14:46
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հանուն Ռիոյում հաղթանակի` պատրաստ եմ ինձ զոհաբերել

2016-08-12 12:38

 Նախաօլիմպիական՝ 2015թ-ին, ամենաէմոցիոնալ հաղթանակը հայկական սպորտում ակնկալվում էր Բաքվում` Եվրոպական խաղերի ընթացքում: Մեր մարզիկներից ոչ ոքի, ցավոք, չհաջողվեց (թույլ չտվեցին) հնչեցնել Հայաստանի պետական օրհներգը հարեւան երկրի մայրաքաղաքում: Ոչ առանց մրցավարների գործուն մասնակցության, օրհներգից ու ոսկե մեդալից ընդամենը 1 քայլ հեռու մնաց հունահռոմեական ոճի ըմբիշ, 66կգ քաշային Միհրան Հարությունյանը: Բաքվի Խաղերից 3 ամիս անց էլ, Լաս -Վեգասում` աշխարհի առաջնությանը, Միհրանը, կրկին խիստ կասկածելի մրցավարության պայմաններում, նախ՝ չհայտնվեց եզրափակչում, ապա` պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում: Նրա գոտեմարտերը սպասարկող մրցավարները որակազրկվեցին, սակայն Միհրանի համար ոչինչ չփոխվեց՝ բացառությամբ այն բանի, որ Ռիոյի Օլիմպիական խաղերում նրա մոտիվացիան՝ մրցակիցներից բացի նաեւ մրցավարներին հաղթելու, բազմապատկվել է:


«Դե Ֆակտո» N122 (2016թ.)

 

-Միհրա՛ն, Հայաստանի հավաքականի կազմում Ձեր ուղին Օլիմպիական այս ցիկլում հեշտերից չէր: Կարողացե՞լ եք հաղթահարել մրցավարական թերագնահատումներն ու կողմնապահությունները և ինչպե՞ս եք նախապատրաստվում Խաղերին:


-Մրցավարական սխալներից ու մրցավարական կողմնապահություններից ես երբեք արդեն չեմ ձերբազատվի: Իմ մեդալները ոչ ոք չի վերադարձնի, իսկ սրտումս էլ կմնա խորը կիսատության զգացումը:
Բայց մի՛ անհանգստացեք: Դա ինձ երբեք չի՛ կանգնեցրել ու չի՛ կանգնեցնի:
Այժմ ես նախապատրաստվում եմ հավաքական թիմի կազմում ու կատարում գլխավոր մարզչի բոլոր հրահանգները: Բացի դա, ես հնարավորություն ունեմ անհատապես աշխատել ընդհանուր մարզումներից հետո: Իմ պատրաստվածությունն ու մարզավիճակը գերագնահատել չեմ սիրում, բայց վստահաբար կարող եմ ասել, որ Ռիոյի խաղերին լիարժեք պատրաստ կլինեմ:

 

-Արդեն հայտնի են բոլոր այն մարզիկների անունները, ովքեր հանդես են գալու Օլիմպիական խաղերում: Արդյո՞ք կան ըմբիշներ, ում հետ հավանական գոտեմարտերին առանձնահատուկ եք նախապատրաստվում:


-Ես երբեք չեմ թերագնահատում իմ մրցակիցներին: Յուրաքանչյուրին, ով մրցագորգ է դուրս գալիս, այդ պահին ընդունում եմ որպես ուժեղագույնի ու ձգտում հաղթել նրան:
Օլիմպիական խաղերին մշտապես մասնակցել են աշխարհի ուժեղագույն մարզիկները, իսկ իմ մրցակիցների կազմը կորոշի կույր վիճակահանությունը:

-Մարզիկների գերակշռող մեծամասնությունը սնահավատ են: Արդյո՞ք Ձեզ էլ է դա վերաբերում: Մտադի՞ր եք որևէ թալիսման տանել Ռիո:


-Ես երբեք սնահավատ չեմ եղել, թալիսմաններ էլ չեմ ունեցել:
Ես հավատում եմ Հիսուսին ու այդ հավատից բացի, ինձ այլևս ոչինչ պետք չէ:
Իսկ Օլիմպիական խաղերին հետս կվերցնեմ միայն Հայաստանի ազգային դրոշը:

-Նախորդ հարցի շարունակություն. Գրեթե բոլոր հաղթանակները նվիրում եք Ձեր դստերը, Ձեր մարզաշապիկների վրա նրա դեմքն է… Դժվա՞ր չէ կատարելագործվել սպորտում, չկտրվել մարզումներից ու լինել Մոնիկայի համար այնպիսի հայր, ինչպիսին հենց Դուք էք ցանկանում:


-Մոնիկան իմ մասնիկն է, և ես անչափ հպարտ եմ, որ ունեմ նրան: Նա մաքրության, անմեղության մարմնացում է, ասես ծաղիկ լինի…
Ես ուզում եմ նրա անունն իմ վրա տանել ու այնպես անել, որ մեծանա ու միմիայն ճշմարիտ ուղով շարժվի: Ուզում եմ, որ նա օրինակելիության տիպար ու խորհրդանիշ լինի: Ինձ համար նրանից չքնաղ ու հրաշալի ո՛չ մի բան գոյություն չունի, ու հենց դա է պատճառը, որ իմ բոլոր մեծագույն նվաճումները հենց Մոնիկային եմ նվիրում: Ցավոք, իմ մարզական գրաֆիկը, հավաքների ու մրցումների քանակը թույլ չեն տալիս հարազատներիս ու, մասնավորապես, դստերս հետ այնքան ժամանակ անցկացնել, որքան ինքս կցանկանայի: Սակայն յուրաքանչյուր հնարավորության դեպքում ես ազատ րոպես հենց հարազատներիս հետ եմ անցկացնում:

 

-Միհրա՛ն, հաղթում են նրանք, ովքեր պատրաստ են հանուն այդ հաղթանակի ինչ-որ կարևոր մի բան զոհաբերել: Ի՞նչ եք պատրաստ զոհաբերել՝ հանուն Օլիմպիական հաղթանակի:


-Բնականաբար, ես շատ բան եմ զոհաբերում ու ինձ շատ բաներից եմ զրկում հանուն հաղթանակի: Իսկ Ռիոյի խաղերում հաղթանակի համար ես պատրաստ եմ զոհաբերել, նախևառաջ հենց ինձ:


-Հաջողություն Ռիոյում…
-Շնորհակալություն:

 

 


Լրագրող` Գայանե Նազարյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...