13:52
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Չենք մեծամտանում, բայց գլուխներս բարձր է

2016-08-15 10:33

«Դե Ֆակտո» N122 (2016թ.)

Վերջին տարիներն իրապես կարելի է համարել հայկական սպորտային մարմնամարզության վերածնունդ. սպորտային մարմնամարզության մեր հավաքականն իր հաղթանակներով աչքի ընկավ աշխարհի գավաթի խաղարկություններում, 2015 թ-ին, 32 տարվա դադարից հետո, Հարություն Մերդինյանը Հայաստանի դրոշը բարձրացրեց աշխարհի առաջնությունում` նվաճելով բրոնզե մեդալ, իսկ այս գարնանն էլ մեկ այլ սառույց կոտրեց` նվաճելով Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Ռիոյի խաղերին մեր թիմը կներկայանա 3 մարզիկով. Հայաստանի պատիվը կպահեն բազմամարտիկներ Արթուր Դավթյանը եւ Հուռի Գեբեշյանը, իսկ նժույգթափեր գործիքի վրա Հարություն Մերդինյանը:


Այս ամենի մասին զրուցեցինք Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի հետ:


-Պարո՛ն Սերոբյան, մարմնամարզության մեր հավաքականը միշտ աչքի է ընկել իր միասնականությամբ ու միահամուռությամբ: Ինչպե՞ս Ձեզ հաջողվեց նման թիմ ստանալ այդպիսի ուժեղ անհատներից:


-Դա առաջին հերթին մարզիչների համախմբվածության արդյունքն է: Մի բան, որ շատ մարզաձևերում պակասում է: Մեր տղաները գիտեն, տեսնում են, որ մենք միասին ենք թե՛ հաղթանակների պահին ու թե՛ այն ժամանակ, երբ ամեն ինչ հեռու է իդեալից:
Մյուս՝ շատ կարևոր գործոնը այն դժվարություններն են, որոնք մենք հաղթահարում ենք միասին: Մենք շատ դժվար փուլեր ենք անցել ու համախմբված, միասնակա՛ն լինելուց բացի այլ տարբերակ, այլ ելք չունեինք:

-Այդ ամենի համատեքստում՝ որպես մարմնամարզության նվիրյալ, ինչպե՞ս եք արձագանքում հայ մարմնամարզության քառորդ դարից երկար տևած երաշտը հաղթահարելուն, այս տղաների արդյունքին:


-Ես չէի ցանկանա ինձ նման բարձրագոչ «կոչում» տալ: Տարիներ առաջ շատ բարձր աշխատավարձով, հրաշալի պայմաններով դրսից հրավերներ կային: Մենք մնացինք. մնացինք՝ էս պահին հասնելու համար: Մարմնամարզությունը երկար տարիների աշխատանք է: Մենք՝ ես, Սարգսյան Սոսը, արդեն շուրջ 30 տարի է ջրում ենք այս ծառը ու, վերջապես, եկել է ինչ-որ պտուղներ քաղելու ժամանակը: Աննկարագրելի հպարտություն է զգալը, հասկանալը, որ քո պատրաստած մարզիկը լավագույնն է Եվրոպայում: Մենք ճանապարհ անցանք, ունեցանք բարդություններ, դժվարություններ, ամենակարևորը՝ սխալներ, որոնք չարչարվեցինք-շտկեցինք, հաղթահարեցինք, դասեր քաղեցինք ու պատվով հասանք ա՛յս օրին: Հիմա ինձ զգում եմ ազգիս, մարդկությանը պիտանի մարդ ու այդ զգացումը ոչ մի գումարով չի փոխարինվի:
Ու թե առաջ գլուխներս կախ էինք մտնում շատ դահլիճներ, այսօր մենք հպարտ ենք, քանի որ ցանկացած վայրում մեզ ընդունում են որպես ձեռագիր ու ուժ ունեցող թիմի: Բայց կարևոր մի բան նշեմ. մեր տղաները չե՛ն մեծամտանում, իրենց դաստիարակությունն ա՛յլ է: Չենք մեծամտանում, բայց գլուխներս բարձր է:

-Պարո՛ն Սերոբյան, խոսեցիք դաստիարակությունից: Կուզեի անդրադառնայինք Խաղերի մասնակից մեր մարզիկների այլ որակներին էլ ու մի քանի բառով բնորոշեիք նրանց մեր ընթերցողների համար:


-Մեր երեխեքը մանկուց մեր աչքի առաջ են մեծացել: Բնականաբար, մենք շատ ենք կապված նրանց հետ ու շա՛տ լավ ենք ճանաչում նրանց: Դաստիարակության թեմայով մի բան ավելացնեմ. մեզ (ու ձեզ էլ) պետք չեն աշխարհի չեմպիոններ, բայց էությամբ վատ մարդիկ: Թող լավ մարդ լինեն՝ պիտանի ազգին, ընկերությանը, ընտանիքին, թե որ այդքանի հետ աշխարհի չեմպիոն էլ լինեն, երջանիկ կլինենք: Անձամբ ես երջանիկ եմ, որ մեր տղաների մարդկային որակների մասին խոսում են կողքից՝ օտարները... Եվրոպայի անցած առաջնությանը բոլորը զարմացած էին՝ ինչպես էր մեր մեծահասակների հավաքականը թև-թիկունք կանգնել երիտասարդին...
Մեր երեխեքից ամեն մեկը յուրահատուկ է:
Հարություն Մերդինյանը պրոֆեսիոնալ է: 32 տարեկան լինելով՝ նա այսօր իր կյանքը նվիրել է իր նժույգթափերին: Չի տրվում գայթակղություններին ու շարժվում է առաջ, դեպի սպորտային իր բարձունքները: Հարությունը շատ բան է զոհաբերել՝ այս ճանապարհը պատվով անցնելու համար:
Իսկ դա այս հասուն տարիքում շատ բարդ է:
Նա ուղղակի արժանի է օլիմպիական մեդալի:
Աստծուց առաջ չընկնենք, բայց մեդալն ունենալուց հետո արդեն մենք իրեն կհամոզենք՝ թողնի այս ամենը ու ընտանիք ստեղծի:
Մեր Դավթյան Արթուրը թիմի ուրախությունն է: Սպորտային տեսանկյունից էլ իր տարիքի համեմատ շա՛տ պրոֆեսիոնալ է: Նա գիտի՝ ինչ պետք է անի, ոնց նախավարժանք անի, մրցմանն ինչպես հավաքվի: Տարիքի համեմատ նա շատ հավասարակշռված է ու փորձառու: Նա ազատ է, ոչ ոքից չի վախենում ու քիթն էլ վեր չի ձգում…
Հուռի Գեբեշյանին ես շատ ավելի քիչ եմ ճանաչում, բայց որքան հասցրել եմ ճանաչել՝ նա իսկական տղամարդ-աղջիկ է: Աշխարհի առաջնությունում առաջին գործիքի առաջին տարրը տապալեց: Ճիշտն ասած մտածեցինք՝ վե՛րջ: Բայց ինքը հավաքվեց ու մնացածը պատվով, շատ ավելի լավ կատարեց:
Բացի դա, նա ԱՄՆ-ում է մեծացել, բայց հոգով իսկական հայ է ու դա մենք տեսանք: Ես չեմ ասում, որ նա մեդալների համար կպայքարի, բայց որպես հայ, հաստատ, արժանի մասնակցություն կունենա:
Այժմ մենք եզրագծին ենք…Մնում է հղկել մեր վարժություններն ու պատվով ներկայացնել Հայաստանն Օլիմպիական խաղերում:


Լրագրող՝ Գայանե Նազարյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...