15:46
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Արտաշես Ավետիսյան

2017-01-08 16:03

  «Դե Ֆակտո» N 127 (2016թ.)

Արտաշես Ավետիսյան «Գոլդեն Գրուպ» ՍՊԸ-ի սեփականատեր /«Տարվա Երիտասարդ»/


Ցանկանում եմ, որպեսզի մենք՝ հայերս, նույնպես ստեղծենք աշխարհում ճանաչելի մեր Հայկական հյուրընկալությունը (Armenian Hospitality).
 

 Фото Sirak Ohanyan. 

-Պարո՛ն Ավետիսյան, «Դե Ֆակտո» ամսագիրը ճանաչել է Ձեզ «Տարվա Երիտասարդ», ինչի առթիվ շնորհավորում ենք: Որպես երիտասարդ, դուք բավականին ձեռքբերումներ և աշխատանքային փորձ ունեք, մի փոքր կներկայացնե՞ք ինչ աշխատանքային ուղի եք անցել:

- Անչափ շնորհակալ եմ նման կոչմանն արժանացնելու համար: Ուսումնասիրել հյուրանոցային ոլորտը և գործունեություն ծավալել այդ ոլորտում սկսել եմ շատ վաղուց: Սկզբնական շրջանում զբաղեցրել եմ տարբեր հաստիքներ: Իմ աշխատանքային գործունեությունը սկսեցի մի հյուրանոցային համալիրից, որն այսօր Հայաստանում ամենաշատ համարներ ունեցող հյուրանոցն է: «Գոլդեն Գրուպ» ՍՊԸ-ի ենթակայության ներքո են գտնվում «Գոլդեն Փելիս Ռեզորթ և ՍՊԱ»ն՝ Ծաղկաձորում, «Ռեդիսսոն Բլու» հյուրանոցը՝ Ազատության պողոտայում՝ հարակից Արենի Լճին և Հաղթանակի զբոսայգուն:
Շուտով կբացվի երրորդ «Գոլդեն Փելիս» բուտիկ հյուրանոցը Երևանի կենտրոնում:

- Խոսեցինք Ծաղկաձորում գործող «Գոլդեն Փելիս Ռեզորթ և ՍՊԱ» հյուրանոցից, որն արդեն 4 տարի է գործում է, այս տարիների ընթացքում ի՞նչ նորարարություններով եք հանդես եկել:

-Փոփոխություններ եղել են մենեջմենթի բնագավառում: Նոր ուղղվածություն ունենք՝ Հայկական հյուրընկալություն եվրոպական մոտիվներով: Այսինքն՝ հիմքում ընկած է հայկականը, հաշվի առնելով եվրոպական մի շարք նրբություններ:
Շուտով «Գոլդեն Փելիս» հյուրանոցը կհամագործակցի միջազգային բրենդ հանդիսացող հյուրանոցային ընկերության հետ. այս պահին չեմ կարող նշել, որ բրենդի մասին է խոսքը, քանի որ պայմանագրի ստորագրումը ընթացքի մեջ է:
Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում ցանկանում ենք ստեղծել երեխաների համար մանկական զվարճանքների անկյուն, որտեղ կլինի ամեն ինչ երեխաների ուրախ ժամանցն ապահովելու համար:

- Այսօր Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելիս Ռեզորթ և ՍՊԱ» հյուրանոցային համալիրը բավականին սիրված է զբոսաշրջիկների շրջանում, ո՞րն եք համարում հաջողության Ձեր բանաձևը:

- Տնտեսության յուրաքանչյուր բնագավառում ճիշտ քաղաքականություն վարելը օգնում է լինել հաջողակ և շուկայում զբաղեցնել առաջատար դիրքեր: Իմ կարծիքով մեր հաջողության գաղտնիքը սրտացավ վերաբերմունքն է և, իհարկե, բանիմաց աշխատակիցների ներգրավվածությունը: Մեզ համար շատ կարևոր է, որ մեր հայրենակիցներն իրենց հանգիստն անցկացնեն ոչ թե արտերկրում, այլ իրենց հայրենիքում: Մեզ մոտ՝ Հայաստանում, կա այն կարծիքը, որ դրսում ավելի մատչելի է հանգստանալը, քան, օրինակ՝ Ծաղկաձորում: Մենք փորձում ենք կոտրել այդ կարծրատիպը և առաջարկում ենք մատչելի փաթեթներ մեր հայրենակիցների համար: 
-Մոտենում են Ամանորն ու Սուրբ ծնունդը, տոնական ի՞նչ փաթեթներ եք առաջարկում Ձեր հաճախորդներին: 
-Այս տարի Ամանորին օգտագործելու ենք Հայկական հյուրասիրությունը՝ համեմված արտասահմանյան մատուցման նրբություններով: Ամանորի գիշերը, մինչև 12-ը կլինի շոու ծրագիր՝ հանգիստ երաժշտությամբ, այնուհետև, ժամը 12-ից հետո, երբ կսկսվի Ամանորյա միջոցառումը, 3-4 դիջեյների ուղեկցությամբ կկատարվեն 80-90-ական թվականներից մինչ մեր օրերը հնչած հայկական և արտասահմանյան սիրված լավագույն երգերը: Մտածել ենք այնպես անել, որ մեր օտարերկրացի հյուրերի համար նույնպես հետաքրքիր լինի:

