15:19
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Միջազգային հանրությունը պետք է ընդունի ԼՂՀ անկախությունը

2016-03-26 10:36

ՆՈՐԱՏ ԳՐԻԳՈՐԻ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑ

գեներալ-լեյտենանտ

«Դե Ֆակտո» N117 (2016թ.)

-Պարո՛ն Գրիգորյանց, Դուք մեծ ներդրում ունեք արցախյան պատերազմի ընթացքում Հայաստանի զինված ուժերի զարգացման գործում, ինչն անչափ գնահատելի է: Հետաքրքիր է` որտեղի՞ց են Ձեր արմատները:
-Շնորհակալ եմ գնահատականի համար, իսկապես, ինձ համար մշտապես կարևոր է եղել Հայոց բանակի զարգացումը, կայացումը: Եվ ես ուրախ եմ, որ մենք այսօր ունենք կայուն և մարտունակ բանակ:
Ծագումով ես Արևմտյան Հայաստանից եմ. ծնողներս Կարսի, Վանի, Էրզրումի կողմերից են: Անգամ անունս, որը հակառակ Տարոն է կարդացվում, հուշում է իմ ծագման մասին:
Ծնվել եմ Վլադիկավկազում, դպրոցն ավարտելուց հետո երեք տարի ծառայել եմ ԽՍՀՄ բանակում` որպես զինվոր, ապա ընդունվել եմ տանկային ուսումնարան, ավարտել այն, ծառայել եմ որպես տանկային դասակի հրամանատար, եղել եմ Հյուսիսային Կովկասի տանկային վաշտի հրամանատար, այնուհետև ծառայություն շարունակել եմ Չինաստանի սահմանին գտնվող Սայշան շրջանում: Այնտեղ ութ տարի ծառայելուց հետո ընդունվել եմ Տանկային զորքերի ակադեմիա: Տանկային ակադեմիան ավարտվելուց հետո ինձ գործուղել են Հունգարիա` Հարավային զորքերի խմբում ծառայելու: Հինգ տարի ծառայել եմ որպես տանկային գնդի հրամանատար, մոտոհրաձգային դիվիզիայի շտաբի պետ, մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար: Դրանից հետո` 1978թ., ինձ ուղարկեցին սովորելու Գլխավոր շտաբի ակադեմիա, որն ավարտելուց հետո 1980 թվականին ԽՍՀՄ պաշտպանության նախարարի հրամանով գործուղվեցի Թուրքիստանի ռազմական օկրուգ՝ Տաշքենդ, ստանձնեցի ռազմական օկրուգի շտաբի պետի տեղակալի պաշտոնը: Իսկ երկու շաբաթ անց հրաման ստացա՝ մեկնել Քաբուլ, Աֆղանստան, որտեղ պատերազմ էր գնում ծայրահեղ իսլամիստների դեմ, և մեր բանակը Աֆղանստանի Հանրապետության ղեկավարության խնդրանքով մասնակցում էր պատերազմական գործողություններին:

Այնտեղ ես, կատարելով իմ ինտերնացիոնալ պարտքը, ծառայեցի երեք տարի՝ 1980-ականից մինչև 1983 թվականը՝ զբաղեցնելով 40-րդ բանակի հրամանատարի պաշտոնը:
1983 թվականին պաշտպանության նախարարի հրամանով ես տեղափոխվեցի Մոսկվա՝ հետագա ռազմական ծառայությունն անցնելու համար և նշանակվեցի ԽՍՀՄ Ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:
Ապա, Վազգեն Սարգսյանի և ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրավերով 1992 օգոստոսին շատ պատասխանատու առաքելությամբ ժամանեցի Հայաստան՝ ստեղծելու անկախ պետության Զինված Ուժերը: Իմ մարտական ընկերների հետ համատեղ սկսեցինք աշխատանքները: Դրա համար շատ շտապ պետք էր բանակի կառուցման նոր կոնցեպցիա մշակել՝ գիտական հիմքի վրա: ՀՀ Ազգային անվտանգության Խորհրդի նիստում կոնցեպցիան հաստատելուց հետո մեկնարկեց Հայաստանի Հանրապետության անկախ պետության Զինված Ուժերի ստեղծման գործը, որի նպատակն էր՝ ապահովել երկրի անվտանգությունը և հակահարվածել հարևան երկրի՝ Ադրբեջանի ագրեսիային: Այդ ժամանակ Ադրբեջանի ԶՈւ-ն ռազմական գործողություններ էր իրականացնում մեր Արցախի դեմ՝ օրինական հայկական տարածքներից հայերին վտարելու նպատակով: Ու ագրեսորը մտադիր էր ոչ միայն գրավել Արցախը, այլև՝ Զանգեզուրը, ինչից հետո Նախիջևանի միջոցով միանալ Թուրքիային: Այդ ագրեսորին հարկավոր էր կանգնեցնել և պատժել, ինչն էլ արեց մեր կողմից ստեղծված հայկական բանակը, մեր հզոր, ժողովրդական հայկական բանակը:
1992 թվականին ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարականը կատարելով՝ ես ստանձնեցի Հայկական բանակի հրամանատարությունը ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում:
1995 թվականին՝ պատերազմի ավարտից և Արցախի ազատագրումից հետո, ավարտելով իմ առաքելությունը, ես հրաժարական տվեցի և հեռացա Հայաստանից:
Ես նաև ղեկավարել եմ ՌԴ ցամաքային զորքերի վետերանների Խորհուրդը:

-Մոսկվայում մեծ շուքով նշվեց տանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանի 110-ամյակը, որի կազմակերպիչներից մեկը Դուք էիք: Ինչպե՞ս ծնվեց այդ գաղափարը:
-Այո, մենք որոշեցինք նշել մարշալ Համազասպ Բաբաջանյանի 110-ամյակը, հիշատակի արարողություն կազմակերպեցինք գերեզմանատանը, ինչպես նաև` հուշատախտակ տեղադրեցինք Հ. Բաբաջանյանի անվան հրապարակում: Նախապատմությունը հետևյալն է. ես մեկնեցի Սանկտ-Պետերբուրգ` բարերար Հրաչյա Պողոսյանի հետ հանդիպման, գիտեի, որ նա կարող էր մեզ օգնել ` իրականացնելու մեր գաղափարը: Խնդիրն այն էր, որ մենք` վետերաններս, այդ միջոցառումը իրականացնելու համար ֆինանսական հնարավորություններ չունեինք: Եվ Հրաչյա Պողոսյանը մեզ աջակցեց, անձամբ ոգևորվելով ու առաջարկելով տեղադրել նոր հուշատախտակ` հարթաքանդակով: Այսպիսով` մեծ շուքով նշեցինք Համազասպ Բաբաջանյանի 110-ամյակը, որին հրավիրված էին բազմաթիվ հարգարժան հյուրեր: Մեզ աջակցեցին նաև համայնքի ղեկավարությունը, Հ. Բաբաջանյանի անվան դպրոցը, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, հատկապես ուզում եմ նշել Հաղթանակի մարշալների հիշատակի ֆոնդը:

-Այսօր Ձեզ ի՞նչն է կապում Հայաստանի հետ:
-Ես պարբերաբար այցելում եմ Հայաստան, անասելի կապով կապված եմ Հայաստանի հետ: Պարբերաբար մեկնում եմ նաև Ղարաբաղ, լինում եմ մարտական դիքերում, ուսումնասիրում իրավիճակը:
Մենք այժմ աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի չեղարկվեն 1921 թ. ՌԽՖՍՀ-ի և Թուրքիայի միջև կնքված Մոսկովյան պայմանագիրը ու Անդրկովկասյան բոլշևիկյան բյուրոյի կողմից Լեռնային Ղարաբաղի փոխանցումը Ադրբեջանին:

-Ինչպիսի՞ հնարավորություններ կան` հաջողության հասնելու համար:
-Դա շատ բարդ խնդիր է, քանի որ Ռուսաստանը պետք է ընդունի այդ տարիներին Վ. Լենինի և Ի. Ստալինի կողմից թույլ տված սխալները: Շատ մեծ սխալ էր 1922 թ. Նովոռոսիայի անցումը Ուկրաինային,1954 թ. Խրուշչովի կողմից Ուկրաինային Ղրիմի անօրինական հանձնումը, իսկ 20–րդ դարի 20-ական թվականներին էլ` հայերից հողերի զգալի մասի վերցնումը: Այդ ժամանակ համաձայն Մոսկովյան պայմանագրի` Արևելյան Հայաստանի մեծ մասը նվիրեցին Թուրքիային, Նախիջևանը` Ադրբեջանին, Ջավախքը` Վրաստանին: Բոլշևիկյան Ռուսաստանը շատ վատ դեր խաղաց Հայաստանի հարցի որոշման գործում: Այդ պատճառով Ռուսաստանի հետ պետք է բանակցություններ վարի Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, ինչպես նաև` մեր հասարակական կազմակերպությունը:

-Ես գիտեմ, որ Դուք` որպես հասարակական գործիչ, հաճախ եք հանդիպում Արագած Ախոյանի հետ:
-Արագած Ախոյանը Արևմտյան Հայաստանի հայերի Ազգային կոնգրեսի անդամ է, մենք Հայաստանում հայրենակցական միություն ենք բացել: Արագած Ախոյանը իմ լավ ընկերն է և շատ արժանի հայորդի:

-Դուք շատ հաճախ եք այցելում Արևմտյան Հայաստան, գտնում զտարյուն հայերի, ի՞նչ աշխատանքներ են տարվում այժմ այդ ուղղությամբ:
-Մենք եղել ենք Արևմտյան Հայաստանում, առաջին անգամ Արագած Ախոյանն էր կազմակերպել այդ ճամփորդությունը, մասնակցել ենք Հրանտ Դինքի սպանությանը նվիրված համաժողովին, մի քանի անգամ եղել ենք Ստամբուլում, ինչպես նաև` Ստամբուլի համալսարանում: Վերջերս եղել ենք ԱՄՆ-ում` Կալիֆորնիայում, որտեղ հիմնադրել ենք հայրենակցական կազմակերպություն: Շուտով մեկնելու ենք Լոնդոն, որպեսզի այնտեղի խորհրդարանի, տարբեր միությունների, հասարակական կազմակերպությունների միջոցով բարձրացնենք Ղարաբաղի խնդիրը:

-Եթե Ձեզ ընձեռվեր հնարավորություն` կրկին ապրել այս կյանքը, արդյո՞ք նույն ուղին կընտրեիք:
-Իհարկե: Այո, նույն ճանապարհով կընթանայի: Ողջ կյանքս զորքերում եմ անցկացրել և ինձ այլ կյանքով ապրելիս չեմ պատկերացնում:

 


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի
Թարգմանեց Հռիփսիմե Ղազազյանը



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...