





2017-01-08 21:42
ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ծաղկաձորի քաղաքապետ
«Դե Ֆակտո» N 127 (2016թ.)
-Պարո՛ն Հարությունյան, այս չորս տարիների ընթացքում ի՞նչ հաջողություններ և ձեռքբերումներ եք հասցրել գրանցել:
-Ծաղկաձորը հանրապետության այն եզակի քաղաքներից է, որը գրավիչ է տարվա բոլոր եղանակներին: Մեղմ կլիման, զով ամառը և ձյունառատ ձմեռը միշտ դեպի իրեն է ձգում հանգստի սիրահարներին: Յուրաքանչյուր քաղաք, առանձնապես զբոսաշրջային ուղղվածություն ունեցող քաղաքները, մշտապես ունեն իրենց մեծ և փոքր առանձնահատուկ խնդիրները, երբեմն տարիների ընթացքում կուտակված և չլուծված: Պետք է խոստովանեմ, որ համայնքապետարանը, իր սակավաթիվ աշխատակազմով, ավագանու անդամներով և մեր ենթակառուցվածքային ստորաբաժանումների ուժերով, հաջողությամբ հաղթահարում է այդ խնդիրները, վճռում երբեմն արտաքնապես անլուծելի թվացող հարցերը:
Այս տարիների ընթացքում հիմնանորոգվեց մսուր-մանկապարտեզը և մանկական արվեստի դպրոցը, քաղաքի կենտրոնում սկսեց գործել տեղեկատվական կենտրոնը, հիմնարար նորոգման ենթարկվեցին հինգ բազմաբնակարան շենքերի տանիքները և մուտքերը, երեք բակերում կառուցվեցին մանկական խաղահրապարակներ:
Ընդլայնվել է քաղաքի փողոցային լուսավորության ցանցը, լուսավորության 70%-ը իրականացվում է LED լամպերով: Կարևոր խնդիր էր քաղաքի ջրամատակարարման ողջ համակարգի բարելավումը, կառուցվեց նոր ջրավազան և այժմ քաղաքը սպասարկվում է 20 ժամյա ռեժիմով: Մեզ հաջողվեց իրականացնել ասֆալտապատման հսկայածավալ աշխատանքներ, ասֆալտապատվեցին քաղաքի հիմնական և երկրորդական բոլոր ճանապարհները, և դրանք պատշաճ վիճակում են պահվում թե՛ ամռանը, թե՛ ձմռանը: Կառուցվել է քաղաքային զբոսայգի, որտեղ կգործեն քաղաքի պատմության թանգարանը, զանազան կրպակներ և մանկական խաղեր:
Քաղաքում արմատավորվել է առանցքային նշանակություն ունեցող հարցերը հանրային քննարկման դնելու ձևաչափը՝ խորապես հաշվի առնելով բնակչության առաջարկությունները և կարծիքը:
-Կատարված աշխատանքներից զատ, այսօր ի՞նչ խնդիրներ ունի քաղաքը:
-Խնդիրները շատ են և բազմաշերտ: Անընդհատ վերափոխվող աշխարհում, բնականաբար, հնարավոր չէ բավարարվել արվածով և անընդհատ առաջ շարժվել նույնաբովանդակ մոտեցումներով: Մենք քաջ գիտակցում ենք, որ այս տարբերակով առաջ գնալու դեպքում մշտապես կմնանք նույն տեղում և չենք ապահովի զարգացում: Ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ են ֆինանսական մեծ միջոցներ, որոնց հայթայթումը մեր ամենօրյա աշխատանքի հիմքն է և կարևոր ուղղությունը:
Շարունակում ենք տանել աշխատանքներ քաղաքը շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովելու ուղղությամբ: Ավարտին հասցնել LED լամպերով լուսավորության ցանցի ապահովումը, ինչպես նաև ապահովել քաղաքի հոսանքի որակյալ մատակարարումը:
Առաջնահերթ խնդիրներից եմ համարում քաղաքի հանգստի և ժամանցի կենտրոնի կառուցումը, որը կլուծի ազգաբնակչության և զբոսաշրջիկների ազատ ժամանցի խնդիրը և կստեղծի նոր աշխատատեղեր:
-Ծաղկաձորը համարվում է ակտիվ զարգացող զբոսաշրջության գոտի: Այս տարիներին զարգացման ինչպիսի՞ ցուցանիշներ եք գրանցել:
- Քաղաքում տնտեսության հիմնական ճյուղը զբոսաշրջությունն է: Քաղաքում ներկայումս գործում են շուրջ 43 հյուրանոցներ, առողջարաններ, հյուրանոցային համալիրներ և վերջերս դրանց ավելացել են հյուրատները: Վերջին տարիներին բացվել են նոր բարձրակարգ հյուրանոցներ, շատերը համալրվել նոր առաջնակարգ մասնաշենքերով: Ծաղկաձորի զբոսաշրջային հնարավորություններն ու համապատասխան ենթակառուցվածքներն առավել կատարելագործելուն միտված ծրագիր է ներկայացվել, որն արժանացել է ՀՀ նախագահի հավանությանը:
Վերջին չորս տարիներին զգալիորեն ավելացել է քաղաք այցելող զբոսաշրջիկների թիվը՝ 250000-ից այն հասել է 350000-ի և աշխատանքներ են տարվում այն առաջիկա տարիներին ավելացնելու համար: Որպեսզի քաղաքը դարձնենք էլ ավելի հասանելի առավել լայն զանգվածների համար, հաճախակի կիրառվում են սեզոնային գների ճկուն համակարգեր. ելնելով իրենց հարմարություններից, մատուցվող ծառայությունների որակից և բիզնես ծրագրերից՝ գները մեկ սենյակի համար տատանվում են 5000-80.000 դրամի սահմաններում:
-Ամրագրելով Ձեր մնայուն տեղը քաղաքականության մեջ, հաղթահարելով մի շարք դժվարություններ և փորձություններ՝ այսօր Ձեր հարազատ քաղաքին առնչվող առաջիկա ի՞նչ ծրագրեր ունեք, և ինչպիսի՞ տեսլականով:
-Այո, ճիշտ նկատեցիք, հաղթահարել եմ մի շարք դժվարություններ և փորձություններ, սակայն արդյունքում ձեռք եմ բերել փորձառություն և քաղաքային տնտեսության կառավարման հմտություններ, որոնք ինձ հնարավորություն կընձեռեն գալիք խնդիրները լուծել ավելի ճկուն և արագ, իսկ ռազմավարական խնդիրները պլանավորել առավել իրատեսական: Մեր խնդիրն է քաղաքը դարձնել միջազգային չափանիշներին համապատասխան զբոսաշրջային քաղաք, ու չնայած կատարված հսկայական աշխատանքներին, դեռևս շատ աշխատանքներ կան անելու և որպես ինձ հարազատ քաղաք կցանկանայի, որ նորացման և զարգացման հետ մեկտեղ, Թեղենիսի արևելյան լանջին գտնվող հրաշք բնությամբ օժտված քաղաքը չկորցնի իր ավանդական ծաղկաձորյան դեմքն ու ոգին:
Հարցազրույցը՝
Սյուզաննա Ղուկասյանի
Վերադառնալ