Մեզ մոտ ընտանեկան փաթեթները սկսվում են 499 հազար դրամից(նախկինում 1.200.000-ի փոխարեն), որը նախատեսված է երկու հոգու համար: Փաթեթի մեջ ներառված է 3 անգամյա սնունդ և Ամանորյա տոնական ընթրիք: Նշեմ նաև, որ այս գինը մեզ մոտ բավականին մատչելի է, քանի որ Ծաղկաձորում Ամանորյա փաթեթներն անհամեմատ ավելի թանկ են: Ինչպես իմ խոսքում նշեցի, այս ամենի նպատակը մեկն է, որպեսզի մեր հայրենակիցները Ամանորը դիմավորեն իրենց իսկ հայրենիքում:

 

-Մենք բոլորս գիտենք, որ հայերս շատ ենք սիրում ձմեռային մարզաձևերը, հատկապես դահուկային մարզաձևը: Հայերից բացի, հիմնականում ո՞ր երկրներից են այցելում Ձեր հյուրերը:

- Դահուկային մարզաձևի սիրահար հյուրերը մեզ մոտ հիմնականում Ռուսաստանից են: Ֆինանսական խնդիրները հաշվի առնելով, նրանց համար ավելի մատչելի է իրենց հանգիստը անցկացնեն Հայաստանում, քան որևէ եվրոպական երկրում, իսկ եվրոպացիների համար ավելի մատչելի է օգտվել եվրոպական երկրներից՝ Ավստիա,

Շվեյցարիա, Ֆրանսիա, որտեղ ձմեռային մարզաձևերն առավել զարգացած են:

-Պարո՛ն Ավետիսյան, «Գոլդեն Գրուպ» ՍՊԸ-ի ենթակայության ներքո է գտնվում նորաբաց միջազգային «Կարլսոն Ռեզիդոր» ընկերությանը պատկանող «Ռեդիսսոն Բլու» հյուրանոցային ցանցը, ինչպե՞ս եղավ մտահաղացումը Հայաստանում բացել նման աշխարհահռչակ հյուրանոցային ցանցը:

-Ամեն ինչ սկսվեց մարկետինգային վերլուծության արդյունքից: Այսօր Երևանում ունենալով մեծ հյուրանոց շատ դժվար է գործունեություն ծավալել, եթե այն միջազգային բրենդ չէ: Հայաստանում բավականին շատ են այն միջազգային կազմակերպությունները, ովքեր շատ հաճախ են կազմակերպում տարբեր միջոցառումներ և նրանք աշխատում են միմիայն միջազգային բրենդ հանդիսացող հյուրանոցների հետ, այսինքն՝ եթե լոկալ բրենդն առաջարկում է ավելի մատչելի գին, քան միջազգային բրենդի հյուրանոցը, միևնույն է նրանք չեն ցանկանա իրենց միջոցառումն անցկացնել լոկալ բրենդի հյուրանոցում: Հենց դա էր պատճառը, որ ծնվեց այդ միտքը՝ համագործակցել միջազգային բրենդ հանդիսացող հյուրանոցի հետ և ընտրվեց հենց «Կարլսոն Ռեզիդոր» բրենդը, քանի որ այն աշխարհում ամենաարագ զարգացող հյուրանոցային խմբերից մեկն է, որը առկա է 105 երկրներում՝ գործող և կառուցվող ավելի քան 1350 հյուրանոցներով և 180 000 հյուրասենյակներով և նշեմ, որ այն ԱՊՀ երկրների շարքում առաջինն է իր վաճառքով:
Երևանում «Ռեդիսսոն Բլու» հյուրանոցն ունի 142 համար` ներառյալ հաշմանդամների համար նախատեսված 2 սենյակ, 19 լյուքս՝ բարձրակարգ հարմարություններով և շլացուցիչ տեսարանով դեպի քաղաքը և Արարատ լեռը: Ներքին դիզայնն իր մեջ ներառում է հայկական մշակույթի յուրահատկությունները՝ բնական քարի և փայտի համադրությունը: «Ռեդիսսոն Բլու» հյուրանոցն առաջարկում է հիանալի ռեստորանների և բարերի լայն տեսականի:Տանիքում գտնվող «ԱդԱստրա» բացօթյա ռեստորանը, առաջարկում է միջազգային խոհանոց, ինչպես նաև գրիլ-բար: «Լարդեր» ռեստորանում և ամառային այգում մատուցվում են միջազգային և ավանդական հայկական ուտեստներ՝ յուրահատուկ եվրոպական մատուցմամբ, իսկ «Տեռռա-սպա»կենտրոնն իր մեջ ներառում է սպա-խնամքի 7 խցիկ, չոր սաունա, թուրքական բաղնիք, ֆիթնես կենտրոն և թենիսի կորտ: Կենտրոնի տարածքում գործում է նաև 25մ երկարությամբ փակ լողավազան, որը Երևանում գործող հյուրանոցային լողավազաններից թերևս ամենամեծերից մեկն է:

-Շուրջ մի քանի ամիս է ինչ հյուրանոցը գործում է, կա՞ն արձանագրված ձեռքբերումներ, որոնց մասին կցանկանայիք խոսել:


-Իհարկե, այս կարճ ժամանակահատվածում կարողացել ենք մի շարք հյուրերից գոհունակության խոսքեր լսել: Շնորհակալագիր ունենք ՌԴ դեսպանատնից՝ Վլադիմիր Պուտինին հյուրընկալելու համար, որը մեզ համար մեծ պատիվ էր:

-Պարո՛ն Ավետիսյան, Դուք նաև հանդիսանում եք Ծաղկաձորի հյուրանոցների ասոցիացիայի նախագահը, մի փոքր կներկայացնե՞ք, ինչ գործունեություն է ծավալում ընկերությունը:


-2016 թվականի հոկտեմբերի 1-ից հանդիսանում եմ ասոցացայի նախագահը: Իմ համաձայնությունը եղել է այս պաշտոնին միմիայն նրա համար, որպեսզի համախմբեմ Ծաղկաձորում գործող բոլոր հյուրանոցները և ստեղծեմ միասնական կառույց: Մինչ իմ ղեկավարումը հյուրանոցները տարեկան վճարել են ասոցիացիային, որպեսզի արտերկրի միջազգային ցուցահանդեսներում մասնակցեն և մեր երկիրը ներկայացնեն: Մի շարք նորամուծություններ են լինելու իմ ղեկավարման ընթացքում, առաջինը կլինի այն, որ հյուրանոցները պարտավորված չեն լինի ասոցիացիային վճարել անդամակցության վճարը: Այսինքն` մենք կդիմենք այսպես ասած օնլայն ամրագրման շարժիչ միջոցին, ինչպես աշխատում են աշխարհահռչակ booking.com, expedia.no կայքերը: Պատրաստվում ենք անել ամեն ինչ Ծաղկաձորի հյուրանոցների ասոցիացիայի կայքի միջոցով: Կայքը թույլ կտա ունենալ օնլայն բազա բոլոր հյուրանոցների համար, որտեղ հյուրանոցները կարող են ներկայացնել իրենց առաջարկները, ստանալ առաջարկներ և դժգոհությունները հայտնել: Այն հյուրանոցների տնօրենները, ովքեր ընդգրկված կլինեն ասոցիացիայում և կտրամադրեն միջնորդավճար, կարող են տեսնել թե տրամադրված գումարներն ինչ ուղղությամբ են օգտագործվել:

- Պարո՛ն Ավետիսյան, դուք բավականին հաճախ եք ճանապարհորդում: Եվրոպական երկրների հյուրանոցային ոլորտում ի՞նչն է Ձեզ գրավում, որ կցանկանայիք մեզ մոտ նույնպես լիներ:


- Բոլոր այն երկրներում, որտեղ եղել եմ, ինձ զարմացնում է նրանց պատրաստակամությունը: Աշխատուժի խնդիր արտերկրում չկա, կան համապատասխան հաստատություններ, որտեղ զբաղվում են տվյալ ոլորտի մասնագետների վերապատրաստմամբ, իսկ այստեղ հյուրանոցներն իրենց իսկ միջոցներով են կատարում այդ ամենը, որն էլ դժվարացնում է աշխատանքը: Շատ կցանկանայի, որ մեզ մոտ հյուրանոցային սպասարկումը լիներ ինչպես, օրինակ՝ Արաբական Էմիրություններում, քանի որ նրանց հյուրընկալությունը, սպասարկման որակը ստանդարտներից դուրս է: Ցանկանում եմ, որպեսզի մենք՝ հայերս,նույնպես ստեղծենք աշխարհում ճանաչելի մեր Հայկական հյուրընկալությունը (Armenian Hospitality):

Հարցազրույցը՝ Սյուզաննա Ղուկասյանի 

Фото Sirak Ohanyan.

Фото Sirak Ohanyan.



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...