19:24
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Տարվա կին ղեկավարըˋ իր աշխատելաոճի և աշխատանքային հաջողությունների մասին

2013-01-11 11:15

Աշխատանքին պետք է վերաբերվել այնպես, ինչպես ընտանիքինˋ ջերմությամբ և հոգատարությամբ: Եվ եթե յուրաքանչյուրս մեր տեղում  այդպես աշխատենք, հզոր պետություն կունենանք:

 Խաչանուշ Հակոբյան, ՙՀայ-ամերիկյան առողջության կենտրոն՚ հիմնադրամի տնօրեն

-Տիկիˊն Հակոբյան, ՙԴե Ֆակտո՚ ամսագիրը, բարձր գնահատելով կին ղեկավարի Ձեր յուրահատուկ տեսակը և աշխատելաոճը,  Ձեզ ճանաչել է ՙՏարվա  կին ղեկավար՚: Դուք ինքներդ ինչպե՞ս կգնահատեք Ձեզˋ իբրև ղեկավար:

-Նախ ինձ համար մեծ անակնկալ էր, որ ես կարող եմ լավագույնը համարվել կին ղեկավարների շրջանում, քանի որ ինքս իմ նկատմամբ քննադատական վերաբերմունք ունեմ: Կարծում եմˋ այդպես ավելի ճիշտ է. եթե մտածես, թե այլևս կատարելագործվելու կարիք չունես և հասել ես առավելագույնին, ապա դա վերջին տանող ամենամոտ ճանապարհը կլինիˋ  ևˊ որպես մարդ, ևˊ որպես ղեկավար: Այնպես որ, ես ինձ չեմ համարում լավագույն կին ղեկավարը, ես պարզապես փորձում եմ լավ աշխատել:

Կարծում եմˋ աշխատանքին պետք է վերաբերվել այնպես, ինչպես ընտանիքինˋ ջերմությամբ և հոգատարությամբ: Եվ եթե յուրաքանչյուրս մեր տեղում  այդպես աշխատենք, հզոր պետություն կունենանք:

-Ինչպիսի՞ փոխհարաբերություններ ունեք Ձեր աշխատակիցների հետ, որպես ղեկավարˋ ինչպե՞ս եք վարվում թույլ տրված սխալների դեպքում: 

-Իմ աշխատակիցները հիմնականում կանայք են, ովքեր ունեն բարձր ինքնագնահատական, ադեկվատ վերաբերմունք թեˊ իրենց աշխատանքի և թեˊ իրենց ղեկավարի հանդեպ, օժտված են բարձր պատասխանատվությամբ, թեև պետք է ասեմ, որ մեր հարաբերությունները ղեկավար-աշխատող պաշտոնական հարաբերություններ չեն:

Ինչ վերաբերում է թերացումներին, ապա, իհարկե, լինում են նաև նման դեպքեր, քանի որ բոլորս էլ սխալական ենք: Երբ նկատում եմ նման երևույթներ, իհարկե, դիտողություն եմ անում, բայց շատ նրբորեն, մյուսների համար աննկատ: Դա կարող է լինել հայացք, ցածր ձայնով ասված մեկ խոսք, որից իրենք ավելի շատ են ազդվում, քան գուցե ձայնս բարձրացնեի: Ես երբեք ձայնս չեմ բարձրացնում: Եթե լինում են դեպքեր, որ զգում եմˋ կարող է ինձ չզսպեմ, ապա այդ օրը չեմ խոսում, սպասում եմ մեկ-երկու օր, որ ավելի հանգիստ վիճակում և պայմաններում կայանա այդ զրույցը:   Կարծում եմˋ սա շատ ավելի ճիշտ աշխատելաոճ է, քան գոռալու, ճչալու լեզվով խոսելը:

 

 2012թ. մեզ համար շատ լավ տարի էր, քանի որ ևˊ մրցանակներ ստացանք, ևˊ ձեռք բերեցինք աշխարհի դեռևս եզակի քաղաքներում  տեղադրված մամոգրաֆներ:

-Այդ աշխատելաոճը Դուք ժամանակի ընթացքո՞ւմ եք որդեգրել, թե՞ Ձեր տեսակն է այդպիսին: 

-Ոչ ոք չի ծնվում տնօրեն կամ ղեկավար:  Մեզանից յուրաքանչյուրն իր ներսում կրում է այն արժեքները և դաստիարակությունը, որը ստացել է  իր ծնողներից, ընտանիքից և հետագայում դրսևորում դրանք կյանքի տարբեր բնագավառներում: Ես ծնվել և մեծացել եմ մանկավարժների ընտանիքում, մեծ վաստակ ունեցող մարդկանց միջավայրում և սովորել եմ իմ ծնողներից, քույրիկից: Նրանք ինձ սովորեցրել են սիրել մարդկանց, աշխատանքը, ծառայել ժողովրդին և կարծում եմ, որ մարդկային այն բոլոր որակները, որ իրենք երազել են տեսնել իմ մեջ, այժմ տեսնում են:  Այնպես որ, իմ աշխատելաոճը այդ ամենի հանրագումարն է, որն, անշուշտ, նպաստում է աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը:   

