2013-01-12 11:00
Լևոն Հակոբյան,«Տոնուս-Լես» ընկերության ղեկավար
Ընկերությունն իր ողջ պատմության ընթացքում առաջնորդվել է հետևյալ կարգախոսովˋ«Այն, ինչ հնարավոր է կատարել այսօր, պետք է արված լիներ երեկ»:
-Պարո´ն Հակոբյան, «Դե Ֆակտո» ամսագիրը, բարձր գնահատելով Ձեր գլխավորած «Տոնուս-Լես» ընկերության գործունեությունը, ներդրումային համարձակ քայլերը, Ձեզ ճանաչել է «Տարվա գործարար», ինչի առթիվ շնորհավորում ենք Ձեզ: Ամփոփելով 2012թ.ˋ ինչպե՞ս կգնահատեք այն:
-Անկեղծ ասածˋ չէի մտածի, որ երբևիցե կարժանանամ նման բարձր գնահատականի, ինձ համար այն շատ անսպասելի և պարտավորեցնող է, ինչի համար շնորհակալ եմ:
Ասեմ, որ 2011թ. մեր զրույցի ընթացքում նշել էի, որ«Տոնուս-Լեսը»կայացած, հատուկ ձևավորված նպատակներով, ուրույն ձեռագրով, իրեն հատուկ փիլիսոփայությամբ և ոչ ստանդարտ մոտեցումներով ընկերություն է: Այժմ, ի ապացույց ասածներիս, կարող եմ վստահաբար նշել, որ մեզ համար 2012թ. բուռն զարգացումների տարի էրˋ գործող ծրագրերի շարունակության, որոշ ծրագրերի ավարտի և նոր նախագծերի սկսման առումով:
Ընկերությունն իր ողջ պատմության ընթացքում առաջնորդվել է հետևյալ կարգախոսովˋ«Այն, ինչ հնարավոր է կատարել այսօր, պետք է արված լիներ երեկ՚:
Մեր բոլոր նախաձեռնություններն արդյունք են պահանջարկի: Այսչափ փոքրաթիվ ազգաբնակչություն և հետևաբար նաև սպառողներ ունեցող փոքր երկրում տնտեսվարող սուբյեկտների համար դժվար է աշխատել: Այդ իսկ պատճառով բոլորˋ քիչ թե շատ հաջողություն արձանագրած ընկերությունների հայացքն ուղղված է դեպի դրսի շուկաները, որովհետև կազմակերպել մրցունակ արտադրություն, հույսը դնելով միմիայն տեղական շուկայի վրա, անհնար է: Դրանից հեռու չենք մնացել նաև մենք: Ուստիˋ ուսումնասիրելով տեղական և դրսի շուկաներըˋ ընկերությունը ընտրել է զարգացման երկու գերակա ուղղություններˋ
. ընդլայնել շուրջ 13 տարի գործող բիզնեսի, այն է՝ դեղերի մեծածախ և մանրածախ վաճառքի աշխարհագրությունը՝ բացելով ներկայացուցչություններ Վրաստանում և Ղազախստանում: Այն հնարավորություն կընձեռի մեծաքանակ ապրանք ձեռք բերելու հաշվին ավելի մատչելի գներով դեղորայք ներմուծելˋ ի շահ սպառողների:
. գործարկել 2010թ. սկսած«Էֆ Դի Էյ Լաբ»սննդի և դեղերի փորձաքննության լաբորատորիան:
-Ի՞նչ հաջողություն(ներ) եք արձանագրել այս տարի, որը խորհրդանշական է դարձրել 2012թ.:
Լրացուցիչ անգամ համոզվեցինք, որ հաջողության հասնելու գրավականներից մեկը հետևողականությունն է: Հարկավոր է զինվել համբերությամբ և քայլ առ քայլ գնալ դեպի նպատակ: Ծրագիրը, որի իրականացումը սկսել էինք 2010թ. ավարտի հասցրեցինք այս տարի, ինչով և խորհրդանշական դարձավ այն:
«Էֆ Դի Էյ Լաբ» սննդի և դեղերի փորձաքննության լաբորատորիան լաբորատոր համալիր էˋ մեկ հարկի տակ, պաշտոնական բացումըˋ շատ մոտ ապագայում:
-Կպատմե՞ք «Էֆ Դի Էյ Լաբ»-ի ստեղծման գաղափարի, նպատակի մասին և արդյո՞ք լաբորատորիան գործարկվում է այսօր:
-«Էֆ Դի Էյ Լաբ»սննդի և դեղերի փորձաքննության լաբորատորիան իրենից ներկայացնում է լաբորատոր համալիր՝ մեկ հարկի տակ: Այն հինգ հարկանի շինություն է, զբաղեցնում 3640 քմ հողատարածք, որը գտնվում է էկոլոգիապես մաքուր վայրում՝ Կոտայքի մարզ, Նոր Գյուղ համայնքում:
