10:18
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Բարձրակարգ կրթական համակարգը եւ հզոր բանակը՝ երկրի զարգացման կարեւորագույն գրավականներ

2016-04-17 22:08
 
«Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 «Դե Ֆակտո» N118 (2016թ.)

-Պարո՛ն Սարգսյան, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հայկական բարեգործական հիմնադրամը պաշտոնապես գործում է 2008թ.`-ից լայնածավալ բարեգործական գործունեություն ծավալելով կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության և առողջապահության ոլորտներում: Ամփոփելով ստեղծման օրվանից մինչև այսօր իրականացված աշխատանքները` ի՞նչ կարևոր ձեռքբերումներ կառանձնացնեք, գո՞հ եք կատարված աշխատանքից:


-Պետք է նշեմ, որ ես այն երջանիկ մարդկանցից եմ, ով մշտապես զբաղվել է այն գործով, որն իրեն հոգեհարազատ է, և բարեգործական հիմնադրամի աշխատանքներում իմ ներգրավվածությունը պատահական չէ, ու եթե ես դժգոհ լինեմ մեր կատարած աշխատանքից, չեմ շարունակի այն: Իհարկե, բարեգործական ծրագրերի իրականացումը բավականին բարդ գործընթաց է, քանի որ խնդիրները շատ են, դրանց լուծմանն ուղղված ծրագրերը` նույնպես, սակայն դժվար է միջոցներ գտնել դրանք իրականություն դարձնելու համար: Այդ պատճառով յուրաքանչյուր ծրագրի իրականացումը ես փոքրիկ հաղթանակ կամ նվաճում եմ համարում:
Ընդհանուր առմամբ, ես գոհ եմ մեր կատարած աշխատանքից. մեզ հաջողվել է ծրագրեր իրականացնել ոչ միայն Հայաստանի տարածքում, այլ նաև ընդլայնել մեր աշխատանքի աշխարհագրությունը` դրանում ներգրավելով Արցախը, Ջավախքը: Մենք աջակցել ենք հիմնականում նշված տարածքների դպրոցներին` տրամադրելով լաբորատոր սարքավորումներ, համակարգիչներ, հայերեն լեզվով գլոբուսներ: Եթե չեմ սխալվում, մեր հիմնադրամի ջանքերի շնորհիվ` պատմության մեջ առաջին անգամ հայերեն գլոբուսներ են պատրաստվել և բաժանվել:
Մենք նաև հազարից ավելի մանկական խաղահրապարակներով ենք գեղեցկացրել Հայաստանի, Արցախի և Ջավախքի բակերը: Այս ծրագիրը սկզբում միայնակ էինք իրականացնում, իսկ այժմ` Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ:
Կարևոր ձեռքբերում եմ համարում Արցախում` Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում գտնվող Գանձասար վանական համալիրում, մեր հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցված Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանը, որի բացումը տեղի ունեցավ 2015թ. նոյեմբեր ամսին:


Մեծ ձեռքբերումներից եմ համարում մեր միջոցներով վերանորոգված, վերակառուցված Կոմիտասի տուն-թանգարանը, մեր ֆինանսական լուրջ ներդրման արդյունքում Հայոց ցեղասպանության թանգարանի նոր շենքի կառուցումը: Առանձնահատուկ կարևորում եմ «Փյունիկ» հիմնադրամի միջոցներով Գյումրիում իրականացվող «Վերածնունդ» փառատոնը:
Մենք նաև աջակցում ենք «Ոսկե ծիրան» փառատոնին, հատկապես` սարքավորումների տրամադրման առումով:
Մենք պարբերաբար աջակցություն ենք ցուցաբերում նաև Մայր Աթոռին շինարարական աշխատանքների իրականացման, «Շողակաթ» հեռուստաալիքի աշխատանքների հետ կապված:
Մենք օժանդակում ենք նաև dasaran.am կայքի աշխատանքներին, Այրարատյան Հայրապետական թեմի կազմակերպած գրաբարի դասերին, շնորհում մրցանակներ:
Աջակցություն ենք ցուցաբերել նաև Երևանի ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղին, որը վերջերս Արցախի կառավարության որոշմամբ` վերածվեց տեխնոլոգիական համալսարանի:
2015թ. Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ մենք իրականացրել ենք 100 և ավելի մշակութային միջոցառումներ:

 

 

Ես այն երջանիկ մարդկանցից եմ, ով մշտապես զբաղվել է այն գործով, որն իրեն հոգեհարազատ է, եւ բարեգործական հիմնադրամի աշխատանքներում իմ ներգրավվածությունը պատահական չէ:


-Ո՞րն եք համարում հիմնադրամի գլխավոր առաքելությունը և արդյո՞ք ունեք կարգախոս:


-Մեր հիմնադրամի անունն արդեն հուշում է մեր առաքելության և կարգախոսի մասին` մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամ: Մեր առաքելությունն է խթանել կրթության և մշակույթի զարգացումը, քանի որ կարծում եմ` դրանք են պետության կարևորագույն ռեսուրսները: Մեր ծրագրերն ուղղված են մատաղ սերնդի, մշակույթի զարգացման գործընթացի արդյունավետության բարձրացմանը: Կարծում եմ` մենք ճիշտ ուղի ենք ընտրել, քանի որ դրանք են մեր երկրի գոյատևման հիմնական գրավականները:
-Որո՞նք են երկրի զարգացման հիմքում ընկած կարևորագույն արժեքները:
-Կարծում եմ` երկրի զարգացման, ազգապահպանման կարևորագույն արժեքներ են կրթությունը, բանակը, հավատքը, որոնք պետք է անսասան լինեն:
-«Փյունիկ» բարեգործական հիմնադրամն ունի՞ աջակիցներ:
-Մեր հիմնական բարերարը հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջեմբեջյանն է: Ծրագրեր իրականացնելիս մենք դիմում եմ տարբեր անձանց, կազմակերպությունների, ինչի արդյունքում որոշակի ծրագրերի շրջանակներում մեզ միանում են նաև այլ բարերարներ: Եվ որքան նրանց թիվը ավելի մեծ լինի, այնքան մենք ավելի շատ ծրագրեր կիրականացնենք` մեր աջակցությունը դարձնելով առավել արդյունավետ և նպատակաուղղված:
-Ո՞րն է Ձեր կատարած աշխատանքի ամենաբարձր գնահատականը:
-Ամենաբարձր գնահատականն այն է, երբ դպրոցներից ոչ թե շնորհակալական, այլ գնահատանքի խոսքեր ենք լսում, որ մեր կողմից տրամադրված լաբորատոր սարքերը օգտակար են եղել աշակերտների ուսումնական գործընթացին` նպաստելով կրթության որակի բարձրացմանը: Անչափ ուրախանում եմ նաև` տեղեկանալով, որ մեր կողմից կառուցված խաղահրապարակները լցրել են երեխաների առօրյան, նրանք միմյանց հետ կռվելու, անախորժություններ ստեղծելու փոխարեն` տարված են խաղով:

Մեր առաքելությունն է խթանել կրթության եւ մշակույթի զարգացումը, քանի որ դրանք են պետության կարեւորագույն ռեսուրսները:

-Սոցիալական ապահովության և առողջապահության ոլորտներում անելիքները շատ են, որոնց ուղղված ցանկացած աջակցություն պահանջված է և կարևոր: Կխնդրեմ նշեք՝ ի՞նչ ծրագրեր է իրականացրել հիմնադրամն այդ ուղղությամբ:


-Այս ոլորտում, իհարկե, անելիքները շատ են, և ես ուրախ եմ, որ մենք մեր փոքրիկ ներդրումն ունենք դրանում: Մասնավորապես` մենք Գերմանիայից շտապ օգնության մեքենաներ ենք բերել և անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներ իրականացնելուց հետո տրամադրել Հայաստանի մարզերի, Արցախի պետական հիվանդանոցներին: Ինչպես նաև 2015թ. բուժսարքավորումներ և բուժական միջոցներ ենք բերել ԱՄՆ-ից և կրկին տրամադրել մարզային հիվանդանոցներին:
Մեզ նաև դիմում են տարբեր խնդիրներ ունեցող մարդիկ, որոնց փորձում ենք աջակցել:

-Արդյո՞ք նախանշված են 2016թ. իրականացվելիք ծրագրերը, եթե այո, ապա որո՞նք են դրանք:
-Մենք 2016թ. շարունակելու ենք իրականացնել մեր ծրագրերը: Մարտի 20-ին պատրաստվում ենք համերգի. մեր հրավերով Մոսկվայից Հայաստան է ժամանելու Յուրա Նավոյանի ղեկավարած Հայկական համագործակցություն կազմակերպությունը:

-Պարո՛ն Սարգսյան, երկրի նախագահը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունը հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև բարեգործական ակտիվ գործունեության համար և «Փյունիկ» հիմնադրամի գործադիր մարմնի ու հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչներին, մի շարք անհատ բարերարների պարգևատրել պետական բարձր պարգևներով: Դուք պարգևատրվել եք «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Ի՞նչ կարևորություն ունի այդ գնահատականը Ձեզ համար` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա Ձեր եղբայրն է:


-Ես ուրախ եմ, որ մեր հիմնադրամի գործունեությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արժանացել է բարձր գնահատականի, ինչպես նաև հպարտ եմ նախագահի շնորհած «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի իմ մեդալով և կարծում եմ, որ նրա գնահատականը օբյեկտիվ հիմքեր ունի, ու իմ` նրա եղբայրը լինելու հանգամանքը չի նպաստել իր կարծիքի ձևավորման վրա:

 

Ուրախ եմ եւ հպարտ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արժանացել ենք բարձր գնահատականի եւ կարծում եմ, որ նրա գնահատականը օբյեկտիվ հիմքեր ունի:

-Պարո՛ն Սարգսյան, ինչպե՞ս որոշեցիք ստեղծել «Փյունիկ» հիմնադրամը:


-Երբ ես 1994թ. փետրվարին մեկնեցի Հալեպ` որպես Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս, Դամասկոսում ծանոթացա Գաբրիել Ջամբերջյանի հետ: Մեր ծանոթության օրվանից համատեղ ծրագրերի իրականացման գաղափարը սկսեց իրականություն դառնալ: Դրանք սկզբում փոքրիկ նախաձեռնություններ էին, որոնք վերաճեցին հիմնադրամի: Այդ ժամանակ Գաբրիել Ջեմբերջյանը զբաղվում էր ուսուցողական նյութերի արտադրությամբ, որոնք սկսեցինք ուղարկել Հայաստան: Ժամանակի ընթացքում աշխատանքի ծավալը մեծացավ: Որպեսզի ավելի լայնածավալ գործունեություն իրականացնեինք և ներգրավեինք նաև այլ բարերարների, պետք էր պաշտոնական գրանցում ունենայինք, այդ պատճառով 2008թ. պաշտոնապես ստեղծեցինք մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը:

-Պարո՛ն Սարգսյան, Դուք զբաղվում եք շատ հաճելի գործով, բարեգործական ծրագիր իրականացնելը, որևէ կառույցի կամ անձի օգտակար լինել՝ անչափ հաճելի աշխատանք է, սակայն մյուս կողմից` Դուք առավել խորությամբ եք տեսնում և առնչվում ցավալի խնդիրների: Եղե՞լ են դեպքեր, երբ խոր ցավ եք ապրել, տպավորվել: Կպատմե՞ք այդ մասին:
-Իհարկե, եղել են նման դեպքեր, որոնք չէի ցանկանա մանրամասնել: Ես խոր ցավ եմ ապրում, որ երբեմն մարդիկ, չունենալով լուրջ խնդիր, դիմում են մեզ օգնության համար, սակայն հետագայում պարզում ենք, որ իրենք դրա կարիքը չունեին: Ինձ համար ամենատխուրն այս ամենի մեջ այն է, որ նման մարդու փոխարեն` մենք կարող էինք աջակցել իրական կարիքավորի, ում այն անչափ անհրաժեշտ է: Տխրում եմ նաև, որ մեր ժողովրդի մեջ կան մարդիկ, ովքեր շեղվել են հայի նկարագրից:

 

