15:23
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Սեւան» ապրանքանիշը պետք է դառնա համաշխարհային բրենդ

2016-04-01 14:05

«Դե Ֆակտո» N117 (2016թ.) 

Չնայած տնտեսական ճգնաժամի հասցրած վնասներին` մեր երկրում շարունակվում են ներդրումային ծրագրեր իրականացվել, զարգանում է տեղական արտադրությունը, բացվում են աշխատատեղեր, վճարվում են հարկեր: Ներդրումային վերջին խոշոր ծրագրերից է «Սևան» հանքային ջրերի գործարանի վերագործարկումը, որի համար 2 մլրդ դրամ ներդրում է կատարել գործարար Միսակ Բալասանյանը: Նրա այդ քայլը բարձր գնահատեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով ներկա էր գործարանի բացման արարողությանը:

 

 -Պարո՛ն Բալասանյան, հաշվի առնելով տնտեսական բարդ իրավիճակում Ձեր կատարած մեծ ներդրումը տեղական արտադրության ոլորտում ու նոր աշխատատեղերի ստեղծումը` «Դե Ֆակտո» ամսագիրը Ձեզ ճանաչեց «Տարվա գործարար 2015»: Հետաքրքիր է իմանալ` ինչպե՞ս որոշեցիք 2 մլրդ դրամ ներդրում կատարել «Սևան» հանքային ջրերի գործարանը վերագործարկելու համար, արդյո՞ք ռիսկային քայլ չէր:  

-Ստանալով չափազանց հայրենասեր դաստիարակություն` ճիշտն ասած, շատ կարևորում եմ տեղական արտադրության ոլորտում ներդրումները և նոր աշխատատեղերի ստեղծումը՝ ի նպաստ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման: Այս հանգամանքը կարևորվում է նրանով, որ մեր հայրենիքը շենացնելու առաջին իսկ պայմանն է աշխատատեղերի առկայությունը, ինչով կկարողանանք շատ մարդկանց հաց վաստակելու հնարավորություն ընձեռել և լուծել նրանց ընտանիքների կենսական խնդիրները: «Սևան» հանքային ջրերի գործարա նը վերագործարկելու համար իրոք լուրջ ներդրումներ պահանջվեցին, իսկ ռիսկայնությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է ունենալ նպատակների ծրագիր և մարքեթինգային ռազմավարություն: Հայաստանի նման սակավ պաշարամիջոցներ ունեցող երկրում ջուրը համարվում է հայկական լեռնաշխարհի հիմնական հարստություններից մեկը, և «Սևան» ջրերը գալիս են համալրելու հանքային և աղբյուրի ջրերի մեծ ընտանիքը:
Ուզում եմ նաև խորին շնորհակալություն հայտնել «Դե Ֆակտո» ամսագրին՝ նման բարձր գնահատականի համար:

-Գործարանի բացմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչը խոսում է այն մասին, որ նա գնահատում է Ձեր ներդրումը և հետևելու է գործարանի զարգացման հեռանկարին: Ի՞նչ կարևորություն ունի այդ փաստը Ձեզ համար:
-Շատ կարևոր էր այն փաստը, որ մեծարգո նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց հրավերը և իր ներկայությամբ պատվեց գործարանի բացման արարողությունը: Դա շատ պարտավորեցնող է և ավելի է բարձրացնում սկսած գործը արժանապատվորեն առաջ տանելու մեր պատասխանատվությունը:
-Արտադրական ի՞նչ հզորություններով է աշխատում գործարանը, որքա՞ն է կազմում տարեկան արտադրանքի քանակը:
-Այս պահին գործարանը դեռ չի աշխատում լրիվ արտադրական հզորությամբ, քանի որ իրականացվում են մարքեթինգային միջոցառումներ՝ իրացման ծավալները ավելացնելու ուղղությամբ` ինչպես տեղական շուկայում կայուն մասնաբաժին ունենալու համար, այնպես էլ արտահանման:

«Սեւան» հանքային ջրերը յուրատիպ են իրենց որակական եւ բուժիչ հատկանիշներով՝ փափուկ են, բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը, հակաալերգեն են, նպաստում են սննդի արագ յուրացմանը:


-Պարո՛ն Բալասանյան, հայաստանյան շուկան բավականին հագեցած է տեղական արտադրության հանքային ջրերի տարբեր ապրանքանիշերով, ինչո՞վ է յուրահատուկ «Սևան» հանքային ջրերի գործարանի արտադրանքը և ինչպիսի՞ որակական հատկանիշեր ունի:
-Շատ հետաքրքիր հարց եք տալիս: Շուկան հագեցած է տեղական արտադրության հանքային ջրերի տարբեր ապրանքանիշերով: «Սևան» աղբյուրի ջրերը յուրահատուկ են այն առումով, որ լցվում են մի ստորերկրյա բնական աղբյուրից, որը գտնվում է Սևանա լճի մերձակայքում և ճանաչված է ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Այն յուրատիպ է նաև իր որակական և բուժիչ հատկանիշներով՝ փափուկ է, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, հակաալերգեն է, նպաստում է սննդի մարսման գործըթացին: Ջրերի շշալցման ժամանակ օգտագործվում են նորագույն տեխնոլոգիաներ և ավտոմատացված հոսքագծեր. շշալցման ընթացքում ջուրը պահպանում է իր բնական բոլոր հատկությունները, անմիջապես լցվում է բնական աղբյուրից և գազավորվում է հատուկ` նախադեպը չունեցող եղանակով: Ընկերության որակի քաղաքականության հիմնական նպատակներից կնշեմ, մասնավորապես, արտադրության որակը և անվտանգությունը, սպառողների բավարարվածությունը, անձնակազմի որակավորման բարձրացումը և այլն:


-Տեղյակ ենք, որ արտադրանքը արտահանվում է Ռուսաստան և Վրաստան, ի՞նչ քանակությամբ է արտահանվում և ինչպիսի՞ արձագանքներ եք ստացել, ծրագրեր կա՞ն՝ ընդլայնելու արտահանման աշխարհագրությունը:
-Այս պահին արտադրանքն արտահանվում է Ռուսաստան և Վրաստան: Կցանկանայի նշել, որ հատկապես ԵՏՄ շրջանակներում ընթացող ինտեգրացիոն գործընթացների ֆոնին, երբ բավականին հեշտացել են արտահանման ընթացակարգերը, ուսումնասիրություններ ենք կատարում Ղազախստան և Բելառուս արտահանելու ուղղությամբ:
Այժմ բանակցություններ են վարվում Չինաստան, Ֆրանսիա, Արաբական Էմիրություններ, Իրան և ԱՄՆ արտահանելու ուղղությամբ: «Սևան» ապրանքանիշը նպատակ ունի վերածվելու լոկալ բրենդից տարածաշրջանայինի և գլոբալի:

-2016թ. ի՞նչ ծրագրեր ունեք իրականացնելու «Սևան» հանքային ջրերի գործարանի հետ կապված:
-Մեր ծրագրերում է արտադրական ծավալների մեծացումն՝ ի հաշիվ իրացման ծավալների մեծացման: Մոտ ապագայում ծրագրում ենք սկսել չիչխանի բուժական յուղի և չիչխանի հյութի արտադրությունը, ինչպես նաև թառափի և իշխանի մանրաձկների աճեցումը գետային ջրերով լցված ավազաններում, խեցգետնի վերամշակումը և փաթեթավորումը:

-Դուք նաև «Գյումրի» գարեջրի գործարանի սեփականատերն եք: Մի փոքր պատմեք` զարգացման ի՞նչ փուլում է գործարանը, ինչպիսի՞ սպառում և պահանջարկ ունի «Գյումրի» գարեջուրը:
-Գարեջրի պահանջարկը կրում է սեզոնային բնույթ: «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ-ն այժմ արտադրում է 5 տեսակի գարեջուր, որոնք շշալցվում են ինչպես ապակյա, այնպես էլ՝ ՊԵՏ տարաներով: Այսօր ընկերությունում կազմակերպվում է միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող գարեջրի /առանց հավելումների/ արտադրություն, որի նկատմամբ ներդրված որակի կառավարման համակարգերը համապատասխանում են միջազգային ստանդարտի պահանջներին: Ընկերությունում 2012 թվականից ներդրվել են ISO 9001-2008 «Որակի կառավարման պահանջներ» համակարգը: «Գյումրի-Գարեջրի» արտադրած գարեջրերը շուկայում ունեն իրենց հաստատուն մասնաբաժինը: Ցավոք, ֆինանսատնտեսական ճգնաժամն ունեցավ իր բացասական ազդեցությունը նաև մեր ընկերության արտադրանքի սպառման վրա, և 2014 թվականի համեմատ` 2015թ. ունեցանք 12% իրացման ծավալների նվազում:
Սակայն պետք է նշեմ, որ 2015-ի գարեջուրը շոշափելի արդյունքներ գրանցեց արտահանման շուկայում: Գարեջուրն արտահանվեց Չինաստան, Ռուսաստան, Բելգիա:


 «Գյումրի» գարեջուրն ունի անդավաճան սիրահարներ: Նրանց գրավում են գարեջրի համային հատկանիշները, որոնք պայմանավորված են բացառապես բնական եւ բարձրորակ հումքի օգտագործմամբ, ավանդական բաղադրատոմսերի եւ տեխնոլոգիաների կիրառմամբ:

-Գարեջրի սիրահարները իսկապես բարձր են գնահատում «Գյումրի» գարեջրի համն ու որակը: Ո՞րն է արտադրանքի որակի գաղտնիքը. ի՞նչ սկզբունքներով է աշխատում գործարանը:
-Իսկապես ունենք «Գյումրի» գարեջրի անդավաճան սիրահարներ:
Համային հատկանիշները պայմանավորված են բացառապես բնական և բարձրորակ հումքի օգտագործմամբ, ավանդական բաղադրատոմսերի և տեխնոլոգիաների կիրառմամբ: Արտադրություն մտնող հումքի որակը, ինչպես նաև պատրաստի արտադրանքն անցնում է բազմաստիճան ստուգում` լաբորատոր հետազոտությունների միջոցով: Կցանկանայի նաև նշել Գյումրու ջրի համը, որն իր որակական հատկություններով առավելագույնս համապատասխանում է գարեջրի արտադրությանը:


-«Գյումրի» գարեջրի գործարանի զարգացման հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք:
-Ծրագրերը բազմազան են. ստեղծել կազմակերպության կառավարման համակարգի մշակման, ներդրման և անընդհատ բարելավման նախագծերի, նոր մեթոդների, լուծումների որոնումների գործընթացների հնարավորություններ՝ փորձի փոխանակման միջոցով, ենթակառուցվածքների ավելացում, արտահանման խթանում և վաճառք, նոր շուկաների գրավում և հին շուկաների ընդլայնում՝ սպառողների լոյալության բարձրացում, գործընթացների կատարելագործում՝ օգտագործելով ինովացիաները սպառողի և այլ շահագրգիռ կողմերի բոլոր պահանջմունքներն ու սպասելիքները լիարժեք բավարարելու համար, սպառողների սպասվելիք պահանջմուքների վերլուծության հիման վրա արտադրանքի նախագծում և մշակում, ինչպես նաև գարեջրի հետ նախընտրելի ուտելիքի արտադրության կազմակերպում՝ սիսեռ, աղի ձողիկ, խեցգետին, չիփս և այլն: Բացի այդ, մեր նպատակներից են լոկալ բրենդից ապրանքանիշի վերածումը տարածաշրջանայինի և/կամ գլոբալի, կայուն որակով պայմանավորված գործընթացների արդյունավետության բարձրացումը` գարեջրի նոր տեսակի մշակմամբ և շուկայում ներկայացմամբ, ֆինանսական ներդրումների ներգրավումը, «Ալեքսանդրապոլ» գարեջրի պատմամշակութային ուղղվածության շեշտադրումն ու Գյումրի այցելող տուրիստների համար ցուցադրական արտադրության կազմակերպումը:
-Դուք` որպես երկու գործարանների սեփականատեր, ի՞նչ պահանջներ եք ներկայացնում աշխատանքների կազմակերպման և արտադրանքի որակի պահպանմանն ուղղված:
-Արտադրանքի որակի պահպանումը և կառավարումը կարևորագույն խնդիրներից են, որ ես առաջադրում եմ աշխատակիցներին: Աշխատանքները գրագետ կազմակերպելու համար շատ կարևորում եմ որակյալ կադրերի ընտրությունը: Ընկերության աշխատակիցները մշտապես վերապատրաստվում են թե՛ տեղում, թե՛ արտասահմանյան նմանատիպ ընկերություններում: Պարբերաբար մասնակցում ենք միջազգային ցուցահանդեսների, որը հնարավարություն է տալիս մասնագետներին` ծանոթանալ բնագավառի նորամուծություններին: Սպառողի կողմից արտադրանքի որակի ընկալումն իրականացվում է ընկերության կողմից սպառողի բավարարվածության ուսումնասիրությունների հիման վրա:

 

Ինձ համար ամենակարեւոր արժեք ազնվությունն է:


-Պարո՛ն Բալասանյան, կխնդրեմ ժամանակով մի փոքր հետ գնաք և պատմեք` ինչ կրթություն եք ստացել, աշխատանքային ինչպիսի կենսագրություն ունեք և ինչպես որոշեցիք ներգրավվել տեղական արտադրության ոլորտում:
-Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետ սովորել եմ Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Մոսկվայի ֆինանսական ակադեմիայում: 2004-2006 թթ. եղել է զինվորական ծառայության մեջ: Ունեմ տնտեսագետ-ֆինանսիստի որակավորում: Ներկայումս աշխատում եմ տնտեսագիտական գիտությունների թեկնածուի աստիճանի հայցման ատենախոսության վրա, որը հիմնականում ուղղված է գարեջրի արտադրության ոլորտին: Ունեմ տպագրված մի շարք հոդվածներ: 2006 թվականից առ ասյօր հանդիսանում եմ «Գյումրի-գարեջուր» ՍՊԸ-ի նախագահ: Չեմ խնայել ջանք ու եռանդ, որպեսզի բարձրացնեմ ընկերության` որպես տնտեսվարող սուբյեկտի հեղինակությունը ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Հայաստանից դուրս մի շարք երկրներում:
Պետք է նշեմ, որ դեռևս ուսումնառությանս տարիներից շատ հետքրքրված էի տեղական արտադրության կազմակերպմամբ, ինչպես նաև միջազգային փորձի ներդրմամբ:


-Ի՞նչ գաղափարներով եք առաջնորդվում բիզնեսում և կյանքում:
-Ինձ համար ամենակարևոր արժեքը և՛ կյանքում, և՛ աշխատանքում ազնվությունն է:

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը:
-Իմ ամենամեծ ձեռքբերումը ընտանիքս և երեխաներս են:

 


Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...