





2016-09-08 10:53
«Դե Ֆակտո» N122 (2016թ.)
«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Սասունիկ համայնքի ղեկավար Արման Մարգարյանը
-Պարո՛ն Մարգարյան, ղեկավար պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր անհատ համայնքի զարգացման որոշակի ծրագրեր և մոդելներ է ունենում, որոնք կյանքի է կոչում պաշտոնավարման ընթացքում: Ինչպիսի՞ն էր պաշտոնավարման մեկնարկը և այս տարիների ընթացքում ի՞նչ բարեփոխումներ են կատարվել Սասունիկ համայնքում:
-Սասունիկ համայնքի ղեկավարի պարտականությունները ստանձնել եմ 2008թ-ի հոկտեմբեր ամսից: Մինչև համայնքի ղեկավար ընտրվելը ունեցել եմ իմ ծրագրերը, կապված համայնքի զարգացման հետ, որոնք կյանքի եմ կոչել իմ պաշտոնավարման տարիներին: Ցանկություններս մեծ էին, քան հնարավորությունները, բայց համոզված էի, որ ժամանակի ընթացքում կլուծվեն բոլոր հիմնախնդիրները: Այսօր հպարտորեն կարող եմ ասել, որ նպատակներս արդեն մեծամասամբ կատարվել են. այս ութ տարիների ընթացքում վերանորոգվել է գյուղապետարանի շենքը, հիմնավերանորոգվել է բուժամբուլատորիան, հրատապ ծրագրի շրջանակներում վերանորոգվել է մշակույթի տունը, «Ասիական բանկի» միջոցներով հիմնանորոգվել է խմելու ջրագծերի մոտ 80% -ը, «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակներում ավարտին է հասցվել գազաֆիկացման աշխատանքները: Ամբողջությամբ կարգավորվել է աղբահանության աշխատանքները, լուծվել է համայնքի գիշերային լուսավորության հարցը, բարեկարգվել է գյուղամիջյան ճանապարհները:
Նշեմ, որ 2015թ-ի լավագույն ձեռքբերումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցված մանկապարտեզի շենքն էր, մոտ 100 երեխայի համար: Այդ ծրագրի իրականացման համար համայնքի կողմից կատարվել է 40 մլն դրամ ներդրում: 2016թ-ի հունիսի 1-ից, երեխաների պաշտպանության օրը, մանկապարտեզը շահագործվեց, որտեղ այս պահին հաճախում են շուրջ 70 երեխա:
-2015 թվականին Հայաստանի համայնքների միության կողմից մրցանակի արժանացաք «Մաքուր գյուղական համայնք 2015» անվանակարգում, ինչը փաստում է առկա ձեռքբերումների մասին: Այս մրցանակը որքանո՞վ է պարտավորեցնող:
-Իհարկե, «Մաքուր գյուղական համայնք 2015» մրցանակը մեզ համար շատ կարևոր էր: Այն ես համարում եմ իմ աշխատանքային տարիների ձեռքբերումներից մեկը, որին հասել ենք մեր ճիշտ կազմակերպված աշխատանքների, բնակչության կենսամակարդակի բարձրացման պատասխանատվության արդյունքում: Այժմ էլ պետք է ամեն ինչ անել մրցանակը պահպանելու համար: Յուրաքանչյուր մարդ կցանկանա ապրել մաքուր, բարեկարգ բնակավայրում:
-Պետություն-համայնքապետ-քաղաքացի, թերևս նաև այս շղթայի միջոցով է տեղի ունենում պետության և քաղաքացու երկխոսությունը: Դուք այս շղթայում Ձեր ղեկավարած համայնքի պատասխանատուն եք: Արդյունավե՞տ է այն գործում:
-Պետություն-համայնքապետ-քաղաքացի շղթայում ոչ պակաս կարևոր դեր ունի ուժեղ համայնքապետը: Համայնքի ղեկավարը հանդիսանալով միջնորդ օղակ, պետք է կարողանա ճիշտ կատարել և ներկայացնել թե՛ պետության պահանջները, թե՛ համայնքի խնդիրներն ու շահերը: Պետք է կարողանա ստեղծել փոխըմբռնման առողջ մթնոլորտ և առաջնորդվի «Գյուղի հոգսը նաև իմ հոգսն է» կարգախոսով: Ինձ համար պատասխանատվության զգացումն աշխատանքի հանդեպ ամենակարևոր պայմանն է:
-Պարո՛ն Մարգարյան, Ձեր գործունեության մեջ նկատելի է ոչ միայն պատասխանատու, այլ նաև հոգատար վերաբերմունք սասունիկցիների նկատմամբ: Ինչո՞վ է դա պայմանավորված:
- Լինելով սասունցի` պարտքս եմ համարում շենացնել, զարգացնել իմ ծննդավայրը, հայրենի հողում բերք ու բարիք արարեմ և ծառայեմ իմ ժողովրդին:
Հարցազրույցը՝ Սյուզաննա Ղուկասյանի
Վերադառնալ