01:53
12/10/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մեր ամենամեծ ձեռքբերումը ժողովրդի վստահությունն է

2016-05-25 12:30
Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անահիտ Հարությունյան

«Դե Ֆակտո» N119 (2016թ.)

-Տիկի՛ն Հարությունյան, նախ շնորհավորում ենք Ձեզ Հայբուսակի 25-ամյակի և այդ տարիների դժվարին ճանապարհն ազնիվ ու ձեռքբերումներով լի անցնելու առթիվ` մաղթելով հետագա տարիներին առավել մեծ հաղթանակներ:


-Շնորհակալ եմ շնորհավորանքի և բարեմաղթանքի համար: Այդ 25 տարիները, իսկապես դժվարություններով լի են եղել, մենք հաղթահարել ենք օբյեկտիվ և սուբյեկտիվ բազում հանգամանքներով պայմանավորված խոչընդոտներ, որոնք մեզ մեր նոր ճանապարհին տվեցին փորձառություն, բարդ իրավիճակներում կողմնորոշվելու ճկունություն, ճիշտ որոշումներ կայացնելու կարողություն և անկոտրում կամք:

-25 տարին մարդու կյանքում բավականին հասուն տարիք է, ի՞նչ տարիք է այն բուհի համար և ո՞րն եք համարում Հայբուսակի ամենամեծ ձեռքբերումը:


-Աշխարհի լավագույն բուհերը մի քանի հարյուր տարեկան են, իսկ նրանցից «ամենատարեցը» 900 տարեկան է: Եթե հիմք ընդունենք բուհի կայացվածության տարիքային չափանիշը, ապա Հայբուսակը բավականին երիտասարդ բուհ է, սակայն երբ այդ տարիքը գնահատում ենք անկախ Հայաստանի կրթական համակարգի զարգացման և կայացման, ՀՀ-ում մասնավոր բուհական համակարգի ներդրման ժամանակահատվածի տեսանկյունից, ապա 25 տարին խոսուն տարիք է, հատկապես այն պարագայում, որ այսօր Հայբուսակը ՀՀ մասնավոր ամենամեծ բուհն է, որը տարիների ընթացքում անընդհատ զարգացել է, ձեռք բերել վստահություն և ճանաչում ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Պատահական չէ, որ այսօր մենք ունենք մեծ թվով ուսանողներ աշխարհի ամենատարբեր երկրներից, ինչպես նաև` սփյուռքից:
Այս 25 տարիների ընթացքում մենք մշտապես ձգտել ենք անընդհատ կատարելագործել բուհի կրթության որակը` ներդնելով եվրոպական բուհերի փորձը, ուսուցման մեթոդները: Իհարկե, անելիքներ դեռ շատ կան, սակայն կրթության որակի առումով մեր ձեռքբերումները նույնպես տեսանելի են:
Մեր ամենակարևոր ձեռքբերումներից են մեր շրջանավարտների հաջողությունները, ովքեր կարողանում են իրենց դրսևորել որպես կայացած մասնագետներ ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:
Իսկ ամենամեծ ձեռքբերումը համարում եմ ժողովրդի վստահությունը, որը մենք վաստակել ենք տարիների քրտնաջան աշխատանքով:

-Այս տարի լրանում է նաև Կրթության միջազգային ակադեմիայի 10 տարին, ի՞նչ կարևոր դեր ունեցավ ակադեմիայի ստեղծումը:


-1999թ. մասնավոր բուհերի խոշորացման ծրագրի շրջանակներում Հայբուսակին միացան մի շարք բուհեր, ստեղծվեց Կրթության Միջազգային Ակադեմիան, որը սկզբում սոսկ միավորող դեր էր կատարում` կազմակերպելով աշխատանքային արդյունավետ, համախմբված գործընթացը, ներբուհական կյանքն առավել ներդաշնակ դարձնելով: Խոսքը ԿՄԱ-ի ներքո գործող 6 բուհերի դասախոսական անձնակազմի, ուսանողական, գիտական խորհուրդների միացյալ աշխատանքի մասին է: Սակայն շուտով Հայբուսակին միավորված բուհերը սկսեցին գործել Հայբուսակի կազմում, և թվում էր, թե ԿՄԱ-ի դերը պետք է նվազեր, սակայն ոչ, այդպես չեղավ, քանի որ այն արդեն իրենից որոշակի ներուժ էր ներկայացնում կրթության որակի ապահովման, գիտահետազոտական աշխատանքների և վերահսկողական գործառույթի իրականացման առումով, ինչը մենք շատ ենք կարևորում: Եվ այսօր ԿՄԱ-ն շարունակում է հաջողությամբ գործել և խթանել Հայբուսակի կրթության որակի ապահովումը և զարգացումը:

-Որակյալ բարձրագույն կրթությունը, մրցունակ կադրերի պատրաստումը կրթության ոլորտի կարևորագույն խնդիրն է, ի՞նչ խնդիրներ եք տեսնում այդ առումով Հայաստանում:


-Որպեսզի զարգանա ոլորտը, այն պիտի աջակցություն ստանա պետական մակարդակով, սակայն մեր երկիրը դեռևս նոր է ինտեգրվում միջազգային կրթական գործընթացին և դեռ շատ անելիքներ ունի այս իմաստով:
Ժամանակակից աշխարհում պահանջված են իրենց գործին նվիրված, բարձրակարգ, մշտապես զարգացող և կատարելագործվող մասնագետներ: Բուհն ավարտած մասնագետը պետք է մրցունակ լինի ոչ միայն իր երկրում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Մենք չպետք է մոռանանք, որ 21-րդ դարում մարդն ազատ է ընտրելու իր բնակության, աշխատանքի վայրը, սակայն դրա համար նա պետք է լավ մասնագետ լինի, ունենա այնպիսի դիպլոմ, որը ճանաչելի է եվրոպական և այլ երկրներում:
Հիմնականում այս սկզբունքներով ենք առաջնորդվել դեռևս 25 տարի առաջ:

-Տիկի՛ն Հարությունյան, այսօր Հայբուսակը ներգրավված է միջազգային հավատարմագրման գործընթացում և կրկին առաջին բուհերից մեկն է, որ միանգամից արձագանքել է այդ հնարավորությանը և այժմ գործընթացի երկրորդ փուլում է ներգրավված: Ի՞նչ կտա այս գործընթացը հայաստանյան բուհերին:


-Իսկապես մեր բուհն առաջիններից մեկն էր, որ արձագանքեց և ներգրավվեց այս ծրագրում, քանի որ տարիներ շարունակ մեր տեսլականը միջազգային կրթական արժեքների որդեգրումն ու բուհի ճանաչելիության ապահովումն է, և պետք է ասեմ, որ մենք բավական հաջողություններ ունենք այդ առումով: Այս ծրագրի իրականացումը ևս մեկ քայլ է մեր նպատակներին հասնելու ուղղությամբ:
Պետք է նշեմ, որ բուհերի միջազգային հավատարմագրման գործընթացը մեր երկրում սկսվեց չորս տարի առաջ: Ծրագրի հիմնական նպատակն է՝ ինտեգրվել եվրոպական կրթական տարածքին:
Այն հնարավորություն կընձեռի՝ ճանաչել տալ հայաստանյան դիպլոմներն արտերկրում, ապահովել մասնագիտական կրթական ծրագրերի համադրելիությունը, ուսանողների և դասախոսների փոխանակման լայն հնարավորություններ կստեղծի: Մեզ համար այս գործընթացում ամենակարևորը ուսանողների, դասախոսների փոխանակման հնարավորությունն է: Իհարկե, այստեղ կա հարցի ֆինանսական կողմը, սակայն այդ առումով մենք շահեկան դիրքերում ենք, քանի որ արդեն ստացել ենք մի շարք եվրոպական և միջազգային դրամաշնորհներ:

-Տիկի՛ն Հարությունյան, Դուք մեծ վստահությամբ եք խոսում բուհի կրթության որակի, մրցունակ կադրերի պատրաստման, դասախոսական անձնակազմի արհեստավարժության մասին: Ի՞նչ աշխատանքներ են իրականացվում դասախոսների մասնագիտական որակների բարձրացման ուղղությամբ:


-Մենք տարիներ շարունակ իրականացնում ենք դասախոսների վերապատրաստում՝ այդ թվում նաև մեծ ուշադրություն դարձնելով մեր պրոֆեսորադասախոսական կազմի անգլերենի իմացությանը, ինչի շնորհիվ նրանք կարողանում են դասավանդել անգլերեն լեզվով՝ արտասահմանցի ուսանողներին: Մեր դասախոսների գրեթե 70 տոկոսը տիրապետում է անգլերենին, իսկ 35 տոկոսն այդ լեզվով դասավանդում է: Հայբուսակը այն եզակի համալսարաններից է ՀՀ-ում, որտեղ դասավանդումն անցկացվում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով:

-Բժշկական համալսարանից հետո բժշկական մասնագիտություններ բացելը բավականին ռիսկային և համարձակ քայլ է: Ինչպե՞ս որոշեցիք գնալ այդ քայլին:


-Համալսարանի հիմնադիրները, այդ թվում նաև` ես, բավական լավ ենք պատկերացրել այն դժվարությունները, որոնք կարող էին առաջանալ բժշկական ֆակուլտետի ստեղծման հետ կապված, սակայն մենք գիտակցաբար չենք խուսափել այդ գաղափարից, քանի որ վստահ ենք, որ այլընտրանքային կրթությունն անհրաժեշտ է:
Մեր բժշկական ֆակուլտետում սկզբում բացվեցին ֆիտոթերապիայի, բժշկական կոսմետոլոգիայի բաժինները, որոնք միայն մեզ մոտ էին գործում:
Բժշկական նոր մասնագիտություններից բացի Հայբուսակում բացվեցին այլ նոր բաժիններ, որոնք կրկին առաջինը մենք ներդրեցինք. խոսքը ագրոբիզնես, սննդի տեխնոլոգիա, գինու և այլ ալկոհոլային խմիչքների, հացաթխման տեխնոլոգիա, օծանելիքի տեխնոլոգիա մասնագիտությունների մասին է:

-Դեպի ո՞ւր է նայում այսօր Հայբուսակը:


-Բացի միջազգային մակարդակի կրթության որակ ապահովելու մեր տեսլականից, մենք նպատակ ունենք մեր բուհի միջոցներով ֆինանսավորել որոշ, XXI դարի համար առանցքային մասնագիտություններ, և դրանց շրջանակներում անվճար հիմունքներով կրթել շնորհալի երիտասարդներին:

-Հայբուսակը նաև ակտիվորեն մասնակցում է կրթության ոլորտում իրականացվող տարբեր ցուցահանդեսների, մրցույթների: Կպատմե՞ք` ինչ հաջողություններ են արձանագրվել դրանցում:


-Իսկապես, մեր ներբուհական կյանքը շատ ակտիվ է, բուհը և ուսանողները մասնակցում են տարբեր միջոցառումների: Պատահական չէ, որ մեր ուսանողներից երկուսն արժանացել են ՀՀ նախագահի մրցանակին:
Պետք է նշեմ, որ հատկապես արտերկրում, սփյուռքում մեր բուհի ճանաչվածությունը պայմանավորված է նաև տարբեր ցուցահանդեսների, մրցույթների մեր ակտիվ մասնակցությամբ: Ի դեպ, նշեմ, որ այդ ցուցահանդեսներին մենք միակ մասնակիցն ենք եղել Հայաստանից, և առաջացրել ենք հետաքրքրություն ոչ միայն բուհի, այլև մեր երկրի նկատմամբ:
Ուշագրավ դեպք պատահեց 2002թ., երբ Լիբանանում մասնակցում էինք կրթական ցուցահանդեսի: Ինձ մոտեցավ լիբանանյան լրատվամիջոցի մի լրագրող, հարցեր ուղղեց, ես պատասխանեցի: Ցուցահանդեսի հաջորդ օրը հարցազրույցը հրապարակվեց, և ինձ ասացին, որ Լիբանանի նախագահի կինը` Անդրեա Լահուդին, հետաքրքրված է Հայաստանի ներկայացուցիչներով և ցանկանում է հանդիպել նրանց հետ: Նրա այդ ցանկությունը պայմանավորված էր նաև նրանով, որ թե՛ ինքը՝ առաջին տիկինը, թե՛ երկրի նախագահը կիսով չափ հայ էին: Անդրեա Լահուդիին հետաքրքրեց մեր բուհի գործունեությունը, և նա առաջարկեց կազմակերպել որոշ դասընթացներ Լիբանանում, այդ թվում նաև հայոց լեզվի դասընթաց, Լիբանանի հայ երիտասարդների համար, և ցանկություն հայտնեց ֆինանսապես աջակցել այդ գործին: Ծրագրին աջակցության պատրաստակամություն հայտնեց նաև տեղի հայ համայնքը, սակայն ցավոք, այն չիրականացավ, քանի որ այնտեղ պատերազմական գործողությունները վերսկսվեցին:

-Այսօր մեր երկրում նույնպես պատերազմական վիճակ է: Բուհի կողմից որևէ նախաձեռնություն իրականացվելո՞ւ է զինծառայողների ընտանիքներին աջակցության առումով:


-Զարմանալի մի բան ասեմ` մեզ համար պատերազմը երբեք չի ավարտվել, Հայբուսակում ազատամարտիկների երեխաները մշտապես սովորել են անվճար հիմունքներով (շուրջ 400 շրջանավարտ), իսկ զորակոչին պատրաստվող մեր ուսանողներին մենք միշտ աջակցել ենք, ընդառաջել, զեղչեր տրամադրել, որպեսզի նրանք հանգիստ գնան ծառայության:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության սրման ժամանակահատվածում մենք երկու զոհ ունեցանք: Ամեն զոհված երիտասարդի անդառնալի կորուստը մեզ խոր ցավ է պատճառում, և մենք աշխատում ենք լինել մեր զոհված ուսանողների ընտանիքների կողքին:

-Տիկի՛ն Հարությունյան, կարծում եմ համամիտ եք, որ որքան էլ կրթությունը մարդուն հարստացնում է վեհ արժեքներով, դարձնում նրան դրանց կրողը և տարածողը, այնուամենայնիվ, գենետիկ ժառանգությունն ու դաստիարակությունը երբեմն շատ ավելի զորեղ են լինում: Դուք գիտնականի ընտանիքից եք, Ձեր ընտանիքում միշտ հյուրընկալվել են մտավորականներ, որոնց հետ շփումը, վստահ եմ, ինքնին դաստիարակության մի ձև է եղել: Հաջողվե՞լ է այդ արժեքները փոխանցել Ձեր երեխաներին:


-Թե՛ իմ, թե՛ Աննայի և Սուրենի երեխաները մեծացել են մեր ծնողների հետ մշտական շփման մթնոլորտում. մեր հայրական տունը նաև մեր երեխաների տունն է, և այն բոլոր արժեքները, որոնք յուրացրել ենք, մենք և մեր ծնողները հաղորդել ենք նաև մեր երեխաներին: Պետք է վստահությամբ ասեմ, որ ոչ միայն իմ, այլ նաև եղբորս և քրոջս երեխաները մեր ընտանիքի ավանդույթների և արժեքների կրողն են:

-Հարցազրույցներից մեկում Դուք նշել եք, որ կարիերիստ չեք: Հնարավո՞ր է չլինելով կարիերիստ` հասնել նման հաջողությունների, քանի որ Դուք պարզապես պաշտոն չեք զբաղեցնում, Դուք անընդհատ զբաղվում եք ինքնազարգացմամբ, ուսումնասիրում կրթության և գիտության ոլորտի նվաճումները, քայլեր ձեռնարկում դրանք ներդնելու կրթության զարգացման գործում:


