2016-05-20 12:46
«Դե Ֆակտո» N119 (2016թ.)
Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը զարգացման նոր փուլ թևակոխեց մասնավոր բուհերի ստեղծումից հետո: Այդ փուլում առավել համարձակ, բեկումնային քայլերով և գաղափարներով աչքի ընկավ «Հայբուսակ» համալսարանը, որն առաջարկեց իսկապես այլընտրանքային կրթություն, նոր մասնագիտություններ, որոնք չէին առաջարկվում պետական բուհերի կողմից։ «Հայբուսակը» դեռևս 1990-ականներին որդեգրեց առաջադեմ մեթոդներ: Համալսարանի ղեկավարությունը բուհի ստեղծման առաջին իսկ օրվանից իր առջև խնդիր է դրել՝ կրթության որակը հասցնել առավելագույնի` հիմք ընդունելով եվրոպական կրթության բարձր չափանիշները, ուսանողակենտրոն մոտեցումը:
Անցած 25 տարիների ձեռքբերումները, նրա շրջանավարտների և ուսանողների հաջողությունները, նրա համբավը հայրենիքում և արտերկրում «Հայբուսակի», նրա դասախոսական և վարչական կազմի գերազանց աշխատանքի խոսուն ապացույցն են։
Եվ պատահական չէ, որ ՀՀ կառավարության կրթության ռազմավարական ծրագրի ընդունումից հետո, որի գլխավոր գաղափարը կրթության որակի ապահովումն էր՝ բուհերի խոշորացման ճանապարհով, «Հայբուսակին» միանալու առաջարկություններով դիմեցին մի շարք մասնավոր բուհեր: «Հայբուսակը» ընդառաջ գնաց այդ առաջարկություններին` առավել հարստացնելով բուհը նոր մասնագիտական ուղղություններով, համախմբելով բուհերի դասախոսական կազմը, դարձնելով մեկ ամբողջություն:
Այս տարի «Հայբուսակը» նշում է իր 25-ամյակը` թերթելով իր պատմության էջերը, արձանագրելով իր ձեռքբերումները, բացթողումները, մատնանշելով հետագա անելիքները:
1991թ. կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մի շարք ակադեմիաների ակադեմիկոս Լևոն Հարությունյանը հիմնադրեց «Հայբուսակ» համալսարանը։ Սկզբում գործում էին երեք ֆակուլտետներ՝ բժշկական, տնտեսագիտական և սննդի տեխնոլոգիայի: 1997-ին բացվել է հումանիտար ֆակուլտետը: 2000-ին համալսարանին է միացել Լազարյանի անվան Արևելագիտության և Միջազգային Հարաբերությունների ինստիտուտը, 2006-ին՝ Լ.Քալաշյանի անվան Հայկական Բաց Համալսարանը, 2009-ին՝ «Ռոսլին» դիզայնի ինստիտուտը, 2011-ին՝ «Իմաստասեր Անանիա Շիրակացի» համալսարանը (Գյումրի), 2013-ին՝ Էկոլոգիայի և տնտեսագիտության ինստիտուտը:
2006թ. ստեղծվել է Կրթության միջազգային ակադեմիան, որի ներքո գործում էին «Հայբուսակը» և նրա հետ միավորված բուհերը, այժմ բոլորը գործում են «Հայբուսակի» կազմում:
1995 թ.-ից համալսարանում հիմնական ուսումնական գործընթացն իրականացվում է Երևանի Աբելյան 6 հասցեի սեփական մասնաշենքում, որն ապահովված է ժամանակակից կրթությանն անհրաժեշտ բոլոր պայմաններով: Մասնաշենքում գործում է բազային պոլիկլինիկա, ժամանակակից կահավորված մարզադահլիճ, գրադարան, առկա են բոլոր անհրաժեշտ հարմարությունները:
Համալսարանը մասնակցել է տասնյակ միջազգային կրթական ցուցահանդեսների (Մոսկվա, Հալեպ, Դամասկոս, Բեյրութ, Թբիլիսի, Կիև, Երևան) և արժանացել կրթության որակի տարբեր մրցանակների:
Ուսումնական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման նպատակով 2006-ին համալսարանը ձեռք է բերել Երևանում երկրորդ մասնաշենքը (հասցեն՝ Գրիբոյեդովի 15):
Համալսարանի ուսանողությունն ակտիվ մասնակցել և մասնակցում է հանրապետության մշակութային, սպորտային և հասարակական կյանքին` արձանագրելով լուրջ ձեռքբերումներ այդ ոլորտներում: Հայբուսակի ուսանողներից երկուսն արժանացել են ՀՀ նախագահի մրցանակին:
1997-ից համալսարանի կազմում գործում է քոլեջը, որն ապահովում է միջին մասնագիտական կրթություն, իսկ 2005-ից՝ ավագ դպրոցը:
Ներկայումս «Հայբուսակ» համալսարանը պետության կողմից հավատարմագրված ամենամեծ մասնավոր բարձրագույն և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունն է, որը որակյալ կադրեր է պատրաստում՝ բարձրագույն կրթության 18 և միջին մասնագիտական կրթության` 8 մասնագիտությունների գծով:
Համալսարանում գործում է նաև լրացուցիչ կրթական ծրագրերի կենտրոն, որն ապահովում է համալսարանի և այլ բուհերի ուսանողների համար լրացուցիչ ուսուցում, ինչպես նաև տարբեր մասնագետների ավելի քան 30 մասնագիտացումներով վերապատրաստում:
2001-ից համալսարանի բոլոր կրթական ծրագրերը հավատարմագրված են պետության կողմից, շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ:
Հարկ է նշել, որ «Հայբուսակ» համալսարանի բժշկական ֆակուլտետը միակն է Հայաստանի Հանրապետությունում, որի բոլոր մասնագիտությունները լիցենզավորված և հավատարմագրված են պետության կողմից: Ուսումնական գործընթացում ներգրավված են նաև առաջատար մասնագետներ մի շարք արտասահմանյան երկրներից` Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Չեխիայից, Իսպանիայից, Լիբանանից:
Նյութը` Սուսաննա Թամազյանի
Վերադառնալ