04:00
11/13/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ

2016-08-30 11:15

 «Դե Ֆակտո» N122 (2016թ.)

«Դե ֆակտո» ամսագրում այս շարքն սկսելու միտքը ծնվեց վերջերս, մի բավականին լուրջ հավաքույթի ժամանակ, երբ հավաքվածներից չորսը՝ արտաքինից մտավորականներ, զտարյուն հայեր, լրջորեն վիճում էին, թե Հովհաննես Այվազովսկին ինչ ազգության է պատկանում: Եթե Խորհրդային Միությունում փորձ էր արվում ազգային փոքրամասնությունների մեծերին «սեփականաշնորհելու», գիտնականներն ու գիտակներն իրենց վաստակից ու կոչումներից, պաշտոնյաներն էլ՝ գրաված դիրքից չզրկվելու համար լռում էին, ապա անկախ մեր երկրում այդ մոտեցումը միանգամայն դատապարտելի է և ջուր է լցնում մեր թշնամիների ջրաղացին, որոնք մեր պատմական տարածքներն իրենցով անելուց հետո, ցավոք, ոչ առանց հաջողության, փորձ են անում «սեփականաշնորհել» մեր մշակույթի հուշարձաններն ու նշանավոր անձանց, տասնյակ լեզուներով, միլիոնավոր տպաքանակներով գրքեր են հրատարակում՝ սուտն ու կեղծիքը աշխարհի միամիտներին կամ հայատյացներին որպես ճշմարտություն ներկայացնելով: Մեր պարտքն է՝ ճշմարտությունը ներկայացնելով հակահարված տալ թշնամական նկրտումներին, մեր երիտասարդ սերնդին ծանոթացնել հայ ժողովրդի մեծերի հետ:

Ասքանազ Աբրահամյան
Շարքի հեղինակ, ռազմական պատմաբան-մշակութաբան, պահեստազորի ավագ սպա:

Կես դար՝ վառոդի տակառի վրա
(-Հետախույզի կյանքում կարեւորագույն նախապայման է դավաճանության զոհ չդառնալը,- մեր հանդիպմանն ասաց աշխարհի հարյուր լավագույն հետախույզների ցանկում գրանցված, ԽՍՀՄ միակ հետախույզը, որ կենդանության օրոք Խորհրդային Միության հերոսի կոչման է արժանացել, Գեւորգ Անդրեյի Վարդանյանը, որի մասին է ստորեւ բերվող ակնարկ-հարցազրույցը ):

Գարնանային այդ ամպամած օրվա հեռախոսազանգն իմ աշխատավայրում՝ ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմապատմական թանգարանում, հետաքրքիր մի հանդիպման ու ծանոթության սկիզբը դրեց: Զանգողը ՀՀ ազգային անվտանգության ծառայության գնդապետ էր, խնդրում էր հավուր պատշաճի ընդունել Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանին և կազմակերպել նրա անվան փորագրումը «Հաղթանակ» զբոսայգու հերոսների ծառուղու համապատասխան հուշաքարի վրա:
Աշխատանքի բերումով ես, գոնե անուն-ազգանուններով, գիտեմ Խորհրդային Միության բոլոր հայ հերոսներին: Գևորգ Վարդանյան անուն-ազգանունը հերոսների շարքում առաջին անգամ էի լսում: Մինչ ուղեղիս հեռավոր անկյուններում որոնում էի՝ գտնելու նորահայտ հերոսին, գործընկերոջս ուղեկցությամբ ներս մտան անվտանգության ծառայության ինձ հեռաձայնած գնդապետն ու բարձրահասակ, կոկիկ հագնված, սպիտակահեր մի տղամարդ:

