15:32
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Որակյալ աշխատանքը՝ կայուն զարգացման գրավական

2016-07-01 10:10

 

Շինարարությունն այն ոլորտն է, որի զարգացումը երկրի տնտեսական ակտիվության կարևոր գրավականներից է: Շինարարի մուրճի ձայնն ազդարարում է նոր ստեղծվող կառույցի մասին, որը ծառայում է սերունդներին` կայուն հիմք դառնալով երկրի ապագայի համար: 

Պրոֆեսիոնալ, սկզբունքային մոտեցման և մեծ սիրո ներդրման արդյունքում ստեղծված «Գոհարիկ» ՍՊԸ-ն ՀՀ կարևոր նշանակության բազում կառույցների նախագծեր է իրականացրել` արժանանալով ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի բարձր գնահատականին, ստացել մրցանակներ, որոնք վկայում են «Գոհարիկ» ՍՊԸ-ի որակյալ աշխատանքի մասին:
Ընկերության իրականացրած նախագծերի, հաջողությունների մասին առավել մանրամասն զրուցեցինք «Գոհարիկ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Սամվել Խաչատրյանի հետ:

 

  

-Պարո՛ն Խաչատրյան, նախ շնորհավորում ենք Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ` մաղթելով ամենայն բարիք, բազում հաջողություններ:
Արդեն շուրջ 19 տարի է, ինչ գործում է «Գոհարիկ» ՍՊԸ-ն, որը 2015թ. արժանացավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի «Մերկուրի» մրցանակին «Հայաստանի Հանրապետությունում հատուկ նշանակության կառույցների լավագույն շինարարական ընկերություն» անվանակարգում: Ի՞նչ կարևորություն ունեն մրցանակները Ձեզ համար և ո՞րն է Ձեր աշխատանքի ամենաարժեքավոր գնահատականը:


-Շնորհակալ եմ շնորհավորանքի և բարեմաղթանքների համար: Իմ աշխատանքային ողջ կենսագրության ընթացքում ես երբևէ չեմ ձգտել մրցանակների արժանանալ, ինձ համար գերնպատակ է եղել և այսօր էլ է այդպես, որ կարողանամ որակյալ աշխատանքով որևէ բարիք ստեղծել իմ ժողովրդի համար: Այլ հարց է, որ կարողացել եմ իրականացնել նպատակներս և գնահատվել երկրի բարձր ղեկավարության կողմից: «Գոհարիկ» ՍՊԸ-ի ստացած «Մերկուրի» մրցանակն անչափ գնահատում եմ և համարում մեր աշխատանքային ողջ թիմի նվիրված աշխատանքի արդյունքը: 
Պետք է ավելացնեմ, որ «Գոհարիկ» ՍՊԸ-ն իրականացրել է ՀՀ համար կարևոր նշանակության կառույցների շինարարական աշխատանքներ, որոնց բացման արարողությանը ներկա է գտնվել ՀՀ նախագահը, վարչապետը և այլ պաշտոնատար անձիք, և ես ուրախ եմ, որ որևէ անգամ նրանք դժգոհ չեն եղել մեր կատարած աշխատանքից: Օրինակ` 2014թ. ՀՀ արդարադատության նախարարության Արմավիրում տեղակայված դատապարտյալների քրեակատարողական հիմնարկի կառույցի բացմանը մասնակցում էր ՀՀ նախագահը, Ազատան գյուղի մանկապարտեզի բացմանը` ՀՀ վարչապետը:

 

«Գոհարիկ» ՍՊԸ-ն ինձ համար ուրիշ աշխարհ է,
 իսկ աշխատանքը ուրիշ` կրկնակի պատասխանատվություն:


-Որքան ապագան մեր ձեռքերում է, այնքան էլ մեր իշխանությունից դուրս է. երիտասարդ տարիներին ինչպիսի՞ ապագայի մասին էիք երազում և ինչպիսի՞ ճանապարհ գծագրվեց Ձեզ համար, ինչպե՞ս ներգրավվեցիք շինարարության ոլորտում և ստեղծեցիք ՀՀ առաջատար շինարարական կազմակերպություններից մեկը` «Գոհարիկը»:


