15:10
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Տարվա կին գործարարը`իր համեղ և ստեղծագործ աշխատանքի մասին

2017-01-18 14:14

 

Կնոջ դերն ու նշանակությունը հասարակության շրջանում գնալով աճում է` թույլ տալով ժամանակակից հայուհուն ներդրում ունենալ Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գործում: Դա ժողովրդավարական պետության կառուցման կարեւոր բնութագրիչ է: Հայ կինը տան, օջախի լույսը լինելուց բացի, նաեւ ձեռնարկատեր է, ստեղծում է աշխատատեղեր եւ ապահովում բազում ընտանիքների բարօրությունը: Այդպիսի շնորհակալ գործունեություն է ծավալում «Սմակ» խանութ-սրճարանի սեփականատեր Կարինե Բադալյանը, ով հայրենիքն իր տունն է համարում, իսկ հայրենակիցներին` ընտանիքի անդամները, եւ իր մտահոգությունն այն է, թե ինչպես օգտակար լինի իր ընտանիքին` հայրենիքին:
Բարձր գնահատելով Կարինե Բադալյանի սերն ու նվիրումը աշխատանքին եւ իր ստեղծած սննդի արտադրության անթերի աշխատանքը` «Դե Ֆակտո» ամսագիրը նրան ճանաչում է «Տարվա կին գործարար»:

 « Դե Ֆակտո» N 127 (2016թ.) 

-Տիկի՛ն Բադալյան, նախ ուզում ենք շնորհավորել Ձեզ «Տարվա կին գործարար» ճանաչվելու առթիվ: Կարծես թե Դուք` որպես կին գործարար, մրցանակների պակաս չեք զգում, 2014թ. ճանաչվել եք լավագույնը և արժանացել «Համազգային վստահություն» խորհրդի «Հայուհի 2014» մրցանակին «Բիզնեսի լավագույն կին նախաձեռնող» անվանակարգում, ինչպես նաև ստացել եք այլ մրցանակներ: Այնուամենայնիվ, ուզում եմ հարցնել, գնահատված զգո՞ւմ եք Ձեզ, ո՞րն է լավագույն գնահատականը Ձեզ համար:

-Իհարկե, շնորհակալ եմ ինձ տրված բոլոր բարձր գնահատականների և մրցանակների համար, որոնք իմ աշխատանքի արդյունքն են և, ի վերջո, արտահայտում են իմ խանութ-սրճարանի հաճախորդների հավաքական գնահատականը: Ես այդպես եմ դիտարկում մրցանակները, քանի որ ինձ համար լավագույն և ամենաարժեքավոր գնահատականը հաճախորդի գոհունակությունն է: Ինձ համար մեծագույն հաճույք է, երբ տեսնում եմ իմ խանութ-սրճարանի հաճախորդների ժպիտները, շնորհակալ հայացքները: Եվ ես պատրաստ եմ ամեն օր վաղ առավոտից մինչև ուշ երեկո անցկացնել խոհանոցում ու ստեղծագործել նրանց համար: Այո՛, դա ստեղծագործական աշխատանք է, որի մեջ ես մեծ սեր և նվիրում եմ ներդնում` փորձելով ամեն օր նույն ուտեստը նոր ոգեշնչմամբ պատրաստել: Իմ և իմ աշխատանքային թիմի համար գերխնդիր է երբեք չշեղվել համային և որակական որևէ չափանիշից, մշտապես պատրաստել թարմ, համեղ և առողջ սնունդ: Եվ ես ամեն օր վերահսկում եմ այդ գործընթացը` ձգտելով հասնել իդեալական արդյունքի, դա կոչվում է պերֆեկցիոնիզմ, երբ կա մեծ պատասխանատվություն, ինքնաքննադատություն և ձգտում հասնելու իդեալականին: Եվ ես անչափ հուզվում եմ, նաև զարմանում, երբ տեսնում եմ, որ այդ ամենը նկատվում է մրցանակների, գնահատականների տեսքով:

-Ինչպիսի՞ տարի էր Ձեզ համար 2016թ., ի՞նչ ձեռքբերումներ ունեցաք:

