15:48
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Արտյոմ Աբրահամյանը՝ «Տարվա գործարար» տիտղոսակիր

2017-01-06 15:56

 Դե Ֆակտո» N 127 (2016թ.)

«Դե Ֆակտո» ամսագիրը, կարևորելով ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարը, բարձր գնահատելով ներդրողների աշխատանքը, հայկական արտադրության զարգացումն ու ընդլայնումը ոչ միայն երկրի սահմաններում, այլ նաև դրանից դուրս, մշտապես ձգտում է նպաստել հայկական բրենդերի առաջխաղացմանը` իր էջերում ներկայացնելով դրանք: 2016թ. հայկական ոսկերչական շուկա մուտք գործեց և միանգամից հավանության արժանացավ Artyom’s բրենդը, որի ֆիրմային դիզայնն ու որակը մրցունակ են միջազգային շուկայում: Artyom’s-ի հիմնադիր Արտյոմ Աբրահամյանը նպատակ ունի այն դարձնելու ճանաչված հայկական բրենդ ոսկերչության միջազգային շուկայում: Նա այն գործարարներից է, ով աշխատանքում առաջին հերթին կարևորում է որակը, ճաշակը, ներդրված գաղափարը, նվիրումը, սերը, և իր գերնպատակին հասնելու համար պատրաստ է առավել շատ ներդրումներ կատարել` քիչ շահույթ հետապնդելով: Սա նախադեպը չունեցող նախագիծ է Հայաստանի ոսկերչական շուկայում:

Բարձր գնահատելով Արտյոմ Աբրահամյանի ջանքերը, Հայաստանը ոսկերչության միջազգային շուկայում պատվով ներկայացնելու նպատակը ` «Դե Ֆակտո» ամսագիրը 2016թ. «Տարվա բրենդ» է ճանաչում Artyom’s հայկական արտադրության ոսկյա զարդերի ապրանքանիշը:

-Պարո՛ն Աբրահամյան, Դուք մեկ տարի առաջ հեղինակեցիք և իրականացրեցիք մի նախագիծ, որի գաղափարական հենքը, նպատակները բխում են մեր ազգային շահերից: Կպատմե՞ք` ինչպես մասնագիտությամբ իրավաբանը, որոշեց ներգրավվել ոսկերչության աշխարհում, ինչպե՞ս առաջացավ Artyom’s բրենդի ստեղծման գաղափարը:


-Գաղտնիք չէ, որ ես ծնվել և մեծացել եմ մի ընտանիքում, որը երկար տարիներ զբաղվում է ոսկերչական գործունեությամբ, և ինձ մանկուց գրավել է այդ ոլորտը: Դեռ փոքր տարիքից մեծ սեր եմ տածել դեպի արվեստը, երաժշտությունը, առհասարակ, գեղեցիկը, դրա միջոցով ինքնադրսևորվելու ինքնատիպ եղանակները: Իսկ ոսկու հմայքը, խոստովանենք, անդիմադրելի է, հատկապես, երբ այն զարդարվում է թանկարժեք և խորություն ունեցող քարերով: 
Կարծում եմ` Artyom’s-ի ստեղծման գաղափարը ենթագիտակցորեն տարիների ընթացքում հասունացել է իմ մեջ, ես ցանկացել եմ ստեղծել ոսկյա զարդերի ապրանքանիշ, որի յուրաքանչյուր թողարկման մեջ արտացոլված լինի ոսկու և արվեստի ներդաշնակ համադրությունը, ինձ համար դրանով է նաև որոշվում զարդի բարձրարժեքությունը: Զարդի մեջ պետք է հոգի, սեր ներդրված լինի: Այդպիսի զարդերը պատմություն ունեն, և յուրաքանչյուրի կյանքում դառնում են երջանիկ ակնթարթները հավերժացնող գեղեցիկ հուշեր, որոնք միշտ քեզ հետ են: Իզուր չէ, որ Artyom’s-ի կարգախոսն է. «Հպվե՛ք Ձեր ցանկությանը` պարզապես կրելով այն»: 
Պարզապես պետք է հասունանար այդ պահը, որ ես որոշում կայացնեի Artyom’s-ի նախագիծն իրականություն դարձնել և իրավաբանի կարիերայի փոխարեն` ընտրեի գործարարի ուղին: 
Ես իմ առջև մի փոքր ավելի բարդ խնդիր էի դրել: Ինձ համար կարևոր էր հիմնադրել ոսկյա զարդերի արտադրություն, որն իր հիմքում ունենար ոչ միայն արվեստ, գեղեցիկի ինքնատիպ արտահայտություն, այլ նաև դառնար ոսկյա զարդերի հայկական ապրանքանիշ, որը միջազգային շուկայում կառանձնանար իր բարձր որակով, ֆիրմային դիզայնով և կդասվեր էլիտար արտադրությունների շարքին: Իմ ցանկությունն էր, որ ի դեմս Artyom’s-ի` աշխարհը Հայաստանը ճանաչեր` որպես յուրահատուկ ոսկյա զարդեր ստեղծող, որակ և ճաշակ թելադրող երկիր: Այսօր կարող եմ փաստել, որ քայլ առ քայլ մոտենում եմ իմ նպատակին, ամենակարևորը` մեկնարկը տրված է:

