միջտարածաշրջանային հինգերորդ համաժողովի ընթացքում ՌԴ Օմսկի նահանգապետ Վիկտոր Նազարովի հետ ստորագրեցինք ՀՀ Գեղարքունիքի մարզի և ՌԴ Օմսկի նահանգի միջև հաստատված համագործակցության հուշագիր` 5 տարի ժամկետով: Այն հիմնականում ընդգրկում է առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հասարակական ոլորտները: Կարծում եմ` մեր համագործակցությունը մեծապես կնպաստի նաև հայ-ռուսական քաղաքական ու տնտեսական, կրթական ու մշակութային հետագա կապերի զարգացմանն ու ամրապնդմանը: Իսկ դրա համար մենք ոչ միայն ձևավորված ավանդույթներ ունենք, այլ նաև` համապատասխան ներուժ և նախադրյալներ:
2016թ. նոյեմբերի 29-ին ՀՀ Գեղարքունիքի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզերի միջև վերակնքվեց համագործակցության պայմանագիր 2016-2018թթ. համար: Մեր համագործակցությունը տարիների պատմություն ունի, որի արդյունքում ձեռքբերումներ են արձանագրվել առողջապահության, տուրիզմի զարգացման և ֆրանսերենի ուսուցման ուղղություններով:

-Ի՞նչ ձեռքբերումներ են արձանագրվել մարզի հոգևոր կյանքում:

-Գեղարքունյաց թեմի առանձնանալուց հետո մարզի հոգևոր կյանքը բավականին լուրջ զարգացում է ապրել: Վերջին 5-10 տարիների ընթացքում վերականգնվել են մեծ թվով հին մշակութային կոթողներ ու եկեղեցիներ, կառուցվել են 10-յակից ավելի նոր եկեղեցիներ, ինչը Գեղարքունյաց թեմի հետևողական աշխատանքի արդյունքն է: Պետք է նկատել, որ այդ ամենը նպաստել է նաև Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների թվի ավելացմանը:

-Պարո՛ն Գրիգորյան, շուրջ հինգ տարի է, ինչ հաջողությամբ ղեկավարում եք ՀՀ Գեղարքունիքի մարզը, ամփոփելով այդ տարիները` ի՞նչ կարևոր ձեռքբերումներ կառանձնացնեք:

-Իմ գործունեության 5 տարիներն ամփոփելով` ուզում եմ մարզի ազգաբնակչության անունից երախտագիտություն հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին իր նախաձեռնած «ՀՀ տարածքների համաչափ զարգացման» ծրագրի իրականացման համար, որն իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Այդ ծրագրի շնորհիվ` մեր մարզի բոլոր ոլորտներում արձանագրվեցին լուրջ, դրական փոփոխություններ, որոնք 1-2 հարցազրույցի ընթացքում հնարավոր չէ ներկայացնել:

-Մեր հարցազրույցի սկզբում խոսեցիք ապրիլյան պատերազմի մասին, որի պատճառով մեծ ցավ և կորուստներ կրեց մեր ժողովուրդը: Դուք ուշադրության կենտրոնում եք պահում վիրավորված զինվորներին և զոհվածների ընտանիքներին: Կպատմե՞ք` աջակցության ինչ ծրագրեր են իրականցվել նրանց ուղղված:

-Ապրիլյան քառօրյա պատերազմն իսկապես մեծ ցավ է բոլորիս համար, այդ օրերին բոլորս համախմբվել, դարձել էինք ազգի զինվոր, և կարծում եմ, շատ դասեր քաղեցինք: Ես հաճախակի եմ եղել դիրքերում, աջակցություն ցուցաբերել զինվորներին, չեմ ուզում մանրամասն խոսել այդ մասին, քանի որ դա իմ և յուրաքանչյուր հայ մարդու պարտքն եմ համարում:
Այդ օրերին մեր մարզն ունեցավ 7 զոհ և 2 -ը` դրանից հետո, իսկ ողջ տարվա ընթացքում` 13 զոհ և 14 վիրավոր: Նրանք մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Ես ճիշտ չեմ համարում բարձրաձայնել մեր կողմից նրանց ցուցաբերված աջակցությունների մասին, մենք փորձում ենք բոլորին աջակցել, հատկապես զոհվածների ընտանիքներին, սակայն նաև գիտակցում եմ, որ մեզանով սահմանափակվել պետք չէ, քանի որ մեր միջոցները սուղ են: Եվ ես ուրախ եմ, որ ՀՀ կառավարությունն արդեն իսկ ունի զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու ծրագիր:

-Պարո՛ն Գրիգորյան, Դուք արժանացել եք բազում պարգևների, 2015թ.` ՀՀ նախագահի կողմից Անանիա Շիրակացի մեդալին, 2016թ.` ՀՀ Ազգային Ժողովի հետ համագործակցության և ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահի կողմից ՀՀ ԱԺ Պատվո մեդալին: Ի՞նչ կարևորություն ունեն պարգևները Ձեզ համար:

-Պարգևները յուրաքանչյուր գործչի կյանքում աշխատանքի գնահատականներ են, որոնք դառնում են կյանքի պատմության մի մաս: Բնականաբար, հաճելի է հատկապես ՀՀ նախագահի կողմից պարգևի արժանանալը, ինչը պարտավորեցնում է մշտապես բարձր պահել դրա արժեքը:

-Ավարտվեցին ամանորյա տոները, հետաքրքիր է, ինչպիսի՞ տոն է Ձեզ համար Ամանորը, ինչպե՞ս եք այն տոնում և արդյո՞ք խորհրդանշական էր Ձեզ համար 2016թ.:

-Ամանորն ինձ համար ընտանեկան ամենասիրելի ու ամենագեղեցիկ տոնն է, որի ժամանակ հավաքվում է ողջ ընտանիքս, ստեղծվում է ջերմ, սիրով լի մթնոլորտ: Այս տարին ևս բացառություն չէր:
2016թ. ինձ համար խորհրդանշական էր իմ կյանքում տեղի ունեցած մի շատ կարևոր իրադարձությամբ` ծնվեց իմ թոռնիկը, ով իր ներկայությամբ կյանքիս նոր իմաստ և գույներ հաղորդեց:

 

 

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...