-2016թ. սահմանային լարվածությունը, քառօրյա պատերազմը, կարծում եմ, խոցեց յուրաքանչյուր հայի սիրտը, և եթե այդ տեսանկյունից նայենք, տարին խնդրաշատ էր, լարված:
Մեր ընտանիքի կյանքում 2016թ. հիշարժան է թոռնուհուս` Անահիտ թագուհու անունը կրող որդուս դստեր լույս աշխարհ գալով: Հետաքրքիրն այն է, որ Անահիտը ծնվեց ապրիլի 24-ին, որը հայ ժողովրդի համար ցավ խորհրդանշող օր է, և այդ ցավը կրող ևս մեկ հայ ավելացավ: Նա մեր կյանքին նոր շունչ, նոր գույն հաղորդեց իր գեղեցիկ ներկայությամբ:
Ինչ վերաբերում է աշխատանքին, ապա այն կայուն զարգացում է ապրում, մեզ հաջողվել է մեծացնել տարածքը, ևս վեց սեղան ավելացնել, ինչպես նաև պարբերաբար թարմացնել ճաշացանկը` փորձելով համային նոր համադրություններով զարմացնել մեր հաճախորդներին: Եվ ամենակարևորը` մենք շարունակում ենք մատուցել առողջ սնունդ, որը օգտակար է թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար:

-Ո՞րն է Ձեր ամենանախընտրելի համեմունքը:

-Դժվար է ասել, բայց երևի թե ես շատ եմ սիրում սխտոր կամ օրեգան օգտագործել, ավելի շուտ` սիրում եմ խաղալ դրանց հետ, որովհետև խոհանոցն ինձ համար ստեղծագործելու վայր է, որտեղ ես անընդհատ փորձում եմ անհավանականը հնարավոր դարձնել:

-Շուրջ 18 տարի է, ինչ Դուք, մեծացած լինելով դիվանագետի ընտանիքում, ունենալով լեզվաբանի մասնագիտություն և լինելով գեղասահքի սպորտի վարպետի թեկնածու, որոշեցիք դառնալ բիզնես լեդի սննդի արտադրության ոլորտում: Գո՞հ եք Ձեր կատարած որոշումից:

-Իհարկե, գոհ եմ, իմ աշխատանքային շուրջ 20 տարիները ապացուցում են դա: Ես հաճույք ու բավարարվածության զգացողություն եմ ապրում իմ աշխատանքից, և այն ղեկավարներից չեմ, ում ներգրավվածությունն աշխատանքում սահմանափակվում է գրասենյակային աշխատանքով: Ես ինձ շատ լավ եմ զգում խոհանոցում, այնտեղ իմ աշխարհն է, իմ ստեղծագործական միջավայրը:
Իհարկե, պետք է նշեմ, որ իմ հայտնվելը հանրային սննդի սպասարկման ոլորտում խիստ պատահական էր, բայց քանի որ կյանքում պատահականություններ չեն լինում, և ամեն ինչում Աստծո կամքը կա, ես կարծում եմ, որ հայտնվել եմ այնտեղ, որտեղ պետք է լինեի` անկախ իմ մասնագիտությունից և ծագումից: Դրանում համոզված եմ, քանի որ իմ աշխատանքն այսօր կյանքիս ամենակարևոր իմաստներից մեկն է:
Ինչ վերաբերում է դիվանագետի, պետական ծառայողի ընտանիքում մեծացած լինելուն, ապա պետք է նշեմ, որ հորս դաստիարակությունը, պետականամետ մտածողությունը, հայրենասիրությունը, ազգային արժեքները դավանելը այն կարևոր ներդրումն է, որ արվել է իմ անձի կայացման գործում: Ես ծնվել և մեծացել եմ Մոսկվայում, բայց հորս հորդորով, որը դարձավ նաև իմ ցանկությունը, մենք ընտանիքով 1993թ. վերադարձանք Հայաստան` թողնելով Մոսկվայում մեր բարեկեցիկ կյանքը, աշխատանքը, տաքուկ բնակարանը: Վերադարձանք և սկսեցինք ապրել ճգնաժամի մեջ գտնվող Հայաստանի քաղաքացիների դժվար և զրկանքներով լի կյանքով: Եվ ես երբևէ չեմ զղջացել այդ որոշման համար և այդ տարիները հիշելիս բացասական զգացումներ չեմ ունենում:
Ես կարծում եմ, որ հայրենիքը ամեն հայի տունն է` ընտանիքը, իսկ հայրենակիցները` ընտանիքի անդամները, որոնց պետք է սիրել և փայփայել: Եվ որպես ընտանիքը` հայրենիքը, սիրող մարդ` անընդհատ մտածում եմ` ինչ կարող եմ անել նրա համար: Եվ ես դեմ եմ այն մտածելակերպին, թե ինչ է արել հայրենիքն ինձ համար: Մենք մեր ընտանիքի համար ինչ-որ բան անելիս չենք մտածում` արդյո՞ք դա փոխադարձ կլինի, մենք անում ենք, որովհետև սիրում ենք, նույն կերպ պետք է վերաբերվենք մեր հայրենիք-պետությանը:

