22:20
12/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Հաղթության Մյուռոնը»`

2016-05-30 13:58

  ի նշան մեր նախնիների արիության և անպարտ ոգու

«Դե Ֆակտո» N119 (2016թ.)

Հավատն առ Աստված հայի ամենահզոր զենքն է եղել իր բազմադարյա գոյության, պայքարի, հաղթանակների, ինչպես նաև պարտությունների ճանապարհին, բարձր է պահել նրա բարոյական կերպարն ու մղել պայքարի հանուն հայրենիքի, հավատի և ազգային ինքնության պահպանության: Հայոց եկեղեցին, հոգևորականությունը` որպես հայրենասեր հայորդիներ, հայոց պետականության կերտման հիմքերն ամրապնդել են հայրենիքին ուղղված իրենց աղոթքներով, նվիրումով, նաև զենքով` պատերազմի դաշտում` հավատի շուրջ համախմբելով ժողովրդին: Եվ սուրբ հավատի ստեղծած մեկ ընդհանուր ամենազոր հոգևոր դաշտում միմյանց հետ կապված համայն հայությունը հավերժ միասնական է ու հզոր, պատրաստ` դիմակայելու ժամանակի մարտահրավերներին:


2015թ. նշանակալի էր հոգևոր ու պատմական իրադարձություններով: Դրանցից մեկը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Հայոց ցեղասպանությունը հայոց պատմության, թերևս, ամենացավալի էջն է, որը սպիացել է, բայց չի բուժվել: Հայ ժողովուրդը անդադար աղոթում է 1.5մլն նահատակների հոգու հանգստության համար: Եվ պատահական չէ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հայ եկեղեցին իրականացրեց Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը: Սրբադասման կարգ հայ եկեղեցին իր վերջին սրբից հետո, որը եղել է Մովսես Տաթևացի հայրապետը, շուրջ 400 տարի չէր կատարել:


Մյուսը՝ քրիստոնեական հավատի ամենախորհրդանշական և ամենակարևոր արարողակարգի իրականացումն է` սրբալույս Մյուռոնի օրհնությունը, որը Հայոց եկեղեցին կատարում է 7 տարին մեկ անգամ: Սկսած Ամենայն Հայոց Առաջին Կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորչից` Մյուռոնն օրհնելու բացառիկ իրավասությունը վերապահվում է միայն Եկեղեցու օծյալ Առաջնորդին` Ամենայն Հայոց Կաթողիկոսին:


Սուրբ Մյուռոնի գաղափարը հաստատվել է Աստծո կողմից: Երբ Աստված խոսեց Մովսեսի հետ Սինա լեռան վրա, ասաց. «Վերցրու անուշահոտ համեմունքներ. զմռնենու հինգ հարյուր սիկղ ընտիր ծաղիկներ, դրա կեսի չափ` երկու հարյուր հիսուն սիկղ անուշաբույր խնկեղեգ, հինգ հարյուր սիկղ սրբարանի հիրիկ և ձիթապտղի շուրջ վեց լիտր ձեթ: Դրանից կպատրաստես սուրբ օծության համար յուղ այնպես, ինչպես վարպետ յուղագործները ձեթ են պատրաստում: Այն սուրբ օծության համար յուղ թող լինի»:
Սուրբ Մյուռոնի բաղադրամասերը խորհրդանշում են սրբագործող զորությունը, որի ամբողջականությունն ու խորհրդի միասնությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է:


Սուրբ Մյուռոնօրհնությունից 40 օր առաջ պինդ փակված կաթսան դրվում է Մայր Տաճարի Ավագ Սեղանին և ծածկվում շղարշե ծածկոցով, իսկ ամեն օր` մինչև Մյուռոնօրհնությունը, երեկոյան ժամերգությունից հետո հնչում են հատուկ քարոզներ, աղոթքներ, մաղթանքներ, երգվում են շարականներ:


Մյուռոնօրհնության օրը եկեղեցու եպիսկոպոսները Հայ Եկեղեցու խորան են բարձրացնում ավանդական սրբությունները` Սուրբ նշխարները. Ս. Գեղարդը, որով խոցեցին Քրիստոսի կողը, Ս. Կենաց Փայտը` Քրիստոսի խաչափայտի մասունքը և Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը, որով օրհնվում է մյուռոնը և որով օրհնվում է հավաքված հավատացյալ հոտը: Երգվում են Մյուռոնօրհնությանը նվիրված շարականներ: Այնուհետեւ եպիսկոպոսները Սուրբ Գրքից ընթերցում են հատվածներ, որոնք նվիրված են Աստծուն. «Եւ արդ` դու նոյն ինքը Տէր մեր եւ Աստուած, խոնարհեալ յաղաչանս ծառայից քոց` առաքեա’ զպարարտութիւն ողորմութեան քո ի պտուղ ձիթենւոյս այսորիկ, զոր ետուր յօգտակարութիւն եւ ի փրկութիւն ազգի մարդկան` եւ բնակեցո’ ի մեզ զշնորհս Հոգւոյդ քո սրբոյ եւ բարերարի, ի գործակցութիւն եւ ի լրումն խորհրդոց քոց սրբոց եւ պէս պէս պաշտամանց` զորս կատարեմք ի փառս քո: …Դու միայնդ Աստուած, մարդասէր Տէր, առաքեա զսուրբ Հոգիդ քո յերկնից յԱթոռոյ սրբոյ քումմէ յառաջիկայ իւղս այս. զի սրբեսցի կոչմամբ անուանդ` եւ միածնի Որդւոյ քո սիրելւոյ» (Մայր Մաշտոց):


Ընթերցման ավարտին կաթսայի կափարիչը բացում են ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը կաթսայի մեջ է հեղում լուսավորչավանդ հին Մյուռոնը, այսպիսով, հնի սրբալույս շնորհը փոխանցելով նորին: Այս կերպ փոխանցվում է նաև մեր Հայրապետ և առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի առաջին օրհնությունը: Այնուհետև խառնուրդը հերթով օրհնվում է և խառնվում սուրբ նշխարներով, աղոթքներով, օրհնությամբ ու շարականներով:
«Ողորմած Աստծո նախախնամությամբ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման տարում Մյուռոնի օրհնությամբ հոգևոր մի նոր ուրախություն է հեղվում մեր կյանքին: Տոնական մեծ օր է: Վարագա Սուրբ Խաչի տոնն է՝ նվիրական հիշատակը Հայաստան բերված տերունական Խաչափայտի մասունքի հրաշքով հայտնվելու: Այս մեծասքանչ օրը հոգևոր անհուն ուրախության զգացումներով համայն հայոց հոգևոր կենտրոնում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, կատարեցինք սրբալույս Մյուռոնի օրհնությունը:


Մեր աղոթքը բարձրացրեցինք առ Երկնավոր մեր Հայրը, որ Իր Սուրբ Հոգու շնորհով նյութեղեն այս յուղը վերափոխվի սրբության ու շնորհաբաշխ զորության: Մեր հայրերի օրհնության աղոթքով խնդրեցինք, որ «լինի յուղ ցնծության, զգեստ լուսավոր…, սրբություն հոգիների և մարմինների… կնիք արդարության, զենք հավատքի, հաղթող նահատակ ընդդեմ ամենայն գործոց բանսարկուի»: Խնդրեցինք, որ նրա սրբարար օծումով շարունակվի աստվածային պարգևների հեղումը հավատացյալների հոգիներին, հայոց մեր աշխարհին, համայն մեր ժողովրդի կյանքին»,-այսպես սկսեց իր պատգամը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսը սրբալույս Մյուռոնի օրհնության արարողության ժամանակ: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը 2015թ. կատարեց երրորդ Մյուռոնօրհնությունը իր գահակալության տարիների ընթացքում, ինչը երջանկություն է յուրաքանչյուր Հայրապետի համար: Առաջին Մյուռոնօրհնությունը նա կատարել է 2001թ., երբ ազգովի տոնում էինք քրիստոնեության ընդունման 1700-ամյակը:


«Սրբալույս Մյուռոնը տեսանելի նշանն է Քրիստոսով օծման, որն ընդունում ենք մկրտության միջոցով՝ իբրև ժառանգակից Փրկչի: Մյուռոնով զգեստավորվում ենք Քրիստոսի սրբությամբ, մաքրվում մեղքից, որպեսզի ապրենք Աստծո արդարությամբ: Մյուռոնը զարթոնք և գարուն է հոգիների, ծաղկում՝ հավատքի, առաքինասեր կյանքի ու բարեպաշտ գործերի, վահան՝ ընդդեմ չարի, հաղթանակը, փառքն ու լուսեպսակը հավատացյալների, քանզի Երկնավոր մեր Հայրը Իր Որդու միջոցով, կոչեց մեզ մահվանից կյանքի, մեղքին ծառայությունից շնորհների ազատության և երկնային արքայության ժառանգության:


Աստծո ողորմությամբ այսօր աշխարհի բոլոր կողմերից ազգիս զավակները ուխտավորաբար համախմբվել են Սուրբ Էջմիածնում՝ աղոթակից լինելու սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը: Մեր ժողովրդի հազարավոր զավակների ներկայությունը այստեղ վկայում է մեր կյանքում կարևորությունն ու արժեքը սուրբ Մյուռոնի, որ կնիքն է քրիստոնեական մեր ինքնության ու շաղախը՝ ազգային մեր միասնականության: Մյուռոնում տեսնում ենք նաև մեր ժողովրդի հանդեպ Աստծո հոգածությունն ու խնամքը, Ով Իր փրկության շնորհը տարածեց Արարատի շուրջ սփռված հայոց մեր երկրի ու ազգի վրա: Մյուռոնի մեջ տեսնում ենք Սուրբ լեռն Արարատ, որի վրա հանգրվանեց Նոյ նահապետի փրկության տապանը, և աղավնու բերած ձիթենու շյուղը դարձավ խորհրդանիշը Աստծո խաղաղության, իսկ ձիթենու յուղը՝ օրհնյալ նյութը սուրբ Մյուռոնի: Մյուռոնի ամեն կաթիլում տեսնում ենք սուրբ Թադեոս առաքյալի ձեռքով Հայաստան բերված մեր Տիրոջ օծության յուղը: Տեսնում ենք սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի ձեռամբ Արածանիի` Արևելյան Եփրատի ջրերում, երկնքում ծագած տերունական խաչի լուսեղեն նշանի ներքո մկրտությունը հայոց Տրդատ արքայի, արքունիքի ու ժողովրդի: Մյուռոնում պատկերն է տերունաշնորհ Սուրբ Էջմիածնի, պատկերները՝ մյուռոնաօծ մեր վանքերի ու եկեղեցիների, խաչքարերի ու մագաղաթների, պատկերները՝ իրենց կյանքով Մյուռոնի լույսը տարածած մեր սրբերի: Մյուռոնը միախառնում է մեր անցյալն ու ներկան, այո, հավատում ենք, և գալիք բոլոր դարերը, քանզի բոլոր փորձությունների հանդիման մեր ժողովուրդը անխախտ պահեց Մյուռոնի դրոշմը՝ աներկբա վստահությամբ, որ այն «յուղ է ցնծության, զգեստ լուսավոր…, սրբություն հոգիների և մարմինների… կնիք արդարության, զենք հավատքի, հաղթող նահատակ ընդդեմ ամենայն գործոց բանսարկուի»:


Վեհափառ Հայրապետն իր խոսքում կրկին անդրադարձավ Հայոց ցեղասպանության զոհերին, նրանց սրբադասման արարողության խորհրդին և անհրաժեշտությանը.
«Սուրբ Մյուռոնն իր հոգեղեն զորությամբ հավատքի զենք եղավ նաև 100 տարի առաջ Հայոց Ցեղասպանությանը զոհ դարձած մեր ժողովրդի զավակների համար, ովքեր հաղթող նահատակներ եղան՝ պահելով իրենց հավատարմությունն առ Աստված ու առ հայրենին: Եղեռնահար մեր ժողովուրդը մյուռոնադրոշմ հավատքով վերապրեց Ցեղասպանությունը, հաղթեց մահին: 100-ամյա մեր ուղին եղավ վերածննդի ուղի, և այսօր մեր անկախ պետականության հովանու ներքո ազգային զարթոնքի նոր հորիզոններ են լուսավորվում: Մեր նորօրհնյալ կյանքի հուսալերությամբ նորաեփ այս Մյուռոնը՝ օրհնված Ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրական տարում, նաև՝ մեր սրբացյալ նահատակների բարեխոսության հայցով, կոչում ենք ՀԱՂԹՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՌՈՆ՝ հավատով, որ այն հավատացյալների հոգիներին դրոշմելու է մեր սուրբ նահատակների, Տիրոջ բոլոր վկաների և հայրենյաց պաշտպան մեր նախնյաց հոգու արիությունն ու անպարտ ոգին:


Սիրելիներ, արժևորենք մեր Մյուռոնը, որպես Մյուռոն սրբացյալ կյանքի, Մյուռոն վերազարթոնքի, որպեսզի հոգևոր նորոգությամբ, մեր արդար կյանքով ու ողորմած գործերով շարունակենք վերելքի մեր ուղին: Արժևորենք մեր Մյուռոնն իբրև շաղախ ազգային միասնականության, որպեսզի կարող լինենք հաղթահարել մեր կյանքի դժվարությունները, փարատել հոգսերն ու նեղությունները: Այսօր, երբ աշխարհը լի է տագնապներով, մարդկային կյանքեր խլող հակամարտություններով՝ հատկապես Մերձավոր Արևելքում, ուր անասելի տառապանք և կորուստներ են կրում նաև մեր ժողովրդի զավակները, երբ խաթարված է անդորրը մեր հայրենիքի սահմաններում, և տակավին արդար վճիռ չի ստացել մեր ժողովրդի իրավունքների ճանաչումը, հրամայական է ամուր միասնականությամբ զորացնել մեր հայրենիքը, որ լինի ապավենը համայն մեր ժողովրդի խաղաղ ու ապահով կյանքի, մեր արդար դատի հաղթանակի և ոգեշնչող ուժը՝ ազգային զարթոնքի:


Սուրբ Էջմիածնից բաշխվող սրբալույս Մյուռոնը թող տարածի սրբությունը և հոգևոր առաքինությունների անուշաբույրը աշխարհում և հանուր մեր ժողովրդի կյանքում, ազգային-եկեղեցական մեր օրհնյալ անդաստաններում, հայ ընտանիքներում, մեր հայրենիքի սահմաններում, հայրենյաց պաշտպան մեր զինվորների, մեր Եկեղեցու բոլոր զավակների սրտերում՝ դառնալով հաղթանակների և բարի գործոց նոր ձեռքբերումների զորություն: Երանաշնորհ մեր Հայրապետներից Սիմեոն Երևանցին Էջմիածնից սփռվող Մյուռոնի մասին ասում է. «Ինչպես արեգակի ճառագայթն է ծանուցում արեգակի գեղեցկությունն ու օգտակարությունը, ինչի շնորհիվ կառավարվում է երկիրը և դալար մնում, ճիշտ այդպես էլ սուրբ Մյուռոնն է միշտ քարոզում Սուրբ Էջմիածնի օգտակարությունն ու գեղեցկությունը: Ահա խորհրդավոր արեգակ Սուրբ Էջմիածինը, որ լուսավորում է ձեր հոգիներն ու մարմինները»: Թող Սուրբ Էջմիածնի Մյուռոնի հավերժական լույսը միշտ դրոշմվի մեր ժողովրդի զավակաց հոգիներին, որպեսզի մշտապես նորոգեն իրենց ուխտը առ Աստված, ուխտը՝ առ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին ու նվիրական հայրենիքը: Թող աղավնու բերած ձիթենու շյուղով Արարատի փեշերից ազդարարված Աստծո խաղաղությունը ամրացնի արդարության, մարդասիրության ոգին աշխարհում, զորացնի համերաշխությունը և համագործակցությունը մարդկանց և ազգերի»:
Մյուռոնօրհնության արարողությանը մշտապես ներկա է գտնվում Հայաստանի Հանրապետության բարձր ղեկավարությունը` նախագահի գլխավորությամբ, ինչպես նաև հայ հոգևորական դասը, առաջնորդները, աշխարհի տարբեր ծագերում ապրող բազում հայորդիներ, որոնք այդ օրը Հայաստան են ժամանում հատուկ այս հոգևոր կարևորագույն իրադարձությանը մասնակցելու համար:


«Այս օրհնաբեր և հոգենորոգ օրը Մենք գոհություն ենք վեր առաքում առ Ամենակալն Աստված, որ Մեզ վերստին շնորհը պարգևեց կատարելու Մյուռոնօրհնության սրբազան արարողությունը՝ մասնակցությամբ և աղոթակցությամբ Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ Տիար Սերժ Սարգսյանի, Մեր հոգևոր եղբորը՝ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին ներկայացնող Գերաշնորհ Տ. Մուշեղ և Շահան Արքեպիսկոպոսների, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանի, քույր Եկեղեցիների Գերապատիվ Հովվապետերի և բարձրապատիվ ներկայացուցիչների, ուխտապահ մեր հոգևոր դասի, հայոց պետական ավագանու, դիվանագիտական առաքելությունների ղեկավարների և ներկայացուցիչների և հայրենաբնակ ու Սփյուռքից ժամանած մեր ժողովրդի բազում բարեպաշտ զավակների: Հոգու բերկրությամբ եղբայրական Մեր ողջույնն ենք հղում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութա‎‎ֆյանին և քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին՝ աղոթքով ու մաղթանքով, որ Տերը միշտ անսասան ու պայծառ պահի Իր Սուրբ Եկեղեցին Ավետարանի կենարար պատգամներով մարդկության կյանքը լուսավորելու և փրկության առաջնորդելու առաքելության մեջ:
Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը խաղաղություն ու ապահովություն պարգևի աշխարհին և Հայաստան ու Արցախ հայրենի մեր երկրին: Եվ թող Տիրոջ Սուրբ Հոգու շնորհներով առատապես օրհնվի մեր ժողովրդի և համայն մարդկության կյանքը:
Շնորհք, սէր և ողորմութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեան. ամէն»:
Շնորհաբեր ու քաղցրաբույր Մյուռոնը Ամենայն Հայոց Հայրապետությունից ուղարկվում է բոլոր թեմերին ու եկեղեցիներին: Հնուց ի վեր` սա միջոց էր ծառայում պահելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսության հեղինակությունը` որպես բացառիկ ուխտ հայ հավատացյալ հոտի հետ: Սուրբ Մյուռոնն օգտագործվում է մկրտության և դրոշմի խորհրդի ժամանակ, հոգևորականների ձեռնադրության, եպիսկոպոսների և հոգևորականների օծման, ջրօրհնեքի արարողության, ինչպես նաև նոր եկեղեցիների և պատկերների օծման ժամանակ:
«Մյուռոն»-ը հունարեն բառ է, որ նշանակում է «հոտավետ յուղ» կամ «բույսից հոսող հյութ»: Այն ծագում է հնախոսական օծել արմատից: Իբրև այդպիսին` շատ հին ժամանակներից ի վեր, զանազան անուշահոտ համեմունքների հետ միասին, կիրառվել է ձիթենու յուղը: Այն լայնորեն գործածել են արևելյան ազգերը, գլխավորապես հին հրեաները տոնական օրերին (ՍԱՂՄ. ԻԲ 5, ԱՄՈՎՍ Զ 6): Քրիստոսի ժամանակ տակավին կենսունակ էր իբրև հարգանքի նշան հյուրի գլուխը կամ ոտքերը օծելու սովորույթը (ՄԱՐԿ. ԺԴ 3, ՀՈՎՀ. ԺԲ 3): Ըստ Մովսես նախամարգարեի ստացած աստվածային պատգամի (ԵԼՔ Լ 23-30)` Աստծո սպասավորները ձիթենու յուղը կիրարկում էին ծանրագին խնկեղենի, այլևայլ համեմունքների և ծաղիկների միախառնումով: Սուրբ Մյուռոնի պատրաստման հիմքում ընկած հիմնական տարրը մատղաշ ձիթենու պտուղների մաքուր, զտված ձեթն է, որին ավելացվում է բալասան և 40 տեսակի հոտավետ համեմունքներ, ծաղիկներ, քաղցրաբույր բույսեր, արմատների հյութեր և ծաղկահյութեր, ինչպես նաև տարբեր խնկեր ու բույսերի տերևներից քամված հյութեր: Սուրբ Մյուռոնի բաղադրամասերից յուրաքանչյուրն ավելացվում է սահմանված որոշակի չափով ու քանակով: Դրանց մեծ մասը Հայաստան է բերվում արևելյան երկրներից: Ընտրված քանակությամբ բաղադրամասերը տրորվում են, քամվում և խառնվում ձիթենու յուղին, սպիտակ գինուն, վարդի հյութին և այլ ծաղկահյութերին Սուրբ Էջմիածնի Միաբանության անդամների կողմից, որոնց կողմից կատարվում է նաև աղոթք և խնկարկություն: Մինչ Մյուռոնի եփելը Ամենայն Հայոց Կաթողիկոսը առանձին-առանձին օրհնում է դրա բոլոր բաղադրամասերը: Այս բաղադրամասերի քաղցր բույրը պահելու համար կաթսայի կափարիչը պինդ փակում են անեփ խմորով, այնուհետեւ այն իջեցնում են ջրով եռացող ավելի մեծ կաթսայի մեջ:


Աղոթքներով ու շարականներով կաթսայի պարունակությունը թույլ կրակի վրա անընդհատ խառնելով` եփում են երեք օր ու գիշեր: Այս ամենը կատարվում է աղոթաշատ մթնոլորտում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միաբանության և հավատացյալների հեզ ու բարեպաշտ մասնակցությամբ:
Մեր Եկեղեցում Սուրբ Մյուռոնի կիրարկումը գալիս է առաքելական ժամանակներից: Ըստ ազգային մի հին ավանդության, որ բերված է նշանավոր հեղինակ Վանական Վարդապետի (1181-1251) «Գովեստ հայ ազգին» աշխատության մեջ, Քրիստոսի օրհնած յուղը Հայաստան է բերել ազգիս առաջին լուսավորիչ Ս. Թադեոս առաքյալը: Հայկական ձեռագրերում հաճախ հանդիպող «Յաղագս Պատմութեան սուրբ եւ աստուածային իւղոյն» գործում այս մասին ասվում է, որ Թադեոս առաքյալը, գալով Հայաստան, իր հետ բերած այս յուղով օծելով Աբգարին` բժշկում է մաշկային այն հիվանդությունից, որով տառապում էր նա, և գնալով Տարոնի կողմերը, այն տեղում, ուր հետագայում Լուսավորիչը կառուցելու էր Ս. Հովհաննես վանքը, մշտադալար մի եղերդենու տակ թաղում է շշով բերված այս յուղը, որի համար Ս. Հովհաննեսը կոչվում է նաև Եղրդուտի վանք, ինչպես և «Ս. Շիշ իւղոյ վանք»: Այստեղ իջած լույսով և Լուսավորչին երևացած տեսիլով Հայոց քահանայապետը գտնում է այն և խառնում իր օրհնած Մյուռոնին: Քանի որ օրհնվող յուրաքանչյուր նոր Մյուռոն իրենում ունի մասնիկը նախորդ Մյուռոնի, այս հաջորդայնությամբ Հայոց Մեռոնն իր մեջ ունի մասնիկն այն յուղի, որ հեղվեց Տիրոջ վրա մեղավոր կնոջ կողմից:


Սրբազան ավանդության համաձայն, երբ Սբ. Գրիգոր Լուսավորիչը Սրբալույս Մյուռոնի օրհնություն կատարեց, Մյուռոնի կնքահայրության պատիվը շնորհեց հայոց Տրդատ արքային, ով ստանձնեց հայության համար պատրաստված հրաշազարդ յուղի պաշտպանությունն ու հովանավորությունը:


Մյուռոնի արծաթյա կաթսան Սուրբ Էջմիածնին է նվիրաբերվել 1895 թ.` Նոր Նախիջևանցի վաճառական աղա Գասպար Հարությունյան Կարապետօղլյանը: Կաթսան պատրաստվել է Մոսկվայում` Պ. Օվչիննիկովի արհեստանոցում: Կաթսան ունի ոսկեզօծ հավելվածներ, ձուլածո է (բարձր.` 130 սմ, բերանի տրամ.` 50 սմ) գմբեթավոր կափարիչով, որը զարդարված է աղավնու քանդակով: Արծաթյա այս մեծ կաթսան ձևավորված է նկարչագեղ բարդ հորինվածքներով: Կաթսայի շուրջբոլորը զարդարված են հետևյալ դրվագված պատկերներով. ա. «Քրիստոսի մկրտությունը` ձեռամբ Սբ Հովհաննես Մկրտչի», բ. «Աբգար արքայի մկրտությունը` ձեռամբ Սբ. Թադեոս առաքյալի», գ. «Հայոց արքայական ընտանիքի մկրտությունը` ձեռամբ Սբ Գրիգոր Լուսավորչի», դ. «Միածնի էջը», ե. «Սբ Էջմիածնի Մայր Տաճար», զ. «Հոգեգալուստ»: Նշյալ պատկերներն առնված են կամարակապ սյուների մեջ, որոնցից յուրաքանչյուրի վրա կան ոլորապտույտ երկրաչափական և բուսական զարդանախշեր: Նույնպես ոլորապտույտ վզիկներով թռչունները դառնում են բռնիչներ: Այս կաթսայում առաջին Մյուռոնօրհնությունը կատարել է Տ. Տ. Մկրտիչ Ա Խրիմյան Ամենայն Հայոց Հայրապետը 1897 թ. սեպտեմբերի 14-ին:


Մյուռոնօրհնության օրը առավել հին շրջանում Ավագ Հինգշաբթին էր: Վերջին երկու-երեք դարերում, այժմյան խմբագրությամբ, կանոնակարգված «Մաշտոցները» հրահանգում են օրհնությունը կատարել Ավագ Հինգշաբթի, Հոգեգալստյան տոնին, կամ էլ պատշաճավոր որևէ մեկ այլ օր: Հաշվի առնելով, որ օրհնության ժամանակ տարբեր կողմերից մեծաթիվ ուխտավորներ են գալիս և նկատի ունենալով Արարատյան դաշտի եղանակային յուրահատկությունները և համանման մի շարք գործոններ` վերջին հարյուրամյակում Մյուռոնի օրհնությունը սովորաբար կատարվում է աշնանը:


Հայ Եկեղեցու որոշ արարողակարգեր, ինչպիսին Ջրօրհնեքն է կամ Մյուռոնօրհնեքը, ունեն իրենց հավատացյալները և «Կնքահայրերը»: Ջրօրհնեքի կնքահորը անվանում են «Խաչի քավոր», իսկ Մյուռոնօրհնության կնքահորը` «Մյուռոնի քավոր»: Վերջին շրջանում այս երկու արարողությունների կնքահայրերը եկեղեցանվեր աշխարհականներ են` ի նշան հավատացյալ ժողովրդի աղոթքների: Կնքահայրն ունի իր կարևոր դերակատարությունը Մյուռոնօրհնության ընթացքում: Մյուռոնօրհնության թափորի մեջ` Հայրապետի անմիջապես առջևում, ծիսական մետաքսե շապիկով քայլում է կնքահայրը, ով սովորաբար բարձրանալով Բեմ` օգնում է բացել Կաթսան:


Միածնի Իջման Սուրբ Խորանի բեմից Հայոց Հայրապետը Աստծու մասնակցությունն է հայցում Մյուռոնօրհնության արարողությանը, որպեսզի Սուրբ Հոգին, բնակվելով օրհնվող յուղի մեջ, կենդանացնի քաղցրաբույր յուղը, սրբացնի այն և Իր շնորհները բաշխի նրանով օծվածներին: Եվ Սուրբ Հոգու Էջքը խորհրդանշող զանգերի ուրախ ղողանջի ներքո հին Մյուռոնը խառնվում է նորի հետ, ինչպես շարունակվող առաքելական ժառանգությունը և մեր Եկեղեցին հիմնելու ավանդույթը:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...