-Ծանոթացեք, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանը, նույն ինքը՝ Ամիր,- ներկայացրեց ԱԱԾ գնդապետն ու ավելացրեց,- Դուք զրուցեք, ես կազմակերպչական հարցերով զբաղվեմ,- և դուրս եկավ:
Չնայած պիջակի օձիքի ձախակողմյան մասում փայլող հերոսի աստղին, այնուամենայնիվ, կասկածը չէր հեռանում միջիցս՝ ո՞վ է այս «ինքնակոչ» հերոսը:
-Կներեք, եթե գաղտնիք չէ, Դուք Մեծ հայրենականի ո՞ր ռազմաճակատում եք կռվել, ե՞րբ և ինչի համար եք հերոսի կոչում ստացել,- փարատելով լռությունը, քննիչի նման հարցնում եմ:
-Տարբեր ռազմաճակատներում, իսկ հերոսի կոչում ստացել եմ դեռ նախորդ իշխանությունների օրոք, երևի ինչ-որ օգտակար բան արել եմ, չնայած այդ բարձր պարգևն ինձ համար էլ էր անակնկալ: Ինչ վերաբերում է ձեր տեղյակ լինելուն, այդ մասին դուք չէիք կարող իմանալ, քանզի մեզ վերաբերող հրաման–հրամանագրերը գաղտնի են և հասու մարդկանց փոքր շրջանակի,- բազմանշանակ ժպտալով, անթերի գրական հայերենով պատասխանում է նորածանոթս ու շարունակում.- «Թեհրան-43» ֆիլմը նայե՞լ եք:
-Այո,-պատասխանում եմ,-բավականին լավ, հետաքրքիր ֆիլմ է:
-Այդ ֆիլմում նկարագրված դեպքերի անանուն մասնակիցներից ենք ես և կողակիցս՝ Գոհար Լևոնովնան: Մենք այժմ արդեն իրավունք ունենք հանդես գալու սեփական անուններով: Թույլ տվեք ներկայանալ. մենք հետախույզներ ենք: Հետախույզ լինելը ոչ միայն կամ ոչ թե ռոմանտիկա է, այլ հայրենիքի պաշտպանության ամենաէֆեկտիվ ձևերից մեկը: Դա հավատավոր և ինքնազոհ մարդկանց մասնագիտությունն է, որին չի կարելի չսիրահարվել...
-Իսկ կարելի՞ է Ձեզ հետ զրուցել Ձեր մասնագիտության շուրջ, Ձեզ ներկայացնել լայն հանրությանը,-առիթը բաց չթողնելով, խորհրդավոր նորածանոթիս հարցնում եմ ես:
-Լավ, երիտասարդ, երևում է հետաքրքրասերն եք,- առանց ավելորդ ձևականությունների վրա է բերում Վարդանյանը,- ձեր բախտը բերել է, մենք ընդամենը վերջերս ենք Իրանում կատարած ծառայությունների մասով գաղտնազերծվել և հնարավորինս կարճ կպատմեմ կյանքիս միայն այդ շրջանի մասին, ինչ չհասցնեմ ասել, կլրացնի կինս՝ Գոհար Լևոնովնան, որի հիշողությունն իմից լավն է, բացի այդ, նա ավելի շատ բաներ գիտի: Միայն խնդրում եմ թեմային չվերաբերող հարցեր չտաք, ճիշտ է, մենք այժմ ակտիվ աշխատանքի մեջ չենք, բայց նախկին հետախույզներ չեն լինում, շատ բաներ մենք՝ հետախույզներս այդպես էլ մեզ հետ գերեզման ենք տանում...

...Վարդանյանի հեռախոսազանգից մի քանի րոպե անց մեզ է միանում նաև նրա ավելի քան 60 տարվա մարտական ու նաև կյանքի ընկերուհին՝ «Անիտա» մականունով հայտնի Գոհար Լևոնովնան, և սուրճի սեղանի շուրջը ծավալվում է մեր խոսակցությունն անցած-գնացած օրերի մասին:


-Ծնվել եմ հեռավոր 1924 թվականին, Դոնի Ռոստովում,- պատմում է Վարդանյանը,- հայրս Ստեպնայա ստանիցայի ձեթի գործարանի տնօրենն էր, ինչպես ասում են, ձեռքի հետ էլ համագործակցում էր ԽՍՀՄ արտաքին հետախուզության հետ: 1930 թվականին նրան ընտանիքի հետ միասին հետախուզական առաքելությամբ ուղարկեցին Իրան: Այստեղ հորս քանիցս ձերբակալեցին ու բանտ նետեցին՝ ԽՍՀՄ հետախուզության հետ կապեր ունենալու մեջ կասկածվելու համար: Քանի որ մուսուլմանական երկրներում ընդունված չէ, որ կինը միայնակ փողոց դուրս գա, հորս ուտելիք տանելու ժամանակ մորս ուղեկցում էի ես՝ նկատելով, որ ուտելիքից բացի մայրս ինչ-որ թղթեր է փոխանակում հորս հետ, թաքուն զրուցում: Արդեն 12 տարեկանում ես հասկացա, որ հայրս հետախույզ է, և ինքս էլ որոշեցի գնալ նրա ճանապարհով: Սովորելով տեղի դպրոցում, պարսկերենն ինձ համար դարձավ երկրորդ լեզու՝ ռուսերենից հետո, իսկ, չեմ թաքցնում, ամոթ ինձ, իմ մայրենի լեզուն ես սովորել եմ ավելի ուշ՝ հիսնական թվականներին: Երևանում ուսանելու տարիներին:
-Այդքան ուշ ու այդպես վա՞րժ եք խոսում:
-Բանն այն է, սիրելիս, որ մեր մասնագիտությամբ աշխատելու կարևորագույն նախապայմաններից մեկն էլ լեզվաիմացությունն է, անհրաժեշտ լեզվով ազատ ու առանց առոգանության խոսելը: Բացի դա, գենետիկան հզոր գիտություն է, չէ՞ որ ես մաքուր հայ եմ, հետո ինչ, որ ճակատագրի բերումով օտար ափերում եմ ծնվել-մեծացել...
-Ուրիշ ի՞նչ լեզուներ գիտեք,- հարցնում եմ:


-Այ դա, ջանիկս, արդեն ավելորդ հարցերի ճյուղին է պատկանում,- ժպտում է Վարդանյանը,- ես ասացի, որ գաղտնազերծված եմ միայն Իրանի մասով, լեզուների իմացության աշխարհագրությունն այլ հարթությունից է, ուրիշ ծառայությունների մասից, որոնց մասին խոսելն առայժմ շուտ է, մի 6-7 լեզու էլ հենց այնպես գիտեմ, հանուն հետաքրքրության...
-Ինչպե՞ս հանդիպեցիք Գոհար Լևոնովնային,- հարցնում եմ:
-Աստծո կամքով,- պատասխանում է Վարդանյանը,- Գոհարը չլիներ, այսօր ես էլ չէի լինի, և թող չափազանցություն չթվա, եթե ասեմ, որ 40-50-ական թվականների մեր երկրի պատմությունը երևի այլ կերպ դասավորվեր: Կյանքում իմ ամենամեծ ձեռքբերումն ու աշխատանքային «հավաքագրումը» Գոհարն է՝ համարձակ ու ճկուն, վստահելի ու անդավաճան, ազնիվ ու աշխատասեր, մաքրասեր ու բծախնդիր՝ ինչպես աշխատանքում, այնպես էլ տանը: Չզարմանաք, եթե ասեմ, որ ես տարբեր անուն-ազգանուններով երեք անգամ եմ ամուսնացել, բայց երեք անգամն էլ... Գոհարիս հետ:
-Ինչպե՞ս:


-Պատմեմ: Երբ 1940-ին Իրանի խորհրդային հետախուզության ղեկավար, մեր ժողովրդի տաղանդավոր զավակ, իմ ուսուցիչ Իվան Աղայանցից հանձնարարություն ստացա՝ հավաքել համախոհների խումբ և հետևել գերմանացիների օգտին աշխատող գործակալներին, մեր բազմազգ խմբում ինձանից բացի ծագումով գյումրեցի մի տղա էլ կար՝ Հովհաննեսը, որի քույրն է Գոհարը: Շուտով նա ևս անդամագրվեց մեր կոլեկտիվին: Քանի որ մեր խմբի միակ փոխադրամիջոցը հեծանիվն էր, Աղայանցը մեր խմբին «Թեթև հեծելազոր» մտերմիկ անունով էր կնքել: Ահա այդ «Թեթև հեծելազորի» ամենափոքր, ամենաթեթև, ամենասիրուն, միևնույն ժամանակ նաև ամենաճկուն ու կասկած չհարուցող միակ աղջիկ անդամն էլ դարձավ Գոհարը, որի չնայած առաջին իսկ օրվանից ես համակրում էի, բայց դա չէր խանգարում, որ պատասխանատու շատ հանձնարարություններ նրան վստահեի: Առանց դույզն-ինչ կասկած հարուցելու նա իրագործում էր ամենադժվարին ու առաջին հայացքից անիրագործելի թվացող հանձնարարությունները, իսկ ահա, 1946-ին Թեհրանում, ուղղափառ եկեղեցում՝ բոլոր արարողակարգերով մենք առաջին անգամ ամուսնացանք:
1951 թվականին մեզ թույլատրվեց վերադառնալ Երևան՝ սովորելու Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտում,- ամուսնու խոսքը շարունակում է Գոհար Լևոնովնան,- և ահա, ծնողներիս պարտադրանքով մենք կրկին «ամուսնացանք» ԶԱԳՍ-ում: Երրորդը Եվրոպայում էր, այսպես կոչված, աշխատանքի բերումով, երբ մեզ պետք էր ապացուցել ամուսիններ լինելը. նորից մատանիների փոխանակում, ծաղիկներ, նվերներ... ինչպես առաջին անգամ... Բայց մեր ընտանիքի սկիզբը մենք համարում ենք առաջին ամուսնությունը...
-Քանի՞ երեխա ունեք:


-Ցավոք, մեր մասնագիտությունը չի խրախուսում երեխաներ ունենալը, բայց դա չի խանգարում, որ մենք իրար անհունորեն սիրենք,- պատասխանում է Գոհար Լևոնովնան:
-Հայտնի է, որ Թեհրանի կոնֆերանսի նախապատրաստման, մասնակիցների անվտանգության ապահովման գործում լուրջ դերակատարություն են ունեցել 3 հայեր՝ Իվան Աղայանցը, և Դուք: Ողջ եք մնացել միայն Դուք: Որպես ականատես կարո՞ղ եք պատմել այդ կոնֆերանսի, ինչպես ասում են, հայկական հետքի մասին:
-Այնքանով, որքանով,- պատասխանում է նախկին հետախույզն ու հարմար տեղավորվելով բազկաթոռում, շարունակում պատմությունը.
-Երկրորդ աշխարհամարտի նախօրյակին Հիտլերի պլաններում Իրանին կարևոր տեղ էր հատկացվում՝ նավթի, ռազմավարական և Խորհրդային Միությանը սահմանակից լինելու, այնտեղից դեպի Հնդկաստան ու Աֆղանստան հեշտությամբ թափանցելու նկատառումներով: Այստեղ էին ուղարկվել շուրջ 20 հազար գերմանացի մասնագետներ՝ ռազմական տեսուչներ, բիզնեսմենների ու առևտրականների անվան տակ` հետախույզներ ու զանազան գործակալներ: Քանի որ ԽՍՀՄ հետախուզության Իրանի պատասխանատու, մեր հայրենակից Իվան Աղայանցը քաջածանոթ էր մեր ընտանիքին, լիովին վստահում էր, 1940 թվականի փետրվարին,- շարունակում է Գևորգ Վարդանյանը,- երբ նոր էր լրացել տասնվեցս, ինձ տվեց առաջին հանձնարարությունը. ես պետք է ինձ հասակակից տղաներից կազմեի գաղափարակիցների խումբ, որը պետք է հետևեր Թեհրանում ֆաշիստական հետախուզության գործողություններին: Նախկին Խորհրդային Միությունից Իրան արտաքսված ընտանիքների երեխաներից բաղկացած 7 հոգանոց բազմազգ այդ խմբով մենք, առանց կասկած հարուցելու, ակնդետ հետևում էինք գերմանացի հայտնի հետախույզ Ֆրանց Մայերի ղեկավարությամբ գործող ռեզիդենտուրայի գործողություններին և հասցնում Աղայանցին: Մեկուկես տարում մեզ հաջողվեց գերմանական հետախուզության համար աշխատող շուրջ 400 իրանցիների գաղտնազերծել, որոնց մեջ կային նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, գեներալներ, ձեռնարկատերեր: Նրանք հող էին նախապատրաստում գերմանացիների համար՝ Իրանի հարավից հարձակվելու ԽՍՀՄ վրա: Եթե Ստալինգրադն ընկներ, դա անխուսափելի էր: Սակայն, ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ. կանխազգալով Իրանի առաջնորդ Ռեզա Շահի ֆաշիստամետ դիրքորոշումը, գերմանացիների մտադրությունը, քննարկելով մեր հետախուզության, հատկապես Աղայանցի հաղորդած տվյալները, 1941 թվականի օգոստոսին ԽՍՀՄ-ը Իրան մտցրեց մի քանի դիվիզիա՝ լենդ-լիզով Իրանի տարածքով անգլո-ամերիկյան մատակարարումները մեր երկրին անխափան տեղ հասցնելն ապահովելու պատճառաբանությամբ: Ավելի ուշ այստեղ հայտնվեցին անգլիական ու ամերիկյան զորքերը: Բացահայտված ֆաշիստական գործակալների մեծ մասը ձերբակալվեց, մի մասն էլ մեր կողմից «վերապրոֆիլավորվեց»՝ աշխատելու ԽՍՀՄ և դաշնակից տերությունների օգտին: Աղայանցը բազմաթիվ հանձնարարություններ տվեց մեզ և գոհ էր, որ դրանք ճիշտ ու ժամանակին էինք կատարում: Բերեմ միայն մեկ օրինակ. մի անգամ Աղայանցն ասաց, որ մեր կողմից հավաքագրված պարսիկ գեներալներից մեկն ինչ-որ ճիշտ բաներ չի անում, նրա հաղորդած տվյալների մեծ մասը հերքվում է, կամ էլ ընկնում գերմանացի գործակալների ձեռքը, անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ... Գեներալի տունը գտանք, բարձրացանք նրա առանձնատան դիմաց կառուցվող եռահարկ կիսակառույցի կտուրն ու հեռադիտակով նայում ենք, թե ինչպես է նա գրամեքենայի վրա դնում «խիստ գաղտնի» գրիֆով թուղթն ու սկսում մեքենագրել՝ հնարովի «լուրեր» ուղարկելով, նա, իր կարծիքով, ապահովում էր իր կայուն հոնորարը... Մենք ստիպված էինք այդ գեներալին ուղարկել ուր որ հարկն է...


