14:33
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մեր ըմբիշները պայքարելու են մեդալների համար.

2016-08-10 10:52

«Դե Ֆակտո» N122 (2016թ.)

Ամառային օլիմպիական խաղերը կամ Ամառային օլիմպիադան բազմասպորտային միջազգային իրադարձություն է, որն անցկացվում է չորս տարին մեկ անգամ եւ կազմակերպվում է Միջազգային Օլիմպիական կոմիտեի կողմից: 2016 թվականի Oլիմպիական խաղերը նաեւ կոչում են Ռիո 2016, քանի որ այն կայանալու է Ռիո դե Ժանեյրոյում (Բրազիլիա): Այս տարի անցկացվող Օլիմպիական խաղերին Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ոճերի ըմբիշները նվաճել են Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի 8 ուղեգիր:
«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է ըմբշամարտի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Հովհաննես Սոֆոյանը:

 

-Պարո՛ն Սոֆոյան, ֆեդերացիայում ի՞նչ կարևորություն է տրվում ուղեգրերի քանակին:

-Ուղեգրերի քանակը կարևորվում է այնքանով, որ մեր լավագույն մարզիկները հնարավորություն ունենան խաղերին մասնակցելու, մեդալներ նվաճելու, և ինչու չէ, նաև մեր դրոշը ևս մեկ անգամ ծածանելու: Սրան զուգահեռ պետք է նշեմ, որ սպորտն այն ոլորտն է, որտեղ կարևորը ոչ այնքան քանակն է, որքան` որակը: Այս տարի Ռիո դե Ժանեյրոյում օլիմպիական խաղերը կանցկացվեն օգոստոսի 5-ից-21-ը, որին մասնակցելու համար ազատ և հունահռոմեական ոճերի մեր ըմբիշները նվաճել են 8 ուղեգիր: Այս արդյունքներից, իհարկե, գոհ ենք, սակայն հունահռոմեական ոճում կարող էր ուղեգրերի քանակն ավելի շատ լիներ: Մեր մարզիկները բավականին լավ են պատրաստված այս մրցաշարին, մնում է` տեսնենք, թե քանի՞սը մեդալով կվերադառնա:

-Այս օրերին ինչպե՞ս են պատրաստվում մեր հավաքականները և ի՞նչ տրամադրվածությամբ:

-Բավականին լավ և հագեցած գրաֆիկով: Հավաքականն ամբողջ կազմով նախ եղավ Ղրիմում, այնուհետև հուլիսի 5-ին համատեղ ուսումնամարզական հավաքի մեկնեց Ստայկի: Վերջին հավաքը թիմը կանցկացնի արդեն Երևանում, որի ավարտին ըմբիշները մարզիչների և բժիշկների ուղեկցությամբ երեք փուլով կմեկնեն Բրազիլիա հետևյալ հաջորդականությամբ` օգոստոսի 11-ին՝ Արսեն Ջուլֆալակյանը, 12-ին՝ Մաքսիմ Մանուկյանը,
13-ին՝ Միհրան Հարությունյանն ու Արթուր Ալեքսանյանը: Հատկանշական է այն, որ մարզիչները հաշվարկն արել են այնպես, որպեսզի յուրաքանչյուր ըմբիշ Ռիոյում լինի իր մրցումային մեկնարկից երեք օր առաջ:
Կցանկանայի հիշեցնել, որ հունահռոմեական ոճի ըմբիշները Ռիոյի նախապատրաստության մեկնարկային փուլը սկսեցին Իտալիայում կայացած հեղինակավոր մրցաշարին մասնակցելով: Մրցաշարի ընթացքում մեր չորս օլիմպիականները նվաճեցին երեք ոսկե և մեկ արծաթե մեդալ: Սա գերազանց արդյունք է, որը վկայում է այն մասին, որ մեր մարզիկները շատ լավ են զգում մրցագորգը:
Ինչ վերաբերում է ազատ ոճի ըմբիշներին, ապա վարկանիշային մրցաշարերից հետո ամբողջ հավաքականը շաբաթական 3 անգամյա մարզումներ է անցկացրել, որից հետո հավաք Ծաղկաձորում: Այնուհետև Ռուսաստանի հետ համատեղ երկշաբաթյա հավաք անցկացվեց Կիսլովոդսկում, որին հաջորդեց Վրաստանի ուժեղ ընտրանու հետ համատեղ մարզումները՝ Վրաստանում: Օլիմպիական ըմբիշները երկու փուլով կմեկնեն Ռիո դե Ժանեյրո:
Մեր մարզիկներն  այս օրերին իրենց շատ լավ են զգում, հաղթական տրամադրվածությամբ և ամենակարևորը, որ ամեն բան հարթ է ընթանում: Ողջունելի է նաև այն հանգամանքը, որ մենք դուրս ենք համաշխարհային դոպինգային սկանդալներից, քանի որ մեր մարզիչները և մարզիկները սերտորեն համագործակցում են Հայաստանի հակադոպինգային կազմակերպության հետ: Մեծ ուրախությամբ կարող եմ փաստել, որ մեր ըմբիշներն արդեն երկար տարիներ ոչ մի անգամ չեն հայտնվում հակադոպինգային կանոնները խախտողների ցուցակներում:

-Գոյություն ունի՞ ընդհանուր կանոնակարգ, որով Ֆեդերացիան առաջնորդվում է:

-Իհարկե, ֆեդերացիան ունի իր կանոնակարգը, սակայն լինում են դեպքեր, որոնք կարող են կապված լինել լրացուցիչ ներդրումների, ծախսերի հետ: Այս պարագայում, Ֆեդերացիան պարտադիր կերպով քննարկում է անցկացնում և համարժեք հիմնավորման դեպքում՝ իրականացնում այն: Կցանկանամ առանձնահատուկ նշել Ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանին, ով անչափ ուշադիր և սկզբունքային է բոլոր հարցերում: Նրա համար ըմբիշների և մարզիչների հարցում մանրուքներ չկան, անկախ պահանջվող ծախսերից: Բացի այդ, Ֆեդերացիան ամսեկան 500-600 հազար դոլարին համարժեք դրամ է հատկացնում` մոտ 300 հոգու, որտեղ ներառված են Հայաստանի հավաքականի անդամ պատանիները, երիտասարդները, մեծահասակները, նրանց անձնական ու հավաքականների մարզիչները: Եվ բացի այս, կան նաև չեմպիոնների ու մրցանակակիրների պարգևավճարներ: Շատ մեծ ուշադրություն է հատկացվում պատանիների ու երիտասարդների հիմքերն ամրապնդելուն, քանի որ վերջիններս պետք է փոխարինեն մեծահասակներին: Չմոռանանք, որ սա սպորտ է, որը պահանջում է անդադար և անմնացորդ աշխատանք:
Այստեղ շատ կարևոր է այն հանգամանքը, որ մեր մարզիկները երբևէ տուրք չեն տվել ֆինանսական կողմին: Միշտ առաջնահերթությունը տրվել է հաղթանակներին և մեդալներին: Մեր մարզիկները քաջ գիտակցում են, որ եթե դուրս են եկել միջազգային ասպարեզ և ներկայացնում են Հայաստանը, ուրեմն պարտավոր են իրենց երկիրն արժանապատիվ ներկայացնել:

-Ի՞նչ ակնկալիքներ ունենանք Ռիո Դե Ժանեյրոյից և ի՞նչ կմաղթեք մեր մարզիկներին:

-Առաջին հերթին մաղթում եմ հաղթանակ: Կարող եմ ասել, որ Oլիմպիական խաղերում թույլ ըմբիշներ չեն լինում և այստեղ գրեթե բոլորն էլ հավասարազոր ուժեր են: Մեր ըմբիշները պայքարելու են մեդալների համար, քանի որ ոսկե մեդալի լուրջ հույսեր ունենք: Իրենց ցանկանում եմ հաջողություն և հաղթանակ: Աստծո կամոք, մեր հիմն ու եռագույնը թող հնչեն ու ծածանվեն այս մրցաշարում:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...