Աշխարհը գեղեցիկ է բարի մարդկանցով:

-Երբ մարդը հնարավորություն, ռեսուրս չունի որևէ նշանակալի գործ կատարելու, նրանից ոչ ոք ոչինչ չի պահանջում, պահանջները, նաև քննադատություններն ուղղվում են այն մարդուն, ով կարող է, ով անում է, ու թվում է, թե նա նախանձելի վիճակում է, սակայն իրականում առավել դժվար վիճակում է, քանի որ ամենակարող լինել չի կարող, և ցանկություններն ու հնարավորությունները կարող են չհամատեղվել: Ունենո՞ւմ եք հիասթափության, նաև անզորության զգացում:

-Իհարկե, լինում են նման դեպքեր, դրանք մարդուն բնորոշ զգացումներ են, որոնք բոլորս էլ ապրում ենք: Սակայն դրանք պահեր են, որոնք արագ անցնում են, քանի որ կյանքը չափազանց կարճ է հիասթափություններին տրվելու համար: Կյանքը նաև լի է անակնկալներով, երբեմն մեզ դիմում են մարդիկ, ովքեր ուզում են իրենց փոքրիկ աջակցությունը ցուցաբերել մեր միջոցով: Նման պահերին հնարավոր չէ չոգևորվել: Վերջերս մեզ դիմեցին բեյրութահայ եղբայրներ, որ իրենց տրամադրած գումարը փոխանցենք քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցող որևէ հիմնադրամի: Կարծում եմ` աշխարհը գեղեցիկ է նման մարդկանցով:

-Դուք նաև ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի վարիչն եք, ի՞նչ կարևորություն ունի բուհական աշխատանքը Ձեզ համար, ինչպիսի՞ սերունդ է մեծանում:


-Ինձ համար շատ մեծ կարևորություն ունի իմ աշխատանքը ԵՊՀ-ում, ինձ հոգեհարազատ է կրթության և գիտության ոլորտը, որում արդեն երկար տարիներ է ներգրավված եմ:
Ես գիտությամբ վաղուց եմ զբաղվում: 1986թ. ընդունվել և 1989 թ. ավարտել եմ ասպիրանտուրան: Պաշտպանությունս ավելի ուշ եղավ, քանի որ Խորհրդային Միության քայքայումը, հետո պետական աշխատանքը մի քիչ ուշացրեցին այն, բայց, քանի որ դա ինձ համար շատ կարևոր էր, ես Սիրիայից վերադարձա և կարճ ժամանակահատվածում հավաքագրեցի բոլոր նյութերս, որ նախապես պատրաստ ունեի, խմբագրեցի, քննարկեցի գիտական ղեկավարիս հետ և պաշտպանեցի թեկնածուական թեզս: Դրանից հետո իմ ավագ ընկերներից մեկն ինձ հրավիրեց համալսարան` դասախոսելու, ես համաձայնվեցի, որոշ ժամանակ անց որոշվեց ամբիոն բացել, և ես ստանձնեցի ամբիոնի վարիչի պաշտոնը, դրան հաջորդեց իմ դոկտորականի պաշտպանությունը:
Ես սիրում եմ համալսարանական իմ աշխատանքը, շատ եմ կարևորում երիտասարդների հետ շփումը, ցավոք, չեմ կարողանում նրանց այնքան ժամանակ հատկացնել, որքան կցանկանայի, բայց ամեն ինչ անում եմ դրա համար:

 

Քրիստոնեության պահպանման համար մղած մեր ժողովրդի դարերի պայքարը իզուր չի եղել, այսօր էլ մենք շարունակում ենք պահպանել եւ կրել քրիստոնեական արժեքները:

-Դեռևս դպրոցական տարիներից երեխաները սկսում են սովորել հայ եկեղեցու պատմություն առարկան: Հետաքրքիր է` արդյո՞ք քրիստոնեական արժեքները մեծ տեղ ունեն երիտասարդության կյանքում:
-Կարծում եմ` այո, այդ հարցն այսօր շատ է քննարկվում և ես մի պատասխան ունեմ` կիրակի կամ տոն օրերին շրջելով եկեղեցիներում` կարելի է տեսնել այնտեղ հավաքված հավատացյալ ժողովրդի մեծ բազմություն, որի մեծամասնությունը երիտասարդներ են: Այսինքն` քրիստոնեության պահպանման համար մղած մեր ժողովրդի դարերի պայքարը իզուր չի եղել, այսօր էլ մենք շարունակում ենք պահպանել և կրել քրիստոնեական արժեքները:

-Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատություններին:


-Ես կարծում եմ, որ քննադատությունը պետք է օգնի մարդուն առավել ճիշտ ապրելու, գործելու, այսինքն` քննադատությունը բարի նպատակներ պետք է ունենա, ինչը մեզանում դժվար է հանդիպել: Ես զարմանում եմ, թե ինչու է մեր մամուլում այդքան շատ չարությունը, չարախոսությունը, ինչու են ցանկանում անպայման խոցել մարդուն, հերյուրանքներ տարածել նրա մասին: Բացի չարություն պարունակելուց` դա նաև ոչ արհեստավարժ աշխատաոճ է: Ես կցանկանայի, որ մեզանում բարությունն ավելի մեծ տարածում ունենար, և յուրաքանչյուր գործի հիմքում բարի նպատակներ լինեին, այդ դեպքում մեր կյանքը շատ ավելի գունեղ և հետաքրքիր կլիներ` անկախ սոցիալական և այլ խնդիրներից:

 

  

Ծնողներս մեզ` երեք եղբայրներիս, փոխանցել են մարդկային ամենավեհ արժեքները, որոնք մեր կյանքում մեծ դերակատարում են ունեցել եւ ունեն: Այդ արժեքները մենք փոխանցել ենք մեր երեխաներին, որոնք այսօր դրանց կրողն են:

-Որո՞նք են այն կարևորագույն արժեքները, որոնք կայուն են և անփոփոխ Ձեզ համար:


-Ինձ համար կարևորագույն արժեքներ են` բարությունը, անկեղծությունը, ազնվությունը, հավատարմությունը, աշխատասիրությունը:

-Պարո՛ն Սարգսյան, ի՞նչ պատգամ եք ստացել Ձեր ծնողներից, որը փոխանցել եք Ձեր զավակներին:

-Նախ նշեմ, որ մեծացել եմ հայկական. ավանդական ընտանիքում, որտեղ տիրել է սերը և խաղաղությունը: Ծնողներս մեզ` երեք եղբայրներիս, փոխանցել են մարդկային ամենավեհ արժեքները, որոնք մեր կյանքում մեծ դերակատարում են ունեցել և ունեն: Առաջին հերթին նրանք մեզ դաստիարակել են իրենց օրինակով` բարի, ազնիվ, առաքինի հայի կերպարով: Հայրս մեզ մշտապես ասում էր` եղեք բարի, ազնիվ, պատրաստակամ` օգնելու մարդկանց և լավ սովորեք: Նա կրթության մեծ ջատագով էր, մեզ ասում էր` ամեն ինչ կանեմ, միայն թե լավ սովորեք: Նա համոզված էր, որ եթե իր հայրը կրթված մարդ լիներ, ապա 1937թ. ձերբակալության ժամանակ կկարողանար իրեն պաշտպանել: Երևի պատահական չէ, որ իմ ներկայիս գործունեության կարևորագույն նպատակներից է կրթության զարգացմանը նպաստելը:
Նույն արժեքները ես փոխանցել եմ իմ երեխաներին: Ունեմ հիանալի ընտանիք, երկու զավակ` որդի և դուստր, որոնք իրենց մարդկային տեսակով և կրթվածության մակարդակով ինձ` որպես հոր, հիացմունք և հպարտություն են պատճառում, ես երջանիկ հայր եմ: Տղաս տնտեսագետ է, գիտությունների թեկնածու, դասավանդում է ԵՊՀ-ում, աղջիկս Երևանի բժշկական համալսարանի 6-րդ կուրսում է սովորում: Երկուսն էլ դպրոցը ոսկե մեդալով են ավարտել, բուհում նույնպես գերազանց առաջադիմությամբ փայլել: Կինս ակնաբույժ է, աշխատում է Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում:

Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...