-Ո՞րն եք համարում հայրենիքի համար կատարած Ձեր ամենակարևոր քայլը:

-Կարծում եմ` տնտեսության զարգացման մեջ իմ համեստ ներդրումը և 18 աշխատատեղ ստեղծելը, 18 ընտանիքների բարօրության ապահովումը: Իհարկե, կուզենայի շատ ավելին անել,գաղափարներ և ծրագրեր շատ ունեմ: Հուսով եմ` կկարողանամ դրանց իրականացմամբ ավելի մեծ ներդրում ունենալ երկրիս զարգացման գործում:

-Ինչի՞ մասին եք երազում:

-Արդեն երկար տարիներ է, ինչ երազում եմ իմ փոքրիկ ռեստորանը բացել, որտեղ ստեղծված անկաշկանդ մթնոլորտում իմ հյուրերը հնարավորություն կունենային համտեսել հետաքրքիր և համեղ ուտեստներ, հանգստանալ, վայելել օրվա այդ ժամը: Ռեստորանում ես կհրամցնեի այնպիսի ուտեստներ, որոնք իմ սրճարանում չեմ կարող, քանի որ դրանք պետք է արագ պատրաստել և տաք-տաք մատուցել, դա ռեստորանային աշխատելաոճ է: Նման ընթրիքներ ես իմ տանն եմ պատրաստում հյուրերիս համար:
Հուսամ 2017թ. կհաջողվի իրականացնել այդ երազանքս, տղաս ինձ հետ է աշխատում, կաջակցի երազանքս իրականություն դարձնել:

-Ինչպես ուտեստի համը պետք է լավը լինի, այնպես էլ կյանքինը: Ի՞նչը կամ ո՞վ է այսօր Ձեր կյանքն առավել համեղ դարձնում:

-Իմ կյանքին համ, հոտ, գեղեցկություն և իմաստ են հաղորդում երեխաներս և թոռներս: Ցավոք, աղջիկս արտերկրում է ապրում, և չեմ կարողանում հաճախակի տեսնել նրան: Ցավում եմ նաև, որ ժամանակի սղության պատճառով չեմ կարողանում լիարժեք տատիկ լինել, երկար ժամանակ անցկացնել թոռներիս հետ, որոնք իմ լույսն են, կյանքս քաղցրացնողներն ու ուրախացնողները:

-Ամանորին օրեր են մնացել, որը հիմնականում երեխաների ուրախության և հրաշքին սպասելու տոնն է, նվերներ պատրաստե՞լ եք Ձեր թոռնիկների համար, և արդյո՞ք Դուք ևս սպասում եք հրաշքի:

-Սիրում եմ Ամանորը, այն գեղեցիկ ընտանեկան տոն է, որն աշխատում եմ հնարավորինս գեղեցիկ և ուրախ անցկացնել, թեև աշխատանքային ծանրաբեռնվածությունս նախատոնական օրերին շատ մեծ է լինում: Հատկապես Ամանորն առանձնահատուկ է երեխաների համար նվերներ պատրաստելու, նրանց համար տոն ստեղծելու գործընթացով, որը շատ եմ սիրում: Արդեն պատրաստել եմ թոռնիկներիս նվերները:
Ինձ համար անչափ սպասելի օր է հունվարի 1-ը, որը, ավանդույթի համաձայն, անցկացնում եմ երեխաներիս և ընկերներիս հետ: Անհամբերությամբ սպասում եմ այդ օրվան, քանի որ ունեմ հիանալի երեխաներ և ընկերներ, որոնց անսահման սիրում եմ և իրենք էլ ինձ:
Իմ ակնկալիքը Նոր տարուց մեկն է` երեխաներիս հաջողությունները, որոնցով կարող եմ հպարտանալ և որպես մայր` ինձ բավարարված զգալ:

-Ձեր ամանորյա բարեմաղթանքը: 

-Շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը, մաղթում եմ սեր միմյանց հանդեպ, հավատ մեր երկրի ապագայի նկատմամբ, ուրախություն և երջանկություն հայ մայրերին, կանանց և խաղաղություն մեր երկրին, թող մեր ժողովուրդն այլևս վատ օր չտեսնի:

 

 

Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...