10:36
07/27/2017
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Բոլոր մշակված ծրագրերն ու աշխատանքներն ուղղված են համայնքի զարգացմանն ու բարելավմանը

2016-12-16 11:20

«Դե Ֆակտո» N125 (2016թ.)

«Դե ֆակտո» ամսագրի զրուցակիցն այս
անգամ Մրգավան համայնքի ղեկավար
Սամվել Վարդանյանն է:

-Պարո՛ն Վարդանյան, նախ ցանկանում ենք շնորհավորել Ձեզ Մրգավան համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, տեղյակ ենք որ Ձեր հայրը երկար տարիներ եղել է Մրգավանի ղեկավարը և կարելի է ասել, որ դուք շարունակում եք Ձեր հայրիկի աշխատանքը:
-Շնորհակալություն: Այո, հայրս 1996-2005թթ. աշխատել է Մրգավան համայնքում որպես գյուղապետ: Նրա ղեկավարման տարիներին համայնքի բնակիչների համար զգալի աշխատանքներ են կատարվել՝ մասնավորապես գազաֆիկացման աշխատանքներ, խմելու ջրի ջրագծերի անցկացման աշխատանքներ: Իհարկե, այդ ամենը կատարվել է մեծ դժվարությամբ. բոլորիս է հայտնի, թե նորանկախ Հայաստանի Հանրապետության համար ինչ ծանր ու դժվարին տասնամյակ է եղել 1990-ից մինչև 2000 թվականն ընկած ժամանակահատվածը:
Անհրաժեշտությունից ելնելով ես էլ 2011-2015թթ գտնվել եմ արտասահմանում: 2016 թվականին որոշեցի վերադառնալ հայրենիք: 18.09.2016 թվականից Մրգավան համայնքի համայնքապետն եմ: Շատ եմ սիրում իմ համայնքը և ամեն ինչ անելու եմ, որպեսզի Մրգավանն էլ ավելի բարեկարգվի և շենանա:

-Որքա՞ն բնակչություն ունի համայնքը և ո՞րն է բնակչության հիմնական զբաղմունքը:

-Համայնքն ունի 2124 բնակիչ,համայնքում առկա է 482 տնտեսություն: Բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ. մշակում են խաղող, տարբեր տեսակի պտուղ-բանջարեղեն, կան նաև անասնապահությամբ իրենց ապրուստը վաստակող տնտեսություններ:

-Պարո՛ն Վարդանյան, այսօր համայնքում ի՞նչ խնդիրներ կան, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն:

-Ինչպես Հանրապետության գրեթե բոլոր համայնքներում, այնպես էլ մեզ մոտ կան մի շարք չլուծված խնդիրներ: Մեզ համար կարևոր խնդիր է ոռոգման համակարգի բարելավումը: Անհրաժեշտ է կիսախողովակներ տեղադրել, որպեսզի ջուրը բնակիչներին ավելի արագ և անկորուստ հասնի և մի շարք հողատարածքներ, որոնք այդ պատճառով անջրդի են մնացել, հնարավոր լինի ոռոգել:
Գալիք տարում ոռոգման կայուն ցանց ունենալու վերաբերյալ մշակված ծրագիրը կներկայացնենք մարզպետարան և հույս ունեմ, որ այս խնդիրը կստանա իր հանգուցալուծումը:
Համայնքում առաջնահերթ լուծման կարիք ունեցող խնդիրներից է փողոցների բարեկարգման, ասֆալտապատման խնդիրը: Մինչ 2018 թվականի վերջը նախատեսում ենք ավարտել համայնքի կենտրոնական փողոցների ասֆալտապատման ծրագիրը:
Այս պահին ընթացքի մեջ են բուժ.ամբուլատորիայի պատուհանների փոխման աշխատանքները: Բոլոր նպատակներն ու մշակված ծրագրերն ուղղված են համայնքի զարգացմանն ու բարելավմանը:

-Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինի համայնքապետը:

-Առաջին և ամենակարևոր սկզբունքն ինձ համար զսպվածությունն է. աշխատանքում պետք է լինել խստապահանջ՝ չկորցնելով մարդկային որակներն ու ունեցածդ բարությունը: Պետք է ցանկացած պարագայում մարդկանց հանդեպ լինել հարգալից, բարյացակամ և հանդուրժող:

-Եվ վերջում, մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:


-Ընտանիքն ազգի հենասյունն է: Յուրաքանչյուր մարդ հարուստ է իր ստեղծած ներդաշնակ և գեղեցիկ ընտանիքով:
Ամուսնացած եմ, ունեմ երկու երեխա՝ տղա և աղջիկ: Շատ եմ սիրում իմ ընտանիքը:


Հարցազրույցը՝ Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