14:18
11/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կյանքում իրատես եմ, աշխատանքում` համառ եւ հաստատակամ.

2016-03-23 10:33

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը:

«Դե Ֆակտո» N117 (2016թ.)

-Պարո՛ն Բալասյան, 2012թ.-ի ընտրություններին վերընտրվեցիք Բյուրեղավանի քաղաքապետ: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւմն էր Ձեր առավելությունը վերընտրվելու համար:

-Լավ կլիներ այս հարցն ուղղեիք բյուրեղավանցիներին, ոչ թե ինձ:


-Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ վերընտրվելու դեպքում գործելու եք ամենայն վճռականությամբ: Հետաքրքիր է, իսկ ի՞նչ աշխատանքներ եք վճռականությամբ տոգորված իրականացրել 2012թ. մինչ օրս՝ լինելով Բյուրեղավանի քաղաքապետ:

-Ընտրվելուց հետո առաջին հերթին պահպանել եմ քաղաքապետարանի և ենթակա հիմնարկների աշխատանքի ամենօրյա ռիթմը: Ամբողջովին վերանորոգվել են քաղաքում չգործող թվով 23 վերելակներ: Իմ նախընտրական ծրագրի ամենակարևոր կետերից մեկը մանկապարտեզի հիմնանորոգումն էր և այն 2013-ի հունիսին շահագործման հանձնեցինք: Այսօր ունենք շքեղ մանկապարտեզ, ուր հաճախում է 135 երեխա: Այն իրականացվեց կառավարության և քաղաքապետարանի բյուջեի գումարներով: Նույն տարում ավագ դպրոցին կից բացեցինք նաև նախակրթարան՝ 100 երեխայի համար: Ես կարողացա լուծել քաղաքում առկա ջրագծերի խնդիրը և հիմա Բյուրեղավանն ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ: Գիտեք, մեր քաղաքը չուներ հոգևոր կենտրոն, ես կարևորում էի դրա անհրաժեշտությունը, և մեծ աշխատանքներ տարվեցին նաև այդ ուղղությամբ: 3 տարի առաջ՝ խաղողօրհնեքի օրը, տեղի ունեցավ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնարկեքը: 2014թ-ի գարնանը իրականացրինք մի ծրագիր, ինչի շնորհիվ Բյուրեղավան համայնքում բացվեց բարեգործական ճաշարան: Ճաշարանը ֆինանսավորվում է Ամերիկայի Արևելյան թեմի հայ առաքելական եկեղեցու Հայ օգնության ֆոնդի (FAR) կողմից: Այն նախատեսված է մինչև 150 հոգու համար: Ծառայությունից օգտվում են տարեցներ, հաշմանդամներ, միայնակներ: Այս տարի համայնքում կատարեցինք խոշոր ասֆալտապատման աշխատանքներ: Բարեկարգվեցին բակերն ու ներհամայնքային ճանապարհները: Քաղաքն ամբողջովին ապահովված է գիշերային լուսավորությամբ: Երեխաների համար ստեղծել ենք խաղահրապարակներ, տեղադրել` կարուսելներ, իսկ մեծահասակների համար՝ զրուցարաններ: Բավականին ակտիվ է քաղաքի հոգևոր, մարզական և մշակութային կյանքը:

-Այս տարի ևս կանցկացվեն քաղաքապետի ընտրությունները: Առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը, և արդյո՞ք կան այլ թեկնածուներ:

-Միանշանակ առաջադրվելու եմ: Ունեմ կիսատ գործեր և ծրագրեր, որոնք պետք է իրագործեմ: Իհարկե, կան անուններ, որ շրջանառվում են: Երբ առաջադրումները սկսվեն, այդ ժամանակ պարզ կլինի՝ ովքեր են թեկնածուները:

 

-Հետադարձ հայացք գցելով Ձեր անցած ուղուն, համեմատելով և զուգահեռներ անցկացնելով 2008թ.-ից մինչ օրս պաշտոնավարման Ձեր տարիներին, ինչպե՞ս կգնահատեք բյուրեղավանցիների այս օրը:


-Բյուրեղավանցիներն այսօր ունեն շուրջօրյա, որակյալ խմելու ջուր, լուսավոր բարեկարգ բակեր, մանկական խաղահրապարակներ, բարձրակարգ մանկապարտեզ ու նախակրթարան: Ամենակարևորը պետք է նշեմ, որ քաղաքում հանգիստ, ջերմ մարդկային մթնոլորտ է, ինչը ձևավորվել է վերջին տարիների ընթացքում:

 

-Պարո՛ն Բալասյան, քաղաքի գերխնդիր համարվող ջրագծերի հիմնանորոգման վերաբերյալ ինչպիսի՞ աշխատանքներ կարողացաք տանել՝ փորձելով լուծել բյուրեղավանցու առաջնային հարց դարձած խնդիրը:

-Այո, հարցն առաջնային էր: 2013թ-ի ամռանը Եվրոպական բանկի և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի միջոցներով քաղաքում սկսեցինք իրականացնել խմելու ջրի նոր ջրագծերի շինարարական աշխատանքները: Քաղաքը սպասարկող ջրահավաք կայանը և բոլոր խողովակատար ջրանցքները գտնվում էին անմխիթար վիճակում, ինչի պատճառով խմելու ջրի մեծ կորուստներ էինք արձանագրում: Նախապես խնդիրը մանրամասն ուսումնասիրվեց «Հայջրմուղկոյուղի» ընկերության և քաղաքապետարանի աշխատակիցների կողմից, և ներկայացվեց Եվրոպական բանկին: Գործընկերների վստահությունը ձեռք բերելու համար համայնքի սեփականություն համարվող մատակարարվող խմելու ջրի և կոյուղու համակարգերը մինչև 2035թ-ը օգտագործման իրավունքով հանձնվեց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին: Շինարարական աշխատանքները իրագործելու համար ծախսվեց 400 մլն դրամից ավելի: Շնորհակալ եմ բոլորին, որ մեր քաղաքում այդ խոշոր ծրագիրն իրականություն դարձավ:

-Բյուրեղավանը Հայաստանի այն եզակի քաղաքներից էր, որտեղ մինչև վերջերս չկար հոգևոր որևէ կենտրոն: Ձեր ղեկավարման տարիներին զարկ տրվեց նաև այս խնդրի լուծմանը: Ինչպե՞ս սկսվեցին եկեղեցու շինարարական աշխատանքները, և երբ այն կհանձնվի հանրությանը:


-Իմ խոսքի սկզբում ես նշեցի հարցի կարևորությունը. մեր քաղաքում եկեղեցի ունենալն իմ նվիրական երազանքներից է: Այս հարցը բազմիցս քննարկել եմ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի հետ: Ընտրվելուց հետո անձամբ եմ խնդրել թեմի առաջնորդին՝ աջակցել մեզ այդ հարցում: Նրա աջակցությամբ գտնվեցին մարդիկ, ովքեր հովանավորեցին հոգևոր կառույցի շինարարությունը: 2013թ. Բյուրեղավան համայնքի ավագանու որոշմամբ համայնքի սեփականություն համարվող զբոսայգին, սեփականության իրավունքով, անհատույց տրամադրվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ եկեղեցի կառուցելու համար: Օգոստոսի 18-ին՝ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, քաղաքում մեծ շուքով կատարեցինք եկեղեցու հիմնարկեքը: Այժմ եկեղեցու շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, հուսանք շուտով դրանք կավարտվեն:

-Գաղտնիք չէ, որ այսօր գերխնդիր համարվող խնդիրներից է երկրում տիրող արտագաղթը: Հետաքրքիր է, ինչպե՞ս է այն անդրադարձել բյուրեղավանցիների վրա:


-Բնականաբար այդ խնդիրը կա նաև մեզ մոտ: Այսօր մարդիկ ավելի լավ ապրուստի ակնկալիքով ու նպատակով տեղափոխվում են այլ երկիր, բայց հուսով եմ՝ շատերը ժամանակավոր: Գիտեք, մեզ մոտ շատ արագ այդ բացը լրացվում է. Երևանից, հեռավոր մարզերից գալիս են Բյուրեղավան բնակության: Ըստ վիճակագրական տվյալների՝ մեր քաղաքում բնակչության աճ է գրանցվել:

-Ինչպիսի՞ն էր Հակոբ Բալասյանը՝ մինչ Բյուրեղավանի քաղաքապետ դառնալը և դրանից հետո: Ինչպե՞ս անդրադարձավ քաղաքապետի պաշտոնը Հակոբ Բալասյան անհատի վրա:

-Առաջնայինը մարդ կոչումն է: Պաշտոնը երկրորդական է: Երիտասարդ տարիներից հասարակության մեջ որոշակի դիրք զբաղեցրել եմ: Պաշտոնին վերաբերվում եմ որպես աշխատանքի, ինչպիսին կարող է լինել շինարարինը, ուսուցչինը...


-Ամրագրելով Ձեր մնայուն տեղը քաղաքականության մեջ, կարիերայի ճանապարհին ունենալով նվաճումներ և ձեռքբերումներ, հաղթահարելով մի շարք դժվարություններ և փորձություններ՝ այսօր ի՞նչ ծրագրեր ունեք Ձեզ այդչափ հարազատ դարձած քաղաքի համար, և ինչպիսի՞ տեսլականով:

-Քաղաքապետ ընտրվելու առաջին իսկ օրվանից իմ գլխավոր նպատակը եղել է երեխաների կրթության, դաստիարակության համար նպաստավոր պայմաններ ստեղծելը: Ամենօրյա աշխատանքների ընթացքում իմ նպատակներն ուղղված են հենց այդ ոլորտներին: Առաջնայինն ինձ համար արվեստի դպրոցի վերակառուցման աշխատանքներն ավարտին հասցնելն է: Հուսով եմ, այն կավարտենք 2 տարվա ընթացքում: Որոշումներն իմ կողմից ընդունվում են հիմնականում ավագանու, մեր աշխատակիցների, հանրության հետ քննարկումներից հետո: Որոշումներից հետագայում հետ չեմ կանգնում: Կյանքում իրատես եմ, անհասանելի նպատակներ չեմ դնում իմ առջև, խոստումներ չեմ շռայլում: Աշխատանքում համառ եմ և հաստատակամ: Հույսս հիմնականում կապում եմ ինձ հետ:

-Պարո՛ն Բալասյան, ինչպե՞ս կարողացաք փակել 2015 թ. բյուջեն:
-Մի քիչ դժվարությամբ, բայց 100%-ով: Շատերի մոտ այն պատկերացումն է, թե բյուջե կատարելը զուտ մեխանիկական դրամահավաք է՝ տեղական հարկերի և տուրքերի գծով, ինչպես նաև պետությունից ակնկալվող դոտացիաները: Սակայն բյուջեն կատարելը շատ կարևոր է նրանով, որ համայնքը կարողանում է կատարել տարվա համար պլանավորած բոլոր ծախսերը, այսինքն` իրականացնել բոլոր ծրագրերն ի շահ համայնքի:

 

Հարցազրույցը`
Քրիստինա Միրզոյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...