-Տիկիˊն Հակոբյան, 2012թ. ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ ՙՀայ-ամերիկյան առողջության կենտրոն՚ հիմնադրամը:

-2012թ. մեզ համար շատ լավ տարի էր, քանի որ ևˊ մրցանակներ ստացանք, ևˊ ձեռք բերեցինք աշխարհի դեռևս եզակի քաղաքներում  տեղադրված մամոգրաֆներ: Դրանք  ամենավերջին արտադրության թվայնացված մամոգրաֆներն են, որոնք երաշխավորում են ճշգրիտ հետազոտություն իրենցˋ պատկերը 1000 անգամ մոտեցնելու և մեծացնելու հնարավորության շնորհիվ: Նույնիսկ սկսնակ բժիշկը կարող է տեսնել այս կամ այն փոփոխությունը:

Վերջին արտադրության այս մամոգրաֆը, կարելի է ասել,  ճառագայթում չունի, ինչպես նաև ցավային սինդրոմ, որը նույնպես հասցված է  նվազագույնի:

Մենք հպարտորեն ենք սա փաստում, քանի որ շնորհիվ մեր ամերիկահայ բարերար Ռիտա Պալիանիˋ մենք ևս անմասն չմնացինք այս մեծ նվաճումից, որը թույլ կտա էլ ավելի արդյունավետ կերպով օգնել մարդկանց և փրկել նրանց կյանքը:

Մեծ հաջողություն է նաև այն, որ նախորդ տարվա համեմատ ավելի մեծ թվով այցելուներ ենք ունեցել, ինչը նշանակում է, որ մեր կանայք, տղամարդիկ կարևորում են իրենց  առողջությունը և նույնիսկ  գանգատներ չունենալու դեպքում հարկ են  համարում գալ հետազոտվելու: Նախորդ տարի ունեցել ենք 18 հազար այցելու, իսկ այս տարի այցելուների  թիվը հասել է 23-24 հազարի:

Նվաճում է նաև այն, որ մենք հոկտեմբեր ամսին մեծ համաժողով կազմակերպեցինք, որին մասնակցում էր նաև Եվրոպայից ժամանած մեր կոլեգաների խումբը, ում հետ արդեն երկու տարի է, ինչ աշխատում ենք: Համաժողովի ընթացքում Հայդելբերգի համալսարանական կենտրոնի տնօրեն Քրիստոֆ Զոնը շատ մանրամասն և մատչելի ձևով բացատրեց հայ կանանց, թե ինչպես պետք է ժամանակին հետազոտվել և կանխարգելել դարի չարիքը, ինչպես նաև պատասխանեց կանանց հարցերին:

Մեզ համար շատ կարևոր է նաև ատամնաբուժական կենտրոնի ստեղծումը, որի բացումը շատ շուտով կլինի: Այն հագեցած է գերժամանակակից բարձրակարգ սարքավորումներով: Կարևորում եմ այս ծառայության ստեղծումը, քանի որ կան ՙվայ՚ ատամնաբույժեր և ատամնաբուժարաններ, որտեղ ուղղակի վախենում ես բուժում ստանալ: Իսկ մեր կենտրոնում, կարծում եմ ոչ ոք չի կասկածում, բոլորը կարող են ստանալ մասնագիտական օգնություն և չվախենալ:

2012թ. ընթացքում մեզ հաջողվեց նաև սեփական վիրահատարան ունենալ, որտեղ հունվարի վերջից արդեն վիրահատություններ կարվեն: Վիրահատարանը կոչվում է ՙՄեկ օրվա վիրահատարան՚, այսինքնˋ այստեղ իրականացվելու են փոքր մասշտաբի վիրահատություններ:

Մեր հիվանդների մոտ  հաճախ հարց է առաջանում, թե ինչու այստեղ չեն կարող վիրահատվել: Այսօր արդեն այդ պայմանները ստեղծված են: Մեր հիվանդները կարող են  հենց մեզ մոտ վիրահատվել և ընտրել այն բժշկին, ում կվստահեն մեր կամ այլ բուժկենտրոններից: Մենք պայմանագրեր կկնքենք մեր հանրապետության լավագույն մասնագետների հետ:

