23:07
12/17/2018
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԲԵԹԹԻ VS ԷԼԻԶԱԲԵԹ ԴԱՆԻԵԼՅԱՆ

2016-08-25 13:32

 «Դե Ֆակտո» N122 (2016թ.) 

2013 թվականի «Լավագույն մանկական հեռուստադեմք»-ը` Բեթթին, այսօր արդեն 13 տարեկան է: Մանկությունը հեռուստաէկրաններին անցկացրած Էլիզաբեթը կյանքի նոր փուլ է մտնում նոր ասելիքով:


«New Generation» այսպես է կոչվում փոքրիկ մեդիադեմքի հեղինակային նոր նախագիծը, որի մանրամասների հետ Բեթթին կիսվեց «Դե Ֆակտո»-յի հետ:



-Ինչպե՞ս ծնվեց նախագծի գաղափարը:


-«New Generation» նախագծի համանուն երգը երկար ժամանակ է ինչ պատրաստ էր, սակայն ես չէի ցանկանում նկարահանել տեսահոլովակ հերթական երգի հիման վրա: Ուզեցի անել մի բան, որը կհամախմբի մարդկանց մեկ գաղափարի շուրջ և հասարակության ուշադրությունը կհրավիրվի պատանիների խնդիրներին: Ճիշտ չեմ համարում, որ այսօր շատ շնորհալի պատանիներ չունեն իրենց ինքնարտահայտման միջոցը:

-Հետևում ունենալով քարքարոտ անցած ճանապարհ, ի՞նչը կփոխեիր ինքդ:


-Կստեղծեի նախագծեր, որոնց միջոցով հնարավորինս շատ երեխաներ կունենային հնարավորություն լայն զանգվածներին ցույց տալու, թե ինչ ընդունակություններ ունեն: Շատ կուզեմ, որ մեզ մոտ ևս լինի հայտնի «Nickelodeon» հեռուստաալիքի ձևաչափը, որն իր մեջ ներառում է հետաքրքիր, զվարճալի մանկապատանեկան հեռուստաշոուներ, մյուզիքլներ, սիթքոմներ և այլն: Իհարկե, եղել են փորձեր, անգամ ես ինքս ունեցել եմ իմ դերն ու մասնակցությունը, սակայն այդ նախագծերն այդպես էլ կյանքի չեն կոչվել: Այդ իսկ պատճառով կցանկանայի, որ նման աշխատանքներով զբաղվեին ավելի հոգացավ մարդիկ:

-Մեդիադաշտում աշխատանքը բավականին հոգնեցնող է և շատ էներգիա է պահանջում: Ինչպե՞ս ես կարողանում պահպանել զգոնությունդ ու ի՞նչն է քեզ նոր թևեր տալիս:


-Այո, աշխատանքս շատ ջանք ու եռանդ է ինձնից պահանջում: Ժամանակ առ ժամանակ խիստ գրաֆիկով աշխատելուց հետո ուժասպառ եմ լինում, սակայն արձակուրդն ու համեղ շոկոլադը ամեն ինչ տեղն են գցում: Երբ կարողանում եմ կտրվել Բեթթիից և զբաղվել Էլիզաբեթի նախասիրություններով, ապա հանգստիս ընթացքում ծնվում են նոր մտահղացումներ, որոնք որ ստիպում են հավաքել բոլոր ուժերս և վերադառնալ աշխատանքի:

-Իսկ որո՞նք են Էլիզաբեթի նախասիրությունները:


-Դրանք շատ են: Ես երբևէ չեմ ընտրել երգչուհի դառնալու ուղին և իմ պլաններում չկա երգչուհու մասնագիտությունը: Փոխարենը ինձ շատ է ձգում ֆիզիկան: Այն ամենուր է: Արդեն որոշ ժամանակ է ինչ հաճախում եմ հարվածային գործիքների դասերի և տարված եմ դրանցով: Այն միտքը, որ ընդամենը երկու փայտիկով կարող ես ստեղծել երաժշտություն, ինձ տարավ դեպի հարվածային գործիքները: Էլ ինչ բեմի մարդ, առանց պարի: Այո, պարի էլ եմ գնում և կարող եմ ասել, որ հիփ-հոփը շատ մեծ տեղ ունի իմ կյանքում: Ի վերջո տեսահոլովակներումս տեղ գտած պարային համարները այդքան էլ հաջող չէին ստացվի, եթե չզբաղվեի պրոֆեսիոնալ պարով: Երբ ժամանակս ներում է զբաղվում եմ նաև կավագործությամբ: Այս ամենին նաև միանում է իսպաներենը: Համաձայն եմ «քանի լեզու գիտես, այնքան մարդ ես» ասացվածքի հետ:


-Ի”նչ նպատակներ ունես ապագայում:


-Մոտ ապագայում պետք է կանգնեմ ընտրության առաջ և ընտրեմ հետագա ուղիս, որը կարծում եմ կլինի ֆիզիկան: Ինչ վերաբերվում է նախագծին, ապա այն նպատակ ունի հունիսի 7-ը հռչակել Պատանիների օր, այդպիսով հնարավորություն ընձեռելով հասակակիցներիս նշել իրենց օրը, իսկ երկրի համար հունիսի 7-ը դարձնել տոն:

Լրագրող` Էդգար Մադոյան



Վերադառնալ








Խմբագրական
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2018-11-15 11:19

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր

Ավելի


Պահոց