-Երբ մարդը մուտք է գործում գիտակցական կյանք, բոլորովին այլ երազանքներ և ծրագրեր է ունենում, սակայն կյանքի ճանապարհը միշտ չէ, որ մեզ տանում է այն ուղով, որի մասին երազում էինք: Գուցե զարմանալի թվա, բայց ես ուզում էի լրագրող դառնալ, պարապում էի ցանկությունս իրականացնելու համար, բայց ճակատագիրս այնպես դասավորվեց, որ շինարար դարձա: Երկուսն էլ ստեղծագործական աշխատանքներ են, մեկը գրիչով, մյուսը` շինանյութով: Այնպես որ, ես շատ չեմ հեռացել իմ երազանքից, և այսօր գոհ եմ ճակատագրից այն ուղու համար, որն անցել եմ: Ուրախ եմ, որ իմ ստեղծած ընկերության ջանքերով մեր ժողովրդի համար մանկապարտեզներ, դպրոցներ և այլ կարևոր կառույցներ են ստեղծվում: 
Իսկ շինարարության ոլորտում ես ներգրավվել եմ 1983թ., սկսել եմ բանվորական աշխատանքից, այնուհետև կամաց-կամաց կատարել առավել բարդ և պատասխանատու աշխատանքներ, ստանձնել պաշտոններ: Ես «Արթիկշին» ընկերությունում էի աշխատում, որն այն ժամանակ ԲԲԸ էր, երբ մեր երկրում սկսվեց սեփականաշնորհման գործընթացը: Որոշեցի հիմնադրել իմ սեփական շինարարական ընկերությունը, սակայն կապը «Արթիկշինի» հետ պահպանվեց, ես նաև «Արթիկշինի» գործադիր տնօրենն եմ:
1997թ. ստեղծվեց «Գոհարիկ» ՍՊԸ-ն, որը փոքրիկ կազմակերպությունից վերածվեց մեծ, հզոր ընկերության, և որն այսօր ունի 180 աշխատակից:

-Շինարարական ինչպիսի՞ նախագծեր է իրականացնում «Գոհարիկը»:


-«Գոհարիկ» ՍՊԸ-ն ծավալում է շինարարական լայնամասշտաբ գործունեություն, իրականացնում բոլոր տեսակի շենք-շինությունների նախագծեր, բակերի բարեկարգման աշխատանքներ: 
Ինչպես վերևում նշեցի, մեր ջանքերով կառուցվել են մանկապարտեզներ, դպրոցներ, հիվանդանոցներ, հասարակական տարբեր կառույցներ: 
2005-2007թթ մենք անմասը չենք մնացել նաև Կոմիտասի անվան պանթեոնի վերակառուցման աշխատանքներից: Իրականացրել ենք ներքին և արտաքին շինարարական, վերանորոգման աշխատանքներ: Դրանք ավարտելուց հետո «Գոհարիկ» ՍՊԸ-ի կողմից որպես նվեր պանթեոնի մուտքի մոտ տեղադրել ենք երկկողմանի խաչ:

-Որքանով տեղյակ ենք, «Գոհարիկ» ՍՊԸ-ն նաև Հանրապետության հրապարակի վերակառուցման, պարող շատրվանների կառուցման աշխատանքներն է իրականացրել:


-Այո՛, 2006-2007թթ. մենք կատարել ենք շատ պատասխանատու աշխատանք` իրականացրել ենք Հանրապետության հրապարակի գորգահարթակի և պարող շատրվանների նախագծի աշխատանքները, որում անմասն չի մնացել ֆրանսիական կազմակերպությունը:

 

-Մեծ սեր և նվիրում եք ներդրել Ձեր աշխատանքում, ընկերությունն անվանել Ձեզ հարազատ մարդու անունով, ով Ձեր սրտի գոհարներից է: Ի՞նչ սկզբունքներով եք աշխատում, ապահովում աշխատանքի բարձր որակ:


-Գոհարիկն իմ մանկության սիրո անունն է, որը մեծ հետք է թողել իմ սրտում: Ես ցանկացա իմ այդ ազնիվ զգացմունքը հավերժացնել` նրա անունով կնքելով իմ ստեղծած ընկերությունը: Եվ պետք է ասեմ, որ այդ անունն ինձ միմիայն հաջողություն է բերել: «Գոհարիկ» ՍՊԸ-ն ինձ համար ուրիշ աշխարհ է, իսկ աշխատանքն ուրիշ` կրկնակի պատասխանատվություն:
Ինչ վերաբերում է աշխատանքի որակին և սկզբունքներին, ապա պետք է ասեմ, որ ինձ համար սկզբունք է որակյալ աշխատանք կատարելը` անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի նշանակության և մեծության կառույցի նախագիծ ենք իրականացնում: Մենք հավասարապես որակյալ ենք աշխատում մեր բոլոր պատվիրատուների համար և կառույցը ճշգրիտ ժամկետներում վստահորեն հանձնում շահագործման: Մենք կառուցում ենք ամուր շենքեր, որոնց սեյսմակայունությունը հասնում է 9 բալի: Իզուր չէ, որ որդեգրել ենք «Որակյալ աշխատանքը կայուն զարգացման գրավական» կարգախոսը: 
Մեզ համար աշխատանքի որակն այնքան մեծ կարևորություն ունի, որ շատ հաճախ հայտարարված շինարարական մրցույթներում չենք շահում, քանի որ չենք ցանկանում շատ մատչելի գնով որակապես ցածր աշխատանք կատարել: Շատ կուզենայի, որ շինարարական կազմակերպությունների աշխատանքի որակի վերահսկողության նկատմամբ մոտեցումները փոխվեին: 
Ունեմ հիանալի աշխատանքային թիմ, որը կուռ ամբողջություն է ու իր աշխատանքում մեծ սեր և նվիրում է ներդնում: Ես դա շատ եմ կարևորում: Միշտ ասում եմ, որ մարդը պետք է աշխատասեր լինի և սիրով կատարի իր աշխատանքը, որպեսզի հաջողության հասնի:

 

-Համագործակցության ինչպիսի՞ շրջանակներ ունի ընկերությունը:


-«Գոհարիկ» ՍՊԸ-ն ունի համագործակցության լայն շրջանակ, համագործակցում է ՀՀ քաղաքաշինության նախարարության, ՀՀ կառավարության, քաղաքապետարանների, մարզպետարանների, Շինարարների միության, հայաստանյան գրեթե բոլոր շինարարական կազմակերպությունների հետ: Ինչպես նաև մենք համագործակցում ենք արտերկրյա շինարարական կազմակերպությունների հետ` փորձելով փորձի փոխանակման միջոցով կատարելագործել մեր աշխատանքը, ստեղծել նյութատեխնիկական որակյալ հումք ձեռք բերելու հնարավորություններ: 
Սկսել ենք համագործակցել ռուսական կազմակերպությունների հետ, օրինակ` «Սլավա» ընկերության հետ: Վերջերս վարչապետի գլխավորությամբ մասնակցել ենք չեխական շինարարական կազմակերպությունների հետ հանդիպմանը, փորձել ենք համագործակցության դաշտ ստեղծել, փորձի փոխանակում կատարել: 
Քայլեր ենք ձեռնարկում համագործակցելու նաև ուկրաինական շինարարական կազմակերպությունների հետ, նրանցից ձեռք բերել նյութատեխնիկական որակյալ հումք:

 

-Ո՞րն եք համարում «Գոհարիկի» և Ձեր ամենամեծ ձեռքբերումը:


-«Գոհարիկի» յուրաքանչյուր ձեռքբերում ինձ համար կարևոր է, քանի որ ողջ էությամբ նվիրված եմ նրա աշխատանքներին: Ինձ համար մեծ ձեռքբերում է «Գոհարիկի» աշխատանքային թիմը և նրա կատարած որակյալ աշխատանքը, որով ես հպարտանում եմ: Մենք պատրաստ ենք իրականացնելու ցանկացած նախագիծ, չենք վախենում դժվարություններից, միայն թե աշխատանք լինի: 
Իմ ամենամեծ ձեռքբերումը հայրենի Գետափ գյուղում 
1800-ականներից մնացած եկեղեցու մասունքի վրա նոր եկեղեցու կառուցումն է, որը կոչվում է Սուրբ Աստվածածին: Մինչ այդ այն ծառայում էր որպես ցորենի պահեստ: Ես իմ մանկության տարիներից հիշում եմ, թե ինչպես էի հորս հետ գնում այնտեղ ցորեն ստանալու: Դեռ այն ժամանակվանից եկեղեցին կառուցելու գաղափարն անհանգստացրել է միտքս, թաքուն երազել եմ, որ մեր գյուղի եկեղեցին վերականգնվի, մենք ունենանք հոգևոր տուն: Եվ այսօր երջանիկ եմ, որ հաջողվեց իրականություն դարձնել ժամանակին անհնարին թվացող ցանկությունս: Այժմ եկեղեցին հիմնովին վերանորոգված է, կառուցել ենք նոր զանգակատուն, բարեկարգել, կանաչապատել ենք եկեղեցու հարակից տարածքը:

 

-Ձեր հայրենի Գետափ գյուղում Դուք բազում աշխատանքներ եք իրականացրել` փորձելով թեթևացնել համագյուղացիների հոգսերը, լավատեսություն ներշնչել: Ի՞նչ է հաջողվել մինչև այսօր անել Ձեր փոքր հայրենիքի` Գետափի համար:

-Եկեղեցու մասին խոսեցինք, սակայն մինչև այդ` 1997թ., ինձ հաջողվեց իրականացնել առաջին աշխատանքներս Գետափիս համար: Դրանցից է համայնքի դպրոցի վերակառուցումը, քանի որ այն հին, 1950-ականների կառույց էր և որպես դպրոց ծառայելու այլևս պիտանի չէր: Իմ, ինչպես նաև այլ համագյուղացիների ջանքերով դպրոցը վերակառուցվեց և 8-ամյա դպրոցից վերածվեց 10-ամյա դպրոցի: Ես ուրախ եմ, որ մեր համայնքի երեխաները չգնացին հարևան գյուղերի դպրոցներ, այլ շարունակեցին ուսումը իրենց հայրենի գյուղում: Նշեմ նաև, որ դպրոցն անվանեցինք Ղարաբաղյան պատերազմում զոհված Գուրգեն Արշակյանի անունով:

-Դուք նաև պանթեոն եք կառուցել:


-Այո՛, Հայրենական մեծ պատերազմին հայերը գործուն մասնակցություն են ունեցել և իրենց կյանքը զոհաբերել, միայն 75 կորուստ մեր համայնքն է ունեցել, սակայն նրանց նվիրված որևէ հուշակոթող Գետափում չունեինք: Որոշեցի կառուցել զոհվածներին նվիրված պանթեոն` հուշարձան խաչքարով: 
Ցավոք, պատերազմները հայ ժողովրդի կյանքից անպակաս են, և 2016թ. քառօրյա պատերազմի ընթացքում մեր համայնքը նույնպես զոհ ունեցավ` մեր համագյուղացի Վարդանը, ում աճյունը ամփոփվեց պանթեոնում:

 

-Բարեգործությունը Ձեր կյանքում կարևոր դերակատարում ունի: Թեև գիտեմ, որ չեք սիրում այդ մասին խոսել, բայց, այնուամենայնիվ, ուզում եմ հարցնել, ի՞նչ եք զգում ամեն անգամ նման նախաձեռնություն իրականացնելիս և առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

-Բարեգործություն բառը ես չեմ սիրում, բարեգործություն կարելի է անվանել աշխարհում հայտնի մեծահարուստների իրականացրած լայնամասշտաբ ծրագրերը, այլ ոչ թե փոքրիկ օգնությունները կամ աջակցության ծրագրերը: Բարեգործը Շառլ Ազնավուրն է, Քըրք Քրքորյանը: 
Այսօր շատ ենք տեսնում, որ գործարարներն աջակցության որևէ նախաձեռնություն են իրականացնում ու մեծ գումարներ ծախսում այն լուսաբանելու համար, որ այդ մասին բոլորն իմանան: Կարծում եմ` յուրաքանչյուրիս պարտքն է Աստծո կողմից մեզ տրված հաջողությունը կիսել մյուսների հետ, աջակցել կարիքավոր մարդկանց, դա բարեգործություն չէ, այլ քրիստոնյայի վայել վարմունք: Եթե ես հնարավորություն եմ ունենում վճարելու մեր համագյուղացու որևէ ուսանողի ուսման վարձը, որպեսզի նա դուրս չմնա համալսարանից, դա բարեգործություն չէ, ես պարզապես չեմ կարող այլ կերպ վարվել: Պետք է հանել շրջանառությունից բարեգործություն բառը:

 

Յուրաքանչյուրիս պարտքն է Աստծո կողմից մեզ տրված հաջողությունը կիսել մյուսների հետ,
աջակցել կարիքավոր մարդկանց, դա բարեգործություն չէ,
 այլ քրիստոնյայի վայել վարմունք: 


-Նշել եք, որ մեծ ցանկություն ունեք հայրենի Գետափում դպրոց կառուցել, ե՞րբ եք հնարավոր համարում այդ երազանքն իրականություն դարձնելը:


-Այսօրվա իմ առաջնահերթ ծրագրերից մեկը Գետափում դպրոց կառուցելն է: Ճիշտ է, արդեն 20 տարի է վերակառուցել ենք ներկայիս դպրոցը, բայց միևնույնն է, կառույցը հին է և ժամանակակից չափանիշներին չի համապատասխանում: Գետափի երեխաները արժանի են հաճախել ժամանակակից պայմաններով հագեցած դպրոց: 
Գետափը չունի նաև մանկապարտեզ, որը նույնպես ցավոտ խնդիր է բնակչության համար: Մենք նախատեսում ենք դպրոցի համար նոր շենք կառուցել, իսկ հին շենքը դարձնել մանկապարտեզ: 
Պետք է դիմենք ՀՀ նախագահին` ակնկալելով նրա աջակցությունը:

 

-Քանի՞ աշակերտ ունի դպրոցը:


-Այժմ դպրոցն ունի 110 աշակերտ, սակայն նախկինում ունեցել է 200-250 աշակերտ: Ուրախ եմ, որ վերջին տարիներին նրանց թիվն ավելանում է: Կարծում եմ` եթե համայնքը մանկապարտեզ ունենա, Գետափում ծնելիության աճ կգրանցվի:

 

-Պարո՛ն Խաչատրյան, հարուստ է այն մարդը, ով ունի շատ հիշողություններ, կյանքի անցած հետաքրքիր ու գեղեցիկ ճանապարհ: Կա՞ կյանքում ինչ-որ ժամանակահատված, որը կցանկանայիք կրկնվեր կամ կուզենայիք այդ տարիքում կրկին ապրել:


-Կարծում եմ` յուրաքանչյուրի կյանքում կա այդպիսի ժամանակահատված, որի ընթացքում կյանքի քաղցրությունն առավել շատ ես զգում: Ինձ համար այդ ժամանակահատվածը 30-40 տարեկանն է, որն անցել է բավականին լարված, դժվարություններով լի, սակայն նաև կարևոր իրադարձություններով հարուստ: Այդ ժամանակահատվածում ինձ հաջողվեց իրականացնել հորս երազանքը, ով ցանկանում էր, որ մեծ տղաս` Ստեփանը, բժիշկ դառնա, փոքրս` Հովհաննեսը, իրավաբան, իսկ աղջկաս` Սաթենիկի համար երազում էր, որ լավ ընտանիք կազմի, երջանիկ կին ու մայր դառնա: Ուրախ եմ, որ հաջողվեց իրականացնել հորս պատգամը կյանքիս լավագույն տարիների ընթացքում:

 

-Ձեր կատարած աշխատանքները, հատկապես` եկեղեցու կառուցումը, վկայում են այն մասին, որ Դուք գնահատում եք հոգևոր արժեքները: Կյանքում լավատե՞ս եք:

-Ես արել եմ այն, ինչ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է անի: Կարևորում եմ եկեղեցու դերը համայնքի կյանքում` որպես հոգևոր կենտրոն: Միշտ երազել եմ, որ իմ հայրենի Գետափը հոգևոր կյանք ունենա: Արդեն մեկ տարի է, ինչ եկեղեցին գործում է, ապրիլի 29-ին տոնեցինք նրա մեկամյակը, այդ օրը նաև հռչակեցինք գյուղի օր: Եկեղեցին Գետափի համար շատ կարևոր նշանակություն ունի, տարածում է մարդկային վեհ արժեքներ, համախմբվածության և խաղաղության մթնոլորտ ստեղծում: Այնտեղ իրականացվում են պսակադրության, մկրտության արարողություններ:
Ինչ վերաբերում է լավատեսությանը, ապա պետք է նշեմ, որ մարդու կյանքում դժվարություններ միշտ լինում են, և լավատեսորեն ապրելու միակ երաշխիքը բարին արարելն է, ներելն ու սիրելը: Ես կարողանում եմ այդպես ապրել, իմ էությունն այդպիսին է:

 
Շնորհակալ եմ Աստծուց ինձ բաժին հասած երջանկության համար.
ես միշտ գոհացել եմ այն ամենով,
 ինչը տրված է եղել ինձ եւ փորձել եմ իմ աշխատասիրությամբ ավելիին հասնել:


-Ո՞րն է կյանքում ամենազարմանալի երևույթը Ձեզ համար և ի՞նչն է Ձեզ հիացմունք պատճառում կյանքում:


-Ինձ համար ամենազարմանալի, անբացատրելի երևույթը երեխայի ծնունդն է: Դա Աստծո մեծագույն պարգևն է մարդուն: Հիանում եմ մատաղ սերնդի տաղանդով, դաստիարակությամբ, մտածողությամբ:

 

-Մի փոքր պատմեք Ձեր ընտանիքի մասին, ինչպիսի՞ն է այն, ի՞նչ ավանդույթներ ունի:


-Ունեմ ավանդական, պահպանողական ընտանիք` սիրելի կին, երեք երեխաներ` երկու որդի, մեկ դուստր, 6 թոռ, 7-րդին սպասում ենք: Բոլոր երեխաներս ստացել են բարձրագույն կրթություն: Մեծ տղաս շուտով բժշկի որակավորում կստանա և որպես բժիշկ կաշխատի «Նաիրի» բժշկական կենտրոնում, փոքր տղաս ավագ քննիչ է, իսկ աղջիկս` մանկավարժ: Սիրում և հպարտանում եմ նրանցով: 
Երեխաներիցս հետո ինձ համար ուրիշ աշխարհ են թոռներս, որոնցից միայն մեկն է աղջիկ, մնացածը տղաներ են: Նրանցից առաջնեկը կրում է իմ անունը` Սամվել: Նա առաջինն է ինձ պապիկ դարձրել, որին առանձնահատուկ եմ սիրում: 
Բոլորս ապրում ենք մեկ բակում, միասին և համերաշխ:

 

-Ի՞նչ հույսեր եք կապում Ձեր թոռների հետ:


-Ես նրանց հետ մեծ հույսեր եմ կապում, ուզում եմ, որ արժանի զավակներ մեծանան, ժողովրդի համար պիտանի մարդիկ լինեն, հարգանք ու սեր վայելեն իրենց շրջապատում:

 

-Պարո՛ն Խաչատրյան, ասում են` իսկական տղամարդը պետք է ծառ տնկի, տուն կառուցի, երեխա ունենա, Դուք լիովին կատարել եք Ձեր առաքելությունը, ի՞նչն է կիսատ մնացել Ձեր կյանքում:


-Ես տղամարդու առաքելությունը կրկնակի եմ կատարել (ժպտում է): Շնորհակալ եմ Աստծուց ինձ բաժին հասած երջանկության համար. ես միշտ գոհացել եմ այն ամենով, ինչը տրված է եղել ինձ և փորձել եմ իմ աշխատասիրությամբ ավելիին հասնել: 
Մարդն իր կյանքի ընթացքում անընդհատ սովորում է, նորություններ բացահայտում, կարծում եմ` դեռ շատ սովորելու բան ունեմ և բազում անելիքներ:

 

-Մեր հայրենիքի սահմաններում պատերազմական վիճակ է, բոլորս աղոթում ենք երկրի խաղաղության և մեր զինվորների կյանքի համար: Ինչպիսի՞ մտքերով եք համակված այսօր:


-Ես, ինչպես և բոլոր հայորդիները, երազում եմ խաղաղության մասին, որպեսզի մեր սահմաններում կրակոցներ չհնչեն և մեր զինվորների կյանքին վտանգ չսպառնա: Սակայն, որպես Ղարաբաղյան պատերազմ տեսած մարդ` կարծում եմ, որ պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի, ուժեղ ու հզոր լինենք, որպեսզի թշնամին շարունակի վախենալ մեր բանակի անպարտելի ոգուց:

 

 

 

 


Հարցազրույցը` 
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...