09:02
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հերմինե Նաղդալյան

2013-01-11 11:04

Աշխատել և գործել հանուն առաջընթացի

Հերմինե Նաղդալյան` ՀՀ ԱԺ փոխնախագահ

Հերմինե Նաղդալյանն իբրև քաղաքական գործիչ իր կենսագրությունը սկսել է նորանկախ Հայաստանի Հանրապետության հետ, ձևավորվել ու կայացել պետության ու երկրի կենսագրությանը զուգահեռ` ետևում թողնելով չորս գումարման Ազգային ժողովների աշխատանքային գործունեության շուրջ քսան տարիներ: Հերմինե Նաղդալյանն ունի պատգամավորական գործունեության բազմամյա փորձ, 2011-ին նա ընտրվել էր ԵԽԽՎ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, այսօր արդեն ՀՀ ԱԺ փոխնախագահ:

ՙԴե Ֆակտո՚ ամսագիրը զրուցեց տիկին Նաղդալյանի հետ` ամփոփելու 2012-ի խորհրդարանական և քաղաքական տարին:

-Տիկի´ն Նաղդալյան, պատգամավորական գործունեության երկարամյա փորձին ավելացավ նաև շատ պատասխանատու` ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնը: Դժվար չէ՞ այս ծանրաբեռնվածությամբ աշխատելը:

-Բովանդակային իմաստով մեծ փոփոխություններ չեն եղել, շարունակում եմ աշխատել նույն պատասխանատվությամբ` առաջնորդվելով գաղափարական նույն արժեհամակարգով, միայն պարտականություններն են ավելացել, իսկ շատ աշխատանքից ու անելիքներից ես երբեք չեմ խուսափել: ԱԺ փոխնախագահի պաշտոնը, իրոք, աշխատատար է, սակայն ես կորակեմ ոչ թե ծանրաբեռնված, այլ առավել հետաքրքիր գործունեություն:

-Ի պաշտոնե գործ ունեք խորհրդարանական բոլոր ուժերի, այդ թվում և ընդդիմադիր կուսակցությունների հետ, դժվարություններ ունենո՞ւմ եք շփումների մեջ:

-Հայտնի խոսք է, որ քաղաքականությունը կոմպրոմիսի արվեստ է, իսկ պառլամենտն էլ վայր, որտեղ պատգամավորը պարտավորություն` /ոչ թե իրավունք/ ունի խոսելու, արտահայտելու և հիմնավորելու իր տեսակետը: Տարբեր կարծիքներ ունեցող մարդկանց, տարբեր քաղաքական գաղափարախոսություն կրողների նկատմամբ հարգանքը, յուրաքանչյուր մարդու ազատ արտահայտվելու իրավունքի ընդունումը քաղաքական գործչի առաջին պարտքն է: Երկարամյա քաղաքական գործունեության տարիներին շփվել եմ ամենատարբեր կարծիքներ, մտքեր, գաղափարներ ունեցողների հետ և միշտ աշխատել եմ ուշադրությամբ ու հարգանքով վերաբերվել յուրաքանչյուր մարդու: Խորհրդարանի դահլիճում բնականոն աշխատանքի հիմքում նույնպես փոխադարձ հարգանքն է, հանդուրժողականության, քաղաքական բազմակարծության և համագործակցության մթնոլորտի ապահովումը: Այո´, լինում են, չեն կարող չլինել /խորհրդարանը բազմակարծության հարթակ է/ տարաձայնություններ, բուռն քննարկումներ, սակայն թե´ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, թե´ քաղաքական մեծամասնության մյուս ներկայացուցիչներս աշխատում ենք, որ տարակարծությունները և բանավեճերը դուրս չգան կոռեկտության սահմաններից:

- Խոսենք վերջին շրջանի ամենաակտուալ թեմաներից մեկի մասին. ի վերջո կիսանախագահական, թե՞ խորհրդարանական կառավարման համակարգ է մեզ պետք:

- Ինչպես դեռևս հազարամյակներ առաջ ասել են այսօրվա հռետորներից անհամեմատ ավելի խելացի փիլիսոփաները, կառավարման իդեալական համակարգեր չկան: Թե´ մեր պատմաքաղաքական, թե´ միջազգային փորձը ցույց է տվել, որ յուրաքանչյուր երկիր ի վերջո ձևավորում է պետության կառավարման այն համակարգը, որն առավել նպատակահարմար է տվյալ պետությանը` ելնելով աշխարհաքաղաքական դիրքից, ազգային առանձնահատկություններից, ավանդույթներից: 1991 թվականին Հայաստանի Հանրապետությունը ընդունեց կիսանախագահական հանրապետություն ունենալու որոշում: Տարիների ընթացքում հարցը բավականին բաց և բազմակողմանի քննարկվել է, ուսումնասիրվել և այսօր մենք ունենք այն, ինչ ունենք: Հիմա պնդել, որ կառավարման այս ձևն արդյունավետ չէ, համոզված լինել ու համոզել, որ խորհրդարանական կառավարման դեպքում ամեն ինչ իդեալական է լինելու, անշուշտ հիմնավոր չէ, այնպես` ինչպես և հակառակ պնդումը: Ոչ ոք չի ասում, որ կառավարման կիսանախագահական համակարգը իդեալական է, կամ իդեալական է ՀՀ-ի համար, ամենևին, սակայն մենք կարծում ենք, սա կառավարման ամենաարդյունավետ ձևն է մեզ համար այս պահին, երկրի զարգացման այս փուլում` երբ ունենք վերջնականապես չկայացած քաղաքական համակարգ, չավարտված կամ նիրհող պատերազմ, էական անհամաչափություններ երկրի տարբեր տարածաշրջանների զարգացման հարցում, այսինքն` բազմաթիվ գործոններ, որոնք նպաստավոր չեն կառավարման համակարգի նման փոփոխության համար: Պետք չէ միանշանակ սև և սպիտակ գույների մեջ պարփակել այս խնդիրը, որն իրականում շատ ավելի խորն է և բազմակողմանի, պետք է հընթացս չեզոքացնել բացասական կողմերը, վերհանել ժամանակի քննությունն անցած դրական կողմերը, ապա` ամրագրել դրանք: Ի վերջո, սա հապճեպ, ոտքի վրա լուծելու և այս պահին քննարկումների առանցք  դարձնելու խնդիր չէ: Եթե հրատապ, հանուն ժողովրդի և ժողովրդավարության համար բարձրացվող հարց է, եթե ինքնանպատակ չէ և կոնկրետ քաղաքական շահ չի հետապնդում, կարծում եմ, որ նվազագույնը կոռեկտ չէ նախագահական ընտրությունների նախօրեին նման քննարկում նախաձեռնելը: Պարզապես այսօր ընդդիմությունը չունի այն կարևոր քաղաքական օրակարգը, որը շոշափում է հանրային խնդիրներն ու շահերը, պարզապես քաղաքական ակտիվության իմիտացիա ստեղծող քայլ է: Ընդդիմությունը հերթական անգամ մարտադաշտ է դուրս գալիս իր հին, հազար անգամ կրակված` վառոդը փամփուշտների մեջ խոնավացած զենքով:

-Ինչպե՞ս կգնահատեք այս գումարման խորհրդարանի կազմը և գործունեությունը:

-Հետաքրքիր հարց եք տալիս, քանի որ չորս գումարումների Ազգային ժողովների աշխատանքային փորձ ունեմ, յուրաքանչյուր գումարման ավարտին պատգամավորը ևս ինքն իր համար ամփոփում է, վերհանում ձեռքբերումներն ու բացթողումները: Այս գումարման ԱԺ-ն իր կազմով, հիմնականում, կիրթ, իրենց գործին տիրապետող, օրինաստեղծ աշխատանքի փորձ ունեցող պրոֆեսիոնալների խումբ է: Խորհրդարանի գործունեության այս կարճ ժամանակահատվածում առիթներ եղել են համոզվելու, թե ինչ խորքային մասնագիտական վերլուծության են ենթարկվում շրջանառության մեջ դրված  օրինագծերը: Հենց սա է վստահություն ներշնչում, որ գալիք տարիներին մենք իսկապես ուժեղ խորհրդարան և արդյունավետ խորհրդարանական աշխատանք ենք ունենալու: Ինչպես ասում էր Ալիսան հրաշքների աշխարհում. ՙՊիտի կարողանաս շատ արագ վազել, որ գոնե տեղում կանգնած մնաս՚, իսկ մեզ, տեղում ամուր կանգնելուց զատ պետք է առաջ գնալ, ուստի պետք շատ ավելի արագ վազել, այսինքն` աշխատել, գործել` հանուն առաջընթացի: Հուսանք, որ 5-րդ գումարման Աժ-ն կամփոփենք մեր երկրում դրական մեծ առաջընթաց արձանագրելով:

- Տիկի´ն Նաղդալյան, ամփոփեք, խնդրեմ, 2012-ը որպես քաղաքական տարի:

-2012-ը չափազանց կարևոր և մեծ ձեռքբերումների տարի էր մեր պետության համար: Մենք ունեցանք խորհրդարանական ընտրություններ, ընտրություններ, որոնք բեկումնային էին և դրանց քաղաքական արժեքը շատ մեծ էր երկրի համար: Իրապես, շատ ավելի կարևոր էր այն հաղթանակը, որ ունեցավ Հայաստանը և ժողովուրդը, քան կարող էր լինել մեկ քաղաքական ուժի հաղթանակը: Օրինական, արդար և ազատ ընտրությունների արդյունքում ձևավորվեց խորհրդարան, ուր առկա է քաղաքական կարծիքների և գաղափարախոսությունների բազմազանություն. և´ իշխանություն, և կառուցողական ընդդիմություն, և´ արամատական ընդդիմություն, և´ իրենց քաղաքական այլընտրանք համարող քաղաքական ուժեր, մի խոսքով ինչպես հարիր է ժողովրդավարության ճանապարհով գնացող երկրին` քաղաքական համակարգում էական դերակատարություն ունեցող բոլոր ուժերը: Մեկ այլ ձեռքբերում համարում եմ ՏԻՄ ընտրությունները, քանի որ հենց ՏԻՄ-երի ձևավորումն է ապահովում  երկրի կայուն հիմքերը, քանի որ քաղաքականությունը և պետականաշինությունը սկսվում են հենց համայնքից և համայնքային կառավարումից: ՏԻՄ-երը այն հիմքերն են, որոնց վրա ձևավորվում և աճում է երկրի քաղաքական համակարգը: Հենց համայնքային հարթակում է ստեղծվում այն սերտ կապը մարդկանց, բնակիչների, ընտրողների հետ, որը տարիների նվիրված աշխատանքի արդյունքում կարող է վերածվել ամուր քաղաքական ռեսուրսի: ՏԻՄ ընտրություններն իրենց հերթին նպաստում են մրցակցությանը, համակարգի կատարելագործմանը, համայնքների ուժեղացմանն ու ինքնուրույնությանը, ավագանիների ակտիվ գործունեությանը` որպես ինքնուրույն վարչաքաղաքական կառույցներ: ՀՀԿ-ն այս առումով շատ է կարևորում ՏԻՄ-երի կայացումը` որպես ինքնուրույն մարմին` ի տարբերություն շատ քաղաքական կուսակցությունների, որոնք ակտիվանում են միայն խորհրդարանական կամ նախագահական ընտրություններից առաջ և անկեղծորեն, բայց անհասկանալիորեն զարմանում անհաջողության մատնվելու դեպքում: Այդ իմաստով հրաշալի օրինակ է Երևանը: Հազարավոր երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր ուրախությամբ տեսնում են ինչպես ամեն օր փոխվում, գեղեցկանում է մեր քաղաքը: Հսկայական ծավալի բարեկարգման աշխատանքներ են կատարվում: Այսօր շատ եվրոպական մայրաքաղաքներ կերազեն նման ծաղկազարդ, գեղեցիկ տեսք ունենալ: Աննախադեպ ճանապարհաշինություն (երբևէ չի եղել այսպիսի ծավալի` ոչ միայն կենտրոնական փողոցների և մայթերի, այլև քաղաքի ծայրամասերում), հարյուրավոր բարեկարգված բակեր, մանկական խաղահրապարակներ, մարզադաշտեր: Հոգատարությունը ապագա սերնդի նկատմամբ դատարկ խոսքեր չեն` անվճար մանկապարտեզներ, ոչ մի չջեռուցվող դպրոց և շատ այլ ծրագրեր երևանցիների համար: Երևանի զարգացման ծրագրեր, որոնք երևանցու կյանքը իսկապես ապահով են դարձնում:

ՈՒզում եմ անդրադառնալ անցնող տարվա ևս մեկ կարևոր միջազգային իրադարձության` Պաղեստինը դարձավ ՄԱԿ-ի դիտորդ անդամ: Կարծում եմ` սա ևս շատ կարևոր առաջաքայլ է դեպի անկախություն և պետության ճանաչում: Քայլ առաջ ոչ միայն Պաղեստինի ժողովրդի համար, այլև ինքնորոշման իրավունքի համար պայքարող բոլոր ժողովուրդների: Ազատության համար պայքարում ժամանակը աշխատում է նրանց օգտին և մեր օգտին և տա Աստված, որ մեր ժողովրդի արդար պայքարը ևս հասնի իր նպատակին:

- 2013-ին Հայաստանում լինելու են նախագահական ընտրություններ, ինչպիսի՞ն կլինեն այդ ընտրությունները:

-Թեև Սերժ Սարգսյանի նախագահության առաջին շրջանը համընկավ համաշխարհային ճգնաժամի տարիներին` սկսած 2008-ից, սակայն, պետք է հպարտությամբ նշել, որ շատ այլ երկրների համեմատությամբ` մենք պատվով հաղթահարեցինք ճգնաժամը, և արդեն բռնել ենք վերելքի ուղին: Երկրի տնտեսական կայունությունն ու առաջընթացն այն չափանիշերն են, որոնք մղում են քաղաքացուն կողմնորոշվելու իր ընտրության մեջ: Նախորդ հինգ տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը և իր ղեկավարած Հայաստանի հանրապետական կուսակցությունը ստեղծել են իրավական և քաղաքական բոլոր նախադրյալները երկրի կայուն զարգացման ու առաջընթացի համար, ուստի մենք վստահորեն գնում ենք դեպի 2013-ի ընտրություններ` կենսագործելու համար մեր հռչակած ծրագրերը:

-Հայաստանին պետք են և´ աշխատող ձեռքեր, և´ երեխաներ: Հայ կինը պետք է կարիերայի հնարավորություն ունենա, ետին պլան չմղելով ընտանիքը: Տիկի´ն Նաղդալյան, ինչպե՞ս է կնոջը հաջողվում համատեղել ընտանիքն ու աշխատանքը, Ձեր դեպքում` քաղաքական և օրենսդրական բարդ  գործունեությունը և բազմանդամ ընտանիքը:

- Ժամանակին, երբ ԱՄՆ-ում բուռն զարգացում էին ապրում  ներկայումս գենդերային կոչվող գործընթացները, տարածված էր այսպիսի մի կարգախոս.  ՙԱմերիկային պետք չեն աշխատող ձեռքեր, Ամերիկային պետք են երեխաներ՚: Պիտի ընդունենք, որ հայ կնոջ գործը շատ ավելի բարդ է, քանի որ Հայաստանին պետք են և´ աշխատող ձեռքեր, և´ երեխաներ: Մեր երկրի բնակչության 52 տոկոսը կանայք են, մենք պարզապես իրավունք չունենք չծառայեցնելու այդ հսկայական մտավոր, մասնագիտական ռեսուրսը երկրի խնդիրների լուծման գործում, իսկ մյուս կողմից էլ մենք փոքրաթիվ ժողովուրդ ենք և ունենք ժողովրդագրական խնդիր: Բայց հայ կինը չափազանց ուժեղ է, և կարողանում է պատվով կատարել իր երկու առաքելությունները: Մեր օրերում կյանքի որակը բարելավվել է, գիտությունն ու տեխնիկան զարգացել են այնքան, որ կնոջ հոգսերը կենցաղում հնարավոր է հասցնել նվազագույնի (ավտոմատ լվացքի մեքենան, ամանեղեն լվացող մեքենան և այլն, և այլն): Սակայն կինը, հատկապես հայ կինը, ունի գերագույն առաքելություն, որ տեխնիկական ոչ մի առաջընթաց չի կարող փոխարինել, հայ կինը հայ ընտանիքի հոգին է, կնոջ և մոր նրա առաքելությունը անփոխարինելի է, պահանջում է անմնացորդ նվիրում ու սեր: ՀՀԿ գաղափարախոսության հիմքում հենց այս սկզբունքն է` ամուր ընտանիքն ամուր և կայուն պետության հիմքն է: Մեր կուսակցության դիրքորոշումը հետևյալն է` կինը պետք է առաջխաղացման, կարիերայի հնարավորություն ունենա, ոչ մի պարագայում, սակայն, ետին պլան չմղելով ընտանիքը, չվտանգելով ընտանիքի ամրությունն ու երեխաների դաստիարակությունը: Կամ/կամի սկզբունքը մեզ խորթ է, ընտանիք և կարիերա կնոջ համար` սա է հասարակության և անհատի համար առավելապես արդյունավետ գործող սկզբունքը: Եվ ես` իբրև այս կուսակցության գաղափարակիր, առաջնորդվում և իմ օրինակով փորձում եմ ցույց տալ, որ համատեղել հնարավոր է, ուղղակի անհրաժեշտ է կամք և ամուր թիկունք` հանձինս մեր ամուսինների և ընտանիքի անդամների: Իհարկե, անչափ կարևոր են նաև աշխատանքային և կազմակերպական որակները, գիտելիքները, կամքը, մշտապես սովորելու պատրաստակամությունը, ժամանակը ճիշտ ծրագրելու և աշխատանքը արդյունավետ կազմակերպելու ունակությունը:

-Օրերս տեղի ունեցավ ՀՀԿ 14-րդ համագումարը, որում որոշվեց առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում:  Կկիսվե՞ք Ձեր տպավորություններով այդ համագումարից:

-Ուզում եմ նշել, որ համագումարը շատ պոզիտիվ միջավայր ձևավորեց, և այդ տրամադրությունը դահլիճից դուրս հորդեց: Համագումարի ժամանակ նախ հնչեց նախագահի նախընտրական ծրագիրը, որը ազատ, ապահով և արդարացի Հայաստանի տեսլականն էր: Նախագահը, կարծում եմ, ամբողջական ներկայացրեց, թե ինչպես է պատկերացնում հայ մարդու կյանքը` ասելով` ՙԱրժանապատիվ քաղաքացի, ապահով հասարակություն, պաշտպանված երկիր՚: Սա, կարծում եմ, երկարաժամկետ ծրագիր է Հայաստան պետության համար, և հանրապետականներս, ինչպես նաև ողջ հասարակությունը, պետական նարմինները, ՏԻՄ-երը, պիտի լծվենք գործի այս տեսլականը իրագործելու նպատակով:

- Քանի որ սա մեր վերջին հարցազրույցն է այս տարի, ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին գալիք 2013-ին:

-Գալիք տարին թող լինի հաջողության, կայուն զարգացման և առաջընթացի տարի: Ես ուզում եմ, որ մենք որպես ժողովուրդ, որպես միասնություն կարողանանք տեսնել այն կռվանները, որոնք ազգովի ենք կերտել, կարողանանք տեսնել մեր երկրի բոլոր կարևոր ձեռքբերումները, և դրանք իրական հիմք դարձնենք առաջընթացի համար: Մեզնից յուրաքանչյուրը ամեն օր պետք է ինքն իրեն հարցնի, թե այսօր երեկվա համեմատ ինչ է արել ավելի, և` շարժվի առաջ: Սա է հաջողության բանալին: Իսկ ընդհանրապես` եթե 2013-ին մաղթանքները իրականանալու են, մաղթում եմ երջանկություն:

 Հարցազրույցը` Թ. Ա.

«Դե Ֆակտո» N79 (2012թ.)

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...