2013-01-12 11:05
Կարինե Շահվերդյան, «Բիզնես ամսագրի հիմնադիր տնօրեն
Ամսագիրն ուղղված է բացառապես բիզնես աշխարհին. նրա մասին հնարավորինս բովանդակալից, հակիրճ և նպատակային տեղեկատվության մատուցմանը:
-Հարգելի´ Կարինե, շնորհավորում ենք Ձեզ «Բիզնես»ամսագրի ստեղծման առթիվ: Կպատմե՞քˋ ինչպես առաջացավ ամսագիր ստեղծելու գաղափարը և հատկապես «Բիզնես» ամսագրի:
-«Բիզնես» ամսագրի գաղափարը իրականում վաղուց էր ձևավորվել, քանի որ ինքս երկար տարիներ ի վեր աշխատում եմ այս բնագավառում: Պարզապես, ստեղծման պահը հասունացավ այս տարի: Ստեղծման շարժառիթներից մեկը, իսկապես, նման ֆորմատի և ուղղվածության տպագիր տեղեկատվական աղբյուրի բացակայությունն էր:
-Ամսագիրը բիզնես ոլորտն է լուսաբանում, ինչպիսի՞ն է նյութերի մատուցման ձևաչափը:
-Մենք ստեղծագործական ողջ խմբով ձևաչափի վերաբերյալ բավականին երկար ենք մտածել: Այն ֆորմատը, որը, ի վերջո, ընտրեցինք, թերևս միակն է այսօր գոյություն ունեցողներից: Ամսագիրը ուղղված է բացառապես բիզնես աշխարհին. նրա մասին հնարավորինս բովանդակալից, հակիրճ և նպատակային տեղեկատվության մատուցմանը:
-Ի՞նչ նորություն բերեց ամսագրային դաշտ «Բիզնես»ամսագիրը:
-«Բիզնես»ամսագիրն արդեն ինքնին նորություն է իր ձևաչափով: Հայտնի է, որ ամսագիրը բաղկացած է լինում հոդվածային և գովազդային մասերից: Գովազդային մասով «Բիզնես»ամսագրի կողմից դաշտ բերված նորույթը կայանում է նրանում, որ գովազդները մատուցվում են միայն երկէջանի ծավալով, ինչը թույլ է տալիս ոչ միայն զուտ պատկերային գովազդ մատուցել, այլ նաև տեղադրել տեքստային ինֆորմացիա գովազդվող պրոդուկտի մասին, որը մեկ էջից բաղկացած գովազդների դեպքում գրեթե անհնար է կամ բավականին դժվար ինտեգրվող: Հոդվածային մասով ամսագիրն առանձնանում է նրանով, որ առաջին հերթին շատ բծախնդրորեն է ընտրվում նյութը, որի մասին պատրաստվում է հոդվածը` լավ հասկանալով այն, որ ընթերցողին պետք չէ ծանրաբեռնել կամ ձանձրացնել ամսագրի ֆորմատին չհամապատասխանող կամ ոչ արդիական թեմաներով: Երկրորդ հերթինˋ հստակորեն պահպանվում է այն սկզբունքը, որ հոդվածները պետք է լինեն առաջատար ոլորտների վերաբերյալ, որպեսզի լուսաբանեն ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային բիզնեսի պրակտիկան և հաջողության բանաձևերը:
Տնտեսության զարգացումը, պետական աջակցությունը, համազգային մտածելակերպը և մարդկանց կենսամակարդակի բարձրացումը. սրանք են այն խնդիրները, որոնց լուծումը ես հրատապ եմ համարում:
-Որպես հիմնադիր տնօրենˋ ի՞նչ պահանջներ ունեք ամսագրի աշխատակիցների նկատմամբ, ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում:
-Որպես աշխատանքային սկզբունքˋ ես որդեգրել եմ այն մոտեցումը, որ ամեն ինչում և մշտապես պետք է կարևորել գործընկերների վստահությունը: Եվ այդ վստահության կարևորումն էր, որ ապահովեց «Բիզնես»ամսագրի առաջին համարի հաջողությունը: Իմ կողմից աշխատակազմին ներկայացվող միակ պահանջը հենց այդ սկզբունքին անվերապահորեն հետևելն է և մասնագիտական բոլոր ջանքերի ներդնումը աշխատանքի բարձր որակն ապահովելու համար:
-Ի՞նչ խնդիրներ եք տեսնում բիզնես դաշտում, որոնց լուծումը հրատապ եք համարում:
-Հարցը բավականին նուրբ է և ծավալուն: Փորձեմ պատասխանել հնարավորինս հակիրճ` ամսագրի ձևաչափի համաձայն: Երևի թե ամենագլոբալը և աղբյուրը մնացած բոլոր խնդիրների, երկրի տնտեսական ոչ կայուն վիճակն է: Տնտեսության զարգացումը, պետական աջակցությունը, համազգային մտածելակերպը և մարդկանց կենսամակարդակի բարձրացումը. սրանք են այն խնդիրները, որոնց լուծումը ես հրատապ եմ համարում:
-Ի՞նչ եք կարծում, որպես կոմերցիոն նախագիծˋ այն կարդարացնի իրեն:
-Ցանկացած նոր նախաձեռնություն իրականացվում է միայն հաջողության հավատի հիման վրա: Որպես նախագիծ, որը դեռևս թողարկել է մեկ համար, առանց չափազանցության կարելի է ասել, որ արժանացել է բիզնես հանրության հավանությանը և ստացել է բարձր գնահատական: Կարդարացնի այն իրեն հետագայում, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Սակայն ես ունեմ այն վստահ համոզմունքը, որ ցանկացած գործ, ի վերջո, հաջողվում է կամ ձախողվում միայն այն պատճառով, թե ինչպիսի պատասխանատվությամբ ես դրան վերաբերվում: Բարձր պատասխանատվությունը, աշխատասիրությունը և ձիրքը այն կարևոր հիմնաքարերն են, որոնց վրա և հիմնված է ցանկացած նախագծի հաջողությունը:
-Ձեր ամանորյա բարեմաղթանքը:
-Իմ բարեմաղթանքը գուցե թվա Ամանորի գիշերվա հեքիաթից ծնված, բայց ես իսկապես կուզեի, որ մարդկանց մեջ գերիշխեր ազնվությունը, անկեղծ ուրախությունը դիմացինի հաջողությունների համար, սերը և բարի գործեր իրականացնելու ձգտումը:
Հարցազրույցըˋ Սուսաննա Թամազյանի
«Դե Ֆակտո» N79 (2012թ.)
Վերադառնալ