Այս տարի ավարտվեցին նաև մեր կոնֆերանս-դահլիճի կառուցման աշխատանքները, որը ամերիկյան և եվրոպական չափանիշերին է համապատասխան, և զինված է անհրաժեշտ բոլոր տեխնիկական հնարավորություններով: Մենք պատրաստվում ենք այն վարձակալության տալ և այդ գումարներով օգնել անվճարունակներին:

Մենք անասելի բերկրանք ենք ապրում, երբ կարողանում ենք քաղցկեղը հայտնաբերել վաղ փուլում և կանխարգելել դրա հետագա զարգացումը:

-Այս տարի Ձեր բուժկենտրոնը ՙՀամազգային վստահություն՚ խորհրդի կողմից ճանաչվեց ՙՏարվա լավագույն բուժհիմնարկ՚, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի կողմից արժանացավ շնորհակալագրի:  Ձեզ համար անակնկա՞լ էին այդ մրցանակները:

-Ճիշտն ասած, երբ առաջին անգամ ինձ ասացին այդ մրցանակի մասին, հպարտության և ուրախության զգացում ունեցա, քանի որ սա  մի ծառայություն էր, որը չկար Հայաստանում, մենք զրոյից ստեղծեցինք այն: Անցել է 15 տարի և այն ճանաչվում է ՙՏարվա լավագույն բուժկենտրոն՚, որն, իհարկե, գնահատական է մեզ համար:

Մենք անասելի բերկրանք ենք ապրում, երբ կարողանում ենք քաղցկեղը հայտնաբերել վաղ փուլում և կանխարգելել դրա հետագա զարգացումը: Այդ ժամանակ է, որ մենք մեզ անչափ երջանիկ ենք զգում, որ կարողանում ենք մարդկային հազարավոր կյանքեր (մոտ 4 հազար կին) փրկել: 

Ուրախ եմ նաև, որ այս տարի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի կողմից արժանացել ենք շնորհակալագրի  բացառիկ լավ աշխատանքի համար:

-Մենք տեղյակ ենք, որ Ձեր մասնագետները ամիսը մի քանի անգամ նաև այցելում  են մարզեր, փորձում տեղում օգտակար լինել մարդկանց:

-Այոˊ, մենք ունենք նման ծրագիր, որը փորձում ենք կատարելագործելˋ լրացնելով այլ նախաձեռնությամբ: Մինչ օրս ՀԱԱԿ-ը Հայաստանի 79 հեռավոր քաղաքներում և գյուղերում   (երկուսըˋ Արցախում) իրականացրել է 231 բժշկական արտագնա այցելություններ, որոնց ընթացքում 14,119 հիվանդներ  անվճար հետազոտվել են ՀԱԱԿ-ի առաջնակարգ բժիշկների կողմից:

Մենք մասնաճյուղ ունենք Գավառում, որը սպասարկում է Գեղարքունիքի մարզի ազգաբնակչությանը, այս տարի մեկ մամոգրաֆ նվիրեցինք Արցախին, ևս մեկ մամոգրաֆ պետք է մյուս տարի նվիրենք որևէ քաղաքի. դեռ քննարկում ենք, թե որտեղ կլինի ավելի նպատակահարմար:

Իհարկե, միայն նվիրելով չենք սահմանափակվում, քանի որ մեր մամոգրաֆները բավականին թանկարժեք և բարձրակարգ սարքեր են, որոնցով հետազոտություն կատարելու  համար պետք է տիրապետել որոշակի հմտությունների: Արցախին 2009թ. արտադրության մամոգրաֆ նվիրելուց հետո մենք մեկ շաբաթ անցկացրեցինք այնտեղ, այցելուներ ընդունեցինք, հետո Արցախի բժիշկներին հրավիրեցինք մեզ մոտ վերապատրաստվելու, այժմ նրանք մեր բժիշների հետ աշխատում են մեր բուժկենտրոնում:

-Տիկիˊն Հակոբյան, միջին հիվանդացիության ինչպիսի՞ ցուցանիշեր են արձանագրվել Ձեր կենտրոնում:

-ՀԱԱ կենտրոնի գործունեության 15 տարիների ընթացքում  կատարվել է ավելի քան 279,330  հետազոտություն: Ամեն տարի հետազոտվում է շուրջ 20,000 կին: Կենտրոնի բացման օրվանից մինչ օրս կատարվել է 160,447 կրծքագեղձի հետազոտություն: Կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշվել է շուրջ 6,797 այցելուի մոտ: ՀԱԱ կենտրոնում հետազոտվածներից  ավելի քան 94,467-ը ունի կրծքագեղձի բարորակ ախտահարում: Նորմալ ախտորոշում տրվել է շուրջ 33,408 այցելուի: Ցավոք, կրծքագեղձի քաղցկեղի դեպքերն ունեն երիտասարդացման միտում. մինչև 29 տարեկան 60 կնոջ մոտ հայտնաբերվել է քաղցկեղ:

Մինչ օրս կենտրոնում հետազոտվել է 664 տղամարդ այցելու, որի արդյունքում   հայտնաբերվել է 26 քաղցկեղի դեպք:

Ընտանիքում ես ինձ ղեկավար չեմ զգում: Կարծում եմˋ ամեն հայ կին տանը պետք է լինի հեզ, խոնարհ, ենթակա մարդ:

-Հետաքրքիր է, Դուք հետազոտվո՞ւմ եք տարին մեկ անգամ:

-Պետք է խոստովանեմ, որ ես էլ, լինելով հայ կին, ունեմ այդ նույն վախերն ու ծուլությունը սեփական առողջությանը հետևելու առումով: Բայց ես գիտակցում եմ, որ պետք է և տարին մեկ անգամ անցնում եմ ևˊ մամոգրաֆիկ, ևˊ գինեկոլոգիական հետազոտություն:

Ես խորհուրդ եմ տալիս բոլոր կանանց հետևել իմ օրինակին, քանի որ այդ վախը 15-20 րոպե հետո անցնում է, ու դու երջանիկ դուրս ես գալիս հետազոտությունիցˋ իմանալով, որ առողջ ես:

-Տիկիˊն Հակոբյան, կենտրոնը արդյունավետ կերպով ղեկավարում եք, իսկ տա՞նը:

-Ընտանիքում ես ինձ ղեկավար չեմ զգում: Կարծում եմˋ ամեն հայ կին տանը պետք է լինի հեզ, խոնարհ, ենթակա մարդ: Այդպես է եղել իմ ընտանիքում, ես տեսել եմ, թե ինչպես է իմ մայրը խոնարհաբար ենթարկվել հայրիկիս պահանջներին, թեև մայրս երկար տարիներ աշխատել է որպես դպրոցի տնօրեն:

Այլ խնդիր է, որ կինն այնքան խելոք և դիվանագետ պետք է լինի, որ կարողանա իր ցանկությունը այնքան ճիշտ ու նրբորեն մատուցի ամուսնուն, որ վերջինս չզգա, որ ինքը կատարեց ոչ թե իր, այլ կնոջ ցանկությունը:

Ես շատ շնորհակալ եմ իմ ընտանիքից, հատկապես ամուսնուցս, ով մշտապես աջակցում է ինձ: Ունեմ հրաշալի ամուսին, ով մասնագիտությամբ բժիշկ է, նյարդաբան, շատ կրթված և զարգացած անձնավորություն: Մենք արդեն 28 տարվա ամուսիններ ենք, չեմ հիշում որևէ դեպք, որ մեր ընտանիքում  անհամաձայնություն լինի: Ես երջանիկ եմ, որ ամուսինս մշտապես գնահատել է ինձ և իմ աշխատանքը:  

Ես էլ իմ հերթին ամեն ինչ անում եմ, որ իմ աշխատանքի պատճառով ընտանիքս չտուժի: Այդքան ծանրաբեռնվածության հետ մեկտեղˋ ես հասցնում եմ ամեն օր մտնել խոհանոց, ընտանիքիս համար ամենաքիչը երկու տեսակի ուտեստ, աղցան պատրաստել:

-Ինչպե՞ս եք լիցքավորվում, ուժ ստանում:

-Թոռնիկներովս: Եթե շատ հոգնած կամ նեղված եմ լինում, ապա միայն թոռնիկներս են, որ կարող են ինձ դրական լիցքեր հաղորդել: Շատ կապված եմ նրանց հետ, նրանք էլˋ իմ:

Շատ ուրախ եմ, որ այնպիսի ընտանիքի հետ եմ բարեկամացել, ում տուն մտնելուց ես իրոք ինձ զգում եմ այնպես, ինչպես իմ տանը, իրոք շատ լավ մարդիկ են:

-Ձեր ամանորյա բարեմաղթանքը: 

-Շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը: Որպես բուժկենտրոնի ղեկավարˋ առաջին հերթին  առողջություն եմ մաղթում, քանի որ առողջությունն ամենաթանկն է մարդու կյանքում, որ պետք է գնահատել և փայփայել: Մաղթում եմ նաև խաղաղություն, որը ոչ պակաս կարևոր է, ցանկանում եմ, որ մեր տղաները ծառայեն ուղղակի տղամարդ դառնալու, պետության սահմանները պահպանելու համար, որ մենք ունենանք հզոր երկիր:

Շնորհավորում եմ նաև սփյուռքահայության և Արցախի ժողովրդի Ամանորը, ցանկանում բոլորիս միաբանություն, համբերություն, լավատեսություն և դարձյալ առողջություն:     

Հարցազրույցըˋ Սուսաննա Թամազյանի

«Դե Ֆակտո» N79 (2012թ.)



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...