02:12
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հայ կինը մեծ դերակատարում ունի ապահով և բարեկեցիկ Հայաստանի կառուցման գործում

2016-12-24 14:29

Դե Ֆակտո» N126 (2016թ.)

Կարինե Պողոսյան
ՀՀ Ազգային ժողովի «Հանրապետական»
(ՀՀԿ) խմբակցության պատգամավոր

-Տիկի՛ն Պողոսյան, սահմանադրական բարեփոխումները զարգացման լուրջ նախադրյալներ ստեղծեցին Հայաստանի համար: Ինչպե՞ս կգնահատեք այդ փոփոխությունները:


-Սահմանադրական բարեփոխումները, որ առաջարկվել են երկրի իրավիճակի համակողմանի և հետևողական վերլուծության հիման վրա, բխում են ժողովրդի շահերից և տանելու են ավելի ժողովրդավարական կառավարման: Դրանք նախևառաջ նպաստում են մեր երկրի կառավարման հեշտացմանը և արդյունավետությանը, որովհետև կառավարման պառլամենտական համակարգը բացառում է անձնավորված կամ գերանձնավորված քաղաքականության իրականացումը: Վստահ եմ, որ այդ փոփոխությունները միայն դրական նշանակություն կունենան և իսկապես կնպաստեն մեր երկրի զարգացմանը:

-Որքանո՞վ հնարավորություն կտա նոր ընտրական օրենսգիրքն առավել արդար և թափանցիկ իրականացնել ընտրական գործընթացները Հայաստանում:

-Նոր ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները վերջին շրջանում դարձել էին քաղաքական օրակարգի գլխավոր թեման: Ի վերջո, երկարատև ու մանրակրկիտ քննարկումների արդյունքում ձևավորված օրենսգիրքն առաջարկում է նոր մեխանիզմներ ընտրությունների որակի ու թափանցիկության բարձրացման ուղղությամբ: Կարծում եմ՝ նոր օրենսգիրքը շատ ավելի պրակտիկ է, գրեթե զրոյական մակարդակի են հասցված խախտումների, կրկնակի քվեարկությունների հնարավորությունները:

-Որպես ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ ինչպե՞ս կգնահատեք հանձնաժողովի աշխատանքները, առաջիկայում ի՞նչ աշխատանքներ պետք է իրականացնի հանձնաժողովը:

-Հանձնաժողովը, իսկապես զգալի աշխատանք է կատարել ու շարունակում է կատարել: Մի շարք օրենսդրական նախաձեռնություններ են իրականացվել, որոշակի պարբերականությամբ հրավիրվում են խորհրդարանական լսումներ, արտագնա նիստեր թե՛ գիտակրթական, թե՛ պատմամշակութային ուղղվածությամբ: Նախագծերը, որոնց համար գլխադասային է նշանակվում մեր հանձնաժողովը, մանրակրկիտ քննարկվում են, տրվում է համապատասխան եզրակացություն: Բավականին ակտիվ է գործում հանձնաժողովին կից երիտասարդական խորհրդարանը, որի աշխատանքները ևս համակարգում է մեր հանձնաժողովը: Առաջիկայում սպասվում են նոր նախագծեր, օրենսդրական նախաձեռնություններ, քննարկումներ ԿԳՆ-ի հետ:

-Տիկի՛ն Պողոսյան, կանանց ընդգրկվածությունը տարբեր ոլորտներում գնալով ընդլայնվում է, Դուք՝ որպես կին պատգամավոր, որքանո՞վ եք կարևորում կանանց դերը և ներդրումը երկրի զարգացման գործում:

-Կարծրատիպ կա, որ քաղաքականությամբ պիտի զբաղվեն միայն տղամարդիկ: Սակայն պետության ներքին և արտաքին քաղաքական այն ոլորտներում, որոնցում կանայք ներգրավված են, հաջողություններն անխուսափելի են: Ես կարծում եմ, որ հայ կինը կարող է իր լուման ունենալ ապահով և բարեկեցիկ Հայաստանի կառուցման գործում: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ Հայաստանում կանայք մեծ հետաքրքրություն են ցուցաբերում քաղաքականության նկատմամբ, աճել է նրանց քաղաքացիական ակտիվությունը:
Ավելացնեմ նաև, որ հայ կնոջ՝ քաղաքական, հասարակական ոլորտներում ներգրավվածությունը երբեք հակասության մեջ չի եղել ընտանիքում նրա կարևորագույն դերի ու գործառույթների հետ:

-Ինչպիսի՞ հատկանիշներ ունի հայուհին, որոնց շնորհիվ նա կարողանում է լիարժեքորեն իր ընտանիքի և երկրի տերը լինել:

-Հայուհին, իմ կարծիքով, կնոջ բացառիկ տեսակ է: Հայ կինը ուժեղ է և միաժամանակ կանացի, նվիրված է ու արժանապատիվ: Թերևս, հենց այս հատկանիշների շնորհիվ նա կարող է համատեղել ընտանեկան երջանկությունը քաղաքական, հասարակական գործունեության հետ: Կարծում եմ` հայ կնոջ ամենամեծ առաքելությունը կիրթ և խելացի, հայրենասեր երեխաներ դաստիարակելն է, որոնց վրա էլ պիտի հիմնվի ապագա քաղաքակիրթ հասարակությունը: Ի վերջո, հայ կինն ունի գեղեցիկի յուրահատուկ ընկալում, ուստի` նրան ոչ միայն ընտանեկան, այլ նաև հանրային կյանքն ավելի գեղեցիկ դարձնելու հնարավորություն պետք է տալ:

 


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...