04:33
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ` միջազգայնացման ճանապարհին

2016-12-02 14:12

Երևանի պետական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆ

 «Դե Ֆակտո» N125 (2016թ.)

-Պարո՛ն Սիմոնյան, շուրջ տասը տարի է, ինչ ղեկավարում եք Երևանի պետական համալսարանը` Հայաստանի մայր բուհը, ինչը, անշուշտ, մեծ պատասխանատվություն է: Ի՞նչ կարևոր զարգացումներ է ապրել բուհը այդ տարիների ընթացքում:


-Բոլոնիայի հռչակագրի ստորագրումից հետո Հայաստանի կրթական համակարգը թևակոխեց զարգացման նոր փուլ, որի ընթացքում իրականացվեցին բավականին լուրջ բարեփոխումներ:
Երևանի պետական համալսարանն այդ գործընթացի ամենաակտիվ մասնակիցներից մեկն է, և վերջին տասը տարիների ընթացքում բավականին լուրջ ձեռքբերումներ է ունեցել, որոնք միանշանակ մեծ ազդեցություն են ունեցել կրթության բարձր որակի ապահովման վրա:
Առաջին հերթին մեզ հաջողվեց ամբողջովին վերափոխել ԵՊՀ կրթական բոլոր ծրագրերը, հատկապես կուզենայի շեշտել մագիստրոսական ծրագրերը, որոնք բոլորովին նոր են, կազմվել են առաջադեմ մոտեցումների և միջազգային կրթական փորձի հիման վրա:
Երկրորդը մեր ստեղծած կրթական ծրագրերի ներդրման և որակի վերահսկման համակարգն է, որը նախկինում չունեինք:
Երրորդը մեր ակտիվ գիտահետազոտական գործունեությունն է, որի ուղղությամբ բավականին լուրջ քայլեր և ներդրումներ են արվել. ԵՊՀ-ում բացվել են նոր ուղղություններով ժամանակակից գիտահետազոտական կենտրոններ, լաբորատորիաներ, հատկապես` բնագիտական և հումանիտար գիտությունների ոլորտում:
Չորրորդը համալսարանի կառավարման համակարգի կատարելագործումն է, այդ թվում` ֆինանսական, որի շնորհիվ այն դարձել է առավել ճկուն, բաց, հասարակության համար ընկալելի: Մասնավորապես` ստեղծվել են նոր ստորաբաժանումներ Էլեկտրոնային ռեսուրսների կառավարման և զարգացման ոլորտում, որն անցյալում ուղղակի չէր կարող լինել: Դա բավականին բարդ աշխատանք էր, ժամանակի պահանջ, որը մեզ հաջողվեց կատարել:
Հաջորդ ուղղությունը, որը վերջին տասը տարիներին առաջընթաց է ապրել, մշակութային կյանքն է: Համալսարանը սկսել է ակտիվորեն զբաղվել ուսանողի ազատ ժամանակը լցնելու գործով: Մեր մշակութային կենտրոնը, գրական, բանավիճային ակումբները բավականին ակտիվորեն գործում են: Կարևորում եմ «Վարդանանք» ակումբը, որը շատ օգտակար գործունեություն է ծավալում հայրենասիրական դաստիարակության ոլորտում:
Հաջորդը՝ թերևս ամենակարևորը, միջազգայնացման գործընթացում ԵՊՀ ակտիվ ներգրավվածությունն է:

-Ի՞նչ աշխատանքներ են իրականացվում միջազգայնացման գործընթացում:

-Միջազգայնացման գործընթացում ակտիվ ներգրավվածության արդյունքում ԵՊՀ-ն ձեռք է բերել 270-ից ավելի գործընկեր համալսարաններ աշխարհի տարբեր ծայրերում: Մեզ հաջողվեց ոչ միայն վերականգնել նախկինում` խորհրդային տարիներին, ունեցած կապերը, որոնք 90-ականներին մեծամասամբ կորցրել էինք, այլ նաև ստեղծել նորերը, հատկապես եվրոպական կրթական տարածքում: Այդ գործընթացում ամրացան ԵՊՀ գիտական կապերը, ավելացավ մեր ուսանողների, ասպիրանտների փոխանակման ծրագրերի, գործուղումների թիվը` մի բան, որ անցյալում հազվադեպ էր իրականացվում:
Եվ ես պետք է հպարտությամբ նշեմ, որ մենք դեռևս առիթ չենք ունեցել նեղվելու մեր ուսանողների գիտելիքների պակասից, ընդհակառակը` նրանք բավականին պատրաստված են և ունակ իրենց լավագույնս դրսևորելու մրցակցային դաշտում: Անշուշտ, նրանց մասնագիտական զարգացման, նոր մտածողության ձևավորման գործում մեծ դերակատարություն ունեն այդ այցելությունները, շփումը միջազգային փորձի հետ, համագործակցությունը սերնդակիցների հետ գիտահետազոտական ոլորտում, ուսանողական կազմակերպությունների հետ կապերի հաստատումը:
Մեր համագործակցության հիմնական ծրագրերը Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լեհաստանի, Չինաստանի և մեր ավանդական գործընկերների` Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի առաջավոր համալսարանների հետ են իրականացվում: Մենք նպատակ ունենք ԵՊՀ միջազգայնացումը հասցնել շատ բարձր մակարդակի` հիմնվելով մեզ նման համալսարանների միջազգային փորձի վրա: Դրանում պետք է ներգրավված լինի ինչպես մեր դասախոսական և գիտական ողջ ներուժը, այնպես էլ ուսանողությունը: Թեև պետք է նշեմ, որ այսօր մեր ուսանողները շատ ակտիվ մասնակցում են այդ գործընթացին, ինչպես երբևէ:

-Ի՞նչ փոփոխություններ են կատարվել մագիստրոսական ծրագրերում և որքանո՞վ են դրանք կենսունակ:

-ՀՀ համալսարանական կյանքում մագիստրոսական ծրագրերը ներդրվել են ոչ այնքան վաղուց և բնական է, որ սկզբնական շրջանում դրանք չէին ապահովում անհրաժեշտ որակ, կարծում եմ` այլ կերպ չէր էլ կարող լինել: Սակայն տարիների փորձն այսօր թույլ է տալիս մագիստրոսական կրթության համակարգում նոր ծրագրերի ներդրման շնորհիվ ստեղծել կրթական առավել բարձր մակարդակ:
Մենք ստեղծել ենք մագիստրոսական նոր ծրագրեր, որոնք, ըստ էության, բոլորովին տարբերվում են բակալավրի և մինչ այդ առկա մագիստրոսական ծրագրերից: ԵՊՀ մագիստրոսական կրթության համակարգը լուրջ ձևափոխությունների է ենթարկվում, դառնում ավելի ճկուն ոչ միայն ծրագրային, բովանդակային իմաստով, այլ նաև նոր ուղղվածությունների: Այսինքն` մեր մագիստրատուրան ունենալու է երկու ուղղվածություն` մասնագիտական մագիստրատուրա և ակադեմիական կարիքների համար մագիստրատուրա: Անցումն այս համակարգին պահանջում է ավելի ճկուն մոտեցում, համակարգված աշխատանք և փոփոխությունների նկատմամբ առավել զգայուն անձնակազմի ձևավորում:

-Կմանրամասնե՞ք` որն է մագիստրոսական ծրագրերի երկու ուղղվածությունների էությունը և ե՞րբ են դրանք սկսելու գործել:

-Մասնագիտական մագիստրատուրայի խնդիրը գիտելիքների և հմտությունների ապահովումն է ինչպես նեղ մասնագիտական ուղղություններով, այնպես էլ մի քանի գիտությունների հատման կետում, որպեսզի մագիստրոսի աստիճան ստացող մեր շրջանավարտն ունակ լինի աշխատելու իր ընտրած մասնագիտական ոլորտում արդի պահանջներին համապատասխան:
Ակադեմիական կարիքների համար մագիստրատուրան պատրաստում է ապագա գիտնականների, որոնք ցանկություն ունեն իրենց ներդրումն ունենալ Հայաստանի գիտական ոլորտի զարգացման գործում:
Այժմ մենք այդ ծրագրերի ներդրման փուլում ենք, բովանդակային առումով դրանց ներդրման աշխատանքներն արդեն սկսվել են, իսկ հաջորդ տարվանից կսկսենք պիլոտային ծրագրերը, և կարծում եմ` մեկ-երկու տարվա ընթացքում այդ ծրագրերի ներդրման գործընթացն ամբողջությամբ ավարտին կհասցնենք:

-Գիտահետազոտական ի՞նչ կենտրոններ են բացվել ԵՊՀ-ում:

-Այս տարի մենք երեք նոր լաբորատորիաներ ենք ստեղծել երիտասարդ մասնագետների և ուսանողների համար, զինել դրանք անհրաժեշտ սարքավորումներով: Դա ուսանողների տարածքն է, որտեղ նրանք ազատ են իրագործելու իրենց գիտական գաղափարները: Նրանց այսօրվա աշխատանքները հիմնականում վերաբերում են ռոբոտատեխնիկայի, կենսաբանության, էներգետիկայի բնագավառներին: Մենք նպատակ ունենք ընդլայնելու այս գործունեությունը, ստեղծելու ևս 3-5 լաբորատորիա:
Մենք ստեղծել ենք նաև գերազանցության կենտրոններ` շնորհիվ Համաշխարհային բանկի տրամադրած դրամաշնորհների և ԵՊՀ-ի ֆինանսավորման: Ստեղծվել է, օրինակ, Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնը, որն իր շուրջ է համախմբել մյուս լաբորատորիաները, և այժմ նրանք շատ հետաքրքիր հետազոտություններով են զբաղվում: Օրինակ` հնագիտական պեղումներից ստացված խաղողի կորիզների հիման վրա ուսումնասիրում են խաղողի հին սորտերը, որոնք երբևէ եղել են Հայաստանում: Մենք շարունակելու ենք կենսահնագիտության մագիստրոսական ծրագիրն իրականացնել, որի շնորհիվ կպատրաստենք մասնագետներ, որոնք կլինեն և՛ հնագետ, և՛ կենսաբան, այսինքն` կզբաղվեն հնագիտական պեղումներով և դրանց հետևանքով ստացված օրգանական նյութի ուսումնասիրություններով: Հետաքրքիր է, որ մեր ուսանողներն ուսումնասիրում են 5000 տարի առաջվա ցորենի մնացորդները և փորձում են դրանցից վերականգնել կենդանի բույս:
Մենք ունենք ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան սարքավորումներով համալրված ֆարմացիայի գիտակրթական լաբորատորիաներ, որտեղ ուսանողներին ընձեռվում է ինքնուրույն գիտական փորձ ձեռք բերելու հնարավորություն ֆարմացիայի գրեթե բոլոր ուղղություններով: Լաբորատոր միջոցները և սարքավորումները ձեռք ենք բերել գերմանական և շվեյցարական առաջատար ընկերություններից: Դրանք տարածաշրջանում լավագույնն են և նոր ուղիներ են բացում եվրոպական և ռուսական հետազոտական առաջատար լաբորատորիաների հետ լուրջ համագործակցություն ծավալելու համար: Մենք փորձում ենք իրար հետ համակցել համալսարանական ֆակուլտետը, ակադեմիական ինստիտուտը և արտադրությունը: Այդպիսի համագործակցություն ունենք Բելգորոդի համալսարանի հետ. մեր ուսանողները պարբերաբար մեկնում են այնտեղ, մասնակցում նրանց լաբորատորիայի աշխատանքներին, կատարում մագիստրոսական թեզեր, և նույն կերպ իրենց ուսանողներն են այցելում մեր Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետ, աշխատանքներ իրականացնում մեր լաբորատորիաներում: Այդ գործընթացը շարունակական է լինելու, քանի որ դրա արդյունավետությունը և հաջողությունն արդեն շոշափելի են:
Այս փորձը մենք աշխատելու ենք տարածել շատ մասնագիտությունների վրա, դրա համար ստեղծում ենք գերազանցության կենտրոններ, որտեղ կուտակելու ենք մի կողմից մեր առաջադեմ գիտելիքը, մյուս կողմից` հմտությունները, գիտական հետազոտությունների առաջավոր օրինակները և նորարարությունը:

-Կա՞ արդյոք համագործակցություն աշխատաշուկայի հետ:

-Մեր Ռադիոֆիզիկային ֆակուլտետը սերտորեն համագործակցում է «Սինոփսիս Արմենիա» ընկերության հետ, մեր ուսանողները մասնակցում են դասընթացների, անցնում աշխատանքային պրակտիկա և իրենց կարիերան շարունակում այնտեղ: Այսինքն` այդ ընկերությունը մասնակցում է կրթության կազմակերպման բոլոր փուլերին` ուսումնական ծրագրի պլանավորումից մինչև ավարտական ատեստավորում և աշխատանքի տեղավորում:
Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության հետ համագործակցության արդյունքում ստեղծել ենք «Մասս մեդիա» կենտրոնը: Այն հիմնականում պատրաստում է մասնագետներ հեռուստատեսության և մեդիա կառավարման ոլորտի համար: Մենք ցանկանում ենք պատրաստել նեղ մասնագիտական ուղղվածության լրագրողներ, օրինակ, քաղաքական, տնտեսական, մշակութային:
Ցավոք, աշխատաշուկայի հետ համագործակցությունը շատ թույլ է, քանի որ այն դեռևս ձևավորված չէ Հայաստանում: Եթե երկրի տնտեսությունը թույլ է, բնականաբար, այն ձևավորված աշխատաշուկա չի կարող ունենալ: Նման պայմաններում աշխատաշուկայի հետ աշխատելը բավականին բարդ է և, երբեմն, ոչ արդյունավետ, որովհետև չկա հետադարձ կապը: Սակայն այսօր դա շատ արդիական խնդիր է, քանի որ համալսարանները չեն կարող միայնակ մասնագետներ պատրաստել, նրանք պետք է ակտիվ համագործակցեն աշխատաշուկան ներկայացնող անհատների, կազմակերպությունների հետ, որոնք պետք է մասնակից լինեն կրթական ծրագրերի ստեղծման, գնահատման աշխատանքներին` ինչպես ամբողջ աշխարհում է ընդունված:
Կան մի քանի ընկերություններ, պետական գերատեսչություններ, որոնց հետ մենք ևս աշխատում ենք, սակայն դա բավարար չէ: Դրանք հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործական փոքր ու միջին մի քանի ձեռնարկություններ են, պետական գերատեսչություններ:

-Որքա՞ն է ԵՊՀ ուսանողների թիվը, և որո՞նք են ամենապահանջված մասնագիտությունները:

-ԵՊՀ ուսանողների թիվը 2016-2017թթ. ուստարում շուրջ 19 հազար է: Ամենապահանջված մասնագիտություններից են ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկան, իրավագիտությունը, ֆարմացիան, ռադիոֆիզիկայի որոշակի մասնագիտացումներ:

-Ինչպիսի՞ն է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը:

-Մենք ունենք պրոֆեսորադասախոսական որակյալ կազմ, որը մեծ նվիրվածությամբ աշխատում է ԵՊՀ-ում, իր գիտելիքները, փորձը և ժամանակակից գիտության նվաճումները փոխանցում ուսանողներին:
Վերջին տարիներին ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմում երիտասարդացման գործընթաց է սկսվել, ցանկանում ենք ավելի շատ երիտասարդ կադրեր ներգրավել մեր դասախոսական, գիտական գործունեության մեջ, սակայն երիտասարդ բարձրորակ կադրերից քչերն են համաձայնում աշխատել ԵՊՀ համեստ աշխատավարձով և իրենց համար ստեղծված պայմաններում: Մեր շրջանավարտներից մեծ թվով մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ, ռադիոֆիզիկոսներ, կենսաբաններ այսօր աշխատում են Ֆրանսիայում, Շվեդիայում, Գերմանիայում: Եվ պետք է նշեմ, որ նրանցից շատերն այժմ պրոֆեսորներ են այդ երկրների համալսարաններում: Մինչդեռ կարելի էր այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք այստեղ մնային:

-Արդյո՞ք ուսման վարձավճարների բարձրացման միտում նկատվել է վերջին տարիներին, և ինչպիսի՞ զեղչային համակարգ է գործում ԵՊՀ-ում:

-Մեր ժողովրդի սոցիալական վիճակն այնպիսին է, որ ուսման վարձերի բարձրացման մասին մտածելը ճիշտ չի լինի, թեև դա մեզ շատ կօգներ բազում ծրագրեր իրականացնելու գործում:
Ինչ վերաբերում է զեղչային համակարգին, ապա պետք է նշեմ, որ մեր ուսանողների մի մեծ բանակ օգտվում է դրանից, միայն նախորդ ուստարի մեր զեղչերի գումարը կազմել է շուրջ 400 մլն դրամ:
Կարծում եմ` եթե մենք ցանկանում ենք, որ բարձրագույն կրթությունը որակյալ լինի և զարգանա, ապա պետք է մեկ ուսանողի համար հատկացված գումարը նվազագույնը 2-2.5 հազար ԱՄՆ դոլարին համարժեք լինի, այնինչ Հայաստանում տրամադրվում է ընդամենը հազար ԱՄՆ դոլար: Եվրոպական երկրներում յուրաքանչյուր ուսանողի համար նախատեսված գումարը հասնում է 10-15 հազար եվրոյի, իսկ ԱՄՆ-ում, իհարկե, շատ ավելի մեծ գումարներ են ծախսվում կրթության որակի ապահովման վրա:

-Ինչպե՞ս կգնահատեք «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

-Դա շատ կարևոր և ողջունելի նախաձեռնություն է ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից, քանի որ իսկապես կարիք կա օրենսդրական դաշտի կարգավորման: Բազմիցս մասնակցել եմ նոր օրենքի նախագծի քննարկումներին, ներկայացրել մեր դիտարկումներն ու դիտողությունները, մենք այն քննարկել ենք նաև Ռեկտորների խորհրդի շրջանակներում: Եթե հաշվի առնվեն մեր կողմից արված բոլոր առաջարկությունները, ապա նոր օրենքը բավականին լուրջ բարեփոխումներ կմտցնի բարձրագույն կրթական համակարգում:
Պետք է ավելացնեմ, որ թե՛ ՀՀ ԿԳ նախարարը, թե՛ փոխնախարարն ականջալուր եղան մեր առաջարկներին, նրանք երկուսով էլ համալսարանականներ են և շահագրգռված են, որ օրենքը լայն քննարկման դրվի, քանի որ դրանից կշահեն բոլորը:

-Պարո՛ն Սիմոնյան, հետաքրքիր է, գո՞հ եք արդյոք նոր ձևավորված կառավարության աշխատանքից և ի՞նչ ակնկալիքներ ունեք:

-Նշեմ, որ Կարեն Կարապետյանը ԵՊՀ շրջանավարտ է, նրան հանդիպելու առիթներ ունեցել եմ, անձնապես չեմ ճանաչում: Պետք է ավելացնեմ, որ մեծ համակրանք ունեի նրա նկատմամբ, երբ աշխատում էր որպես Երևանի քաղաքապետ: Նա կրթված, գործարար լավ որակներ ունեցող գործիչ է: Եվ, բնականաբար, նրանից սպասելիքներս մեծ են: Թե որքանով նրան կհաջողվի արդյունավետ իրականացնել իր ծրագրերը, կախված է այն թիմից, որի հետ նա աշխատում է:
Մենք ունենք լավ երիտասարդություն, որի համար պետք է ստեղծենք ապրելու, աշխատելու, կատարելագործվելու ավելի լավ պայմաններ, քան մենք ենք ունեցել, դա պետք է լինի մեր բոլորի գերխնդիրը:

-Դուք շուրջ 102 աշխատությունների հեղինակ եք, գիտական ի՞նչ գործունեությամբ եք զբաղվում այսօր:

-Դա իմ ամենամեծ ցավերից մեկն է, ես շատ քիչ ժամանակ ունեմ գիտությամբ զբաղվելու համար: Մինչև տարեվերջ հուսով եմ լույս կտեսնեն իմ երկու գրքերը, որոնք երկար տարիների աշխատանքի արդյունք են: Ես զբաղվում եմ հիմնականում Արցախի և Զանգեզուրի 1917-1921 թթ. պատմության խնդիրներով: Այդ ժամանակաշրջանի մասին գրված աշխատություններ ես արդեն ունեմ, որոնց կավելանան ևս երկուսը:
Նաև շարունակում եմ իմ կիսատ թողած գործը, որը 30 տարի առաջ եմ սկսել, խոսքն աղբյուրագիտական հետազոտությունների մասին է, որը կամբողջացնի ռուսական կայսրության հրատարակած բոլոր աղբյուրները հայերի և Հայաստանի մասին, այսինքն` հայերին և Հայաստանին վերաբերող ինչ գիրք, թերթ, աղբյուր, որ հրատարակվել է Ռուսաստանում, զետեղված են լինելու այդ գրքում: Դա բավականին ծանր և դժվարին աշխատանք է, որը մենք թիմով իրականացնում ենք, և հուսամ` հաջորդ տարի կհրատարակվի:

-Ո՞րն է Ձեր ստացած ամենամեծ պարգևը:

-Պետական պարգևներն ինձ համար աշխատանքի, վաստակի գնահատականներ են, որոնք ես չեմ համարում միայն իմը, դրանք համալսարանական թիմային աշխատանքի արդյունքներն են: Վերջերս արժանացել եմ Արցախի «Վաչագան Բարեպաշտ» մեդալին, որն, իհարկե, իմ և իմ թիմակիցների աշխատանքի արդյունքն եմ համարում:
Կարծում եմ` պարգևները սնապարծության աղբյուր երբևէ չպետք է դարձնել, դա ամենամեծ հիմարությունն է: Ինձ համար ամենամեծ հաջողությունը, պարգևը մեր աշխատանքի պտուղներն են, ամեն փոքր կամ մեծ նախագծի հաջող իրականացումը:

Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...