11:55
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԵՍ ԱՅՆՊԻՍԻՆ ԵՄ, ԻՆՉՊԻՍԻՆ ԵՂԵԼ ԵՄ ՄԻՇՏ ԵՎ ԱՆԿԱԽ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ ԿՄՆԱՄ ԱՅՆՊԻՍԻՆ, ԻՆՉՊԻՍԻՆ ՈՐ ԿԱՄ

2013-01-10 12:16

 

2011 թվականը մեր երկրի համար  իրադարձություններով հարուստ տարի էր: Թեև եղան մարդիկ, ովքեր մեծ դեր խաղացին մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում, սակայն «Դե Ֆակտո» ամսագիրն այս տարի  առանձնացրեց հայկական ֆուտբոլի ամենավառ, տաղանդավոր և բարձր մարդկային որակներով օժտված երիտասարդ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին: Ամսագիրը 2011-ին ՙՏարվա մարդ՚ ճանաչեց Հենրիխ Մխիթարյանին` ավելացնելով այս կոչումը տարվա ընթացքում ձեռք բերած մնացած  տիտղոսներին: Սա աննախադեպ էր նաև ՙԴե Ֆակտոյի՚ տարեգրության մեջ, քանի որ Մխիթարյանն ամենաերիտասարդն է այն բոլոր անունների կողքին, ովքեր հինգ տարիների ընթացքում հայտնվել են ամսագրի շապիկին որպես ՙՏարվա մարդ՚:

«Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ այս չափազանց բարձր և պարտավորեցնող կոչմանը: Ես շնորհակալ եմ «Դե Ֆակտո» ամսագրի խմբագրակազմից և մաղթում եմ ձեզ շարունակական հաջողություններ»

Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի ՙՇախտյորի՚ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվեց 2011թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ և արժանացավ ՙՈսկե խաղակոշիկ՚ մրցանակի: Իրեն հատուկ համեստությամբ և մեծահոգությամբ Հենրիխը նշեց, որ այս տարվա մրցանակին արժանի էին հավաքականի բոլոր ֆուտբոլիստները, հատկապես Յուրա Մովսիսյանը:

Նա պարգևատրվեց ԼՂՀ վարչապետի մեդալով գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի կողմից Ստեփանակերտում կատարած բարեգործությունների համար:

2011 թվականի ընթացքում Դոնեցկի ՙՇախտյոր՚-ի պաշտոնական կայքը յուրաքանչյուր ամսվա լավագույն ֆուտբոլիստի որոշման նպատակով անցկացված քվեարկության արդյունքում Հենրիխ Մխիթարյանը ճանաչվեց դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Ֆուտբոլը Հենրիխ Մխիթարյանի գեներում է, նա իր տաղանդը ժառանգել է հորից` ոչ պակաս տաղանդավոր ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանից.

«Մանկությանս ամենավառ հուշերից մնացել է այն պատկերը, երբ դռան մոտ կանգնած` սպասում էի հորս, որպեսզի նրա հետ գնամ մարզումների: Հայրս փորձում էր համոզել ինձ` թողնել տանը, քանի որ հսկայական մարզադաշտում նստեցնել փոքրիկին և պարապել` դժվար էր: Սակայն լինում էին օրեր, երբ նա ինձ տանում էր իր հետ: Դրանք այն հիշողություններ են, որ երբեք չեն մարում իմ սրտում»:

 

Հենրիխ Մխիթարյանը մեծ սիրո ու հարգանքի է արժանի ոչ միայն իր ֆուտբոլային հաղթանակներով և առաջընթացով, այլև այն մեծահոգությամբ ու հոգատարությամբ, որ ցուցաբերում է Հայաստանի մանկատներում գտնվող մանուկների նկատմամբ.

Երբ տեղափոխվեցի Դոնեցկի ՙՄետալուրգ՚ և սկսեցի ավելի մեծ գումարներ վաստակել, քան Հայաստանում էր, փորձեցի որևէ բանով օգտակար լինել իմ ազգին:  Մտադրությանս մասին պատմեցի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, վերջինս մեծ ոգևորությամբ համաձայնեց օգնել ինձ` իրականացնելու մտադրությունս: Երբ առաջին անգամ եղա Ստեփանակերտում և հասկացա, թե ինչ մեծ ուրախություն եմ պարգևում մարդկանց իմ արարքով, հաստատ որոշեցի, որ գործս շարունակական պիտի լինի:  Այս տարի երկրորդ անգամ եղանք Լեռնային Ղարաբաղում, վերջերս նաև Գավառի և Մարտունու մանկատներում: Ուրախ եմ, որ կարողացա իմ քայլով գոնե ինչ-որ կերպ լցնել այդ մանուկների օրը, ուրախացնել նրանց՚:

-              Թեև քո ֆուտբոլային կարիերայի մասին բազմիցս է խոսվել, այնուամենայնիվ, սկսենք ամենասկզբից: Ինչպե՞ս քո մեջ արթնացավ սերը ֆուտբոլի հանդեպ:

-              Հայրս` Համլետ Մխիթարյանը ֆուտբոլիստ էր, շատ վաղ տարիքից, այսպես ասած, ՙշրջապատված եմ եղել՚ ֆուտբոլով: Մանկությանս վառ հիշողություններից մեկն այն է, թե ինչպես ես դռան մոտ սպասում եմ հորս պարապմունքի գնալուն և պնդում, որ ինձ էլ տանի իր հետ: Ֆուտբոլով լրջորեն սկսեցի զբաղվել հորս մահվանից հետո: Տարիների հետ հասկացա, որ ֆուտբոլն իմ մեջ է, չեմ սխալվել ընտրությանս հարցում և առավել նպատակասլաց դարձա:

-              Այժմ էլ ընտանիքդ ֆուտբոլային է… Մի փոքր խոսենք նրանց մասին:

-              Մայրս` Մարինա Թաշչյանը, երկար տարիներ է, ինչ աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում` զբաղվում է օտարերկրյա հավաքականների անդամների հրավերների, ընդունելության և դրանց հետ կապված այլ կազմակերպչական հարցերով, քույրս` Մոնիկան, մոտ երկու տարի է` աշխատում է UEFA-ում, որպես Մ. Պլատինիի օգնական: Ինչպես տեսնում եք, աշխատանքի բերումով և’ ես, և’ քույրս տանից հեռու ենք լինում երկար ժամանակով, շատ ենք կարոտում միմյանց և մորս: Երբ գալիս եմ Հայաստան, փորձում եմ նրանց հետ անցկացնելու հնարավոր րոպեները բաց չթողնել:

-              Վերջերս արժանացար 2011 թվականի ՀՀ տարվա լավագույն ֆուտբոլիստ, Դոնեցկի ՙՇախտյոր՚ի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, պարգևատրվեցիր ԼՂՀ վարչապետի մեդալով: Ի՞նչ տվեցին քեզ այս ամենը:

-              Այս ամենը չափազանց ուրախալի էր ինձ համար, մեծ հպարտութուն և, իհարկե, պարտավորեցում` արժանի մնալ այս բոլոր կոչումներին և ծառայել հայկական ֆուտբոլին ու իմ ազգին:

-              Դու դարձար Ուկրաինայի առաջնության պատմության մեջ 12000-րդ գոլի հեղինակը: Երբ իմացար այս մասին, ի՞նչ զգացողություն ունեցար:

-              Իմացա հրապարակումներից երկու օր անց: Ոչ մի առանձնահատուկ զգացում չունեցա, ուղղակի հաճելի է, որ անունս կհիշվի որպես 12000-րդ գոլի հեղինակ: Այ եթե դա լիներ իմ ազգային հավաքականի հոբելյանական գոլը, հպարտությունն, անկասկած, անհամեմատ մեծ կլիներ: 

-              Հրավեր Ուկրաինական առաջատար ակումբից, գոլեր, հաղթանակներ, ճանաչում… սրանք քո կյանքի գեղեցիկ կողմն են, իսկ հետևում…

-              Հետևում, իհարկե, քրտնաջան պարապմունքներ, հայրենիքից, տանից ու հարազատներից հեռու կյանք, բազմաթիվ դժվարություններ: Սակայն այս դժվարություններն էլ են մարդու համար, դրանք իմ մեջ կոփել են կամք, աշխատասիրություն և նպատակասլացություն, որոնց պտուղները ես քաղում եմ այսօր:

-              Իսկ այս բոլոր հաջողությունները Հենրիխ Մխիթարյանի մեջ որևէ բան փոխե՞լ են:

-              Կարծում եմ, այս հարցին ես չէ, որ պետք է պատասխանեմ, բայց կասեմ, որ ես այնպիսին եմ, ինչպիսին եղել եմ և միշտ կմնամ այնպիսին, ինչպիսին որ կամ:

-              Իր հարցազրույցներից մեկում Մակեդոնիայի հավաքականի ֆուտբոլիստ Միտրեսկին նշել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի հաջողության հիմքերից մեկը նրանց` միմյանց լավ ճանաչելու, եղբայրության ոգու մեջ է: Իսկ քո կարծիքով…

-              Ըստ իս` իրոք այդպես է, և ուրախ եմ, որ նույնիսկ մրցակիցներն են դա նկատել ու զգուշանում են դրանից (ժպտում է): Իրոք, հավաքականի տղաներից շատերի հետ ես ծանոթ եմ և խաղում եմ վաղ տարիքից, մենք լավ ենք ճանաչում միմյանց, գիտենք և իրար ուժեղ և թույլ կողմերը, հարաբերությունները շատ ջերմ են, ոգին թիմային ու հաղթական: Ես կարծում եմ, որ այսօր մենք ունենք բոլոր նախադրյալները` լավագույն արդյունքների ու հաջողությունների հասնելու համար` հիանալի հավաքական, շատ լավ մարզիչ և մեծ աջակցություն ՀՖՖ-ի կողմից: Մեկ այլ շատ կարևոր գործոն եմ համարում հենց ՀՖՖ-ի, և անձնապես պարոն Հայրապետյանի հոգածությունը հայկական ֆուտբոլի նկատմամբ: Այն, որ այսօր ՀՀ գրեթե բոլոր մարզերում կան միջազգային նորմերին համապատասխանող մարզադաշտեր, կառուցվում են մարզադպրոցներ, վստահորեն կարող ենք ասել, որ հայկական ֆուտբոլի վաղվա օրը երաշխավորված է, ապագան մերն է լինելու:

-              Նախորդ մրցաշրջանի մասին կարծես ամեն ինչ ասված է: Ամեն դեպքում ինչպիսի՞ն է քո կարծիքը այս մրցաշրջանի վերաբերյալ:

-              Մեր հավաքականն այս տարի իր փայլուն խաղով բարձացրեց հայկական ֆուտբոլի վարկանիշը, մեր թիմը` մարզչից մինչև վերջին պահեստային ֆուտբոլիստ, ապացուցեցին որ մենք ունենք թիմ, որից արդեն զգուշանում են, որի հետ մտածված են խաղում, մենք ունենք հավաքական, որն իր թիմային կազմակերպված, համախմբված և մարտական փայլուն խաղով արդարացնում է երկրպագուների սպասելիքները: Մեկ կարևոր փաստ ևս. պատմության մեջ առաջին անգամ մեր ընտրանին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում բարձրացավ 44-րդ հորիզոնական:

-              Իսկ ո՞րն էր քեզ համար այս մրցաշրջանի ամենահիշարժան խաղը:

-              Այս մրցաշրջանի բոլոր խաղերն էլ յուրահատուկ էին և հիշարժան, սակայն ամենատպավորիչ պահերն ապրեցի այն ժամանակ, երբ Հայաստան-Մակեդոնիա հանդիպումը հաղթանակով ավարտելուց  հետո դուրս եկանք մարզադաշտից և ականատես եղանք այն ոգևորությանն ու ուրախությանը, որ պատել էր ողջ ժողովրդին. նույնիսկ ՀՀ վարչապետը երկրպագուների հետ միասին հանրապետության հրապարակում Հայաստան էր վանկարկում, շատ հուզիչ էր:

-              Խոսենք քո խաղերի մասին: Հանդիպումներից հետո դիտու՞մ ես խաղերը:

-              Խաղերից հետո հիմնականում թիմով ենք քննարկում խաղը, հաջողված և չստացված պահերը: Երբեմն դիտում եմ իմ խփած գոլերի կամ գոլային փոխանցումների կրկնապատկերները ինտերնետում:

-              Իսկ այլ ֆուտբոլային թիմերի խաղեր դիտու՞մ ես:

-              Երբեմն դիտում եմ, հետևում եմ տարբեր թիմերի խաղերին, երբեմն այն թիմերի խաղերին, որոնց հետ պատրաստվում ենք խաղալ` փորձելով ծանոթանալ նրանց խաղաոճին:

-              Ու՞մ ես համարում ներկայիս լավագույն ֆուտբոլիստ:

-              Մեսսիին:

-              Իսկ սիրված ֆուտբոլիստ, որին երբևէ ձգտել ես նմանվել:

-              Զինեդին Զիդան, որն այսօր արդեն, ցավոք, մեծ ֆուտբոլում չէ:

-              Խաղերի ընթացքում լինում են նաև ցավոտ հարվածներ, կարելի է ասել դիմակայություններ:  Իսկ ինչպե՞ս է մայրդ վերաբերում հարվածների, ընկնելու պահերին:

-              Անշուշտ, շատ է անհանգստանում, խաղից անմիջապես հետո կամ ես, կամ նա զանգում ճշտում է, թե ինչպես եմ, հո շատ չեմ վնասվել: Բայց բոլորից ծանր իմ հարվածները տանում է տատիկս. նա չի կարողանում դիտել իմ խաղերը, նայում է առաջին և վերջին 5 րոպեները:

-              Կարծում եմ, հարցը, որ պետք է տամ, առաջին հերթին հուզում է բոլոր այն աղջիկներին, ովքեր ֆուտբոլ են դիտում միայն Հենրիխ Մխիթարյանին տեսնելու համար. արդեն գտե՞լ ես քո ընտրյալին…

-              Դեռ ոչ, որովհետև,  չեմ հանդիպել այն միակին, որն, իրոք, կգրավի սիրտս:

-              Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի այդ միակը:

-              Առաջին հերթին կարևորում եմ ինտելլեկտը, հետո` արտաքին տեսքը: Գեղեցկության որոշակի չափանիշներ ինձ համար չկան:

-              Եվ վերջում, Ամանորին ընդառաջ, ի՞նչ կմաղթես մեր հայրենակիցներին:

-              Ես շնորհավորում եմ բոլորիս Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթում եմ ուրախ, հաջողություններով ու հաղթանակներով լի տարի:

 Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...