«Մեծ եռյակի»՝ ԽՍՄՀ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները որոշել էին 1943 թվականի աշնանը Թեհրանում անցկացնել կոնֆերանս, որի մասին իմացել էր Գերմանիայի հետախուզությունն ու հայտնել Հիտլերին: Վերջինս հանձնարարել էր պատեհ առիթն օգտագործելով վերացնել միանգամից երեք տերությունների ղեկավարներին և ավարտել պատերազմը, որի անցանկալի ավարտն իրենց համար արդեն նշմարելի էր: Գործողության ծածկանունն էր «Մեծ թռիչք»: Այդ նպատակով գերմանացիները նախօրոք Իրան էին ուղարկել փորձառու 6 հետախույզների, որոնք պետք է ռադիոկապ հաստատեին Բեռլինի հետ և նախապատրաստեին Հիտլերի ամենավստահելի մարդու՝ «Սպիավոր մարդ» մականունով հայտնի Օտտո Սկորցենիի ղեկավարությամբ Իրան իջեցվող դեսանտը: Պլանավորված էր ահաբեկությունն իրականացնել նոյեմբերի 30-ին՝ Չերչիլի ծննդյան օրը, ԽՍՀՄ դեսպանատան հարևանությամբ գտնվող Մեծ Բրիտանիայի դեսպանատանը: Այստեղ կար խմելու ջրի աղբյուր և այն սնող ջրանցքով, որն սկիզբ էր առնում հայկական գերեզմանոցից, կարելի էր թափանցել պահպանվող տարածք ու տեղադրել ռումբ: Ահա, գերմանական այս առաջապահ հետախույզների նպատակներն ու Նադերի փողոցի վրա վարձած բնակարանի տեղն ու այլ մանրամասներ մենք մանրակրկիտ կերպով ուսումնասիրեցինք, գաղտնազերծեցինք հեռախոսազրույցներն ու հանձնեցինք Աղայանցին: Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց էր...: Գերմանացիների պլանները, կարճ ասած, բացահայտվեցին: Նրանց մտքով անգամ չէր անցնի, որ 15-16 տարեկան պատանիները կարող են հսկողության տակ պահել իրենց ու ձախողեն բոլոր պլաններն ու ծրագրերը: Բայց նրանց ռադիստներից մեկին, այնուամենայնիվ հաջողվել էր Բեռլին հասցնել բոթը, որ իրենց խումբը բացահայտված է և հսկողության տակ: Փաստորեն, դեռևս խանձարուրում, գերմանացիների պլանները դատապարտված էին ձախողման, սակայն դա չէր նշանակում, որ նրանք լիովին հրաժարվեցին իրենց ծրագրերն իրագործելուց: Անկանխատեսելի իրադարձությունները վնասազերծելու նպատակով մենք աշխատում էինք նույն լարվածությամբ ու ոգևորությամբ:

 


Շարունակությունը հաջորդ համարում



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...