Լաբորատոր համալիրը տեղական արտադրողների համար յուրօրինակ գործիք է պատշաճ կերպով արտերկրում ներկայանալու համար, ներկրողների համար ներկրվող արտադրանքի իսկությունը նախօրոք որոշելու հնարավորություն, սպառողների համար՝ առողջ և անվտանգ ապրելու նախապայման, երկրի համար՝ ազգային անվտանգության խնդիր: Մի խոսքովˋ այն բազմաֆունկցիոնալ, բազմաբովանդակ և պահանջարկված կառույց է, որը մեզ համար բիզնես-ծրագիր լինելուց զատ, նաև առաքելություն է, քանզի համալիրը երկրաշինարարության մեջ իր պատշաճ տեղն ու դերն ունի մնացած կարևոր արժեքների կողքին:
Լաբորատորիան ի սկզբանե նախագծվել, կառուցվել և համալրվել է բոլոր անհրաժեշտ սարք-սարքավորումներովˋ նպատակ ունենալով հնարավորինս կարճ ժամանակահատվածում ստանալ եվրոպական հավատարմագրում:
Պետք է նշեմ, որ վերազինել, վերակառուցել, ձևափոխել, համապատասխանեցնել արդեն իսկ գոյություն ունեցող լաբորատորիաները գործնականում անհնար է, այն պահանջում է արմատապես նոր մոտեցում:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե լաբորատորիան այսօր գործում է, թե ոչ, պետք է նշեմ, որ«Հավատարմագրման ազգային մարմին»ՊՈԱԿ են հանձնվել անհրաժեշտ փաստաթղթերը տեղական հավատարմագրում ստանալու նպատակով, որին կհետևեն միջազգային հավատարմագրում ստանալու գործընթացները: Լաբորատորիայի շահագործումը կսկսվի հավատարմագրում ստանալուց հետո:
Ի դեպ նշեմ, որ համալիրի պաշտոնական բացումը կլինի շատ մոտ ապագայում:
-Ի՞նչ ծառայություններ է մատուցում լաբորատորիան:
-Պատահական չնշեցի, որ«Էֆ Դի Էյ Լաբ»սննդի և դեղերի փորձաքննության լաբորատորիան լաբորատոր համալիր է մեկ հարկի տակ, քանի որ այն ներառում է սննդի անվտանգության և որակի հսկման լաբորատորիա, դեղերի որակի հսկման և կենսահամարժեքության լաբորատորիա, ծխախոտի որակի հսկման լաբորատորիա, մանրէաբանական լաբորատորիա: Այստեղից էլ հետևություն, որ այս բացառիկ կառույցը ի զորու է կատարել անհրաժեշտ փորձաքննությունˋ իր գերհզոր և ժամանակակից սարքերի և արհեստավարժ աշխատակազմի շնորհիվ:
Լաբորատորիան սպառողներին հնարավորություն կտա օգտագործել լուրջ փորձաքննություն անցած և անվտանգության երաշխիք ունեցող սնունդ:
-Ի՞նչ կարևոր խնդիր կլուծի լաբորատորիան տեղական արտադրողների և հայ սպառողների կյանքում:
-Լաբորատորիան արտադրողների համար պատուհան է դեպի արտերկիր: Ի սկզբանե մեր գերնպատակն է եղել այն կառուցել ISO 17025 միջազգային ստանդարտներին համաձայն, այլ կերպ ասած, այն կհանդիսանա յուրօրինակ կամուրջ տեղական արտադրողների և եվրոպական շուկաների միջև: Մի փոքր մանրամասնելովˋ ասեմ, որ եվրոպական հավատարմագրումը ճանաչելի կդարձնի լաբորատորիան դրսում, իսկ նրա տված փորձաքննության արդյունքները ընդունելի, ինչը անչափ կարևոր հանգամանք է արտադրողների համար:
Իսկ սպառողներին այն հնարավորություն կտա օգտագործել լուրջ փորձաքննություն անցած և անվտանգության երաշխիք ունեցող սնունդ:
Աշխատանքները սկսելուց առաջ կատարվել է Հայաստանում գործող լաբորատորիաների սարքավորումների լուրջ ուսումնասիրություն: Փորձելով չկրկնվել (ձեռք չբերել արդեն իսկ առկա սարքավորումները) և հագեցնել լաբորատորիան միայն անհրաժեշտ և պահանջարկված նոր գերժամանակակից սարքերով, մեր ընկերությունը համագործակցության լուրջ հայտ է ներկայացնում բոլոր տնտեսվարող սուբյեկտներին: Արտադրողներին մեր համալիրի առկայությունը հնարավորություն կտա պայմանագրային սկզբունքներով կազմակերպել GMP (ՊԱԳ՝ պատշաճ արտադրական գործունեություն) պահանջներին համապատասխանող արտադրությունˋ մասամբ խուսափելով թանկարժեք լաբորատոր սարքավորումների ձեռք բերումից:
-Ինչպիսի՞ աջակցություն եք ունեցել մինչ այժմ:
-Մինչ օրս մեզ համար ամենամեծ աջակցությունը մեզ չխանգարելն էր, սակայն, ի ուրախություն մեզ, նշեմ, որ ծրագիրը 2011 թ. հոկտեմբերի 6-ի № 1507-Ա կառավարության որոշմամբˋ ճանաչվել է ներդրումայինˋ հետաձգելով ձեռք բերված սարքերի ԱԱՀ-ն երեք տարով, որի համար շնորհակալ եմ ՀՀ կառավարությունից և առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը ծրագրի ողջ ընթացքում մեզ սատարելու, մեր կողքին լինելու և այն վերջնական նպատակին հասցնելու համար: Կարևորելով լաբորատորիայի դերն ու ռազմավարական նշանակությունըˋ սույն թվականի նոյեմբերին«Էֆ Դի Էյ Լաբ»այցելեցին վարչապետը, նախարարները, մարզպետը և այլ բարձրաստիճան այրեր:
Մենք պետք է ներկրող երկրից վերածվենք արտահանող երկրի, իսկ դրա համար № 1 նախապայմանը որակյալ և մրցունակ ապրանքների արտադրության կազմակերպումն է, ինչին մի փոքր էլ կնպաստի մեր մասնակցությունը:
-Ինչպիսի՞ն եք տեսնում տեղական արտադրությունների ապագան միջազգային չափորոշիչներին համապատասխան արտադրանք թողարկելու դեպքում:
-Այսօրվա դրությամբ կան բավական լուրջ ընկերություններ, որոնք իրենց որակյալ արտադրանքով մեծ վստահություն և հարգանք են վայելում թե՛ տեղական, թե´ օտարերկրյա սպառողների շրջանում, որը շատ հուսադրող ու ոգեշնչող է: Մենք պետք է ներկրող երկրից վերածվենք արտահանող երկրի, իսկ դրա համար № 1 նախապայմանը որակյալ և մրցունակ ապրանքների արտադրության կազմակերպումն է, ինչին մի փոքր էլ կնպաստի մեր մասնակցությունը:
-Հեռանկարային ի՞նչ ծրագրեր ունեք «Էֆ Դի Էյ Լաբ»-ի հետ կապված, կա՞ն ծառայությունների ընդլայնման ծրագրեր:
-2013թ. նախատեսվում է ավարտել GCP (Պատշաճ կլինիկական գործունեություն) պահանջներին համապատասխան կլինիկայի շինարարությունը՝ ամբողջական դարձնելով դեղերի կենսահամարժեքության փորձաքննությունը, որն իր տեսակով կլինի միակը ամբողջ ԱՊՀ երկրներում:
Մի փոքր մանրամասնելովˋ ասեմ, որ տվյալ փորձաքննությունը կատարվում է 2 փուլով՝ լաբորատոր և կլինիկական, որի կլինիկական մասը մինչ օրս կատարվում է գործող կլինիկաներումˋ լի տարատեսակ ներհիվանդանոցային ինֆեկցիաներով, որը լուրջ խոչընդոտ է կենսահամարժեքության փորձաքննությունը պատշաճ և ստերիլ կերպով անցկացնելու գործում: Ուստիˋ դեղերի կենսահամարժեքության փորձաքննությունը ամբողջական դարձնելու նպատակով, լաբորատոր համալիրի կազմում ընդգրկվել է նաև 32 մահճակալ ունեցող հատուկ կամավորների համար նախատեսված կլինիկաˋ իր օժանդակ բոլոր ենթակառույցներովˋ ՍՊԱ կենտրոն, հանգստի գոտի և այլն:
Համալիրն ի սկզբանե նախագծվել էˋ հաշվի առնելով պոտենցիալ հզորությունների ավելացման գաղափարը, քանզի միանգամից ներառել ամեն ինչ գործնականորեն անհնար է: Աշխատանքի ընթացքը ցույց կտաˋ ինչ ուղղություններով կընթանա զարգացումը, քանի որ հողային, շենքային, ինժեներական կոմունիկացիաները հաշվարկված են լուրջ ավելացումների ակնկալիքով:
Ավարտելով խոսքսˋ նշեմ, որ ցանկացած նախաձեռնության հաջողության գրավականն անսահման հավատն է գործի նկատմամբ:
Հարցազրույցըˋ Սուսաննա Թամազյանի
«Դե Ֆակտո» N79 (2012թ.)
Վերադառնալ