 

Фото Sirak Ohanyan.

-Ե՞րբ և ինչպե՞ս ստեղծվեց Artyom’s-ը:

-Նախ նշեմ, որ մինչև Artyom’s-ը ստեղծելը, տարիներ շարունակ զբաղվել եմ ադամանդի առք ու վաճառքով, ոսկյա զարդերի արտադրությամբ: Ձեռք բերելով որոշակի փորձ այդ ոլորտում, ինչպես նաև տեսնելով առկա պահանջարկը` 2014թ. արդեն պատրաստ էի իրականություն դարձնելու իմ երազանքների նախագիծը` Artyom’s բրենդի ստեղծումը: Զուգահեռ` որոշեցի նաև ֆիրմային խանութ բացել, որտեղ ներկայացված կլիներ մեր արտադրանքը: Եվ արդեն 2015թ. «Ոսկու աշխարհ» ոսկերչական իրերի առևտրի կենտրոնի կենտրոնական մուտքի մոտ բացվեց Artyom’s ոսկյա զարդերի խանութ-սրահը` պաշտոնապես ներկայացնելով Artyom’s ընկերության արտադրանքը: 
Artyom’s ընկերությունը զբաղվում է ոսկուց և թանկարժեք բնական քարերից ստեղծված զարդերի թողարկմամբ: Պահպանելով հնագույն ժամանակներից ի վեր եկած ոսկերչական արվեստի ավանդույթները՝ Artyom’s բրենդը, համադրելով հնի ու նորի ձեռքբերումները, ներկայացնում է իր ֆիրմային դիզայնով թողարկվող ինքնատիպ ոսկերչական նմուշներ: Զարդերը ստեղծվում են բարձրորակ ոսկուց և թանկարժեք քարերից: Խանութում ներկայացված է կանանց և տղամարդկանց ոսկյա զարդերի լայն տեսականի, ինչպես նաև ընդունվում են անհատական պատվերներ:

- Artyom’s-ի զարդերը տարբերվում են իրենց ֆիրմային դիզայնով, դիզայներական ինչպիսի՞ խումբ է ներգրավված բրենդի արտադրանքի ստեղծման աշխատանքներում:

-Կարող եմ վստահորեն ասել, որ մեր ընկերությունում աշխատում են Հայաստանի լավագույն դիզայներները, ինչպես նաև մենք համագործակցում ենք տարբեր երկրների հայտնի դիզայներների հետ, փորձում ենք քայլել ժամանակին համընթաց, հետևել ժամանակակից միտումներին` բավարարելով թե՛ տեղի, թե՛ դրսի շուկայի պահանջարկը: Օրինակ` շատ տարբեր են եվրոպական և ԵԱՏՄ տարածքի երկրների պահանջները, մենք դրանք անպայման հաշվի ենք առնում:

-Ի՞նչ ոճ ունեն Artyom’s-ի զարդերը, և ի՞նչ հավաքածուներ են թողարկվում տարվա ընթացքում:

-Մենք հիմնականում արտադրում ենք դասական ոճի զարդեր, և տարվա ընթացքում թողարկում ենք ֆիրմային հինգ հավաքածուներ` սեզոնային և տարվա: Տարվա հավաքածուն աչքի է ընկնում ոսկու աշխարհում տիրող տարվա միտումներով, իսկ սեզոնային հավաքածուների դեպքում տարվա միտումներին գումարվում է եղանակային խորհրդանշական դիզայնը, որը մենք ամեն տարի կատարելագործում ենք. աշնանը` աշնանային գույներ և պատկերներ, ձմռանը` ձմեռային հեքիաթի մի փոքրիկ պատմություն, գարնանը` ծաղկային հետաքրքիր պատկերներ, ամռանը` ջերմ ու արևոտ տրամադրություն: 
Արդեն թողարկվել է Artyom’s-ի 2016թ. ձմեռային հավաքածուն, որը յուրահատուկ է իր ձմեռային պատկերներով` ձյան փաթիլներ, եղևնու ճյուղեր, ձյունանուշ և այլն: Օրինակ` վզնոցներից մեկի վրա կարելի է տեսնել ձմեռային մի գեղեցիկ, հեքիաթային տեսարան, որը Artyom’s-ի` ձմեռային հրաշքի ընկալումն է: Սա նոր խոսք է, նոր հայացք ոսկերչության մեջ, որը պարզապես պետք է ունենալ, զգալ և վայելել:

-Թանկարժեք ի՞նչ քարերն են հիմնականում օգտագործվում Artyom’s-ի ոսկյա զարդերը պատրաստելիս:

-Մենք աշխատում ենք ստեղծել նրբաճաշակ զարդեր և քարերի ընտրությանը մեծ կարևորություն ենք տալիս: Օգտագործվող քարերի շարքում գերակշռում են ադամանդը, օպալը, ալեքսանդրիտը, զմրուխտը, մարգարիտը, նռնաքարը և այլն: Իմ ամենասիրած քարերի թվում է օպալը, որի մեջ աշխարհ կա, կյանք կա:

-Որքանո՞վ է Artyom’s-ը պաշտպանված կեղծվելու վտանգից:

-Մեր բոլոր զարդերի մեջ տեղադրված է եռանկյունի նռնաքար, որը ուժի, թագավորության խորհուրդ ունի: Այն տարբերանշանի նման թաքցնում ենք զարդի ներսում, որն արտաքինից չի երևում: Դա մեր բրենդային արտադրանքը կեղծվելուց պաշտպանելու հիմնական միջոցն է:

-Պարո՛ն Աբրահամյան, Artyom’s-ն այնպիսի նախագիծ է, որը մեծ ներդրումներ է պահանջում, և որին համարժեք շահույթ մոտակա տարիներին գուցե չհաջողվի ստանալ: Արդյո՞ք ռիսկային չեք համարում Ձեր նախաձեռնությունը:

-Artyom’s-ն ինձ համար յուրահատուկ նշանակության նախագիծ է, որի իրականացման համար ես իսկապես շատ մեծ գումարներ եմ ներդրել, իսկ շահույթ մոտակա տասը տարիների ընթացքում չեմ ակնկալում ստանալ: Սա հեռանկարային նախագիծ է: Artyom’s-ի շուրջ հավաքված է մեծ, պրոֆեսիոնալ թիմ: Յուրաքանչյուր մանրուք մենք կարևորում ենք աշխատանքում, և ոչինչ չենք խնայում լավագույն արդյունք ստանալու համար: 
Ինչ վերաբերում է ռիսկայնությանը, բնականաբար, ռիսկեր պարունակում է նման նախագիծը: Մինչև այն իրականացնելը, շատերն էին թերահավատորեն վերաբերվում նախագծի հաջողությանը, սակայն ես այն ժամանակ էլ, այսօր էլ ասում եմ, որ հավատում եմ Artyom’s-ի հաջողությանը և վստահ եմ, որ այն ունենալու է պատմություն, և իր ձեռագրով հետք է թողնելու հայկական ոսկերչության պատմության մեջ ու բարձր է պահելու Հայաստանի անունը միջազգային շուկայում:

-Հայաստանից դուրս ո՞ր երկրներում է ներկայացված Artyom’s-ը:

-Այսօր Artyom’s ընկերությունն իր արտադրանքը ներկայացնում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև մի շարք այլ երկրներում՝ ԱՄԷ, ՌԴ, Ուկրաինա, Չեխիա, Ղազախստան, Վրաստան և այլն: Առաջիկայում կբացվի մեր ֆիրմային խանութը Մոսկվայում, դրան կհաջորդեն Պրահան, Կիևը, Թբիլիսին և այլ քաղաքներ:

-Մենք տեղյակ ենք, որ Artyom’s-ը հասցրել է մի քանի ցուցահանդեսների մասնակցել և արժանանալ հիացական գնահատականների: Ի՞նչ ցուցահանդեսներ էին դրանք:

-Այո՛, մենք ակտիվորեն մասնակցում ենք ցուցահանդեսների թե՛ Հայաստանում և թե՛ նրա սահմաններից դուրս: Դրանցից էր, օրինակ, Մոսկվայում կայացած «JUNWEX Մոսկվա» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին ռուսական առաջատար ոսկերչական ընկերություններ, ինչպիսիք են «Սոկոլովը», «Էստետը», «Տոպազը» և այլն: Մեզ հատկացված էր բավականին մեծ տաղավար, որը մեր պրոֆեսիոնալ աշխատանքային թիմը վերածել էր հաճելի և գեղեցիկ տաղավարի: Հայկական արտադրության Artyom’s բրենդն իր ճաշակով, նրբագեղությամբ, որակով ու ֆիրմային դիզայնով չէր զիջում վերը նշված հայտնի ապրանքանիշերին: Մենք արժանացանք բարձր գնահատականների, բոլորն ասում էին. «Մենք չգիտեինք, որ Հայաստանում այսպիսի որակյալ և ճաշակով զարդեր են արտադրվում»: Մենք մեծ ոգևորություն և հպարտություն ապրեցինք, որ շուրջ 1700-1800 ընկերությունների շարքում նորաստեղծ Artyom’s բրենդը կարողացավ աչքի ընկել և բարձր պահել Հայաստանի անունը: Մասնակցել ենք նաև Հայաստանում «Մերիդիան» ազատ ոսկերչական գոտու կազմակերպած ոսկերչական ցուցահանդեսին, որին ներկայացված էին ԵԱՏՄ երկրներից, Շրի Լանկայից, Թայլանդից ընկերություններ: Բացմանը ներկա էին ՀՀ նախագահը և առաջին տիկինը, որոնք բարձր գնահատեցին մեր արտադրանքը:

-Որքանով տեղյակ ենք, «Եվրատեսիլ 2016»-ի մեր մասնակիցը` Իվետա Մուկուչյանը, կրում էր Artyom’s-ի զարդերը: Որքանո՞վ եք կարևորում նման համագործակցությունները:

-Նման համագործակցություն իսկապես ունեցել ենք, Իվետան մեր զարդերն էր կրում «Եվրատեսիլ»-ի բեմում, որոնք ընդգծում էին նրա գեղեցկությունը և ապահովում շքեղ ներկայությունը եվրոպական հեղինակավոր մրցույթում: 
Կարծում եմ` նման համագործակցությունները փոխադարձաբար հաճելի են, և մենք պատրաստ ենք աշխատելու իրենց աշխատանքը սիրող, պրոֆեսիոնալ մարդկանց հետ:

-Պարո՛ն Աբրահամյան, հետաքրքիր է, ինչպիսի՞ն է Ձեր ներգրավվածությունը զարդերի ստեղծման աշխատանքներում:

-Ես 24 ժամ ապրում եմ Artyom’s-ով և, անպայման, մասնակցում եմ յուրաքանչյուր հավաքածուի պատրաստման աշխատանքներին, դիզայներների հետ քննարկում եմ զարդերի նախագծերը: Ամեն հավաքածու թողարկվում է միմիայն իմ կողմից հաստատվելուց հետո: Իմ ներգրավվածությունը չկա միայն անհատական պատվերների իրականացման մեջ:

-Որպես հիմնադիր` ի՞նչն եք կարևորում Ձեր թիմի աշխատանքում:

-Աշխատանքում ես կարևորում եմ սերը, նվիրումը, ստեղծագործական մտքի թռիչքը, ինչպես նաև պարտաճանաչությունը, աշխատասիրությունը, համառությունը: Առանձնահատուկ կարևորություն եմ տալիս որակյալ սպասարկմանը, որը մեր խանութ-սրահում բարձր հիմքերի վրա է դրված: Մեր հաճախորդը արժանանում է լավ վերաբերմունքի, եթե չի կողմնորոշվում ընտրության հարցում, ապա մեր մասնագետները պատրաստակամ են օգնելու նրան այդ հարցում, իսկ անհատական պատվերների ժամանակ` նախագծելու հաճախորդի համար նախընտրելի ոսկյա զարդի մոդելը:

-Ինչպիսի՞ն է շուկայի պահանջարկը:

