15:12
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ

2016-10-27 06:41

«Դե Ֆակտո» N124 (2016թ.)  

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆ

 

-Պարո՛ն Աթոյան, ավելի քան հինգ տարի է, ինչ պաշտոնավարում եք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում, որոնք եղել են բուհի զարգացման տարիներ: Ամփոփելով աշխատանքային հինգ տարիները` ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ կմատնանշեք:


-Նախ ուզում եմ նշել, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն ինձ համար անչափ սիրելի հաստատություն է, քանի որ այստեղ եմ անցկացրել իմ ուսանողական տարիները, ուստի ինձ համար` և՛ որպես ռեկտոր, և՛ որպես նախկին շրջանավարտ, անչափ կարևոր է բուհի զարգացումն ու առաջընթացը: ՀՊՏՀ-ն Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների շարքում մշտապես եղել է լավագույններից մեկը, որը պատրաստել է բարձրորակ տնտեսագետներ, որոնք տարիներ ի վեր, ու նաև այսօր, մեծ հեղինակություն են վայելում: Այսօր մեր համալսարանը, պահպանելով իր դիմագիծը, հեղինակությունը, շարունակում է ժամանակին համընթաց քայլել` ներդնելով արդիական և նորարարական ուսուցման մեթոդներ, տեխնիկապես վերազինվելով ու նաև արդիականանալով` որպես կրթօջախ:
Վերջին հինգ տարիների ընթացքում, ես ձգտել եմ զարգացնել համալսարանը գործունեության բոլոր ուղղություններով` իմ առջև գլխավոր խնդիր դնելով բարձրագույն մասնագիտական որակյալ կրթության ապահովումը: Սակայն դրա համար անհրաժեշտ էր ստեղծել նախադրյալներ, ինչն էլ եղավ իմ առաջին քայլը: Տարբեր երկրների կրթական համակարգերի ուսումնասիրումը հաստատեց իմ համոզմունքը, որ առաջնային է համալսարանի միջազգայնացումն ու հետազոտական ուղղության զարգացումը: Գաղտնիք չէ, որ աշխարհի բոլոր լավագույն համալսարանները նաև գիտահետազոտական կենտրոններ են, իսկ դա պատահական չէ, որովհետև կրթությունն անքակտելիորեն կապված է գիտության հետ, և շատ դժվար է դրանք տարանջատել: Բուհում և՛ ուսանողը, և՛ դասախոսը պետք է զուգահեռաբար ներգրավված լինեն կրթական և գիտական գործընթացներում:
Մեզ հաջողվեց ստեղծել հետազոտական կենտրոն, որը թեև դեռ զարգացման մեծ ճանապարհ ունի անցնելու, սակայն արդեն հասցրել է ճանաչվել և ընդունվել թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս:
Մեր բուհն իր ուսանողների և դասախոսների համար շարունակաբար թվայնացնում է գրադարանային ֆոնդը, իսկ այս տարի Հայաստանում միայն մեր բուհում բացվեց QR գրադարան, որը բացառիկ է և հնարավորություն է տալիս ցանկացած գիրք ներբեռնել հեռախոս: Մեր բուհի զարգացման նախապայմաններից ենք համարել նաև ներքին միջավայրի բարեփոխումը: Այս տարի արդեն մենք ավարտեցինք համալսարանի հիմնանորոգման աշխատանքները, և այժմ բուհում չկա մի անկյուն, որը բարեկարգ, կահավորված, տեխնիկապես հագեցած ու նաև ձևավորված չլինի:

Վերջին հինգ տարիների ընթացքում ես ձգտել եմ զարգացնել համալսարանը գործունեության բոլոր ուղղություններով`

իմ առջև գլխավոր խնդիր դնելով բարձրագույն մասնագիտական որակյալ կրթության ապահովումը:


Կարևորում եմ նաև աշխատակիցների և ուսանողների սոցիալական խնդիրների լուծումը: Մենք աշխատակիցների համար սահմանած աշխատավարձերով, սոցիալական փաթեթներով, ուսանողներին տրամադրվող զեղչերով չենք զիջում հայաստանյան որևէ համալսարանի, դեռ մի բան էլ փորձում ենք անել ավելին, որպեսզի սոցիալական խնդիրները չկաշկանդեն մեր աշխատակիցներին և ուսանողներին իրենց հիմնական գործունեության ընթացքում: Անգամ ներդրել ենք ընտանիքների և մայրության աջակցման աննախադեպ կարգ և մեկ տարին դեռ չլրացած` դրանից օգտվել են ՀՊՏՀ ավելի քան երկու տասնյակ աշխատակիցներ` ստանալով 150-250 հազար դրամ խրախուսական պարգևներ:
Վերջին հինգ տարիների ընթացքում մենք փորձել ենք վերը նշված բոլոր ուղղություններով կատարել համապատասխան աշխատանքներ, որոնք ամփոփելով` կարող եմ ասել, որ արդեն բավարար նախադրյալներ ստեղծված են առավել հավակնոտ զարգացման ճանապարհով ընթանալու համար, իսկ մեր գլխավոր հավակնությունն այս փուլում կրթության որակի անընդհատ բարձրացումն է:

-Կխնդրեի առավել մանրամասն ներկայացնեիք բուհի միջազգայնացման գործընթացում իրականացված աշխատանքները:

-Այսօր մեր համալսարանը համագործակցում է աշխարհի մի շարք զարգացած համալսարանների հետ, նրանց շարքում` մեծ թվով առաջատար եվրոպական, որոնց հետ այս պահին իրականացնում ենք «Էրասմուս+» ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագիրը: Միջազգայնացման գործընթացում վերջին տարիներին ունեցանք արտասահմանցի ուսանողներ, թեև պետք է նշեմ, որ այդ ուղղությամբ դեռ շատ անելիքներ ունենք, չենք հասել մեզ համար ցանկալի արդյունքի: Սակայն քայլն արված է, մեզ մոտ գործում է օտար լեզվով ուսուցում հատուկ արտասահմանցի ուսանողների համար, իսկ նման ավանդույթ մեր համալսարանում երբևէ չի եղել:
Մեր հետազոտական կենտրոնը` «Ամբերդը», արդեն որոշակի ճանաչում ունի և բավականին լուրջ հետազոտական կենտրոններ հղումներ են կատարում մեր կենտրոնին, ինչը ես շատ եմ կարևորում: Օրինակ` վերջերս մեր հետազոտական կենտրոնին հղում էր կատարել Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, որի հիմնադիրը ՌԴ նախագահն է:
Այս տարի մենք ընդունելություն կազմակերպեցինք ՀՀ կառավարության կողմից հաստատված 6 մասնագիտությունների գծով, որոնք ներդրել ենք բուհում նոր մոտեցումներով, կրթական ծրագրերը կազմել ենք նորագույն մեթոդներով` փորձելով դրանք համապատասխանեցնել եվրոպական կրթական ծրագրերին:

-Ի՞նչ մասնագիտություններ են ներդրված բուհում, որքանո՞վ են դրանք այսօր կենսունակ և ինչպե՞ս է հաջողվում ապահովել կրթության բարձր որակ:

-Այս տարվա ընդունելությունն, իրոք, տարբերվող էր, քանի որ, եթե նախկինում բուհն առաջարկում էր 17 մասնագիտություն, որոնց մի մասն արդեն հնացած էր, չէր համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին, եվրոպական չափորոշիչներին, ուստի նաև շատ դժվար էր կրթության բարձր որակ ապահովելը, ապա այս տարի մենք ընդունելություն կազմակերպեցինք ՀՀ կառավարության կողմից հաստատված 6 մասնագիտությունների գծով՝ «Ֆինանսներ», «Հաշվապահական հաշվառում և հարկում», «Տնտեսագիտություն», «Կառավարում», «Մարքեթինգ» և «Վիճակագրություն»: Ի դեպ, «Վիճակագրություն» մասնագիտությունը ներդրված է միայն մեր բուհում: Այդ մասնագիտությունները մենք ներդրել ենք բուհում նոր մոտեցումներով, կրթական ծրագրերը կազմել ենք նորագույն մեթոդներով` փորձելով դրանք համապատասխանեցնել եվրոպական կրթական ծրագրերին:

-Ամռանը տեղի ունեցած ընտրությունների ժամանակ Դուք վերընտրվեցիք և հայտարարեցիք, որ առաջիկա հինգ տարիները լինելու են կրթության բարձր որակի ապահովման տարիներ, որի ուղղությամբ Դուք արդեն իսկ մեծ աշխատանք եք իրականացրել: Ի՞նչ դժվարություններ կան այդ ճանապարհին:

-Յուրաքանչյուր աշխատանք կատարելիս անհնար է դժվարությունների չհանդիպել, պարզապես պետք է գտնել արդյունավետ լուծումներ: Երբ խոսում ենք կրթության որակի ապահովման մասին, ապա պետք է նկատենք, որ այն մի քանի բաղադրիչներ ունի, որոնց համագումարից միայն կարելի է ստանալ որակյալ կրթություն: Առաջինը, իհարկե, այն շրջանավարտն է, որը ընդունվում է բուհ, նրա գիտելիքների պաշարը, ձգտումները, նպատակները, դրանից հետո դասախոսական կազմի պատրաստվածությունն է և ուսանող-դասախոս երկխոսության, համատեղ աշխատանքի ապահովումը, գրադարանի, տեխնոլոգիական հագեցվածությունը, նաև՝ բուհի ֆինանսական ապահովվածությունը: Այսինքն` կրթության որակ ասվածը բազմագործոն հասկացություն է: Նաև անչափ կարևոր է՝ կրթության նկատմամբ հասարակական պահանջի ապահովումը:
Պետության զարգացումը սկսվում է որակյալ կրթությունից: Եթե չկան որակյալ կադրեր, ապա պետության զարգացման մասին դժվար է մտածել: Այսօրվա որակյալ մասնագետի ազդեցությունը երկրի տնտեսության վրա ակնհայտ է դառնում տարիներ անց, և տնտեսության զարգացման գործընթացում յուրաքանչյուր հետընթացի հետևում նաև անորակ կադրերի խնդիրը կա: Պետք է այս գիտակցումով աշխատեն բոլոր բուհերն ու այդ մոտեցմամբ գործեն ծնողներն իրենց երեխաներին բուհ ուղղորդելիս, և տարիներ անց մենք բոլորս գոհ կլինենք մեր համատեղ աշխատանքից:

-ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարարը վերանայում է ողջ կրթական համակարգը, և առաջիկայում նոր փոփոխություններ են սպասվում: Ձեր գնահատմամբ` որքանո՞վ դրականորեն դրանք կազդեն կրթության որակի ապահովման վրա:

-Այժմ մշակման փուլում է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքը, որը ենթարկվում է լուրջ փոփոխությունների: Դատելով աշխատանքների ընթացքից, դրանցում ներառված իսկապես արդիական խնդիրներից, կատարվող աշխատանքի լրջությունից` կարծում եմ, որ այդ փոփոխությունները միմիայն դրական ազդեցություն պետք է ունենան կրթության որակի վրա:
Նոր օրենքից բխող մեծածավալ աշխատանքներ կիրականացվեն նաև բուհերում, հուսամ՝ կկարգավորվեն մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են արդյունավետ աշխատանքի իրականացմանը` սկսած բուհի կարգավիճակից, ներքին կանոնների սահմանումից:

Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...