01:38
04/23/2018
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Առողջապահական համակարգի արդիականացում

2016-04-17 21:56

Ժամանակակից աշխարհն այսօր նորագույն մոտեցումների և ծրագրերի ներդրման ճանապարհով է առաջ ընթանում հատկապես բժշկագիտության ոլորտում` բուժծառայությունները դարձնելով առավել արդյունավետ: Հայաստանը, թեև փոքր երկիր է և տնտեսական հզորություններով չի կարող հավասարվել զարգացած երկրներին, ձգտում է համընթաց քայլել արդի զարգացումներին` ինչպես բուժծառայությունների որակի բարձրացման, այնպես էլ որակյալ կադրերի պատրաստման գործում:
ՀՀ-ում բժշկագիտության ոլորտում նոր գաղափարներին օրենքի ուժ և կիրառության լայն հնարավորություն ստեղծելու առիթով զրուցեցինք ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻ հետ, ով սրտացավորեն հետևում է աշխարհի առաջընթացին և փորձում է Հայաստանին հաղորդակից դարձնել ժամանակակից աշխարհի նորություններին:

 «Դե Ֆակտո» N118 (2016թ.)

-Պարո՛ն Բաբլոյան, ինչպե՞ս կգնահատեք ԱԺ հինգերորդ նստաշրջանի իններորդ գումարման աշխատանքները:

-Ընդհանուր առմամբ, դրական եմ գնահատում, Աժ-ում բավականին ակտիվ և արդյունավետ աշխատանքներ են ընթանում նոր ժամանակահատված մուտք գործելու ճանապարհին, որը ենթադրում է նոր բարեփոխումների իրականացում` կապված սահմանադրության փոփոխության հետ: Կարծում եմ` առջևում հետաքրքիր աշխատանքային գործընթացներ են սպասվում:


-Եթե ամփոփեք 2015թ., ինչպիսի՞ տարի էր երկրի և Ձեզ համար:
-Որպես ԱԺ պատգամավոր և Աժ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` ինձ համար 2015թ. բավականին արդյունավետ տարի էր: Մեզ հաջողվեց ավարտին հասցնել և Աժ հավանությանն արժանացնել մի օրենք, որը լրացնում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքը` կանոնակարգելով բժշկական մասնագիտական զարգացման գործընթացը, որն արդիականացման կարիք ուներ, քանի որ ներդրվել էր տասնյակ տարիներ առաջ՝ խորհրդային ժամանակահատվածում:

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքը կկանոնակարգի բժշկական մասնագիտական զարգացման գործընթացը,

որը արդիականացման կարիք ուներ, քանի որ ներդրվել էր տասնյակ տարիներ առաջ՝ խորհրդային ժամանակահատվածում:
 

-Ի՞նչ կարևոր, հեղափոխական գաղափարներ են տեղ գտել նոր օրենքում:


-Խորհրդային ժամանակահատվածից մինչև օրերս բուժաշխատողներն իրենց որակավորումը պահպանելու համար հինգ տարին մեկ անգամ անցնում էին կատարելագործման փուլ Բժիշկների կատարելագործման ինստիտուտում կամ Երևանի պետական բժշկական համալսարանում՝ հինգ տարվա մեջ մոտավորապես յոթ շաբաթ տևողությամբ: Այս մոտեցումը գործել է 10-յակ տարիներ, որը, սակայն, այսօր կորցրել է իր արդյունավետությունն ու արդիականությունը: Աշխարհում այլ մոդելներ են գործում, որոնք առավել կենսունակ են: Այդ պատճառով մենք հանդես եկանք օրենսդրական նախաձեռնությամբ` փորձելով փոփոխություն մտցնել առկա օրենքի մեջ, ներդնել զարգացած երկրների հաջողված փորձը:


Այսօր արդեն հաստատված ճշմարտություն է, որ անհնարին է մեկ կամ երկու բժշկական կրթական հաստատության միջոցով մասնագետին հասու դարձնել բժշկագիտության բոլոր նորությունները, մանավանդ, որ աշխարհում ամեն 15 րոպեն մեկ նորություն է ի հայտ գալիս: Եվ քանի որ Հայաստանի նման փոքր երկրին իր սեփական փորձը կուտակելու համար շատ ավելի երկար ժամանակ է պետք, քան զարգացած երկրներին, մեզ համար շատ կարևոր է ժամանակին ստանալ ամբողջ տեղեկատվությունը, ինչպես նաև ծանոթանալ լավագույն կլինիկաների փորձին: Այդ նպատակով մենք օրենքով ներդրեցինք կատարելագործման համար նախատեսված ոչ թե ժամային, այլ կրեդիտային համակարգ, որը ենթադրում է բուժաշխատողի մասնակցությունը մասնագիտական զարգացման գործընթացին` կուտակելով անհրաժեշտ կրեդիտներ: Միևնույն ժամանակ` մենք օրենքում ներառեցինք բոլոր հնարավոր տարբերակները, որոնց միջոցով կարելի է ապահովել մասնագիտական զարգացումը: Դրանց մի խումբը տեսական դասընթացներին, դասախոսություններին, սիմպոզիումներին, համագումարներին, սեմինարներին մասնակցությունն է:


Մյուսը` մասնագիտական գործնական աշխատանքն է, օրինակ, մասնագետը կարող է մեկ կամ երկու շաբաթ աշխատել մեկ այլ առաջատար հիվանդանոցում, ինչը կապահովի փորձի փոխանակում, նոր գիտելիքների ձեռքբերում կամ տեղում անցկացնել վարպետության դասընթացներ՝ արտասահմանից հրավիրված մասնագետների մասնակցությամբ: Թեև այս պարագայում մասնագետը պետք է ընտրություն կատարի առաջատար կլինիկաների ցանկից, որպեսզի իր համար առավել նպատակային և արդյունավետ ընթանա մասնագիտական զարգացման գործընթացը:
Մյուսը ինքնազարգացման հնարավորությունն է, որը խթանում է գիտելիքների ամփոփումը, անհրաժեշտ եզրակացությունների կատարումը: Ինքնազարգացման փորձ կարող է համարվել դիսերտացիայի վրա աշխատանքը, գիտական հոդվածների հրատարակման գործընթացը, օնլայն դասընթացներին մասնակցությունը և այլն:
Այս բոլոր փուլերն անցնելով` մասնագետը կստանա համապատասխան կրեդիտներ, որոնք էլ կապահովեն նրա մասնագիտական առաջընթացի գրաֆիկական պատկերը: Հարկ է նշել, որ մենք չենք վերացնում բժշկական կրթական հաստատությունների միջոցով գոյություն ունեցող համակարգը, այլ ընդհակառակը՝ այն հարստացնում և լրացնում ենք նոր մոտեցումներով:

 

Հայաստանի բժշկական միջազգային համագումարը նպաստում է Հայաստանի առողջապահության զարգացմանը՝ զուգահեռ 
խթանելով նաեւ հայապահպանության եւ զբոսաշրջության գործընթացի զարգացումը:

 

-Ուրիշ ի՞նչ հնարավորություններ է տալիս նոր օրենքը:


-Հնարավորություն է ստեղծված մասնագիտական միավորումների կողմից կոնֆերանսների, սիմպոզիումների, համագումարների կազմակերպման, ինչպես նաև շարունակական զարգացման չափանիշների որոշման համար, ինչը կխթանի նրանց աշխատանքը` իրենց ակտիվ մասնակցությամբ:
Մենք հանդես ենք եկել առաջարկությամբ, որպեսզի կրեդիտների շուրջ 40 տոկոսի ապահովումը խոշոր բուժհաստատություններն իրենք կազմակերպեն՝ անցկացնելով մասնագիտական կոնֆերանսներ, սիմպոզիումներ, սեմինարներ, վարպետության դասընթացներ՝ հրավիրելով դասախոսներ և մասնագետներ առաջատար կլինիկաներից: Իսկ փոքր բուժհաստատություններն այդ հարցում կարող են միավորվել և միասնաբար կազմակերպել այդ գործընթացը: Այդ պարագայում բուժաշխատողները միևնույն վայրում կարող են և՛ աշխատել, և՛ անցնել համապատասխան դասընթացներ` չկտրվելով աշխատանքից և առավել արդյունավետ պլանավորել իրենց ժամանակը: Սա բավականին ճկուն մեխանիզմ է, որն առավել արդյունավետ է դարձնում մասնագետների շարունակական մասնագիտական զարգացումը:

-2015թ. հուլիսի 4-ին Ձեր նախաձեռնությամբ մեկնարկեց Հայաստանի բժշկական միջազգային համագումարը, որի շրջանակներում Հայաստան էին ժամանել բարձրակարգ մասնագետներ: Ինչպե՞ս կգնահատեք համաժողովի ընթացքը, արդյունքները:
-Նախ պետք է նշեմ, որ դա Հայաստանի բժշկական միջազգային չորրորդ համագումարն էր, որը անցկացվում է Սփյուռքում կազմակերպվող Աշխարհի հայ բժիշկների համագումարին զուգահեռ: Նախկինում այն կազմակերպվում էր միայն արտերկրում` սփյուռքի հայ բժիշկների համար, բայց Հայաստանի անկախությունից հետո մենք համաձայնության եկանք Միջազգային հայ բժիշկների կոմիտեի հետ, որ այն մեկ անգամ կազմակերպվի Հայաստանում, հաջորդ անգամ արտերկրում և այդպես շարունակաբար: Այսպիսով, հերթական համագումարը տեղի կունենա 2017թ.-ին Արգենտինայում:
Հայաստանյան վերջին համաժողովը արդյունավետ էր և հետաքրքիր, քանի որ շուրջ 3 հազար մասնակից ունեցավ, կարողացանք կազմակերպել 14 սատելիտային սիմպոզիումներ` հնարավորություն ընձեռելով տեղի մասնագետներին անվճար մասնակցելու դրանց:
Մենք ձգտում ենք հրավիրել ազգությամբ հայ փայլուն մասնագետների, որոնցից շատերը հայերեն չգիտեն, սակայն մեկ-երկու համագումարից հետո սկսում են հայերեն խոսել և մեծ ցանկություն են ունենում սովորելու իրենց մայրենի լեզուն և համագործակցել տեղի բժիշկների հետ: Փաստորեն` համագումարը նպաստում է Հայաստանի առողջապահության զարգացմանը, ինչպես նաև հայապահպանության և զբոսաշրջության գործընթացին:

-Մի փոքր խոսենք ներկայիս բուժկենտրոններում առկա մասնագիտական և տեխնիկական հնարավորությունների մասին:


-Թվում է, թե սարքավորումները ցայտուն կարևոր դեր ունեն բուժծառայության բարձր որակի ապահովման գործում, սակայն ես այդ տեսակետը չունեմ, քանի որ ավելի կարևոր է որակյալ մասնագետի առկայությունը: Աշխարհում միտում կա կլինիկական մտածելակերպի փոխարինումը ֆիզիկական մեթոդների կիրառմամբ, այսինքն` այս կամ այն հետազոտությունների կիրառման բազմազանության շնորհիվ` տեղեկատվության լրացումը, որպեսզի բժիշկը ճիշտ կողմնորոշվի: Բազմաթիվ անիմաստ հետազոտությունները և ավելորդ ծախսերը կանխելու նպատակով շատ ավելի արդյունավետ է ունենալ բանիմաց մասնագետներ, որոնք ունեն կլինիկական մտածելակերպ և կարողանում են ճիշտ կողմնորոշվել` ինչպիսի հետազոտություններ են հարկավոր իրականացնել այս կամ այն հիվանդությունն ախտորոշելու համար:

Բազմաթիվ անիմաստ հետազոտությունները եւ ավելորդ ծախսերը կանխելու նպատակով շատ ավելի արդյունավետ է ունենալ բանիմաց մասնագետներ,

որոնք ունեն կլինիկական մտածելակերպ եւ կարողանում են ճիշտ կողմնորոշվել` ինչպիսի հետազոտություններ են հարկավոր իրականացնել այս կամ այն հիվանդությունն ախտորոշելու համար:

-Պարո՛ն Բաբլոյան, շատ է խոսվում այն մասին, որ ՀՀ-ում առողջապահության համակարգը զարգանում է, ունենք լավ մասնագետներ, բայց, ցավոք, շատ մարդիկ մեկնում են արտասահման բուժվելու, ո՞րն է պատճառը:


