10:01
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Գայանե Էլիզբարյան

2016-11-16 12:33

Նպատակս է` բուժսպասարկումը դարձնել օրենքի բոլոր չափորոշիչներին համապատասխան.

ԳԱՅԱՆԵ ԷԼԻԶԲԱՐՅԱՆ

«Դե Ֆակտո» N124 (2016թ.)

Ինչպես կասեր Նիկոլայ Չերնիշեւսկին` առողջությունը երբեք չի կարող կորցնել իր արժեքը մարդու աչքերում, քանի որ բավականության եւ ճոխության մեջ առանց առողջության ապրելն անիմաստ է: Այսօր ՀՀ-ում գործող բժշկական կենտրոնները ջանք ու եռանդ չեն խնայում` պայմանների բարելավմամբ եւ մասնագետների համալրմամբ, ապահովել առողջ հասարակություն: Հենց այս գործին է լծվել նաեւ «Սեւան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նորանշանակ տնօրեն Գայանե Էլիզբարյանը:
«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է «Սեւան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Գայանե Էլիզբարյանը:


 

-Տիկի՛ն Էլիզբարյան, մի քանի ամիս է, ինչ նշանակվել եք «Սևան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնում: Ի՞նչ բացթողումներ եք հասցրել նկատել և ինչպե՞ս կգնահատեք Սևանում առողջապահության զարգացման հեռանկարները:


-Առաջին հերթին ինձ անհանգստացրեց 0-7տարեկան երեխաների անվճար դեղորայքի չապահովման հարցը, որը պետք է իրականացվեր, ինչպես նաև բոլոր այն անձինք, ովքեր իրավունք ունեին ստանալու անվճար բուժսպասարկում,սակայն ոչ բոլորն էին իրենց արտոնություններից օգտվում: Դա եղել էր մարդկանց անտեղյակությունը, թե բժշկական կենտրոնի անհետևողական աշխատանքը, դժվար է ասել: Ինձ շատ մտահոգեց այս հարցը և հենց առաջին խորհրդակցությունից հետո բուժկենտրոնի բոլոր պատերին փակցվեցին, թե որ դեպքերում մեր համաքաղաքացիները կարող են օգտվել իրենց հասանելի արտոնություններից: Իմ նպատակն է եղել բուժսպասարկումը դարձնել օրենքի բոլոր չափորոշիչներին համապատասխան:
Առողջապահության զարգացման հեռանկարները կապված են բժշկական կենտրոնում հիվանդության ճիշտ ախտորոշման և բուժման հետ: Իմ ամբողջ մասնագիտական կարողություններն ու փորձն ուղղված են բժշկական կենտրոնի խնդիրների լուծմանը:

-Վերջերս վերանորոգման աշխատանքներ իրականացվեցին ԲԿ-ում, որտեղ իր անմիջական ներդրումն ունեցավ Ձեր ամուսինը` Գագիկ Կարապետյանը, ով հանդիսանում է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ տնօրեն: Մի փոքր կներկայացնե՞ք:

-Ես երբևէ որևէ խնդրի լուծման համար ամուսնուս չեմ դիմել, պարզապես, այն մտահոգիչ հարցերը, որոնք կապված են եղել բժշկական կենտրոնի հետ` քննարկել եմ ինձ համար ամենաթանկ և մտերիմ մարդու հետ: Անմխիթար վիճակում էր գտնվում ոչ միայն բժշկական կենտրոնի շենքային պայմանները, այլև դեպի հիվանդանոց տանող ճանապարհը, որից օգտվում էին մեր հիվանդները: Ամուսինս` սեփական նախաձեռնությամբ, ընկերների հետ միասին, հանձն առավ լուծել այդ խնդիրը, որի նպատակն էր` համաքաղաքացիների համար նորմալ պայմաններ ապահովելը: Հիվանդանոցն ուներ նաև կոյուղագծերի և խմելու ջրի հետ կապված խնդիրներ, որոնք ևս լուծվեցին ամուսնուս և իր ընկերների օգնությամբ:
Բժշկական կենտրոնի երեք հարկերում (գինեկոլոգիա, թերապիա, վիրաբուժական) վերանորոգման աշխատանքներ տարվեցին, միևնույն ժամանակ կաբինետային փոփոխություններ իրականացվեցին՝ հեշտացնելով հիվանդների սպասարկման գործընթացը: Նշեմ, որ թերապիայի բաժանմունքին կից ունենք նաև վերակենդանացման բաժանմունք՝ երկու մահճակալով:

-Ներկա դրությամբ որքա՞ն հիվանդ է բուժվում բժշկական կենտրոնում, ի՞նչ մասնագետների կարիք ունեք այսօր, և որ հիվանդություններն են ամենից շատ տարածված այս տարածաշրջանում:


-Հիվանդների թիվն այս երեք ամիսների ընթացքում տատանվում է՝ 25-ից մինչև 40 հիվանդ: Ցավոք, բոլոր հիվանդությունների առումով աճ է նկատվում, հատկապես ուռուցքային հիվանդությունների մասով: Մեր տարածաշրջանում բավականին մեծ թիվ է կազմում շաքարային դիաբետը (460 հիվանդ): Ներկա պահին չունենք էնդոկրինոլոգ, տրավմատոլոգ, ուրոլոգ, քանի որ իրենք համատեղության կարգով էին աշխատում՝ շաբաթը մեկ անգամ, որի արդյունքում դուրս են մնացել աշխատանքից: Կարծում եմ, որ նման մասնագետների տեղում աշխատելն ամենօրյա գրաֆիկով, անհրաժեշտություն է:
Պետք է արձանագրել, որ ծնունդների թիվը բժշկական կենտրոնում ավելացել է. միայն այս ամիս 40 ծնունդ ենք ունեցել, որն առաջընթաց է մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի համար, քանի որ բուժկենտրոնում նման ցուցանիշ երբևէ չէր գրանցվել: Կարծում եմ՝ նման ցուցանիշ ունենալուն նպաստել է շենքային պայմանների բարելավումն ու բուժաշխատողների հոգատար և բարյացակամ վերաբերմունք:

-Ձեր նշանակումից հետո բավականին լայն համագործակցություններ ձեռք բերվեցին քաղաքի լավագույն կենտրոնների հետ, որտեղից մասնագետներ են հրավիրվում և կազմակերպվում «Բաց դռների օր»: Ինչպիսի՞ պայմանավորվածություններ ունեք, ո՞ր բժշկական կենտրոնների հետ, և հիմնականում ո՞ր մասնագետների գծով:


-Մեզ մոտ «Բաց դռների օր» է կազմակերպվել «Իզմիլյան» բժշկական կենտրոնի հետ, որտեղ ընդգրկված են եղել 15 նեղ մասնագետներ: Այդ օրերին սպասարկվել է շուրջ 680 հիվանդ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կարծում եմ, հիվանդների համար այն մեծ օգնություն էր, քանի որ տեղում որոշվում էր հիվանդների բուժման հետագա ընթացքը. անհրաժեշտություն կա՝ հիվանդին տեղափոխել Երևան, թե` ոչ, ինչպես նաև հնարավորություն ընձեռվեց հիվանդներին օգտվելու նեղ մասնագետների կողմից իրականացվող ծառայություններից, որոնք մեր բժշկական կենտրոնում բացակայում են, իսկ մնացյալ գործող նեղ մասնագետների համար «Բաց դռների օրը» հնարավորություն էր փորձի փոխանակման և ուսուցման համար:

-Ավարտել եք որպես թերապևտ, վերապատրաստվել՝ ընտանեկան բժիշկ: Ձեր մասնագիտական կրթությունը որքանո՞վ է նպաստում բժշկական կենտրոնում աշխատանքները ճիշտ կազմակերպելու համար:

-Շուրջ 29 տարվա բժշկական ստաժ ունեմ. աշխատել եմ «Դդմաշենի բժշկական ամբուլատորիա»-ում` որից տասը տարին որպես ընտանեկան բժիշկ, և արդեն գիտեմ, թե ինչ է անհրաժեշտ աշխատանքները ճիշտ կազմակերպելու, ուղղորդելու համար: Մասնագիտական կրթությունս միանշանակ դրական է անդրադառնում աշխատանքիս վրա: Ես ինձ չեմ համարում միայն տնօրեն, այլ նաև որպես գործող բժիշկ, ով կարող է ճիշտ խորհուրդ տալ հիվանդին:

-Տիկի՛ն Էլիզբարյան, վերսկսվել են հիվանդանոցի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները: Ե՞րբ է նախատեսվում բացումն իրականացնել և ի՞նչ հնարավորություններ կտա նոր մասնաշենքը:

-Բացումը նախատեսվում է 2018 թվականին: Մասնաշենքում կգործեն մանկաբարձագինեկոլոգիական, վիրաբուժական, թերապևտիկ, ռեանիմացիոն, մանկական ինֆեկցիոն բաժինները և կունենա ընդհանուր 40 մահճակալ: Նոր մասնաշենքի առկայությունն իր շենքային, մասնագիտական և ժամանակակից սարքավորումներով լայն հնարավորություն կտա մեր համաքաղաքացիներին` հիվանդության ախտորոշումն ու բուժումը տեղում իրականացնելու համար:

-Առաջիկա ի՞նչ ծրագրեր կան, և որպես բժիշկ ղեկավար, ի՞նչ կհորդորեք Ձեր համաքաղաքացիներին:

-Առաջիկայում նախատեսվում է բժիշկների և բուժքույրերի վերապատրաստում իրականացնել, ինչպես նաև բժշկական կենտրոնը նեղ մասնագետներով համալրել: Կհորդորեմ մեր համաքաղաքացիներին, որ անպայման դիմեն բժշկի` հիվանդության կանխարգելման նպատակով: Երբ հիվանդությունը բարդանում է, հետևաբար պահանջվում է երկարատև բուժում և հետազոտության լայն շրջանակ, մինչդեռ ժամանակին դիմելու դեպքում բուժումն ավելի արագ կիրականացվի և քիչ դեղորայք կպահանջվի:

 

Հարցազրույցը` Քրիստինա Միրզոյանի




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...