-Ես իսկապես կարիերիստ չեմ, այլապես այսօր որևէ պետական պաշտոն կզբաղեցնեի (ժպտում է):
Ես սիրում եմ իմ աշխատանքը և ամեն օր հաճույքով եմ կատարում այն: Մեծ ուրախություն է, երբ տեսնում ես, որ երեկվա դեռահաս աղջիկը կամ տղան բուհն ավարտում է արդեն որպես կայացած մասնագետ: Ամենուրեք հանդիպում եմ մեր շրջանավարտներին և անսահման հպարտություն ապրում նրանց նվաճումներով: Իհարկե, իմ աշխատանքը պահանջում է շարունակ ուսումնասիրել ոլորտի բոլոր կողմերը, անընդհատ զարգացող աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները: Իմ գործին և պաշտոնին միշտ վերաբերվել և վերաբերվում եմ որպես պատասխանատվության, որը ստանձնել և կատարում եմ մեծ սիրով: Երևի այդ է պատճառը, որ աշխատում եմ նաև ոչ աշխատանքային օրերին և ժամերին:
Ես իմ աշխատանքը կարիերա չեմ համարում, իսկ ձեռքբերումները սիրո և նվիրվածության արդյունք են. ես հավատում եմ, որ երբ գործի մեջ սեր և անմնացորդ նվիրում կա, այն պսակվում է հաջողությամբ:
Երբեմն հաջողության հասնելու համար պետք է ոչ միայն հաղթահարել բազմաթիվ դժվարություններ՝ հետևելով եղած կանոններին, այլև ստեղծել սեփական կանոնները:

-Ի՞նչ է փոխում կրթությունը մարդու կյանքում:


-Կրթության ամենակարևոր գործառույթը, կարծում եմ, այն է, որ ցանկացած մարդու հաղորդի գիտելիքների և հմտությունների համակարգված ամբողջություն, որը նրան թույլ կտա դառնալ լավ մասնագետ, հանրության համար օգտակար մարդ:
Կրթությունը տալիս է մարդուն հոգևոր, գաղափարական անսահման ազատություն, զարգացման և առաջընթացի մեծ հնարավորություններ, օգնում բացահայտել լավագույնը իր մեջ, ձևավորել արժեհամակարգ և գտնել սեփական տեղը կյանքում: Եվ, ի վերջո, գիտելիքն այն հարստությունն է, որը ոչ ոք չի կարող խլել մարդուց:

-Դուք նշել եք, որ հավատքում գտնում եք բոլոր հարցերի պատասխանները, այնուամենայնիվ, ուզում եմ հարցնել` չկա՞ն անպատասխան հարցեր:


-Անպատասխան հարցեր կան, և դրանց առումով ես ևս ապավինում եմ Աստծուն: Վաղուց համոզվել եմ, որ մարդու կարևորագույն առաքելությունը կյանքում իր տեղը և նշանակությունը գտնելն է: Այդ դեպքում մարդը երջանիկ է և ապրում է լիարժեք, ներդաշնակ կյանքով:


-Ի՞նչ տեղ ունի գեղեցիկը Ձեր կյանքում, որո՞նք են Ձեզ համար կյանքում ամենագեղեցիկ երևույթները, և գեղեցիկ կնոջ առջև, ինչպիսին Դուք եք, ի՞նչ դռներ կարող են բացվել:


-Ինձ համար գեղեցիկ է Աստծո ստեղծած աշխարհը` բնությունը: Ես չեմ դադարում հիանալ նրա կատարելությամբ: Հիանում եմ նաև գեղեցիկ մարդկանցով, նրանց ներքին և արտաքին գեղեցկությամբ, գեղեցիկ խոսքով, արարքներով, սխրանքներով: Պետք է նշեմ, որ ինձ համար գեղեցիկ դիմագծերը շատ քիչ են մարդուն գեղեցիկ համարելու համար, ավելի կարևոր է ներքին գեղեցկությունը: Մարդու գեղեցիկ ներաշխարհը կարող է գեղեցկացնել նրա ոչ այնքան գեղեցիկ դիմագծերը, բայց հակառակը հնարավոր չէ:
Շնորհակալ եմ ինձ գեղեցիկ կին համարելու համար, ինչ վերաբերում է «բացվող դռներին», ապա դրանք հիմնականում բացվում են բանականության և բարության շնորհիվ: Համենայն դեպս, իմ փորձը դա է վկայում:

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...