-Պետք է նշեմ, որ մենք` հայերս, սիրում ենք հիշարժան օրերը խորհրդանշական, անմոռանալի դարձնել մի գեղեցիկ ոսկյա զարդի միջոցով, դա ավանդույթ է, որ դարերի խորքից է գալիս: Այդ պատճառով ոսկյա զարդերը մշտապես պահանջարկ են վայելում Հայաստանում: Սակայն եթե համեմատեմ այս տարին նախորդ տարվա հետ, ապա պետք է նկատեմ, որ 2016թ. գնողունակության աճ է նկատվել: 
Հայկական արտադրության զարդերը մեծ պահանջարկ են վայելում նաև Հայաստանից դուրս: Հայ վարպետի աշխատանքը մշտապես աչքի է ընկել իր որակով, մանրակրկիտ ու նուրբ աշխատանքով, ինչը բարձր է գնահատվում այլ երկրներում: Այնպես որ, ամփոփելով տարին` կարող եմ ասել, որ 2016թ. հաջող տարի էր:

-Ինչպիսի՞ գնային քաղաքականություն եք վարում և ովքե՞ր են Ձեր գնորդները:

-Մենք փորձել ենք այնպիսի գնային քաղաքականություն վարել, որպեսզի մեր խանութ-սրահից կարողանան օգտվել բոլոր խավերի ներկայացուցիչները, և պետք է ասեմ, որ դա մեզ հաջողվել է: Իրականում, մեր զարդերի իրական արժեքը շատ ավելի բարձր է, քան մենք ենք սահմանել, քանի որ դրանք ստեղծվում են որակյալ հումքից` դիզայներական հզոր թիմի աշխատանքի արդյունքում, սակայն մեզ համար ամենակարևորն ազգային բրենդի կայացումն է, ինչի համար մենք պատրաստ ենք մեծ շահույթ չհետապնդել:

-Ինչպիսի՞ն եք տեսնում Artyom’s-ը տասը տարի անց:

-Իմ պատկերացմամբ` տաս տարի հետո Artyom’s-ը ճանաչված բրենդ է լինելու և մեծ հեղինակություն է վայելելու աշխարհի տարբեր երկրներում:

-2017թ. հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք:

-Մենք ծրագրում ենք 2017թ. սկզբին ևս մեկ խանութ-սրահ բացել Երևանի փոքր կենտրոնում, ինչպես նաև մեր ֆիրմային խանութը կբացվի Մոսկվայում, որից հետո` Պրահայում:

-Պարո՛ն Աբրահամյան, հետաքրքիր է, ի՞նչ նախասիրություններ ունեք:

-Սիրում եմ շախմատ խաղալ, ավարտել եմ Շախմատի դպրոցը, ստացել եմ առաջին կարգ: Շատ եմ սիրում նաև ճամփորդել, ծանոթանալ այլ մշակույթների, խոհանոցների հետ: Նախապատվություն եմ տալիս ծովային մթերքներին, սիրով ճաշակում եմ դրանք յուրաքանչյուր երկրում, որտեղ այցելում եմ: Սիրում եմ նաև սպորտով զբաղվել, առողջ ապրելակերպ վարել:

-Մի փոքր պատմեք Ձեր ընտանիքի մասին, ինչպիսի՞ ընտանիքում եք մեծացել:

-Ծնվել և մեծացել եմ հայկական ավանդական ընտանիքում, ունեմ մեկ եղբայր, ես մեծն եմ: Հայրս իմ և եղբորս լավագույն խորհրդատուն է, ընկերը: Մենք մշտապես մեր բոլոր որոշումները համատեղ քննարկում ենք և աշխատում պահպանել մեր ընտանեկան անդորրը: Իսկ մայրս մեզ համար սրբություն է, ում սիրում ենք, հարգում և գնահատում: 
Ես և եղբայրս ստացել ենք բավականին խիստ դաստիարակություն, մեր ծնողները մշտապես հետևել են մեր յուրաքանչյուր քայլին, հորդորել լինել ազնիվ, արդար, բարի, սկզբունքային, սիրել մեր հայրենիքը և ընտանիքը:

-Որքանով տեղյակ ենք, ամուսնացած չեք: Ինչպիսի՞ ընտանիքի մասին եք երազում:

-Որպես հայ տղամարդ` երազում եմ հայկական, ավանդական մեծ ընտանիքի մասին, որտեղ տիրում է սերը և հարգանքը միմյանց հանդեպ: Կարծում եմ` յուրաքանչյուր տղամարդու կյանքում ընտանիքը մեծ դերակատարություն ունի և նրա հաջողության գլխավոր գրավականն է:

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի 

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...