15:08
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան իր թևերն է «փռել» հանրապետության բոլոր մարզերում

2016-09-13 13:38

 

«Դե Ֆակտո» N122 (2016թ.)

«Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան արդեն ութ տարուց ավելի է, ինչ իր հարկի տակ է ընդունում 4-23 տարեկան աղջիկների և տղաների` Հանրապետության բոլոր մարզերից: Մասնակիցները հնարավորություն են ունենում մասնակցելու հմուտ մասնագետների կողմից անցկացվող դասընթացներին, որտեղ լավագույններին հնարավորություն է ընձեռվում հանդես գալու մի շարք նախագծերում (նորաձևության ցուցադրություններ, գովազդ, տեսահոլովակներ, մանկական շոու ծրագրեր): Այն տաք ու լուսավոր միջավայր է, որտեղ գեղաքայլքին (դեֆիլե) զուգահեռ բացահայտվում են մասնակիցների անհատական ընդունակությունները, որն էլ կարող է օգտագործվել տարատեսակ մրցույթների ընթացքում:
«Դե ֆակտո» ամսագրի զրուցակիցն է «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն ԼՈՒՍԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:

-Տիկի՛ն Բաղդասարյան, ինչպե՞ս առաջացավ «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիա ստեղծելու գաղափարը և արդյո՞ք մտավախություն չկար, որ Հայաստանում այն կարող էր երկար կյանք չունենալ: 


-Գաղափարն առաջացավ ութ տարի առաջ, 2008-ին: Ես և ամուսինս՝ Գևորգ Ասատրյանը, ով ասոցիացիայի հիմնադիրն է, ստեղծեցինք մի կառույց, որտեղ համատեղեցինք մեր ունեցած փորձն ու գիտելիքները` երեխաներին փոխանցելու նպատակով: Գևորգը բանասեր է, երկար տարիներ աշխատել է հանրապետության և արտերկրի առաջատար հեռուստա-ռադիո ընկերություններում, ես մասնագիտությամբ մասսայական միջոցառումների ռեժիսոր եմ:


Միանշանակ, սկզբնական շրջանում դժվարություններ եղան, որը բնական է ցանկացած աշխատանքում: Հատկապես այդ տարիներին շատերն էին կարծում, թե Հայաստանում նման ասոցիացիայի գործունեությունը երկար կյանք ունենալ չի կարող: Սակայն, թե՛ իմ, թե՛ ամուսնուս վստահությունն ու ոգևորվածությունն այնքան մեծ էր, որ ոչինչ մեզ կանգնեցնել չէր կարող: Այսօր արդեն տեսնելով գրանցած հաջողություններն ու ձեռքբերումները, վստահաբար կարող եմ ասել, որ չենք սխալվել: Այս տարիների ընթացքում մեր կողքին է գեղարվեստական ղեկավար Մարինա Գրիգորյանը, ով ներդնում է առանձնակի սեր ու հմտություններ, ում վստահում ենք անվերապահորեն: Ներկայում կազմակերպությունն ունի նաև ներկայացուցիչներ հանրապետության բազմաթիվ մարզերում ու քաղաքներում:

-Արդյո՞ք «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան ունի «Հայաստան» բառի օգտագործման իրավունք, և միջազգային ասպարեզներում ինչպիսի՞ հաջողություններ եք գրանցել:


-«Հայաստան» բառն օգտագործելու իրավունքը մենք ստացել ենք 2014-ին ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կառավարության հատուկ ընթացակարգով և ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի որոշմամբ: Բնականաբար, օգտագործման իրավունքին արժանացել ենք այս տարիների ընթացքում ձեռքբերված վաստակի, իրականացրած աշխատանքների արդյունքում: Սա մեծ պատասխանատվություն է, և մենք փորձում ենք ամեն ինչ անել լավագույնս: Այս տարիների ընթացքում քառասունից ավելի մրցույթներ ենք անցկացրել, երեսունից ավելի նորաձևության ցուցադրություններ, համակարգել ենք 2010 թվականին Երևանում անցկացված ԱՊՀ երկրների Դելֆյան 6-րդ խաղերը և իրականացրած բազմաթիվ այլ նախագծեր:
«Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիային պատկանող «Թոփ մոդել Հայաստան» փրոդաքշն ապրանքային նշանը գրանցված է ՀՀ մտավոր սեփականության գործակալության կողմից, պահպանվում է ազգային ապրանքային նշանների բազայում և իրավական պահպանություն ունի ՀՀ-ում: 2015-ից ասոցիացիան Miss Planet ապրանքային նշանի բացառիկ օգտագործողն է Հայաստանի Հանրապետությունում: Սա բացառիկ հնարավորություն է Հայաստանը ներկայացնելու նման հեղինակավոր մրցույթում, որի ապրանքանիշը գրանցված է WIPO-ում (համաշխարհային մտավոր սեփականության գործակալություն): Հայաստանն անցած տարի առաջին անգամ մասնակցեց «Miss Planet 2015» միջազգային հեղինակավոր մրցույթին, իսկ մեր երկիրը ներկայացրած Դայանա Դավթյանը նվաճեց հատուկ մրցանակներից մեկը` Miss Elegant:


Այս տարվա մարտի 13-ից 20-ը մասնակցել ենք Անթալիայում անցկացված «Future Fashion Faces World 2016» (Նորաձևության աշխարհի ապագա դեմքեր 2016) միջազգային խոշոր մրցույթին և վերադարձել 2 շատ կարևոր մրցանակներով: Սա ակտիվորեն լուսաբանվեց իրենց մամուլում և հայաստանյան լրատվամիջոցներով: Հունիսի 22-ից 29-ը Բուլղարիայի Սոզոպոլ ծովափնյա քաղաքում անցկացվեց 11-րդ, «Little Miss & Mister Planet 2016» մանկական միջազգային հեղինակավոր մրցույթը, որին Հայաստանը մասնակցում էր առաջին անգամ: Մրցույթին մասնակցում էին Դանիայից, Հունգարիայից, Բուլղարիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Բրազիլիայից, Սաուդյան Արաբիայից, Ուկրաինայից, Կոսովոյից, Թուրքիայից, Թաթարստանից, Մակեդոնիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Հարավային Աֆրիկայից, Ալբանիայից: Ոգևորիչ էր այն հանգամանքը, որ միջազգային հեղինակավոր մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էր նաև «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի հիմնադիր Գևորգ Ասատրյանը: Ժյուրիի անդամները քսանն էին, և ժամանել էին աշխարհի բազմաթիվ երկրներից:


Հայաստանը ներկայացնող մասնակիցներից 11-ամյա Արա Ստեփանյանն արժանացավ գլխավոր մրցանակի, իսկ 5-ամյա Դավիթ Կարապետյանը` առաջին մրցանակի: Դավիթը մրցույթի Fashion Show փուլում ժյուրիի միաձայն որոշմամբ արժանացավ նաև «Little Mister Model 2016» հատուկ մրցանակին: Միջազգային ամենահեղինակավոր մրցույթներին, ի դեմս «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի, Հայաստանը կներկայանա այս տարվա սեպտեմբեր ամսից մինչև տարեվերջն ընկած ժամանակահատվածում: Դրանցից շատերին Հայաստանը երբեք մասնակցություն չի ունեցել: Դրանք հեղինակավոր մրցույթներ ու նախագծեր են և մեր փոքր ու համերաշխ թիմը անգամ ամռան ամիսներին մեծ ծավալով աշխատանք է տանում: Ասոցիացիան մոտ քսան միջազգային մրցույթների ազգային տնօրենն է Հայաստանում, վերջին երկու տարիների ընթացքում համագործակցության բազմաթիվ հուշագրեր է կնքել միջազգային հեղինակավոր ասոցիացիաների հետ, և դրանք աստիճանաբար կյանքի կկոչվեն:

-Ծնվել եք Երևանում, մանկական, պատանեկան գեղեցիկ հիշողությունները ստեղծել` Թալինում. ինչպե՞ս:

-Այո, ծնվել եմ Երևանում, բայց շատ ուրախ եմ, որ մանկությունս և պատանեկությունս անցել են գյուղական մաքրամաքուր և անաղարտ միջավայրում, որի համար ոչ մի վայրկյան չեմ ափսոսում: Մեծանալով ավանդապաշտ հայ գաղթականի ընտանիքում, ստացել եմ այն ամենը, ինչն իսկապես թրծում և կայացնում է ապագա հայ կնոջը, մորը: Տեսնելով մշեցի տատիկի ու պապիկի աչքերի կարոտը, հոգեպես զգալով այն ապրումները և զգացողությունները, ինչը նրանք են ունեցել գաղթի ճանապարհին, կարծում եմ ես ավելի շուտ մեծացա, հասունացա: Չեմ կարող չգնահատել և չհիշել իմ դպրոցական տարիներն ու ուսուցիչներին: Նրանք իսկապես անմնացորդ ինձ տվել և ներարկել են այն ամենը, ինչին ես հիմա հանդիպում եմ, կյանքիս համարյա ամեն քայլափոխին: Ես խոնարհվում եմ նրանց առջև և երախտապարտ եմ:

-Եթե չլիներ Ձեր կյանքի այս փուլը, ով կլիներ Լուսինե Բաղդասարյան անհատն այսօր: Ինչպիսի՞ ներգործություն է ունեցել գյուղական կյանքը Ձեր անձի կայացման գործընթացում:


-Ես չգիտեմ` ինչ կլիներ հետո, բայց Լուսինե Բաղդասարյանը կլիներ նույն ինքը, մի տարբերությամբ` ուղղակի ես, կարծես թե սեփական մաշկիս վրա եմ զգացել եղեռնի արհավիրքը, որովհետև ամեն անգամ, երբ նայում էի պապիկիս աչքերին, հասկանում էի, որ իմ ունեցածը միայն նրա հուշերի ծվեններն են ու արյան կանչը:
Իմ կայացման, ինքս ինձ գտնելու համար ես միանշանակ պարտական եմ իմ ամուսնուն` Գևորգ Ասատրյանին: Գևորգը հավատաց, վստահեց ինձ, իմ ուժերին և ստեղծեց համապատասխան միջավայր` կայանալու և ինքնահաստատվելու համար: Ունեմ հրաշք երեխաներ. աղջիկս 22 տարեկան է, ավարտել է օտար լեզուների համալսարանը, և պատրաստվում է իր ընտանեկան կյանքը դասավորել: Տղաս` 20 տարեկան, զինվոր է, որի համար շատ հպարտ եմ: Պրոֆեսիոնալ սպորտսմեն է`լողորդ:

-Ընտանիքն այն հենասյունն է, որտեղից ուժ ենք ստանում կյանքի տարատեսակ դժվարություններ հաղթահարելու համար: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում լինել աշխատանքի զարկերակին` պահպանելով ընտանեկան ներդաշնակությունը:


-Ես առհասարակ լավատես եմ, շատ հստակ տեսնում եմ իմ առջև դրված բոլոր խնդիրները և հերթականությամբ սկսում եմ լուծել: Երևի գտել եմ մարդկային ճիշտ հարաբերություններ ստեղծելու բանալին:
Այս ամենին զուգահեռ, ես երբեք թույլ չեմ տվել, որ ընտանիքը տուժի իմ զբաղվածության պատճառով: Շատ սիրում եմ գտնվել խոհանոցում, համեղ պատրաստել, հյուրասիրել մեր տուն այցելող բոլոր ընկերներին, հյուրերին, բարեկամներին, իսկ նրանք շատ-շատ են: Աստծո հովանավորությամբ լիարժեք երջանիկ մայր եմ, սիրված կին:

-Ի՞նչ է կյանքը Ձեզ համար և ի՞նչն եք ամենից շատ գնահատում մարդկային փոխհարաբերություններում:


-Կյանքը Աստծո կողմից տրված նվեր է, մի կարճ ժամանակահատված, որը, իմ կարծիքով, պետք է ապրել արժանապատվորեն: Պետք է գնահատել ամեն վայրկյանը, ճիշտ ապրել, որպեսզի հետո չափսոսալ ոչնչի համար:
Մարդկային հարաբերություններում գնահատում եմ անկեղծությունը: Եթե մարդն անկեղծ է, ուրեմն ազնիվ է, բարի ու նվիրված:
Ես կարծում եմ, որ պետք է գործել ժամանակին համընթաց, եթե ոչ` կկորցնես և ժամանակը, և հնարավորությունները:

-Տիկի՛ն Բաղդասարյան, ինքնաբավ կին եք. ունեք ամուր ընտանիք, լավ ընկերներ, սիրելի աշխատանք: Ո՞րն է Ձեր հաջողության բանաձևը:


-Պետք է զգույշ լինել իրար հանդեպ և կարողանալ ներել: Երևի սա է իմ հաջողության բանաձևը, որ ես կարողանում եմ ներել:
Շնորհակալ եմ Աստծուն, որ օգնում է սիրել մարդկանց և զգույշ լինել նրանց հանդեպ:

 


Հարցազրույցը` Քրիստինա Միրզոյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...