-Այս խնդիրն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ պատճառն այն է, որ Հայաստանը, լինելով փոքր և տնտեսապես թույլ երկիր, չի կարողանում առայժմ ապահովել բոլոր այն բուժծառայությունները, որոնց կարիքը կա:
Ինչ վերաբերում է ծառայությունների որակին, ապա այստեղ համակարգային խնդիրներ կան, որը մենք փորձում ենք լուծել վերը նշված օրենքով նախատեսված կլինիկական ուղեցույցների, կանոնակարգերի և ընթացակարգերի միջոցով: Օրինակ, ուռուցքաբանական ծառայությունների մատուցման առումով. անհրաժեշտ է հաստատել հստակ ընթացակարգ, թե ինչպես պետք է հիվանդությունը ախտորոշվի և բուժվի: Անդրադառնալով միջազգային առաջատար փորձին` մենք համոզվում ենք, որ ուռուցքաբանության մեջ, այդ դժվար բնագավառում լավագույն արդյունքների կարելի է հասնել միայն թիմային աշխատանքի շնորհիվ: Բավարար չէ ունենալ լավ վիրաբույժներ և կատարել տեխնիկապես լավ վիրահատություն: Նախ և առաջ հարկավոր է հետևել օնկոլոգիական ուղեցույցներին՝ ճիշտ գնահատելով հետազոտական արդյունքները, միջամտության ծավալները, նախա և կամ հետվիրահատական քիմիոթերապիայի ցուցումները, ինչպես նաև ճառագայթային բուժման անհրաժեշտությունը: Դրան հասնելու համար ճառագայթային ախտորոշման մասնագետները, պաթոլոգները, ուռուցքաբանները, վիրաբույժները և այլ անհրաժեշտ մասնագետներ պետք է ամեն դեպք քննարկեն համատեղ՝ բուժական քայլերի հերթականությունը որոշելու և իրականացնելու նպատակով:


Մյուս խնդիրն այն է, որ այսօր մեր բժիշկը պաշտպանված չէ, նա կարող է հարյուրավոր կյանքեր փրկել, մարդկանց երջանկացնել, և որևէ վրիպում թույլ տալու դեպքում արժանանալ համաժողովրդական դատաստանի: Նման պայմաններում բժիշկներն իրենց ապահով չեն զգում, և մենք շատ տաղանդավոր բժիշկներ ենք կորցնում, որոնք նախընտրում են աշխատել այլ երկրներում, ինչը ցածրացնում է մեր բուժծառայության որակը:
ՀՀ առողջապահության նախարարության առաջարկությամբ օրենքում ներառվել են կլինիկական ուղեցույցների, գործելակարգերի, ընթացակարգերի սահմանումները և պահանջները: Նման կանոնակարգումը օգնում է բուժաշխատողներին ուղեկցվել մասնագիտական ասոցիացիաների կողմից մշակված և առողջապահության նախարարության կողմից հաստատված չափորոշիչներով: Եթե որևէ դեպքի ժամանակ բժիշկ՝ առաջնորդվել է այդ կարգերով, սակայն չի կարողացել փրկել հիվանդի կյանքը, ապա նա չպետք է մեղադրվի իր պարտականությունները վատ կատարելու մեջ:

 

 


ՀՀ առողջապահության նախարարության առաջարկությամբ օրենքում ներառվել են կլինիկական ուղեցույցների, գործելակարգերի, ընթացակարգերի սահմանումները եւ պահանջները, որոնցով պետք է առաջնորդվեն բուժաշխատողները:



-Գիտեմ, որ խուսափում եք խոսել «Արաբկիր» բժշկական համալիրի մասին, սակայն փաստ է, որ այդ բժշկական կենտրոնը մանկական առողջապահական այն հիմնարկն է, որը միանշանակ վստահություն է վայելում հասարակության շրջանում: Ըստ Ձեզ` ինչո՞վ է դա պայմանավորված:


-Ճիշտ եք, ես ձեռնպահ եմ մնում խոսելու «Արաբկիր»-ի մասին, որովհետև չեմ ուզում թվա, թե գովազդում եմ: Դուք գիտեք, որ «Արաբկիրը» հայ-շվեյցարական-բելգիական համագործակցության շնորհիվ ստեղծված բժշկական կենտրոն է, որն այսօր վերածվել է միջազգային համագործակցությամբ աշխատող բուժհաստատության: «Արաբկիր»
ԲԿ-ի գործունեության հիմքում ընկած է մի փիլիսոփայություն, որ յուրաքանչյուր երեխա պետք է ստանա բժշկական որակյալ օգնություն` անկախ իր սոցիալական կարգավիճակից:

Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